Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի հերթական քննարկման առարկան Սահմանադրական դատարանի 1767 որոշումն է: Սահմանադրական դատարանը քննել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՝ 2021 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումը:
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգիրքով ուժը կորցրած համարվեց նախորդ՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված նույն օրենսգիրքը՝ բացառությամբ 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Նախկին օրենսգրքի 54-րդ, 54.1-ին, 54.2-րդ, 54.3-րդ, 54.4-րդ գլուխների դրույթներն ուժը կորցրած չեն ճանաչվել:
Օրենսգրքի 12-րդ հոդվածում փոփոխություն կամ լրացում չի կատարվել:
Գործի համառոտ դատավարական նախապատմությունը հետևյակն է․ 2022 թվականի հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության Թալինի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 137.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
2023 թվականի մարտի 13-ին Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով: Ս.Ս.-ին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագրությունը հանգում է նրան, որ նա, 2022 թվականի մայիսի 13-ին վիճաբանել Սվ.Ս.-ի հետ, որից հետո փայտով, ձեռքերով ու ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Սվ.Ս.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ նրան պատճառելով ֆիզիկական ցավ: 2023 թվականի մայիսի 8-ին Սվ.Ս.-ն ճանաչվել է տուժող:
2023 թվականի մայիսի 22-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2024 թվականի օգոստոսի 13-ին նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Ս.Ս.-ի պաշտպան Ա. Հակոբյանը միջնորդել է Դատարանին՝ անչափահաս մեղադրյալ Ս.Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել կամ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: Ի հիմնավորումն իր միջնորդության՝ պաշտպանը նշել է, որ Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ քրեական պատասխանատվություն չի կարող կրել 14 տարին չլրացած անձը, իսկ քանի որ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվության հիմքը հանցանք կատարելն է, որի պարտադիր հատկանիշ է արարքը հանցագործության սուբյեկտի կողմից կատարված լինելը, ապա վերջինիս՝ քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելու պատճառով, բացակայում է նաև հանցագործությունը: Մինչդեռ, ըստ պաշտպանի՝ օրենսդիրը քրեական պատասխանատվության հիմքի բացակայության պայմաններում նման բացակայությունը չի համարել քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք: Նման պայմաններում, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթը, որ «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե՝ (…) 11) անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության ենթարկելու` oրենքով նախատեuված տարիքին», պաշտպանի պնդմամբ՝ առաջանում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի սահմանադրաիրավականության հարց»:
Դատարանը, ներկայացված միջնորդությունը քննելու արդյունքում, 2024 թվականի օգոստոսի 30-ին որոշում է կայացրել դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի լուծման խնդրանքով:
Դիմողը համարել է, որ տվյալ գործով կիրառման ենթակա՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ, առերևույթ հակասում է Սահմանադրությամբ ամրագրված՝ համաչափության, իրավական որոշակիության, հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության, երեխայի լավագույն շահերի ապահովման սկզբունքներին: Բացի դրանից, Դիմողը Սահմանադրության 78, 79, 75 և 37-րդ հոդվածների ներքո իր պնդումները շարադրելիս դրանք նախորդել է հենց անձի՝ Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքին արված հղումով: Մասնավորապես՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի հետ կապված Դիմողը նշել է հետևյալը՝ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 11-րդ կետերը, որպես քրեական հետապնդման դադարեցման հիմքեր, էապես տարբերվում են միմյանցից իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական և բարոյական հետևանքներով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ նույն հոդվածի 2-րդ մասի ուժով դասվում է քրեական հետապնդման դադարեցման «արդարացնող» հիմքերի խմբին: Նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այսինքն՝ այս հիմքով արդարացված անձին ոչ ոք իրավունք չունի ներկայացնելու իրավական և (կամ) բարոյական բնույթի որևէ պահանջ: Ի տարբերություն դրան, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն ընդգրկված է քրեական հետապնդման դադարեցման «ոչ արդարացնող» հիմքերի շարքում: Նման հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեպքում փաստվում է, որ անձի կատարած արարքն իր մեջ պարունակում է քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշներ, սակայն օրենքով սահմանված պայմանների առկայության պարագայում վարույթն իրականացնող մարմինը նրան ազատում է քրեական պատասխանատվությունից»:
Հետևաբար, ըստ Դիմողի՝ ստացվում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած չլինելը` որպես քրեական հետապնդումը դադարեցնելու ինքնուրույն հիմք առանձնացնելն ու ոչ արդարացնող հիմքերի շարքին դասելը իրավաչափ չէ ինչպես սահմանադրական համաչափության տեսանկյունից, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածով երաշխավորված երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից, քանի որ, բացի երեխային պիտակավորելուց, քրեական օրենքը խախտված համարելուց և համապատասխան հաշվառման վերցնելուց՝ որևէ իրավական խնդիր չի լուծվում:
Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի մասով Դիմողը պնդել է, որ դրա հետ հակասության մեջ է ՔԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն հոդվածի 2-րդ մասի հետ փոխկապվածության մեջ վերցրած, «քանի որ «հանցանքի» բացակայությունը մի դեպքում արդարացնող է, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ արդարացնող»: Դիմողի ներկայացրած փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ Քրեական օրենսգրքի 16-րդ և 19-րդ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ՝ «հանցանք է համարվում այն արարքը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքում, արգելված է պատժով, կատարվել է հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորությամբ, ընդ որում՝ հանցագործության սուբյեկտ կարող է լինել 14 կամ 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը: (…): Փաստորեն եթե երեխան չի հասել քրեական պատասխանատվության տարիքի, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության, քանի որ նրա արարքը չի համարվում հանցանք»:
Արդյունքում, Դիմողը եզրակացրել է, որ Քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածում սահմանված «հանցանք» հասկացությունը և դրան համապատասխան 19-րդ հոդվածում սահմանված՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը, համահունչ լինելով անչափահասների արդարադատության բնագավառում առկա միջազգային իրավական չափանիշներին և ՀՀ Սահմանադրությանը, փաստացի չեղարկվում են Օրենսգրքի 12-րդ հոդվածի տարբերակված մոտեցմամբ:
Վերը նկարագրված գործը քննելով, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ՝
1․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը, իսկ՝
2․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը՝ նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին հղում պարունակելու մասով, ճանաչել է Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 66-րդ հոդվածին, 72 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով հնարավոր է համարում քրեական պատասխանատվության` օրենքով նախատեսված տարիքին չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և այն շարունակելը, ինչպես նաև քրեական վարույթը՝ քրեական օրենքով սահմանված արգելքի խախտմամբ հարուցված քրեական հետապնդման պայմաններում մեղադրյալի դիրքորոշմամբ պայմանավորված՝ ընդհանուր կարգով շարունակելը և, ըստ դատաքննության արդյունքի՝ նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելը: