Պատշաճ ձեւով օգնություն չի հայցվում ԵՄ այն պետություններից, որոնք անցել են այդ ուղով․Լուսինե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում հայտարարել է, թե ինքնիշխանությունը բարձրացնելու համար պետք է մեկ կենտրոնից կախվածությունը փոխարինել շատերից կախվածությամբ։

«1in.am»-ի տաղավարում մեկնաբանելով այս հայտարարությունը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը նշել է․

«Ես հասկանում եմ, որ վարչապետ Փաշինյանն այս պահին ունի անհանգստություն հայտնի գերտերությունից, արդեն հարց է՝ ինչքանով իրեն կարող ենք համարել գերտերություն՝ 2022 թվականի փետրվարից ի վեր, ամեն դեպքում այդպես է ընդունված տերմինը և միգուցե որպես միջանկյալ հայտարարություն կարելի է եւ ըմբռնումով մոտենալ այդ հայտարարությանը։ Բայց եթե նա համոզված է, որ դա է մեր ճիշտ բանաձևը, այ այդտեղ մենք խնդիր ունենք, որովհետև այս փուլում Արեւմուտքը օգնում է Հայաստանին դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունները տարբեր ոլորտներում՝ օգնելու ՀՀ-ին անցում կատարել կոնկրետ որոշակի ուղղության, եւ դա ԵՄ-ՀՀ կապերի ավելի սերտ ուղղությունն է, ընդհուպ մինչեւ անդամակցություն։ Նաեւ այն պատճառով, որ Արեւմուտքը ՌԴ-ին, բնականաբար, չի դիտարկում որպես  բարեկամ պետություն՝ հայտնի 2022 թվականից ի վեր տարբեր հարձակումների, ագրեսիվ պահվածքի եւ այլնի պատճառով։ Եւ այդ ֆոնին, իհարկե, խոսել, որ այդ մի կախվածությունը մենք փորձում ենք փոխարինել տարբեր կողմերից կախվածություններով՝ դա, իհարկե, լավ բանաձեւ չէ։ Ավելի ճիշտ է ասել, որ ՀՀ-ն ընտրել է իր անվտանգ, խաղաղ, բարեկեցիկ ապագայի օրակարգը եւ այդ նկատառումներից ելնելով՝ հստակ ուղղությամբ է գնում։ Ափսոսում եմ, որ վարչապետը չհիշատակեց ԵՄ-ի անդամակացության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը այդ նույն երեկվա հայտնի ելույթում, կարծում եմ՝ դա շատ կարեւոր քայլ է կառավարության կողմից եւ արժեր հիշատակել։ Նաեւ կարծում եմ, որ ՀՀ-ԵՄ բանակցվող նոր օրակարգում այն անպայման պետք է հիշատակվի որպես փոխադարձաբար պարտավորեցնող մի օրենք, հուսամ՝ այն ժամանակ, երբ համաձայնության կգան այդ փաստաթղթի վերաբերյալ, այդ օրինագիծն արդեն օրենք կդառնա, եւ այդ ուղղության մասին ուղերձները պետք է հստակ լինեն, ԵԱՏՄ-ում նորմալ հարաբերությունների մասին ուղերձն էլ ես կարող եմ հասկանալ, բայց եթե մենք որդեգրում ենք ԵՄ-ի անդակամցության ուղին, ապա մենք ոչ այնքան ճիշտ ուղերձներ ենք հղում՝ ԵՄ անդամ պետությունների քաղաքական ղեկավարությանը, քաղաքական ղեկավարներին։ Այս պահին այդ ստատուս քվոն է, դա հասկանալի է, այդ մասին է պետք խոսել, բայց պետք է նաեւ ապագայի ուղերձ տալ եւ ապագայի բանաձեւերից խոսել, ցավոք այդ ուղերձները չհնչեցին»։

Լրագրողի հարցին, թե «իսկ գուցե տակը հող չկա՞, դրա համար է այդպես հայտարարում», Հակոբյանն արձագանքել է․

«Եթե խոսում ենք ներքին բարեփոխումների փաթեթի մասին, ապա այո, դրա արդյունքները գոհացուցիչ չեն։ Մի կողմից պետք է չհամաձայնեմ այն բոլոր անձանց հետո, որոնք հայտարարում են, որ ՀՀ ժողովրդավարությունը շատ ավելի վատ վիճակում է, քան նախորդ ռեժիմի օրոք։ Այն բոլոր անձինք, ովքեր նման բան են հայտարարում, ինձ համար հստակ ՌԴ-ից ուղղորդվող քաղաքական ուժերի պատվերն են կատարում, կամ  ասոցացված են այդ ուժերի հետ եւ դրանից ելնելով են դա հայտարարում, քանի որ անհնար է չտեսնել փոփոխությունը, բայց միաժամանակ, այն, որ այդ բարեփոխումները չեն ընթանում այն արագությամբ, արդյունավետությամբ եւ այն արդյունքներով, որոնք կարող էին իրականացվել անհրաժեշտ քաղաքական կամքի եւ կարողությունների ձեւավորման պարագայում, դա եւս փաստ է, եւ այո, ոչ միայն ներքին ժողովրդավարական բարեփոխումները, այլեւ՝ էներգետիկ, տնտեսական եւ այլ դիվերսիֆիկացիայի տեմպերը ցավոք՝ այս պահին գոհացուցիչ չեն։ Դրա համար գուցե կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, իսկապես տարիներ շարունակ ՌԴ-ից կախվածությունը շատ մեծ է եղել, այդ պահին էլ շատ մեծ է, գուցե հստակ ըմբռնում չկա՝ եւ չկան այդ կարողությունները, թե ինչպես պետք է էականորեն դիվերսիֆիկացնել, եւ ցավոք՝ տեսնում եմ, որ պատշաճ ձեւով օգնություն էլ չի հայցվում ԵՄ այն պետություններից, որոնք անցել են այդ ուղով, այդ պարագայում չեմ պատկերացնում, թե մենք ինչպես պետք է արագ տեմպերով գնանք դրան։ Ամեն դեպքում՝ սա այլընտրանք չունեցող ճանապարհ է եւ ճիշտ կլինի, որ մենք գանք այս ուղուն։ Այստեղ նաեւ, իհարկե,  աշխարհագրական հարցերն էլ դեր են խաղում, նույն Վրաստանի իրադարձությունները, բնականաբար՝ ԵՄ կուրս բռնած Վրաստանի պարագայում մենք մի քիչ այլ դիրքերում կլինեինք, մեր մոտիվացիան էլ այլ կլիներ, հստակ է, որ այստեղ եւս խոչընդոտներ կան, որոնց մասին իշխանությունները չեն կարող խոսել, քանի որ Վրաստանից ունենք բազում կախվածություններ, եւ անհրաժեշտ է կառուցել ու պահպանել լավ հարաբերություններ Վրաստանի գործող իշխանությունների հետ։ Սա ես իշխանության տեսակետից եմ ասում, բայց, իհարկե, այստեղ եւս կա խնդիր, անձամբ ես հուսով եմ, որ վրաց ժողովուրդը կկարողանա պետությունը վերադարձնել եվրոպական հուն եւ ՀՀ պարագայում էլ մի քիչ այլ կլինեն զարգացումները»։

Դիտարկմանը, որ Վրաստանում իշխանությունները արդեն պատգամավորական մանդատներից են զրկում ընդդիմադիր պատգամավորներին՝ Հակոբյանն արձագանքել է․

«Վրաստանում ներկայում տեղի ունեցող իրավիճակը մի քիչ համեմատելի է ՀՀ-ում 2017-ին եղած իրավիճակի հետ, երբ Սերժ Սարգսյանը բարեհաջող հասավ իր ուզած ընտրությունների արդյունքներին, բայց դա տեւեց մեկ տարի։ Կարծում եմ՝ նման քայլերը Վրաստանի իշխանությունների կողմից էլ ավելի են սրելու իրավիճակն ու ժողովրդի դժգոհությունը, եւ ի վերջո՝ ներքին հեղափոխությունն այնտեղ եւս ժամանակի հարց է՝ մեկ տարի, թե երկու տարի հետո կլինի, բայց ի վերջո դա լինելու է։ ՀՀ եվրոպական ապագայի համար, բնականաբար, ձեռնտու է, որ որքան հնարավոր է արագ այնտեղ այդ իրավիճակը լինի, բայց ամեն դեպքում դա լինելու է»։

Լրագրողը հիշեցրել է, որ այժմ ԵՄ-ում էլ վերադասավորումներ կան, ԱՄՆ նոր նախագահ Թրամպի քաղաքականությունը կա, որոնք գուցե հաշվի առնելով էլ իշխանությունը փորձում է բալանսավորված քաղաքականություն վարել եւ չգնալ վեկտորի փոփոխության, չհեռանալ ՌԴ-ից, աշխատել բոլորի հետ։

Ի պատասխան Հակոբյանը նշել է․

«Այդ դեպքում դա մեծ շփոթ է ստեղծելու, եթե դրա նպատակն այն է, որ ՌԴ-ին հանգստացնեն, որ մենք ձեզնից հեռանալու ոչ մի միտում չունենք, մեր հարաբերությունները նորմալ են, ԵԱՏՄ-ում նորմալ է ամեն ինչ, մաքսիմում ՀԱՊԿ-ում կասեցված թողնենք մեր անդամակցությունը, եւ եթե նպատակն այն է, որ ՌԴ-ն կասի՝ ապրեք, եկեք այդպես շարունակենք, ապա ցավում եմ, բայց ես զարգացումներն այդպես չեմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ ամեն կերպ եւ առիթով՝ ՌԴ քաղաքական ղեկավարությունը՝ Պուտինի ղեկավարությամբ, նպատակ է դնելու Փաշինյանին եւ իր կառավարությանը հեռացնել իշխանությունից, եւ բնականաբար, հարվածները եւ հիբրիդային հարձակումները տարածվելու են նաեւ արեւմտամետ քաղաքական ուժերի վրա, քանի որ այդ մարդիկ սպառնալիք են ՌԴ-ի՝ ՀՀ-ի հետ կապված պլաններին։

Եւ եթե նպատակն այն է, որ ժողովրդական լեզվով ասած՝ ՌԴ-ին փշի-փշի անելով լավ հանգրվանի կհասնի այս իշխանությունը, ապա ես բավական հոռետես եմ այդ հարցի հետ կապված, քանի որ չեմ կարծում, որ այսպիսի խայծեր ՌԴ-ն կուլ է տալու եւ նույնիսկ եթե կուլ տար՝ դա ազնիվ չեմ համարում նաեւ ժողովրդի հարցում։ Բայց սա նաեւ շփոթ է ստեղծում ԵՄ դերակատարների համար, քանի որ հիմնական հարցը, որին փորձում էին պատասխան ստանալ այս օրինագիծը նախաձեռնողները, եւ դա ԵՄ շատ քաղաքական դերակատարների հարցն էլ էր, այն էր, թե արդյո՞ք ձեր ժողովուրդն ուզում է այդ ուղղությունը։ Հիմա եթե ժողովրդի քվեն ստացած իշխանության վարչապետը փորձում է ասել, որ մենք խորացնում ենք, բայց չենք գնում, բալանսավորում ենք, դիվերսիֆիկացնում ենք, մնում ենք, դա վատ ուղերձ է, անհասկանալի ուղերձ է եւ շփոթը շարունակվում եւ խորանում է։ Չգիտեմ՝ փակ հանդիպումներին ինչ է խոսվում, ես այդ տեղեկություններին չեմ տիրապետում, բայց այս տիպի հայտարարությունները ուղերձների հստակեցմանը չեն նպաստում»։

Անդրադառնալով USAID-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Հակոբյանը նշել է

«Հարցնում եք՝ ի՞նչ անի իշխանությունը, այս հարցերի կապակցությամբ այն ոչինչ չի կարող անել, բայց իշխանությունը հետաքրքիր բան կարող է անել, եթե դաշտն ուսումնասիրի, հասկանա, թե այդ հիբրիդային պատերազմում ներգրավվածներն ովքեր են եւ այդ մասին իրազեկի նույն ամերիկյան կառավարությունը։ Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում, նույն սոցցանցերից ահագին ինֆորմացիա կարելի է քաղել՝ ինչպես եւ ում միջոցով է այդ հիբրիդային պատերազմը կազմակերպվում։ Հետաքրքիր է, որ նույն անձը, որն սկսեց այդ խոսակցությունն ու հարձակումը քաղհասարակության մի քանի գործընկերների վրա, նույն USAID-ի եւ ամերիկյան կառավարության օժանդակությունը ստացող թերթի թղթակիցն է եղել եւ հոդվածներ է գրել։ Իհարկե, հետաքրքիր է նաեւ, թե ինչ հոդվածներ է գրել, օրինակ՝ այսպիսի վերնագրով՝ «Հայաստանի վերածնունդը․ Ռուսահայաստան», այսինքն, Հայաստանը վերածնվել է, երբ Ռուսաստանն է իր թաթը դրել մեր գլխին, բայց այստեղ այլ հետաքրքիր երեւույթ կա։ Փաստորեն, այդ հարձակումը տեղի ունեցավ այն անձանց վրա, որոնք եթե USAID-ից ստացել են դրամաշնորհներ, դրանք չնչին չափ են ունեցել, որոշներն էլ ընդհանրապես չեն ստացել, բայց այս հարձակումներին հետաքրքրորեն լուռ են այն կազմակերպությունները, որոնք ահռելի դրամաշնորներ են ստացել նույն USAID-ից եւ ի պաշտպանություն այդ կառույցի, դրա ջատագոված եւ տարածած արժեքների լուռ մնացին։ Ես չեմ տեսնում որեւէ արձագանք քաղհասարակության մի շարք կառույցներից՝ նույն Երևանի մամոիլի ակումբից, «Ինտերնյուզից», «Եվրասիա» համագործակցության հիմնադրամ»ից, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ից, որոնք տարիներ շարունակ մեծ դրամական միջոցներ են ստացել եւ այս պահին լուռ հետեւում են, թե ինչ է կատարվում։ Այստեղ իհարկե, հարցեր կան։ Մյուս կողմից որոշակի արդարացվածություն կա այն հարցի շուրջ, որ անհրաժեշտ է օպտիմալացնել USAID-ի գործունեությունը, դա անրաժեշտություն է, բայց այստեղ լուրջ խնդիր է, որ դա նախաձեռնել են Իլոն Մասկն ու Դոնալդ Թրամփը, որոնք ժողովրդավարական արժեքների դավանմամբ եւ այդ արժեքների ջատագովմամբ հայտնի չեն։ Բայց որ այդ կառույցը եւ այն գործունեությունը, որ ծավալում է այդ կառույցի գրասենյակները աշխարհով մեկ, որոշակի վերանայման կարիք ունեն, դա եւս արդարացված պահանջ է»։