Եթե քննարկումների մակարդակում մնանք, այո, ԵՄ-ն կարող է եւ երազանք մնալ․ Լուսինե Հակոբյան

«Ճանապարհ դեպի ԵՄ. ռիսկեր և հնարավորություններ» թեմայով Հանրային հեռուստաընկերության եթերում կայացած հանրային քննարկման ժամանակ ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համանախագահ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն անդրադարձել է Եվրաքվե նախաձեռնությանն ի պատասխան հնչող մի շարք հարցերի՝ մասնավորապես, թե արդյո՞ք Հայաստանին սպասում են ԵՄ-ում, որ ԵՄ ընդլայնման գործընթացը կանգ է առել, ԵՄ- ԵԱՏՄ երկընտրանքին։

Մասնավորապես, «մեզ ԵՄ-ում չեն սպասում» հարցի համատեքստում Հակոբյանն անդրադարձել է Եվրամիության ընդլայնման նախապատմությանը՝ հիշեցնելով, որ «1963 թվականից, երբ դեռ եվրոպական 3 համայնքներն էին, Միացյալ Թագավորությունը դիմել է անդամակցության համար եւ Ֆրանսիան՝ դը Գոլի նախագահության օրոք, վետո է կիրառել այդ հարցի վերաբերյալ, 4 տարի անց Միացյալ թագավորությունը վերստին դիմել է, եւ Ֆրանսիան դարձյալ վետո է կիրառել։ Եւ միայն 1968 թվականին՝ դը Գոլի հրաժարականից հետո, փոխվել թ քաղաքականությունը, քանի որ այդ վետոների արդյունքում Ֆրանսիան լուրջ մեկուսացման մեջ էր հայտնվել»։

«Այսինքն, Միացյալ Թագավորությանն էլ այդ համայնքներում անհամբերությամբ չեն սպասել, բայց այդ դիմումները համառորեն շարունակվել են այնքան, մինչեւ ընդունել են Համայնքներ։ Նույն պատմությունը կրկնվել է նաեւ 70-ական թվականներին, երբ դիմել են Հունաստանը, Իսպանիան եւ Պորտուգալիան, Իսպանիայի եւ Պորտուգալիայի վերաբերյալ Ֆրանսիան դարձյալ ունեցել է վերապահումներ, քանի որ այդ երկու պետություններն ունեցել են գյուղատնտեսական մեծ սեկտոր եւ Ֆրանսիան մտավախություն է ունեցել, որ մրցակցությանը չի դիմանա, ուստի մեծ դիմադրություն է ցուցաբերել։ Տաս տարի է տեւել, մինչեւ այդ երկու երկրները կարողացել են անդամակցել։ Հունաստանը՝ շատ տարբեր աշխարհագրությամբ, արժանացել է լրիվ այլ մոտեցման, եւ ընդամենը 4 տարում է ստացել ԵՄ անդամի կարգավիճակ։ 90-ականներին Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի 12 պետություններ դիմել են անդամության համար եւ էլի կիրառվել է տարբերակված մոտեցում․ մինչ 2000-ականներին որոշվել է, որ Էստոնիան, Չեխիան, Լեհաստանը եւ Սլովենիան կարող են որակվել, Լիտվան, Լատվիան, Սլովակիան եւ էլի պետություններ՝ չեն կարող։ Դա հանգեցրել է բաժանարար տրամադրությունների եւ ի վերջո ԵՄ-ն 2002 թվականին վերանայել է իր մոտեցումը եւ այդ պետությունենրին եւս շնորհվել է թեկնածուի կարգավիճակ։

Իսկ երբ ասում են ԵՄ-ն մեզ ուղերձ չի տալիս, ուզում եմ հիշեցնել Եվրոպական պառլամենտի նախորդ տարվա ուղերձը, երբ ԵՄ տարբեր ինստիտուտներին հստակ կոչ էր արվում հնարավորություն ստեղծել ՀՀ-ին՝ անդամակցության համար դիմելու համար։ Սրանից ավելի ուժեղ ի՞նչ ուղերձ եք ուզում»,- նշել է Հակոբյանը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն էլ փոփոխվող կառույց է, ինչ-որ պետություններ ինչ-որ միավոր ժամանակահատվածում կարող են մեզ սպասել, ինչ-որ պետություններ՝ չսպասել:

«Ի՞նչն է այս նախաձեռնության մեջ անլուրջ, որ մենք ուզում ենք ավելի ժողովրդավարական, իրավական պետություն ունեցող համայնքին միանա՞լ, ո՞րն է մեր շահը մնալու ԵԱՏՄ-ում, այդ խմբակի կազմում, իրենց ժողովրդավարության զարգացման մակարդակը՞, իրավունքի գերակայությո՞ւնը։ Առեւտուրն եք նշում, այսօրվա դրությամբ ԵՄ-ն լուրջ տնտեսական միավորում է, եւ մեր շուկան էլ կարող է համապատասխանել, եթե մենք ստանդարտները բարձրացնենք»։

Ի պատասխան այն պնդումների, որ Եվրաքվեի նախաձեռնությունը իշխանությունը մի շարք ՀԿ-ների եւ քաղաքական ուժերի «գրպանն է գցել», Հակոբյանը նշել է, որ «որեւէ մեկը որեւէ մեկի գրպանը ոչինչ չի գցել․ 2022 թվականից եղել է համախոհ ուժերի միություն, որն արել է տարբեր համաժողովներ՝ ԵՄ անդակամցության հարցով կոչով դիմելու ՀՀ իշխանությանը, այդ ամենը հասունացել է եւ հասել այստեղ։ Հիմա ԵԱՏՄ, թե՞՝ ԵՄ, տնտեսապես ո՞ր կառույցն է ավելի նպաստավոր ՀՀ համար, եթե ԵԱՏՄ-ն այդքան նպաստավոր է, ինչի՞ այդ կառույցին անդամակցել ցանկացող պետությունների թիվն  այդպես էլ չի աճում, իսկ ԵՄ-ին անդամակցել ցանկացող պետությունների թիվն ամեն տասնամյակ տասնյակներով է աճում»։

Հակոբյանը հիշեցրել է, որ ԵՄ-ն, ստեղծվել է խաղաղության օրակարգն առաջ տանելու համար, իսկ տնտեսական միությունը եղել է միջոց։

«Այդ 4 բանալի բառերը՝ անվտանգություն, կայունություն, խաղաղություն եւ բարեկեցություն ԵՄ բոլոր փաստաթղթերում առայսօր ներառվում են, իհարկե, մեր շահերից է բխում հենց անվտանգության եւ խաղաղության օրակարգերը առաջ մղելու նպատակով լինել ԵՄ անդամ։ ՀԸԳՀ մասով էլ պետք է այդ ավելի բարձր նշաձողին համահունչ քայլեր ձեռնարկվեն, նաեւ ԵՄ-ՀՀ Քաղհասարակության պլատֆորմի հայտարարությանը պետք է հղում անենք՝ օրենքով նախատեսված այդ հարաբերությունների խորության համապատասխան առաջարկել ենք միջգերատեսչական հանձնաժողով՝ կազմված պետական մարմինների առաջին դեմքերից, որը կնախագահի հենց վարչապետը եւ այդտեղ առընթեր կարող է լինել նաեւ աշխատանքային խումբ, որը կքննարկի այն գործնական քայլերը, ճանապարհային քարտեզը, որը առաջ կտանի»,- նշել է Հակոբյանը։

ԵՄ ընդլայնման քաղաքականության մասին էլ Հակոբյանը հայտարարել է․

«Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը 2023-ին թեկնածության կարգավիճակ ստացան, ընդլայնումը կանգ չի առել, նախորդ տարվա ընտրություններով նոր ուժեր են եկել իշխանության ԵՄ-ում, որոնց համար ընդլայնումը դարձել է նշանակալից եւ դա է պատճառը, որ Եվրահանձնաժողովում վերակազմավորումներ են իրականացվել եւ ստեղծվել է հենց ընդլայնման հարցերի դիրեկտորատ։ Եւ ի վերջո, եթե քննարկումների մակարդակում մնանք, այո, ԵՄ-ն կարող է եւ երազանք մնալ, անձինք են, որ երազանքը դարձնում են իրականություն, եւ պետք է հավատալ ու լծվել այդ երազանքի իրականացմանը»։