Կար ժամանակ, երբ ԵՄ-ին Ռումինիայի, Բուլղարիայի, կամ Հունաստանի անդամակցության հնարավորությունը նույնպես առանձնապես մեծ չէր համարվում

«Եվրաքվե» նախաձեռության անդամների ներկայացրած մոտ 60 հազար ստորագրությունից ավելի քան 52 հազարը ԿԸՀ-ն նույնականացրել է։ Ձայները բավարար են, որպեսզի «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը մտնի խորհրդարանի օրակարգ: Ի՞նչ է սպասվում հաջորդ փուլում, հատկապես, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հարցազրույցում հայտարարել է, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել նախաձեռնությանը։

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի համանախագահ, «Եվրաքվե» նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը «1in.am»-ի տաղավարում այս թեմայով զրույցում անդրադարձել է Եվրախորհրդարանում ԵՄ-ին անդամակցելու պատրաստակամության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ դա համարելով այդ կառույցին Հայաստանի անդամակցության պատրաստ լինելու մասին վիճելի ուղերձ, «քանի որ ԵՄ-ն միատար չէ, այնտեղ կան սեգմենտներ, որոնք միանշանակ չէ, որ կողմ են Հայաստանի անդամակցությանը կամ միանշանակ չէ, որ դեմ են»: Միևնույն ժամանակ, տիկին Հակոբյանը նկատել է տվել, որ ժամանակին ԵՄ-ին Ռումինիայի, կամ Բուլղարիայի, կամ Հունաստանի անդամակցության հնարավորությունը նույնպես առանձնապես մեծ չէր համարվում։ Ուստի, ըստ նրա, «առաջին հերթին կարևոր է, թե մենք ինչ ենք ուզում»:

Լուսինե Հակոբյանը տեղեկացրել է, որ ԵՄ-ի տարբեր գործիչների հետ այս թեմայով խոսելիս, նրանք էլ իրենց հերթին հստակ դիրքորոշումից խուսափելով՝ գնդակը տեղափոխում են մեր դաշտ, այսինքն թե՝ «իսկ դո՞ւք ինչ եք ուզում», ինչը, Հակոբյանի գնահատմամբ, ամենակարևոր հարցն է։ Իբրև այս հարցի հանրային մակարդակում պատասխանի դրսևորում՝ Հակոբյանը մատնանշում է IRA-ի իրականացրած հարցումը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիների 58 տոկոսը ցանկացել են ԵՄ անդամակցություն հենց վաղը․ «դա լավ է, բայց, իհարկե, լավագույն արդյունքը չէ և պետք է աչքի առաջ ունենալ և՛ Մոլդովայում, և՛ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները, դեզինֆորմացիոն այն մեծ ալիքները, որոնք տեղ են գտել այդ պետություններում՝ մեկի հանրաքվեի, մյուսի պառլամենտական ընտրությունների ժամանակ։ Նման բան մեզ էլ է սպասվում, երբ ընտրություն կատարելու հարցը լրջանա, ինչին դիմակայելու պատրաստ պիտի լինենք»:

Սպասվող երկրորդ բարդությունը Հակոբյանը համարում է իրական ռեֆորմներից ՀՀ իշխանությունների խուսանավումը, որոնցից, ըստ նրա, մենք չենք փախչելու, քանի որ «այդ ռեֆորմները չարած՝ ԵՄ-ին չենք կարողանալու անդամակցել»:

Երրորդ խնդիրը հաղորդման հյուրը համարել է մեր պետության վրա Ռուսաստանի ազդեցության նվազեցումը՝ բոլոր ճակատներում, «լինի դա քաղաքական, սահմանային, անվտանգային կամ տնտեսական․․․ Ռուսաստանի ազդեցության էական կրճատման հարցը վաղուց դրված է մեր առջև, և ԵՄ-ի բոլոր պարամետրերը բավարարելու ուղղությամբ լրջորեն աշխատել է պետք, և դա պետք է անել գործակցաբար, ընդօրինակելով այդ ճանապարհը հաջողությամբ անցած պետությունների փորձը, , օգտագործելով պրոեվրոպական բոլոր սեգմենտների ներուժը՝ ի հեճուկս հատկապես իշխանության ներսում առկա եվրոսկեպտիկների դիմադրության»։ Հակոբյանը զարմանքով նկատում է, որ եվրոպական հարթակներում Հայաստանը առավելաբար ներկայացնում են հենց այդ մարդիկ, «ովքեր ի տարբերություն վարչապետի, չունեն համոզմունք, որ Հայաստանի ապագան Եվրամիությունում է, իսկ թե ինչո՞ւ է վարչապետը նրանց ուղարկում եվրոպական հարթակներ, այդ հարցը պատասխան է ուզում է, քանի որ տրամաբանական է, չէ՞, որ նա, ով չի հավատում այդ  գաղափարին, չի կարող գնալ և Եվրոպայում համոզել»։

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում նախաձեռնությանը ԱԺ-ում։

Թեպետ վարչապետի հնչեցրած դիրքորոշումը խոստումնալի է, այդուհանդերձ Հակոբյանը կարծում է, որ «պետք է մտածել պլան Բ-ի մասին։ «Հուսանք քաղաքական մեծամասնությունը կողմ կքվեարկի և այդ կետում կփակվի պրոցեսի այս փուլը, և կմտածենք հաջորդ քայլերի մասին»: Իսկ հաջորդ քայլով, ըստ Հակոբյանի, իշխանությունը պետք է արդեն լուրջ աշխատանք կատարի, «և դա չպետք է լինի ՀԸԳՀ կատարման տեմպերով, պետք է լինի ավելի արագ: Իսկ եթե մեր նախաձեռնությունը քաղաքական մեծամասնությունը մերժի, այդ դեպքում պետք քննարկել մեր անելիքը, հանրության անելիքը»։ Հակոբյանի կարծիքով, նախ հարկ կլինի կատարելագործել Հանրաքվեի մասին օրենքը, որպեսզի հնարավոր լինի հաջորդ քայլով իրականացնել նոր հանրաքվեի գործընթաց․ «օրենքն իրապես անկատար է, և ի սկզբանե ստեղծված է եղել այն մտադրությամբ, որպեսզի նման պրոցեսները հնարավոր չլինեն: Հետևաբար, հաջորդ փուլում պետք է ձեռնամուխ լինենք այդ օրենքի անկատարության վերացմանը, իսկ այն, որ նաև լիբերալ արժեքներից բխում է, որ քաղաքացին պետք է կարողանա օգտվել անմիջական ժողովրդավարության այնպիսի կարևոր գործիքակազմից, ինչպիսին է հանրաքվեն, կարծում եմ՝  որևէ մեկի մոտ հարց չի առաջացնում»:

Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ի անդամավճարը, ապա երկու տարի անց կզրկվի ձայնի իրավունքից, Հակոբյանը նշել է․

«Ինձ թվում է՝ մեզ վաղուց հուշել են, ուղիղ տեքստով ասել են, որ ՀԱՊԿ-ում մնալու դեպքում պետք է մոռանանք ԵՄ անդամության մասին։  Իհարկե, այդ դիրքորոշումից որոշ նահանջ էլ կա այն առումով, որ թեև մենք ՀԱՊԿ-ում ենք, ԵՄ անդամ պետություններ մեզ տրամադրում են անվտանգային ու ռազմական ոլորտի օգնություն, ինչը էլի իմ այն թեզն է հաստատում, որ ԵՄ-ն բավական ճկուն է: Բայց իրապես անհավատալի է, որ մնալով ՀԱՊԿ-ում՝ կարող ենք անդամակցել ԵՄ-ին»:

Հակոբյանը կարևորել է նաև Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան, համարելով, որ  թեև մեր գործարարների համար ռուսական շուկան «հարմար է, քանի որ այնտեղ, այսպես ասած, իրենց նիշան գտել են, նոր շուկաներ որոնելու առանձնապես տրամադրություններ չունեն, բայց իշխանությունը չպետք է հարցը դնի այնպես, որ եթե գնանք այդ ուղով, կկորցնենք ռուսական շուկաները, այլ մտածի եվրոպական շուկաները գրավելու ճանապարհով գնալու մասին։ Նույն կերպ էլ գործարարները պիտի սկսեն մտածել այդ ուղղությամբ: Քանի որ ի վերջո Ռուսաստանն անկայուն պետություն է, վրացական գինիների օրինակով տեսանք, թե քաղաքական իրադարձության բերումով ինչ կարող է տեղի ունենալ: Հետևաբար, իրոք, դիվերսիֆիկացումը իրենց շահերից է բխում»։

Լուսինե Հակոբյանը հիշեցրել է, որ ՀԸԳՀ կատարման առնչությամբ նույն Եվրամիությունն էլ է պարտավորություններ ստանձնել մեզ փորձագիտական օժանդակություն տրամադրելու և շատ մեծ ֆինանսներ է տրամադում հատուկ ծրագրերի միջոցով, որոնց առաքելությունը Հայաստանի իշխանություններին փորձագիտական կարողություններով հզորացնելն է: Իսկ դա նշանակում է, որ «ԵՄ անդամ պետություններից այն փորձագետները, ովքեր օգնել են այլ անդամ պետություններին անցնել այդ ճանապարհը, պետք է գան, աշխատեն մեր իշխանության հետ, որպեսզի նրանց օժանդակցությամբ անհրաժեշտ կարողություն ձևավորենք: Սակայն այս պարամետրն էլ լավ չի աշխատում՝ առնվազն ՀԸԳՀ կատարման մասով։ Երկուստեք պատշաճ վերահսկողություն չի իրականացվում: Երկուստեք պետք է լրջացնեն այդ ծրագրերի արդյունավետության վերաբերյալ իրենց մոտեցումը, ԵՄ-ն պետք է հետևի, վերահսկի, որ ծրագրերը իրականացվեն արդյունավետ, որ այդ փորձագետները գան, օգնեն մեր իշխանությանը: Մեր իշխանությունն էլ, եթե իրոք շահագրգռված է այդ ճանապարհով գնալու և տեսնում է, որ այդ ծրագրերով այդ օգնությունը չի ստանում, պետք է ահազանգի ԵՄ-ին և պահանջի, այսինքն՝ այս պարամետրն էլ է պետք աշխատացնել»: