Դեկտեմբերի 4-5-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Հայաստանի հանրապետության Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի համար իրավական տեքստի վրա աշխատանք և իրավական հետազոտություններ» թեմայով։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիեկե Մոնրյոյ-Վինթերը, Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը, Միջազգային քրեական դատարանի դատավոր Ջոաննա Քորները։
Աշխատաժողովի առաջին օրը Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս, դոկտոր Գուրգեն Պետրոսյանը հանդես է եկել «Իրավական մեթոդների գերմանական տեսությունը» թեմայով դասախոսությամբ, իսկ ՄՔԴ դատավոր Ջոաննա Քորները՝ «Ուղեցույցերի պատրաստում և օգտագործում» և «Դատավորների ու աշխատակազմի իրավաբանների փոխհարաբերությունները» թեմաներով։
Աշխատաժողովի երկրորդ օրը դոկտոր Գուրգեն Պետրոսյանը ներկայացրել է Գործնական իրավական հետազոտություններ և իրավական հետազոտությունների մեթոդոլոգիաները, ՄՔԴ դատավոր Ջոաննա Քորների ելույթը նվիրված է եղել «Դատավճռի կազմում և դատական ակտի նախագծով վերհանված խնդիրների քննարկում» թեմային․ այնուհետև տեղի է ունեցել եզրափակիչ քննարկում։
Փակման խոսքով են հանդես եկել ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը և ԻԵՄ նախագահ Լուսինե Հակոբյանը։
Աշխատաժողովը կազմակերպվել էր «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մայսին և միտված է Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը: Ծրագիրը իրականացվում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ:
