Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ։ Հանրային հեռուստաընկերության եթերում այդ գործընթացը մեկնաբանել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը:
Նա, մասնավորապես, նշել է․
«Ասել, որ դա շատ լավ փաստաթուղթ է, կնշանակի՝ ոչինչ չասել։ Այն իրոք բավականին ընդգրկուն, թիրախային շատ թեմաներ պարունակող փաստաթուղթ է, և ամեն առումով՝ միանգամայն ողջունելի։ Իրոք գնահատելի է կառավարության, մասնավորապես Արտաքին գործերի նախարարության գործադրած ջանքերը, նաև՝ որ կարողացել են գլուխ բերել այդ փաստաթուղթը՝ առանց ժամանակից շուտ արտահոսքերի ու տարբեր գործոնների, որոնք կարող էին խոչնդոտել գործընթացը»։
Այս փաստաթղթի մեջ առանձնացված հատուկ բաժնով նվիրված կետ կա իրավապահ համակարգին, ժողովրդավարությանն ու արդարադատությանը, փաստաթուղթը ի՞նչ կոնկրետ քայլեր է առաջարկում մասնավորապես անկախ դատական համակարգի ամրապնդման ուղղությամբ։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Սա, ինչպես հասկանում ենք, շրջանակային փաստաթուղթ է, որը պետք է ավելի կոնկրետացվի․ կոչենք դա ճանապարհին քարտեզ, կամ գործողությունների ծրագիր։ Ենթադրում եմ՝ գործընթացը նման կլինի ԵՄ-ի և Հայաստանի միջև կնքված պայմանագրի իրականացման գործընթացին, որի համար 2019 թվականին և 2021-ին ընդունվել էին ճանապարհային քարտեզներ․ դա կլինի ճանապարհային քարտեզ, թե գործողությունների ծրագիր՝ այդ ամենը պետք է կոնկրետացվի հստակ ժամկետներ ու պատասխանատուներ ունեցող փաստաթղթով։
Ենթադրաբար՝ հիմնական օժանդակությունը կլինի իրավունքի գերակայության ապահովման ոլորտում, ինչը ենթադրում է բարեփոխումներ դատական համակարգում, իրավապահ համակարգում․ ոստիկանություն, քննչական ծառայություններ, դատախազություն և այլն։ Նաև՝ մարդու իրավունքների ոլորտում։
Շատ են դժգոհությունները ոստիկանության կողմից մարդու իրավունքների տարբեր խախտումներից՝ այդ թվում հավաքների ազատության իրավունքի իրացման կապակցությամբ, նաև՝ փակ հաստատություններում մարդու իրավունքների տարաբնույթ խախտումների վերաբերյալ և այլն․ հավանաբար՝ այս տիպի հարցերին հիմնավոր անդրադարձ կլինի։
Տեքստի տողատակերում կան նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների, ՄԻՊ-ի, քաղհասարակության կառույցների հզորացման դրույթներ, ինչը հասկանալ է տալիս, որ դրանց վրա լինելու է կենտրոնացում։ Շատ ողջունելի է, որ ամերիկյան կողմը մեծապես հասկանում է Հայաստանում անկախ և ուժեղ ընդդիմության կարևորությունը և հանձնառու է քաղհասարակությանից զատ նաև աշխատել քաղաքական ուժերի հետ։ Բնականաբար՝ ամենևին ոչ ռուսական պրոքսի քաղաքական ուժեր, այլ իսկապես արևմտյան արժեքներ դավանող ու այդ ուղղությամբ մտածող քաղաքական ուժերի»։
Իսկ արդյո՞ք առաջարկվող գործիքները կոռուպցիայի դեմ պայքարի ու հակակոռուպցիոն ինստիտուտների ամրապնդման վրա մեծ ազդեցություն կունենան։
Պատասխանելով այս հարցին՝ Հակոբյանը նշել է․
«Կարծում եմ, որ այդ մասին կարող ենք ավելի մանրամասնորեն խոսել, երբ արդեն լինեն դրանց մասին երկուստեք կոնկրետ պայմանավորվածություններ։ Ես կառաջարկեմ, որ այդ գործիքակազմերի մշակման գործընթացում անպայման ներգրավեն նաև քաղհասարակությանը։ Զուգահեռելով՝ շատ օրինակելի կարող է դիտարկվել ԵՄ-ի հետ բանակցվող գործընկերության նոր օրակարգի վերաբերյալ փաստաթուղթը․ այդ գործընթացում քաղհասարակության դերը կարևորելով՝ կառավարությունը նաև նրան է ներգրավել, և ոչ միայն զուտ իրազեկելու առումով, այլև առաջարկություններ ստանալու մակարդակում։ Նույն կերպ էլ կառաջարկեմ, որ ամերիկյան կողմը վարվի, երբ բանը հասնի կոնկրետ միջոցառումների բանակցմանը, դե իսկ կառավարությունն էլ պետք է առաջնորդություն ստանձնի և գործողությունները ծրագրելիս կամ ճանապարհային քարտեզի փաթեթը մշակելու փուլում՝ քաղհասարակությանը նունպես ներգրավի և ձեր հիշատակած գործիքակազմերի վերաբերյալ այդ ոլորտից առաջարկներ ստանա»։
Իսկ ի՞նչ է առաջարկվում խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության տեսանկյունից։
Ըստ Հակոբյանի՝ «փաստաթղթում խոսվում է անկախ լրատվամիջոցների դերի բարձրացման և խոսքի ազատության մասին։ Մեզանում լրատվական միջավայրը բավական ազատ է, բայց դրա հետ մեկտեղ՝ նաև մարտահրավերներն են շատ։ Ինքներդ էլ գիտեք, որ հենց այդ նույն լրատվական դաշտի ազատության բերումով՝ թե՛ Ռուսաստանի թե՛ Ադրբեջանի ազդեցությամբ պարբերաբար հայտնվել ու կարող ենք հայտնվել հիբրիդային պատերազմների մեջ, ուստի շատ կարևոր է, որ այդ մարտահրավերների առումով նույնպես լինենք դիմակայուն։ Ենթադրում եմ, որ կարող է խոսք գնալ լրատվամիջոցները այդ ռիսկերի նկատմամբ ավելի դիմակայուն դարձնելու, նաև քաղհասարակության ու քաղաքացիների մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու մասին, մանավանդ սա դիտարկելով Մոլդովայում և Վրաստանում վերջերս տեղի ունեցած հանրաքվեի ու ընտրությունների լույսի ներքո»։
Փաստաթղթում նաև նշվում է, որ պիտի աջակցություն տրամադրվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին, ի՞նչ աջակցության մասին է խոսքը, և արդյո՞ք դա նշանակում է վերադարձի իրավունքին աջակցություն։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է
«Շատ կարևոր է, որ այդ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների մասին մտահոգություն և հանձնառություն կա․ իսկապես կարևոր է, որ պետությունը, մեր ռազմավարական գործընկերները մեծ ուշադրություն դարձնեն Լեռնային Ղարաբաղի հայության կարիքներին, անհրաժեշտ է ապահովել, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս սահուն ինտեգրվել, մինչև հասկանալի դառնա, թե արդյո՞ք հնարավոր է ապահովել նրանց վերադարձի և իրենց հայրենիքում ապրելու իրավունքը։ Մինչ այդ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում նրանց կարիքները հնարավորինս բավարարված լինեն, և այդ առումով ֆինանսական օժանդակությունը շատ կարևոր է։ Այս առումով՝ նրանց կարիքների լուրջ գնահատում է պետք իրականացնել։ Իսկ վերադարձի իրավունքը չեմ կարծում, որ այս փաստաթղթում կնշվեր, որովհետև սա Հայաստանին տարբեր ոլորտներում աջակցելու փաստաթուղթ է․ ամեն դեպքում՝ քաղհասարակությունը մշտապես խոսում է Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի իրավունքն ապահովելու հրամայականի մասին։ Ադրբեջանի հետ բանակցող կառավարությունը այդ խնդրին հետամուտ լինելու որոշակի կաշկանդվածություն ունի, իսկ քաղհասարակությունը՝ ոչ։ Բացի դրանից, շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանից ուղղորդվող տարատեսակ ընդդիմադիր շարժումները Լեռնային Ղարաբաղի հայության դժգոհությունը ներքաղաքական նպատակներով չօգտագործեն և էլի այդ մարդկանց մոլորեցնելով՝ նրանց չներգրավեն այնպիսի գործընթացներում, որոնք իրենց ոչ մի օգուտ չեն բերի և հակառակը՝ կարող են և վնասել»։
Փաստաթղթի հետագա իրագործելիության տեսանկյունից առկա մտահոգություներին Հակոբյանն արձագանքել է․
«Հարցը շատ կարևոր է ու ակտուալ։ Փաստաթղթի իրագործումն առանցքային հարց է․ որքան էլ այդ փաստաթուղթը գնահատենք ու կարևորենք, բայց դրա պատշաճ և արդյունավետորեն իրագործման համար պիտի նախանձախնդիր լինենք։ Այս առումով կարևոր եմ համարում մի շարք գործոններ․ նախ՝ շատ կարևոր է կառավարության փորձագիտական կարողությունների հզորացումը։ Փաստաթղթում նշված բոլոր ոլորտներում կառավարությունը ունի փորձագիտական կարողությունների մեծ բաց, և շատ գնահատելի է ամերիկյան գործընկերների կողմից այդ հանձնառությունների ստանձնումը։ Սակայն նրանք պիտի հանձն առնեն նաև կառավարության կարողությունների հզորացմանը՝ ըստ գնահատված կարիքների փորձագիտական օժանդակություն տրամադրելով։ Նաև թիրախային աշխատանք պետք է տանել պրոֆեսիոնալ քաղհասարակության հետ․ փաստաթղթում ֆիքսվել է պետական կառավարման համակարգի բարեփոխումների մշտադիտարկման հարցում ակտիվ և անկախ քաղհասարակության առանցքային դերը, բայց քաղհասարակության իսկապես պրոֆեսիոնալ սեգմենտը նույնպես պետք է անպայման ներգրավված լինի։ Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես տեղի է ունեցել առ այսօր, ապա ես շատ լավատես չեմ, որ այդ փաստաթղթի իրագործումը պատշաճ մակարդակով կարվի։ Թե՛ կառավարության, թե՛ քաղհասարակության ներսում որոշակի ձևաչափեր, գործակցության եղանակներ, կադրային որոշակի քաղաքականություն կա, որ պետք է փոխվի, և ամերիկյան գործընկերները դա նույնպես պետք է գիտակցեն ու տեսնեն»։
Եվրաքվեի ստորագրահավաքից հետո կառավարությունը այդ օրինագծին հավանություն է տվել․ ի՞նչ է դա փոխել։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Շատ բան։ Թեև գիտեմ, որ այս հարցերի շուրջ իշխող ուժի ներսում տարակարծություն կա, ամեն դեպքում դա մեծամասնության որոշումն էր, ուստի՝ Հայաստանի անկախ ընդդիմությունն ու իշխանությունը արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ ԵՄ անդամակցության հարցում նույն էջի վրա են։ Այս երևույթը շատ կարևոր դեր է խաղացել Եվրամիության անդամ այլ պետությունների բարգավաճման, բարեկեցության հարցում։ Մասնավորապես՝ Բալթյան պետություններում մենք նկատում ենք, որ ինչպիսի ներքաղաքական փոփոխություններ էլ լինեն, միևնույն է՝ ընդդիմությունը և իշխանությունը համակարծիք են այն հարցում, որ իրենք պետք է Եվրամիության կազմում գործեն, ավելի սերտ ինտեգրվեն և այլն։ Այսինքն արձանագրում ենք, որ Հայաստանի անկախ ընդդիմությունն ու Հայաստանի իշխանությունը այս հարցում նույն դիրքում են․ սա կարևոր արձանագրում է և շատ կարևոր է այդ ուղերձն ուղարկել նաև Եվրամիությանը։ Նախքան ստորագրահավաքը նախաձեռնելը Եվրամիության գործընկերները անընդհատ մեզ հարցնում՝ իսկ արդյո՞ք ձեր ժողովուրդը դա է ցանկանում․ այս ստորագրահավաքը, կարծում եմ, ստուգարքի լուրջ դեր կատարեց, համենայնդեպս՝ այդ փուլը մենք անցանք»։
Իսկ արդյո՞ք 60000 ստորագրությունը բավարար է դա ցույց տալու համար։
«Ստորագրությունը լավ սկիզբ էր, ամեն դեպքում՝ այն հանգամանքը, որ ստորագրությունները հավաքվեցին օրենքով սահմանված ժամկետից շուտ և ավելի մեծ թվով, լավ ուղերձ էր։ Հիմա արդեն հաջորդ փուլի համար պետք է ԵՄ քաղաքական դերակատարների հետ, պետության ղեկավարների հետ մեծ աշխատանք տարվի և դա արվի հնարավորինս ինտենսիվ։ Ասեմ, որ այս հանձնառությունը հռչակելը նաև Հայաստանի իշխանություններին է պետք, որովհետև եթե համարում ենք, որ բռնել ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման կուրս, և այս հարցում մեր հիմնարար փաստաթուղթը ՀԸԳՀ-ն (CEPA-ն) է, և դա է մեր պլան մաքսիմումը, ապա անվերջ կարող ենք ասել, որ այն իրականացնում ենք, բայց երբ ասում ենք, որ մեկնարկում ենք ԵՄ-ի անդամակցության գործընթաց, դա լրիվ այլ ուղենիշ է, լրիվ այլ պլան մաքսիմում և այստեղ արդեն մեր ձգտումներն էլ ավելին են։ Նաև՝ եթե Սահմանադրությամբ պահանջվող կարգով բանը հասնի հանրաքվեին, մենք պիտի ժողովրդին նախապատրաստենք, որ ժողովուրդը տարատեսակ հիբրիդային հարձակումների և ապատեղեկատվական ալիքների զոհ չդառնա, և այդ աշխատանքը պիտի սկսենք այսօր ևեթ․ սկսենք խոսակցությունը ԵՄ անդամակցության կարևորության մասին, բացատրենք՝ դա իրենից ինչ է ենթադրում և այդ փուլերով անցնենք»,- նշել է Հակոբյանը։
Դիտարկմանը, որ դա կարող է շատ երկար տևել, իսկ մենք անվտանգային խնդիրներ ունենք, որ՝ այդ ընթացքում շատ սպառնալիքներ կարող են ի հայտ գալ, արդյո՞ք այդ սպառնալիքները, հնարավոր ռիսկերը հաշվարկված են այս ճանապարհին, Հակոբյանն հակադարձել է․
«Այնպես չէ, որ այդ ռիսկերի առաջ միայն մենք ենք կանգնած։ ԵՄ տարբեր անդամ պետություններ ժամանակին նույնպես կանգնած են եղել այդ ռիսկերի առաջ և հաջողությամբ հաղթահարել են։ Առանց ռիսկի՝ ոչ մի լավ բան չի լինում․ այդպես՝ առանց ռիսկերի անխափան հաջողության հասնելը հիմնականում լինում է ռուսական հեքիաթներում՝ Իվանուշկա Դուռաչոկի նման հերոսների հետ։ Նաև այնպես չէ, որ եթե այդ ուղին չորդեգրենք, ապա այդ բոլոր ռիսկերից երաշխավորված ու ապահովագրված ենք։ Հունվարի սկզբին մենք խոսքի մակարդակում տարատեսակ հարձակումների ենթարկվեցինք ե՛ւ Ադրբեջանի նախագահի, ե՛ւ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների ու շրջանակների կողմից, մինչդեռ Հայաստանի կառավարությունը դրակաորեն արձագանքեց Եվրաքվեի նախաձեռնությանը շատ ավելւ ուշ։ Այնպես որ՝ ռիսկեր միշտ էլ կան և մենք այդ ռիսկերին չպիտի եղածից ավելի մեծ կարևորություն տանք»։
Կարծիքներ են հնչում որ այդ դեպքում Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, այնինչ, ՀՀ իշխանությունները չեն խոսում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Այս դիտարկմանը Հակոբյանն արձագանքել է․
«Ենթադրում եմ, որ կառավարությունը ուղղակի փորձում է ժամանակ շահել։ Չեմ կարծում, որ իշխանությունը չի գիտակցում, որ ԵԱՏՄ-ում մնալով՝ Եվրամիությանը չենք կարող անդամակցել, որովհետև դա լրիվ այլ տնտեսական, քաղաքական շրջանակ է և մենք չենք կարող դրանք համատեղել։ Հասկանալի է, որ այդ գիտակցումը կա․ ուստի պետք է Եվրամիության դերակատարների հետ իսկապես բանակցել, թե որ փուլում ինչպես ենք դուրս գալիս, որպեսզի ցնցումները հնարավորինս քիչ լինեն։ Էլի ասեմ՝ պետություններ, որոնք կախված են եղել Ռուսաստանից, հաղթահարել են այդ փուլը․ նույն Լիտվան մեծ կախվածություն ուներ ռուսական գազից, բայց այսօր արդեն այդ գազ ստանում է Նորվեգիայից, և ընդհանրապես որևէ կախվածություն չունի Ռուսաստանից։ Այսպես՝ մենք անընդհատ կարող ենք մնալ վախի ճիրաններում։ Հիշում եմ՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացում ռուսական պրոքսի շրջանակները նույնատիպ սպառնալիքներ էին հնչեցնում, հանրության մեջ վախեր տարածում, բայց Հայաստանը հաջողությամբ վավերացրեց այն, և անցել է արդեն Հռոմի ստատուտի իմպլիմենտացման փուլին։ Հետևաբար, պետք չէ այդ սպառնալիքները գերագնահատել։ Էլի եմ ասում՝ Պուտինին շատ ողջամիտ մարդ չես համարի, բայց ամենաանողջամիտ մարդն էլ դասեր քաղում է, և ես չեմ հավատում, որ ուկրաինական սցենարը Հայաստանի պարագայում կխաղարկվի»։
Հարց է հնչել, որ քննադատները նշում են, որ լավ, թե վատ, բայց այսօր մեր անվտանգությունը ՌԴ-ն է ապահովում, և եթե մեր կուրսը փոխենք, Եվրոպան դա ինչպե՞ս է անելու։
Ի պատասխան Հակոբյանը նշել է․
«2023 թվականից Եվրամիության հետ մեկնարկել է անվտանգային ոլորտի երկխոսություն․ արդյունքում Եվրամիության մոնիտորինգային առաքելությունը տեղակայվել է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանին, որոնք արդեն, ինչպես տեսանք, ահագին մեծ դերակատարում ունեցան բարերար անվտանգային միջավայրի ձևավորման և պահպանման հարցում։ Ամերիկայի հետ մենք կնքում ենք էլի ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, որը ներառում է նաև անվտանգային ոլորտը։ Ճիշտ է՝ հստակ չի ասվում, թե ինչ է արվելու, բայց խոսվում է խորհրդակցությունների մասին, ինչը ենթադրում է, որ կլինեն այլ պայմանավորվածություններ, որոնք այս պայմանագրում շատ թափանցիկ տեսքով ամրագրված չեն։ Միևնույն ժամանակ, ի՞նչ ենք ունեցել Ռուսաստանի հետ, եթե էլի հիշենք 2020թ. Ռուսաստանի պահվածքը, դրան հաջորդած տարբեր ժամանակներում ադրբեջանական հարձակումների ժամանակ նրա պահվածքը, եթե չի հրահրել Ադրբեջանին, ապա որևէ լավ ներգործություն չի ունեցել այդ բոլոր հարձակումների կանխարգելման, Հայաստանի պաշտպանական դիմակայունությունը բարձրացնելու, զենքերի մատակարարումը ապահովելու և այլ հարցում։ Կուլմինացիան 2023թ. Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումն էր, երբ ռուսական խաղաղապահները իրականում որևէ դերակատարում չունեցան և 100 հազարից ավելի մեր հայրենակիցները ստիպված եղան լքել իրենց տները; Այս հանգամանքները նաև Սիրիայում վերջին իրադարձությունները հաշվի առնելով՝ ինչքանո՞վ է ճիշտ էլի շարունակել կախված մնալ Ռուսաստանից և չընդունել մեզ մեկնած Արևմուտքի ձեռքը»։
Այսինքն մեզ սպասո՞ւմ են Արևմուտքում, այդ մեկնած ձեռքը կա՞։ Ի պատասխան այդ հարցի Հակոբյանն արձագանքել է, «եթե չսպասեին, այս փաստաթղթերը Հայաստանի հետ չէին ստորագրին»։
Իսկ այս պրոցեսը հերթականությամբ ի՞նչ է ենթադրում․ եղավ ստորագրահավաք, կառավարությունը տվեց դրա հավանությունը, հետո այն գնալու է ԱԺ, և առաջիկայում պարզ կլինի, թե ինչպիսին կլինի արձագանքը․ եթե լինի դրական, դրանից հետո ի՞նչ է տեղի ունենլու։
Պատասխանելով այս հարցին՝ Հակոբյանը նշել է․
«Դրական պատասխանելով՝ Հայաստանի հանրապետությունը հռչակում է Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկ։ Հստակեցնեմ, որ սա օրենք է, որովհետև այս գործընթացի հետ կապված որոշակի թյուրըմբռնում կա։ Սրա վերջնարդյունքը չի լինելու հանրաքվե, հանրաքվե կլիներ այն դեպքում, եթե կառավարությունը և այնուհետև Ազգային ժողովը այս օրինակգծին հավանություն չտային։ Այդ դեպքում մեր նախաձեռնող խումբը հնարավորություն ուներ երկու ամսվա ընթացքում հավաքել ևս երեք հարյուր հազար ստորագրություն, ինչի պարագայում արդեն մեր առաջարկած օրինագիծը կդառնար օրենք։ Այս պարագայում Ազգային ժողովի, հուսով եմ, կողմ քվեարկության ուժով այն կդառնա օրենք, իսկ Եվրամիության անդամակցության համար հանրաքվեի անցկացումն իրոք Սահմանադրության պահանջ է, բայց անպայման չէ, որ դա այս փուլում իրականացվի․ հնարավոր է նաև Եվրամիության քաղաքական դերակատարների հետ բանակցել ճանապարհային քարտեզի և այն բոլոր գործողությունների շուրջ, որոնք Հայաստանը պետք է իրականացնի, իսկ Եվրամիության բուն անդամակցության հանրաքվեն կարող է և այլ փուլում տեղի ունենալ»։
