«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի այս քննարկումը նվիրված է Սահմանադրական դատարանի 1766 որոշմանը:
Գործի քննության առիթը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումն է:
Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ «Որդեգրողի և որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, մասնավորապես արձանագրել է, որ իր վարույթում գտնվող գործով դիմումատուի և որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը գերազանցում է 50 տարին, ինչի պարագայում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը բացառում է որդեգրման հնարավորությունը։ Այս դեպքում Դատարանն այլևս չի կարող քննարկման առարկա դարձնել որդեգրվողի լավագույն շահը՝ այն հաշվառմամբ, որ այդ փաստի բացահայտումը որևէ այլ հետևանք չի կարող առաջացնել:
Դիմողը համարել է, որ «ՀՀ ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով, որքանով դատարանին հնարավորություն չի տալիս բացահայտել և գնահատել կոնկրետ գործով երեխայի լավագույն շահը և բացառիկ հիմքերի առկայության դեպքում չկիրառել որդեգրողի և որդեգրվողի միջև «50 տարուց ոչ ավելի» տարիքային տարբերության առավելագույն շեմի սահմանափակումը, խնդրահարույց է երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը առաջնահերթ ուշադրության արժանացնելու Սահմանադրական սկզբունքի տեսանկյունից (…)»:
Այսպիսով` Դիմողը եզրակացրել է, որ «… ՀՀ ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան դրանում պարունակող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունն է, այն է՝ երբ գործի փաստերով հաստատվում է, որ որդեգրողի (ամուսինների դեպքում թեկուզ և մեկի) և որդեգրվողի տարիքային տարբերությունը գերազանցում է 50 տարին և առկա չէ նույն հոդվածով սահմանված բացառությունները, ապա այլևս երեխայի լավագույն շահի բացահայտման անհրաժեշտությունն առկա չէ և որդեգրման հաստատման պահանջի մասին դիմումը ենթակա է մերժման, կամ որ նույնն է. դատարանները չեն կարող երեխայի լավագույն շահով պայմանավորված՝ չկիրառել տարիքային տարբերության առավելագույն շեմը»:
Այդ առնչությամբ Դիմողը բարձրացրել է Ընտանեկան օրենսգրքի վիճարկվող դրույթի համապատասխանության հարցը Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին ըստ որի՝ «Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»:
Երեխայի լավագույն շահի առնչությամբ վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության 1989 թվականի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի համապատասխան դրույթները, Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները՝ Դիմողն արձանագրել է, որ. «… երեխան ունի իր լավագույն շահերի բացահայտման և դրանց առաջնային նշանակության տրամադրման իրավունք և երեխային առնչվող որոշումների ընդունման ընթացքում պետք է բացահայտվի երեխայի իրավունքների և շահերի վրա այդ որոշման հնարավոր ազդեցությունը»: Դիմողը համարել է, որ «տարիքային տարբերությունը (խոսքը վերաբերում է տարիքային տարբերության առավելագույն շեմին) կարող է որդեգրման հաստատման պահանջը մերժելու հիմք հանդիսանալ, միևնույն ժամանակ այդ տարբերության ազդեցությունը պետք է քննարկման առարկա դարձվի երեխայի շահերին վերաբերող ուշադրության արժանի մյուս հանգամանքների համադրման և գնահատման համատեքստում, որի իրականացման հնարավորությունը բացառվել է վիճարկվող նորմով»: Դիմողը նշել է, որ միջազգային փաստաթղթերով սահմանված են որդեգրողի նվազագույն տարիքին վերաբերող չափանիշներ, սակայն առավելագույն տարիքի մասով նման սահմանում չկա. օրինակ՝ «Երեխաների որդեգրման մասին» վերանայված եվրոպական կոնվենցիան սահմանում է, որ որդեգրողի և երեխայի միջև պետք է լինի տարիքային պատշաճ տարբերություն և, հաշվի առնելով երեխայի շահերը, նախընտրելի է, որ տարբերությունը լինի առնվազն 16 տարի։ Սակայն այս նույն կոնվենցիան առավելագույն տարիքային տարբերություն չի սահմանում․ անգամ տարիքային տարբերության նվազագույն շեմի դեպքում նախատեսել է այդ կանոնից բացառիկ հանգամանքներով պայմանավորված շեղվելու հնարավորություն: Դիմողը, այսպիսով, եզրահանգել է, որ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերն առաջնահերթ ուշադրության արժանացնելու սահմանադրական սկզբունքի առումով Ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը խնդրահարույց է այնքանով, որքանով այն հնարավորություն չի տալիս բացահայտել և գնահատել կոնկրետ գործով երեխայի լավագույն շահը և բացառիկ հիմքերի առկայության դեպքերում չկիրառել որդեգրողի և որդեգրվողի միջև «50 տարուց ոչ ավելի» տարիքային 5 տարբերության սահմանափակումը: