«Մեկնարկած ստորագրահավաքը օրենսդրական նախաձեռնության համար է․ 50 հազար ստորագրություն հավաքելու պարագայում, նախաձեռնողներս պատրաստվում ենք այն ներկայացնել Ազգային ժողովին՝ իբրև օրենքի նախագիծ։ Օրենքը պետության կողմից Հայաստանի հանրապետության՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տալու մասին է։ Եթե Աժ-ն այդ օրենքն ընդունի, մենք էլ հանրաքվեի գնալու կարիք չենք ունենում․ օրենսդրական նախագիծը կդառնա օրենք և իշխանությունը կշարժվի այդ կուրսով»։
Այս մասին «Factor.am»-ի հետ հարցազրույցում ասել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, ՀՀ-ԵՄ Քաղհասարակության պլատֆորմի համանախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ մեկնաբանելով Եվրաքվեի գործընթացը՝ հավելելով․
«Իսկ հանրաքվեի կգնանք, եթե ԱԺ-ն մերժի այդ օրենսդրական նախագիծը։ Ստորագրահավաքի տեմպերից գոհ ենք, բայց մարդկանց կոչ ենք անում չթուլանալ ու մեծ ակտիվությամբ շարունակել մասնակցել ստորագրահավաքին այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուրը մասնակցում է ապագայի կերտմանը։ Պետության ապագան փոխող պատմական իրադարձությունները տեղի են ունենում լուրջ մարտահրավերներով լեցուն փուլերում, երբ առաջնորդների դերը թեպետ կարևոր է, բայց նաև յուրաքանչյուրի դերն է կարևոր՝ ընկալելու համար այդ պատմական հնարավորություններն ու մասնակցելու այդ շրջադարձրին։
Եվրամիության ձևավորումը նույնպես ինքնին պատմական իրադարձություն էր․ հիմա հետահայաց նայելով, հասկանում ենք, որ այդ ժամանակի առաջնորդներն ու այդ գաղափարները պաշտպանած անձինք միավորվելով եվրոպական ընտանիքը՝ փրկել են մայրցամաքը պատերազմներից ու աղետներից»։
Հակոբյանը նաև մանրամասնել է, թե մարդիկ ինչպես կարող են միանալ ստորագրությամբ․
«Առաջին օրերին ի հայտ եկած տեխնիկական խնդիրները հընթացս լուծվում են։ Մենք բանակցում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, որպեսզի նաև շաբաթ և կիրակի օրերին ստորագրահավաքի հնարավորություն տրվի, որովհետև օրենքը 60 օր է սահմանում, բայց երբ շաբաթ-կիրակի օրերը հանում ենք, տակը մնում է՝ 50, այնինչ իրշխանության կողմից պետք է ապահովվի նախատեսված օրերի քանակը։ Կասկած չունեմ, որ ստորագրությունների հարկավոր քանակը հավաքվելու է ժամանակից շուտ, այդուհանդերձ կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է այս պատմական իրադարձությանը մասնակցի, որովհետև ամեն ոք իր կյանքում ամեն օր կանգնում է արքայազն Համլետի՝ լինե՞լ, թե՞ չլինելու հայտնի դիլեմայի առաջ։ Տվյալ երկընտրանքը այդ պիեսում կենաց կամ մահու իմաստ չի կրում, այն գործելու ու չգործելու իմաստ ունի․ ուստի անկախ ստորագրահավաքի արդյունքից, անկախ իշխանության հետագա դիրքորոշումից, մենք՝ մեզնից ամեն մեկը, այդ դիլեման պիտի լուծենք հոգուտ գործելու։ Հետևաբար, հարգելի քաղաքացիներ, գործե՛ք, գնացե՛ք, ստորագրե՛ք, և իմացեք, որ դուք պատմական ապագան եք կերտում։ Ստորագրելու համար անձը պետք է իր հետ վերցնի անձնագիր, կամ նույնականացման քարտ։ Այս պահին հնարավորություն կա ստորագրել Երևանի բոլոր թաղապետարաններում, մեծ քաղաքների քաղաքապետարաններում, համայնքապետարաններում, իսկ որտեղ որ այս պահին այդ հնարավորությունը չկա, կա կողքի մեծ քաղաքում, կամ՝ գյուղում։ Օրինակ՝ այս պահին Հրազդանում չունենք, բայց կա Չարենցավանում։ Կարող են շտաբին դիմել, շտաբի տվյալները Եվրաքվեի կայքում կան, կամ նախապես ճշտել՝ որտեղ կա և նոր գնալ։ Նաև ասեմ, որ որևէ համայնքապետարանում ստորագրելու համար տվյալ համայնքում հաշվառված լինելը պարտադիր չէ։ Օրինակ՝ հրազդանցին կարող է ստորագրել Երևանի որևէ թաղապետարանում, կամ՝ Չարենցավանում, կամ՝ այլ տեղ»։
Լրագրողի դիտարկմանը, որ շատերը կարող են վերջնարդյունքի նկատմամբ թերահավատ լինել, որ իշխող կուսակցությունը ի վերջո այն կտապալի, ուրեմն, իմաստ չկա գնալ և ստորագրել, — Հակոբյանն հակադարձել է․
«Այդ կանխավարկածով շարժվելու պարագայում որևէ գործողության պետքը չես ունենա՝ կանխավ մտածելով, որ իշխանությունը կմերժի, ոչ մի բան ձեռնարկելու իմաստ չկար։ Բայց այս գործընթացն ինքնին շատ կարևոր է և հետագա քայլերն էլ, պլաններն էլ քննարկում ենք, հետևաբար՝ մեր կայացնելիք որոշումները կբխեն ըստ իշխող ուժի հնրավոր արձագանքի։ Սա լուրջ գործընթաց է․ այն ժողովրդավարական հարթակի մաս կազմող ուժերի եվրաինտեգրման օրակարգի մի բաղկացուցիչն է, այդ օրակարգը շատ այլ բաղկացուցիչներ ունի, ուստի իշխանության կողմից սա մերժելու դեպքում կան այլ քայլեր, կան օրակարգի այլ բաղադրիչներ, որոնք մենք կբերենք առաջ։
Իսկ ինչո՞ւ է պետք այդ շրջադարձն անել հենց հիմա, կարծում եք հինգ տարի անց պատմական պահը այլևս կորսվա՞ծ կլինի։
«Շատ հավանական է։ Նախ, պատմական պահը թելադրում են մեր տարածաշրջանի զարգացումները։ Թեև միշտ ասվել է, որ Արևելյան գործընկեությունը ընդլայման գործիքակազմ չունի, բայց փաստ է, որ Ուկրաինայի պատերազմով թելադրված ԵՄ-ն ընդունեց պատմական որոշում և Արևելյան գործընկերության երեք պետություններ այսօր ունեն ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ։ Ճիշտ է՝ Վրաստանի համար գործընթացը կասեցված է, բայց կասեցումը դեռ դադարեցում չի, հետևաբար, այս երեքին միասին են դիտարկում։ Այսինքն ԵՄ-ում այս պահին ընդլայնման գործընթաց է։ Եվրահանձնաժողովում նույնպես վերակազմավորման գործընթաց է․ նախկինում Հարևանության և ընդլայման հանձնաժողովը այժմ դարձյալ վերանվանվում է ընդլայման հանձնաժողովի, այսինքն՝ ընդլայնումը վերստին առաջնահերթություն է։ Եթե հիմա Հայաստանը այս գործընթացի մաս չդառնա, ապա հավանականությունը շատ քիչ է, որ Եվրամիությունը Հայաստանի համար առանձին ընդլայնում կկազմակերպի։ Հիմա՛ է պատմական պահը, մանավանդ աչքի առաջ ունենալով վերջին տարիներին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների անդառնալի կորոզիան։ Սրան զուգահեռ, Հայաստանում գնալով ակտիվանում է Եվրամիությունը․ կարճ ժամանակում ԵՄ-ն Հայաստան մտրեց ԵՄ դիտորդական առաքելությունը, որը լուրջ անդրադարձ ունեցավ մեր անվտանգային միջավայրի վրա, Հայաստանի համար հնարավորություն ստեղծեց օգտվելու խաղաղության գործիքակազմից, ԵՄ առանձին պետություններ՝ ի հեճուկս Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության, ռազմական օգնություն են տրամադրում։ ԵՄ-ն միևնույն ժամանակ կայուն ֆինանսական, փորձագիտական և տարբեր այլ ձևաչափերով ևս կանգնած է Հայաստանի կողքին, ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մինչդեռ Ռուսաստանի կողմից դա չէինք լսում, ուստի, բնականաբար, մեր շահը թելադրում է, որ մենք ԵՄ ընտանիքում լինենք», — նշել է Հակոբյանը՝ անդրադառնալով նաև ԵՄ-ին անդամակցության կարևորությանը նաև ներքին ժողովրդավարական բարեփոխումների տեսակետից ։
«Մենք ստորագրել ենք ՀԸԳՀ համաձայնագիրը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի մեկից, մինչ այդ էլ մասնակի է ուժի մեջ մտած եղել 2018 թվականից սկսած։ ՀԸԳՀ-ով ժողովրդավարական ոլորտի բարեփոխումները էական բաղադրիչ են, բայց միևնույն ժամանակ, մենք կարծես տեղում դոփում ենք։ Այդ բարեփոխումները պատշաճ մակարդակով չեն իրականացվում և ես կարծում եմ, որ եթե իշխանությունը իր առաջ ԵՄ անդամակցության նշաձող չդնի, ապա շատ թերահավատ եմ, որ այդ ժողովրդավարական ոլորտի բարեփոխումները՝ նույն իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն ոլորտներում, որպես լուրջ հանձնառություններ իրականացվելու են»։
Ըստ լրագրողի՝ իշխանությունը հակադարձում ունի այս պարագայում, ասում է՝ եկեք եվրաինտեգրվենք, բայց անդամակցության հարցը թողնենք հետ։
Հակոբյանն արձագանքել է․
«Իսկ ո՞վ էր իրենց խանգարում։ ՀԸԳՀ-ն առաջնահերթություն համարող պետությունը իրավունք ունի՞ ՀԸԳՀ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ գումարել տարին ընդամենը մեկ անգամ։ Նախորդ տարվա այդ մի նիստն էլ կիսատ է մնացել․ ասվել է՝ դե մոտ ապագայում կշարունակենք ու հաջորդ նիստը գումարվել է այս տարվա ամռանը․ այսինքն՝ ինչպե՞ս կարող են նիստերն այդ հաճախականությամբ լինել։ Ըստ իս, ՀԸԳՀ կատարման մասով չի եղել լուրջ հանձնառություն, հակառակ դեպքում դրան միտված հանդիպումներն ավելի ինտենսիվ կլինեին։ ՀԸԳՀ-ն բավական լուրջ տեխնիկական փաստաթուղթ է, և այդտեղ նաև լուրջ փորձագիտական աջակցություն պետք հայցել․ արդյո՞ք դա հայցվել է, չէ՞ որ արդեն վեց տարի է անցել, ո՞վ էր խանգարում, թող իրականացնեին ժողովրդավարական ոլորտի այդ բարեփոխումները։ ԵՄ-ն բավական կրեատիվ կառուց է, անպայման չէ, որ մեզ հենց ասոցացման համաձայնագիրը որպես հաջորդ քայլ առաջարկի, հնարավոր է՝ միանգամից անդամակցության ստուգաթերթ առաջարկի։ Այլ պետություններ կամք են դրսևորել ու հաղթահարել այդ ճանապարհին անպայման առաջացող դժվարությունները, իսկ մենք, ինչ է, պիտի խուսափե՞նք դրանից։ Ուրեմն՝ էլ ինչո՞ւ են հարցազրույցներում ասում՝ մեզ մնա, հենց վաղն էլ կդիմենք ԵՄ անդամակցության։
Փոխարենը խշխանության ճամբարից լսում ենք բալանսավորման անհրաժեշտության մասին ինտենսիվացող խոսակցություններ, պնդումներ, թե ԵՄ-ն մեզ գրկաբաց չի սպասում և այլն։ ԵՄ-ն ոչ մեկին էլ գրկաբաց չի սպասել, նախ դուք ժողովրդից ճշտեք՝ ուզո՞ւմ է հաղթահարել ԵՄ անդամակցության ճամփան, թե՝ ոչ։ Դա այն կարևորության հարցն է, որ անմիջական ժողովրդավարության գործիքակազմի կիրառմամբ մենք պետք է հայցենք ժողովրդի կարծիքը։
Շեշտեմ՝ ԵՄ-ում ոչ մեկին էլ չեն սպասում, ԵՄ-ում այն մյուս պետություններին էլ չէին սպասում, որոնց ընդունել են։ Բացի դրանից՝ ԵՄ խորհրդարանի պատգամավորների գերակշռող մասը տեսնում է այդ հնարավորությունը, ԵՄ այլ ինստիտուտներին ասում են՝ ստեղծեք հնարավորությունը Հայաստանի համար․ մենք դա չե՞նք տեսնում, կարծում են, որ ԵՄ-ն պետք է գա մեզ խնդրի՞։ Ոչ մի պետության պարագայում էլ այդպես չի եղել։ Ի վերջո, մենք ունենք ԵՄ-ի հետ արժեբանական խոր ընդհանրություններ, սիրում ենք անընդհատ ասել, որ եվրոպական քաղաքակրթության մաս ենք, որ ժողովրդավարական սկզբունքների, մշակութային և այլ ժառանգության կրողն ենք․․․ հետևաբար, հենց այդ արժեբանական ընդհանրություններից ելնելով էլ պետք է ԵՄ-ի հետ նույն ընտանիքում լինենք»։
