Ինձ համար դեպի ԵՄ ձգտումը եղել է բարձր գաղափար, արժեբանական միասնություն․ Լուսինե Հակոբյան

Կավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն է տվել ՀՀ-ի՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ «Factor.am»-ի տաղավարում  այս հարցի շուրջ զրուցել ենք «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյան ի հետ:

 Նա, մասնավորապես, նշել է․

«Բնականաբար՝ դրական եմ գնահատում այդ որոշումը. այս գործընթացը մենք մեկնարկել էինք դեռևս 2022 թվականի կեսերից, այլ ոչ թե ինչպես վարչապետն է ասում՝ Եվրապառլամենտում իր ելույթից սկսած։ Եվրամիությանն ավելի սերտ ինտեգրվելու, այդ թվում՝ անդամակցելու թեմայի քննարկումը արևմտամետ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության շրջանում սկսվել է դեռևս 2022-ից՝ Արևելյան գործընկերության քաղհասարակության պլատֆորմի այն ժամանակվահամակարգող Հովսեփ Խուրշուդյանի նախաձեռնությամբ։ Այդ քննարկումներն ընթանում էին պարբերաբար, երևի երեք ամիսը մեկ հաճախականությամբ․ արդյունքում՝ նախորդ տարվա օգոստոսին հանգեցինք այն եզրակացության, որ անհրաժեշտ է քննարկումներից անցնել գործի։Քննարկումների մի կարևոր հանգրվան հանդիսացավ Հայաստան-ԵՄ համաժողովը, որը կազմակերպեցինք հենց Բրյուսելում՝ Եվրամիության ինստիտուտներին ավելի մոտ, որպեսզի մեր ձայնը իրենց էլ լսելի դարձնենք։ Ի վերջո՝ անցած տարվա օգոստոսին մեկնարկեցինք «Ժողովրդավարական ուժերի հարթակ» անունով նախաձեռնությունը, որի միջոցով հարուցեցինք այդ գործընթացը․ դիմեցինք ԿԸՀ, անցանք համաապատասխան ընթացակարգերով, իրականացրեցինք ստորագրահավաքը։ Եվ դարձյալ օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն 60000 քաղաքացիներին, որոնք դրսևորեցին ՀՀ ապագայի վերաբերյալ բարձր իրավագիտակցություն ու լուրջ մտահոգություն և ստորագրեցին։ Այս զարգացումը ես գնահատում եմ պատմական, ուրախ եմ, որ ինքս էլ եղա այդ գործընթացի նախաձեռնողներից․ մինչև այսօր ինձ հանդիպում են մարդիկ, որոնք հարցնում են՝ այդ ստորագրահավաքին իրենք կարո՞ղ են մասնակցել։ Եթե այս կամ, չգիտեմ, հաջորդ իշխանությունը ի վերջո որոշի ԵՄ-ին անդամակցության հարցով Սահմանադրության 205-րդ հոդվածի պահանջին համապատասխան անցկացնել հանրաքվե, մարդիկ այդ ժամանակ հնարավորություն կունենան մասնակցելու, բայց մինչև դրան հասնելը լուրջ աշխատանք է պահանջվելու»։

Իսկ ԱԺ-ում ՔՊ-ն այդ օրինագծին կողմ կքվեարկի՞ արդյոք։

Հակոբյանը ենթադրում է, որ՝ այո, «որովհետև նախ՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այս նախաձեռնությանը չկա որևէ տրամաբանական առարկություն, և երկրորդ՝ ես էլ եմ բազմիցս նշել, որ պետք է հետևողական ու ժողովրդի առաջ ազնիվ լինել, և եթե ներկա իշխանությունը Եվրամիությանն անդամակցելու նպատակ չունի, ապա պետք է այդ մասին ասի, այլ ոչ թե տարբեր առիթներով հայտարարի, թե՝ մենք պատրաստ ենք այնքան մերձենալ, ինչքան ԵՄ-ն  հնարավոր կհամարի, կամ՝ եթե ինձ մնար՝ հենց այս տարի էլ կդիմեի։ Այս բոլոր խոսքերը թարգմանվում են գործողությունների, և այդպիսի մի գործողություն էլ ԱԺ-ի սպասվող քվեարկությունն է, որը ես, անշուշտ, ակնկալում եմ, որ դրական ելք կունենա»։

Լրագրողի դիտարկմանը, որ նախանշվող պրոցեսը ուկրաինական սցենարի հետ համեմատող տեսակետներ կան, որ այն գրգռում է Ռուսաստանին, որ ՌԴ-ն մեր դեմ պատժամիջոցներ կկիրառի, կոչնչացնի ՀՀ տնտեսությունը, Ադրբեջանին կդրդի Հայաստանի վրա հարձակվելու, Հակոբյանն արձագանքել է․

«Իսկ հիմա չի՞ դրդրում․․․ և ինչո՞ւ է անպայման ուկրաինացման սցենարը քննարկվում, այլ ոչ՝ բալթյանացման։ Չէ՞ որ բալթյան երեք պետություններն էլ մեծապես կախված էին Ռուսաստանից, ռուսական գազից, առևտրաշրջանառությունից և այլն։ Բայց ի վերջո իրենք էլ կողմնորոշվեցին դեպի Եվրամիություն, այդ կառույցին անդամակցելու գործընթաց սկսեցին, ստիպված եղան նվազեցնել իրենց կախվածությունը ՌԴ-ից՝ ընդհուպ մինչև դադարեցնել ռուսական գազի մատակարարումը իրենց տարածքներ և հիմա, օրինակ, այդ նույն բալթյան պետությունները գազը ներկրում են Նորվեգիայից և իրենց ժողովուրդների համար բարեկեցիկ ապագա են կերտում։ Բացի դրանից, ես այդ ահասարսուռ սցենարները այլ առիթներով էլ եմ լսել․ նույն Հռոմի ստատուտի վավերացման գործընթացում, հիշո՞ւմ եք, Ռուսաստանը սպառնաց, սպառնաց, բայց իրականում Հռոմի ստատուտը ընդունվեց և հիմա ՀՀ-ն բարեհաջող անցնում է Հռոմի ստատուտի իմպլիմենտացման գործընթացով։ Այսինքն՝ անպայման չէ, որ ուկրաինական սցենարը գործի։ Իմ կարծիքով՝ Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտը չէր, որ խթանեց Ռուսաստանի ագրեսիան, այլ ավելի շատ՝ ՆԱՏՕ-ին անցամակցելու հավակնությունները։ Ճիշտ է՝ Պուտինին ողջամիտ մարդ չես համարի, բայց, ամեն դեպքում, ամենաանողջամիտն էլ, ի վերջո, պատմությունից դասեր քաղում է, և չեմ կարծում, որ ուկրաինական սցենարը Ռուսաստանի համար շատ նպաստավոր է»։

Դիտարկմանը, որ ՌԴ-ից արդեն երկու արձագանք է եղել՝ փոխվարչապետ Օվերչուկի կողմից, և ՌԴ նախագահի խոսնակի կողմից, որոնք նշել են, որ սա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Հայաստանը չի կարող և՛ ԵՄ անդամ լինել, և՛  ԵԱՏՄ անդամ լինել, պետք է ընտրություն կատարի, Հակոբյանն արձագանքել է․

«Ըստ իս՝ դա իմ նշած պատմական դառը փորձից դասեր քաղելու տրամաբանության մեջ պետք է դիտարկել․ եթե հիշում եք՝ ժողովրդավարական ընդվզումները, բողոքները ժամանակին է՛լ ավելի կտրուկ ռեակցիաների էին արժանանում, ընդհուպ մինչև 2008-ի մարտի մեկը և այլն, բայց արդեն 2018 թվականին Սերժ Սարգսյանը, վերագնահատելով իրավիճակը, հասկացել էր, որ ևս մի մարտի մեկ կազմակերպելու ռեսուրս այլևս չկա և, ի վերջո, դիրքերը զիջեց։ Ըստ իս՝ գերագնահատված են նաև Ռուսաստանի որոշ շրջանակներից Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում արվող սպառնալիքները։ Ամեն դեպքում՝ չեմ կարող չհամաձայնել, երևի սա միակ դեպքը կլինի, որ կհամաձայնեմ այդ պաշտոնյաների հետ, որ՝ այո՛, դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է և մենք էլ ենք պնդել շատ առիթներով, որ, այո՛, Հայաստանը չի կարող լինել և՛ Եվրամիությունում և՛ ԵԱՏՄ-ում, չի կարող լինել ՀԱՊԿ-ում և Եվրամիությունում․ սա ավելի քան հասկանալի է, ավելին՝ մեր սահմանների վերահսկողությունը չի կարող իրականացվել Ռուսաստանի հետ համատեղ, դա անգամ վիզաների ազատականացման պրոցեսի պահանջն է, էլ չխոսենք անդամակցության պրոցեսի մասին»։

ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը նաև նշել է, որ օրինագիծը մշակողները ազնիվ չէին և չեն նշել, որ այսպիսով նաև պիտի ՀՀ-ն դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Հարցին, թե ինչո՞ւ չեն գրել դա օրինագծում, Հակոբյանն արձագանքել է․ 

«Ժպիտ է առաջացնում, իհարկե։ Նախ՝ օրենքը մենք ազատ ենք ձևակերպելու այնպես, ինչպես ցանկանում ենք, բայց մեր որևէ հարցազրույցում, հրապարակային հայտարարություններում չենք թաքցրել, որ Եվրամիության անդամակցությունն այդ կառույցներում անդամակցության հետ անհամատեղելի է, սա մարդկանց բացատրվել է, հետևաբար, մարդկանց մոլորեցնելու հարց չի կարող առաջ գալ»։

Իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության դադարեցումը ո՞ր փուլում պետք է տեղի ունենա։

Հակոբյանի խոսքով՝ «դա պետք է լինի ԵՄ անդամակցությունից ավելի վաղ, քանի որ մենք չենք կարող ԵԱՏՄ անդամ լինելով՝ անդամակցել նաև ԵՄ-ին։ Մի քիչ անհավանական էր նաև, որ ռուսական ռազմաբազա ունենալով՝ Եվրամիությունը կդիտարկեր Հայաստանին խաղաղության գործիքակազմիտրամադրումը, բայց դիտարկեց․ իհարկե, ԵՄ-ն էլ իր հերթին ստեղծագործ կառույց է, ոչինչ չպետք է բացառել, բայց համատեղելը ծայրահեղ անհավանական եմ համարում»։

«Մարդիկ գիտակցում են, ընդ որում՝ մարդկանց ասվել է, որ ծանր ճանապարհ ենք անցնելու, զրկանքներ էլ են լինելու, ասել ենք, որ այդ զրկանքների ճանապարհը անդամ պետություններից շատերն են անցել, հենց նույն բալթյան պետությունները, որոնք այսօր բարգավաճող հասարակություններ են»,- նշել է Հակոբյանը։ «Եթե Հայաստանի իշխանության, կարող քաղաքական ուժերի, Հայաստանի համար այդ ապագան ուզող քաղաքացիական հասարակության միջև ձևավորվի ներքին առողջ համագործակցություն, իրար փոխլրացնող գործուն աշխատանքի դաշտ, կարող ենք այդ գործը հաջողությամբ ավարտին հասցնել։ Իհարկե, դասեր էլ պիտի քաղենք՝ մոլդովական անցած տարվա իրադարձություններից, վրացական իրադարձություններից։ Հասկանալի է, որ այս ճանապարհը երկար ու դժվար է լինելու, ուղեկցվելու է հիբրիդային պատերազմներով, դեզինֆորմացիայի մեծ ալիքներով, բայց այստեղ մենք կարող ենք ակնկալել այդ ճանապարհն անցած մեզ դաշնակից պետությունների՝ առաջին հերթին է բալթյան պետությունների օգնությունը։ Եվ հենց այդտեղ է, որ մենք պիտի կարողանանք առաջնահերթությունները ճիշտ որոշենք, ճիշտ օգնություն հայցենք և այն մեխանիզմները, որոնք պետք է գործեն այդ օգնությունը մեզ տրամադրելու համար, պետք է ճիշտ վերահսկվեն և՛ Եվրամիության, և՛ անդամ պետությունների, և՛ Հայաստանի կողմից, որպեսզի կարողանանք հաջողել»։

Դժվար էր սպասել, որ Օվերչուկը կխոսի այն դրական արդյունքներից, որոնք ՀՀ-ն կստանա ԵՄ-ին անդամակցելուց, բայց նա այլ բան էլ էր ասում, որ ԵԱՏՄ աանդամակցությունը դադարեցնելու դեպքում էներգիայի և սննդամթերքի գները կաճեն, որ արտահանումը 70 տոկոսով կկրճատվի․․․ կա՞ քաղաքական հանձնառության նախանշան ԵՄ-ից, որ այս զարգացումների դեպքում մեզ կաջակցի։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«ԵՄ-ն, այո, կօգնի, բայց միևնույն ժամանակ, մեր վատ ապրանքը ԵՄ անդամ պետությունները չեն գնի, հետևաբար, իմ պատկերացմամբ՝ սրա ճանապարհային քարտեզն այն է, որ մեր արտադրողներն էլ սկսեն իրենց մտածողության պարադիգման մի քիչ փոխել, չմտածեն, որ ռուսական կամ ԵԱՏՄ երկրների շուկան գրավել են, այնտեղ իրենց համար արդեն հարմարավետության գոտի է և այնտեղից պետք չէ դուրս գալ։ Նրանք նույնպես պիտի սկսեն մտածել իրենց ապրանքների որակը բարձրացնելումասին։ Այո՛, այդ ճանապարհին պետությունը նրանց պիտի օգնի, Եվրամիությունն էլ՝ պետությանը, բայց, անգլերեն ասած, դրա shortcut-ն այն չէ, որ մենք մեր վատ ապրանքը արտահանենք Եվրոպա։ Բայց էներգետիկ ոլորտում, տնտեսական ոլորտում բավականին դրական դիվերսիֆիկացիան արդեն իսկ նկատելի է, տեսնում եմ, որ մենք փորձում ենք շարժվել այդ ուղղությամբ։ Իհարկե, այստեղ արագության հարց կա, դրա համար պետք է լուրջ մասնագիտական ներգրավում և համատեղ աշխատանք»։

ՌԴ փոխվարչապետը մեկ այլ վատատեսական կանխատեսում էլ է արել, նշելով, որ անդամակցության պարագայում հայերը կստանան առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն, բայց Հայաստանը կզրկվի բնակչությունից։ Անդրադառնալով այս կանխատեսմանը՝ Հակոբյանը նշել է․ 

«Այդ կանխատեսումներն արվել են նաև այլ պետությունների վերաբերյալ, բնականաբար, այդ առումով ահագին աշխատանք կարվի երկուստեք։ ԵՄ անդամ պետություններում աշխատուժի, կապիտալի, ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարի պարագայում արտագաղթի որոշ միտումներից, բնականաբար, չենք կարողանալու խուսափել, բայց միևնույն ժամանակ՝ անվտանգային առումով Հայաստանը չի լինի այնպիսի վատ վիճակում, ինչպես հիմա է, ինչը մարդկանց դրդում է իրենց երեխաներին ամեն գնով երկրից դուրս տանել, ուստի՝ պատերազմի վտանգից ավելի պաշտպանված ԵՄ անդամ Հայաստանը կլինի այլ դիրքում, քան՝ ԵՄ ոչ անդամ Հայաստանը։ Այլ պետություններ, որոնք անդամակցել են Եվրամիությանը, նրանց դեպքում էլ եղել է այդ երևույթը, բայց դա ավելի շատ ռուսական ուռճացված նարատիվ է։ Եվրամիությանն անդամակցած պետություններից բնակչության, այո, որոշ մասը արտագաղթել է, գնացել են ԵՄ անդամ այլ պետություններ, ավելի ազդեցիկ դիրքեր են զբաղեցրել, ավելի շատ բան են կարողացել անել իրենց պետության համար․ ի վերջո, եթե ԵՄ-ն մեծ խաղացող է և Հայաստանի հարցում ինչ-որ բան է որոշում, ավելի ճիշտ է, որ մենք մեջը լինենք և կարողանանք որոշումների վրա ազդել»։

Հարցին, թե Ռուսաստանի հետ պատերազմը՝  քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և այլ հարցերում, ձեր ծրագրերi մեջ մտնո՞ւմ է, այսինքն, ցանկանում եք, որ մենք դառնանք ԵՄ անդամ, որպեսզի Ռուսաստանի դեմ ինչ-որ մի հարթա՞կ դառնա՞նք, Հակոբյանն արձագանքել է․

«ԵՄ-ին անդամակցելը Հայաստանի, հայ ժողովրդի ձգտումն է՝ ավելի լավ ապագայի, ավելի բարեկեցիկ, ժողովրդավարական ստանդարտների, ավելի լավ տնտեսության, ավելի ազատական միջավայրի և այլն։ Դա բնավ ուղղված չի այլ պետության դեմ՝ լինի Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը կամ Թուրքիան»։

Իսկ Իրանի մասով ըմբռնում կա՞ արդյոք․ նրանք ինչպե՞ս են արձագանքում ԵՄ-ին անդամակցելու ՀՀ ձգտումներին։ Պատասխանելով այս հարցին՝ Հակոբյանը նշել է․

«Ես դա չեմ կարող գնահատել, բայց կարող եմ ասել, որ չեմ տեսնում տրամաբանական առարկություն, թե ինչո՞ւ պիտի Իրանը դեմ լինի։ Եթե սա լիներ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին քննարկում, գուցե կարելի էր ունենալ մտավախություններ, բայց ըստ իս՝ Իրանի շահերից էլ է բխում, որ Հայաստանը ավելի մոտ կամ մասը լինի Եվրամիության․ դա ավելի շատ առավելություններ կարող է բերել Իրանին, քան վտանգներ ու ռիսկեր»։

Հարցին, թե իսկ ի՞նչն է դեպի ԵՄ գնալու ձգտման հիմքում՝ Ադրբեջանից եկող վտա՞նգը, փախո՞ւստ, թե՞ բազմաթիվ հարցերում գիտակցված ընտրություն, Հակոբյանը պատասխանել է․

«Գիտակցված ընտրություն։ Իհարկե, 2020-ից ի վեր տարածաշրջանում ծավալված պատմական զարգացումները նպաստավոր գործոններ են եղել այս որոշումը կայացնելու համար։ Բայց անամբ ինձհամար 2007-2008 թվականներից ի վեր, երբ ես արել եմ իմ մագիստրոսական ծրագիրը Եվրամիության իրավունքի ոլորտում, Եվրամիության անդամակցությունը եղել է իղձ, Հայաստանի համար տեսլական,և ոչ մի կերպ կապված չի եղել Ռուսաստանի հետ։ Նույնիսկ ժամանակին հնարավոր էի համարում, որ Հայաստանի նման պետությունները կարող են կամուրջ հանդիսանալ Արևմուտքի ու Ռուսաստանի էլ ավելի մերձեցման համար, բայց հիմա դրա համար, իհարկե, շատ ժամանակ պիտի անցնի և առնվազն ՌԴ-ում իշխանության փոփոխություն պետք է լինի։ Բայց էլի՝ ինձ համար Եվրամիությունը եղել է բարձր գաղափար, արժեբանական միասնություն, և փառք աստծու, այսօր դա հայաստանցիների մեծ մասի տեսլականն է»։

Շատ կարևոր է նաև, թե ինչ են մտածում ԵՄ-ում, քանի որ չես կարող գնալ հյուր, կամ դառնալ մի ընտանիքի անդամ, որտեղ քեզ չեմ սպասում։ Հարցը նաև քաղաքական կոնտեքստ ունի ԵՄ միջանցնքներում քանի՞ տարի պիտի սպասենք։ Այս համատեքստում հաճախ է բերվում Թուրքիայի օրինակը։ Ի պատասխան այս դիտարկմանը Հակոբյանը նշել է․

«Դա շատ հետաքրքիր նարատիվ է։ Ես դա լսում եմ նաև մարդկանցից, որոնք իրենց կյանքի գերակշիռ մասը ապրում են Եվրամիության անդամ պետություններում․ ասում են՝ մենք գիտենք իրենց, նրանք գրկաբաց չեն սպասում․․․ այդ դեպքում՝ դուք ինչո՞ւ եք ապրում այնտեղ, կամ եթե ձեզ գրկաբաց են ընդունում, մյուս մասին պետք է գրկաբաց չսպասե՞ն։ Թուրքիայի մասով էլ պետք է հիշել, որ այն ժողովրդավարական պետություն չէ, որպեսզի Եվրամիությունը նրա անդամակցության հարցում ունենա մեծ շահագրգռություն․ այնտեղ շատ գործոններ կան։ Այլ հարց էլ կա․ իսկ Վրաստանին, Ուկրաինային, Մոդովային կամ այլ պետություններին սպասո՞ւմ էին։ Այդ պետություններն իրե՛նք են ուզել իրենց ապագան տեսնել այդ կառույցում, իրե՛նք են եղել շահագրգիռ, իրե՛նք են քայլել ձեռնարկել, իրենց հասարակություններն են ճնշում բանեցրել։ Հիշում եմ, կարծեմ՝ 2019 թվականին, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան համաժողովին վրացական, ուկրաինական և մոլդովական պլատֆորմները՝ այդ պետությունների երկկողմ քաղհասարակության պլատֆորմների հետ համատեղ հռչակագիր էին ընդունել, որ մենք ուզում ենք դառնալ Եվրամիության անդամ պետություն, ուզում ենք թեկնածուի կարգավիճակ, պահանջում ենք դա ԵՄ-ից, պահանջում ենք մեր իշխանություններից։ Ի վերջո՝ այդ ժողովուրդները հաջողեցին․ այո՛, առանց ռիսկերի չէ, առանց մարտահրավերների չէ, մեծ դեզինֆորմացիոն ալիքները ի վերջո իրենցն գործն արեցին, բայց ժողովրդի կամքն անկոտրում է․ ի վերջո նրանք ուզում են իրենց ապագան այդ կառուցում տեսնել, իրենք մինչև հիմա ջանք ու եռանդ չեն խնայում այդ ուղղությամբ։ Նաև՝ շատ բան իշխանությունից է կախված, թե որքանով պրոֆեսիոնալ ու թիրախային կգործեն․ մենք՝ որպես պետություն, պիտի կարողանանք իսկապես դասեր քաղել, հասկանալ՝ մեզ ինչ է պետք, խոսել ճիշտ մարդկանց հետ, Եվրամիության ճիշտ կառույցների հետ։ Հիմա ինչ որ ասելու եմ՝ գուցե ԵՄ բյուրոկրատներն ինձ ատեն, բայց եթե իրենց մնա, կասեն՝ չէ, Հայաստանը պատրաստ չէ, խելամիտ չի լինի հիմա դիմել, բայց իրենք շատ բան չեն որոշում այնտեղ, որոշումները կայացնում են քաղաքական գործիչները, պետք է խոսել նրանց հետ, պետք է խոսել պետությունների ղեկավարների հետ, Եվրախորհրդարանի հետ․ ի վերջո՝ բյուրոկրատները կատարելու են քաղաքական գործիչների որոշումները»։