«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի հերթական քննարկման առարկան Սահմանադրական դատարանի 1729 որոշումն է: Այս գործի քննության առիթ դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումն է, որի լիազորությունները դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված հիմքերով դատարանն իրավունք ունի վարչական դատավարությանը մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա այլ անձանց նկատմամբ կիրառել որոշակի սանկցիաներ, այդ թվում` նիստերի դահլիճից հեռացում:
Նույն օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. 6. Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանված որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը 2023 թվականի մայիսի 24-ին Դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ նշելով, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Դատավորի կողմից Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6 և 8-րդ կետերով նախատեսված՝ դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտումը, իսկ կարգապահական վարույթ հարուցելու առիթ՝ զանգվածային լրատվության միջոցի համապատասխան հրապարակումը:
Արդարադատության նախարարը 2023 թվականի հունիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի առաջ միջնորդել է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով դատական նիստը անցկացնել դռնփակ՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(…) Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների բնույթն այնպիսին է, որ ուղղակիորեն վերաբերում է Դատավորի կողմից կատարված հրապարակային խոսքով դատական իշխանության հեղինակազրկմանը, որպես դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը և իր կողմից կայացվող որոշումների օրինականությունը կասկածի տակ դնելուն: Այնինչ, Խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը ենթադրում է Խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում դատարանների և դատավորների անկախության երաշխավորմանը խոչընդոտող, դատական իշխանությունը հեղինակազրկող ցանկացած գործողության կանխում: Նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ Դատավորի՝ նշված 5 խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության պահպանման համատեքստում և դատական նիստի դռնփակ անցկացումը բխում է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունից»: 2023 թվականի հունիսի 19-ին հրավիրված դատական նիստում Խորհուրդը որոշել է բավարարել միջնորդությունը` արձանագրելով, որ կարգապահական վարույթի հարուցման հիմք հանդիսացած Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6 և 8-րդ կետերով սահմանված դատավորի վարքագծի կանոնների՝ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները պարունակում են դատական իշխանությանը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող հրապարակային հայտարարություններ, ինչը, Խորհրդի դիտարկմամբ, հիմք է հանդիսացել դատական նիստը դռնփակ անցկացնելու համար։ Խորհուրդը, մասնավորապես, նշել է. «(…) հաշվի առնելով Խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունն ապահովելու գործառույթը Դատավորի կողմից վերոնշյալ փաստերի վերաբերյալ խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, հանրության վստահության պահպանման համատեքստում, ինչով և պայմանավորված Խորհուրդը, հիմք ընդունելով արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունը, որոշում է կայացրել դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին»:
Խորհուրդը 2023 թվականի հունիսի 26-ին հրավիրված դատական նիստի ընթացքում Դատավորի նկատմամբ կիրառել է «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիան՝ գործի քննությունը շարունակելով առանց Դատավորի և նրա ներկայացուցիչների մասնակցության: 2023 թվականի հուլիսի 3-ի դատական նիստում հրապարակվել է Խորհրդիհամապատասխան որոշման եզրափակիչ մասը, որով Խորհուրդը որոշել է բավարարել արդարադատության նախարարության` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը: Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել է:
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Ժողովրդավարական հասարակությունում արդարադատության իրականացման հիմնարար սկզբունքներից է գործի հրապարակային քննությունը, որը Սահմանադրի կողմից Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքի բնորոշիչ բաղադրատարր է: Դատական գործի հրապարակայնությունը սահմանադրական իրավունքում ներկայանում է երկակի՝ որպես սկզբունք և որպես մարդու անհատական իրավունք: Որպես սկզբունք՝ այն մի կողմից հանդիսանում է դատարանների գործունեության հիմնաքար, արդարադատության ապահովման կենսական երաշխիք և իրավական պետության ու ժողովրդավարության կայացման առաջնային գրավական, մյուս կողմից՝ ենթադրում է դատական նիստերին հասարակության մասնակցություն՝ ունենալով արդարադատության իրականացմանը հաղորդակցվելու, վերջինիս նկատմամբ հասարակական վերահսկողության հնարավորությունը, որն ուղղակիորեն բխում է ժողովրդավարության հրամայականից։ Որպես մարդու անհատական իրավունք՝ այն, հանդիսանալով մարդու արդար դատաքննության իրավունքի էական բաղադրատարր, ենթադրում է անձի՝ իր նկատմամբ իրականացվող դատական վարույթի բաց ու հրապարակային անցկացման իրավունքը։ Այսպես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքի իմաստավորման համատեքստում անդրադառնալով հրապարակայնության սկզբունքի իրավական նշանակությանը, ընդգծել է, որ այն պաշտպանում է դատավարության կողմերին հասարակական վերահսկողությունից զուրկ դատաքննության իրականացումից՝ ապահովելով (թե՛ վերադաս, թե՛ ստորադաս) դատարանների նկատմամբ հասարակական վստահությունը և, ըստ էության, ուղղված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի նպատակների կենսագործմանը: Հրապարակայնության սկզբունքը ներառում է երկու կարևոր 14 ասպեկտներ՝ դատական գործի հրապարակային քննությունը և գործով կայացված ակտի՝ դռնբաց նիստում հրապարակումը:
Անկախ դատական գործերի առանձին տեսակներին բնորոշ նյութաիրավական և վարութային առանձնահատկություններից՝ հրապարակայնության սկզբունքի այնպիսի ինտենսիվ սահմանափակումը, ինչպիսին է դատական նիստի դռնփակ անցկացումը, պետք է համապատասխանի իրավաչափության ներքոնշյալ չափանիշներին. 1. Պետք է պայմանավորված լինի սահմանադրաիրավական պաշտպանության ներքո գտնվող շահերի երաշխավորման նպատակով: Դատական նիստի դռնփակ անցկացումը պետք է իրապես հետապնդի Սահմանադրությամբ և օրենքով պաշտպանության տակ առնված շահերի երաշխավորման նպատակ։ Դատական նիստի դռնփակ անցկացմամբ հրապարակայնության սկզբունքի սահմանափակման բոլոր դեպքերը՝ պայմանավորված (թելադրված) օրենքով նախատեսված պաշտպանության ենթակա շահերից զատ այլ դրդապատճառներով, ոչ իրավաչափ են և հակասում են խնդրո առարկա դրույթի սահմանադրաիրավական նշանակությանը: Դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ որոշում 19 կայացնելիս դատարանը պետք է առաջնորդվի բացառապես Սահմանադրությամբ նախատեսված իրավաչափ նպատակներով՝ վեր մնալով դատական իշխանության անկախությունն ու անաչառությունը կասկածի տակ դնող, դատական իշխանության հեղինակությունը թիրախավորող և վերջինիս նկատմամբ հանրության վստահությունը խարխլող ու արդարադատության իրականացումը խոչընդոտող տարաբնույթ ազդակներից ու գործոններից: Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։ Հրապարակայնության սկզբունքի ցանկացած սահմանափակում, որն իրապես չի հետապնդում Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով թվարկված որևէ շահի պաշտպանության նպատակ, հանգեցնում է դատական վարույթի հրապարակայնության սկզբունքի խախտման։ 2. Պետք է կիրառվի որպես Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ շահի պաշտպանության վերջին հնարավոր միջոց, երբ գործի հրապարակային քննությունն անդառնալի վնաս կհասցնի սահմանադրաիրավական պաշտպանության ներքո գտնվող խնդրո առարկա շահին: 3. Պետք է լինի արդյունավետ՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով թվարկված որևէ շահի պաշտպանության առումով։ Եթե դատական վարույթի դռնփակ անցկացումը չի կարող ապահովել թվարկված շահերի ապահովումը կամ պաշտպանությունը, ապա դրա կիրառման հետևանքով հրապարակայնության սկզբունքի սահմանափակումն ըստ էության իմաստազրկվում է։ Որպեսզի դատական վարույթի կամ դրա մի մասի դռնփակ անցկացումը հանդիսանա նախանշված նպատակների և շահերի պաշտպանության արդյունավետ միջոց, անհրաժեշտ է, որ ենթադրյալ սպառնալիք պարունակող փաստական հանգամանքների հրապարակայնացումը դատական վարույթի ընթացքում, որոնց առկայությամբ է պայմանավորվում դատական գործերի դռնփակ քննության անհրաժեշտությունը, թելադրված լինի հրապարակայնության սահմանափակման միջոցով պաշտպանվող շահերին սպառնացող վտանգի՝ իրական, ոչ վերացական և կանխատեսելի բնույթից:
