Հունվարի 15-16-ը՝ «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, ՀՀ Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչների համար Ծաղկաձորում տեղի է ունեցել «ՄԻԵԿ ստանդարտների եւ ՄԻԵԴ դատական պրակտիկայի զարգացումները» թեմայով աշխատաժողով։
Աշխատաժողովի մեկնարկին բացման խոսքով են հանդես եկել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի (EHRAC) նախկին տնօրեն, Լոնդոնի Matrix Chambers-ի անդամ, Լոնդոնի Միդլսեքսի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Ֆիլիպ Լիչը։
Աշխատաժողովին պրոֆեսոր Լիչը ներկայացրել է ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայի վերջին զարգացումները։ Մասնավորապես, առաջին օրը քննարկվել են «Ապօրինի գույքի բռնագանձում եւ գույքի բռնագանձում բարեխիղճ ձեռքբերողից», «Որդեգրում. Տարիքային սահմանափակումներ եւ տարբերություններ, Փոխնակ մայրություն. Սահմանափակումներ», «Համաչափության սկզբունքի բովանդակությունը», «10-րդ հոդված. ատելություն, խտրականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված խոսքի սահմանափակումները» թեմաները: Աշխատաժողովի երկրորդ օրը քննարկումները ծավալվել են «Էլեկտրոնային կրիչների բովանդակության` իրավապահ մարմիններին հասանելիության վավերապայմանները ՄԻԵԿ 8-րդ հոդվածի համատեքստում եւ հանցագործության նմանակման միջոցով ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունը», «Ռետրոակտիվություն v. ռետրոսպեկտիվություն» թեմաների շուրջ։
«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագիրը միտված է Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից:
