10 տարի Մարտի մեկի գործով քննության իմաստը քննության իմիտացիան էր․ Տիգրան Եգորյան

«Մարտի 1-ի գործ ասվածը շատ ծավալուն ու բարդություններով նյութ է, բայց մենք պետք է կենտրոնանանք ոչ թե դրանց վրա, որ օբյեկտիվ են, այլ այն սուբյեկտիվ խնդիրների, որոնց պատճառով գործը այսքան երկար քննվել է»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության տաղավարում ասել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, մարտի մեկի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է մարտի 1-ի առնանձահատկությունն ու բարդությունը, որ այսքան տարի քննվելուց ու վերաքննվելուց հետո չենք տեսնում բացահայտված արդյունքը։

«Նախ, մինչև 2018 թվականը մարտի մեկի գործը որպես այդպիսին չէր էլ քննվում․ 10 տարի այդ գործով եղել է քննության իմիտացիա, արվել են այսօր արդեն բացահայտված գործողություններ՝ ապացույցների ոչնչացում և այլն, որոնք միտված են եղել արդյունավետ քննությունն անհնարին դարձնելուն։ 2018 թվից հետո ձեր նշած առանձնահատկությունը փոքր ինչ այլ բովանդակությամբ դրսևորվեց․ մի որոշ ժամանակահատված դա դատական իշխանության մեջ առանձին դեմքերի, կամ միգուցե առանձին խմբերի դիմադրությունն էր՝ դատական նիստերի սաբոտաժ, ամեն գնով դրանց ձգձգում, խափանման միջոցի վերաբերյալ դատարանների որոշումները բողոքարկելու դիմուներ․․․ որոնցից մեկն էլ այդ ցանցի արդյունավետ համագործակցությամբ հանգրվանեց Սահմանադրական դատարանում և համակարգված աշխատանքի արդյունքում ճանաչվեց Սահմանադրությանը հակասող։ Հետևաբար, խնդիրների այս ամբողջ համախումբն էր, որ անհնարին դարձրեց մարտի մեկի գործի քննությունը մինչև այսօր»։

Այժմ գործի քննությունը նորից է սկսվելու, սա ի՞նչ է ենթադրում և ի՞նչ հոդվածներ կարող են այս անգամ առաջադրվել։

Այս հարցին Եգորյանը պատասխանել է․

«Գործը զրոյից չի սկսվելու․ գործից անջատված և դատարան ուղարկված մասը դատարանում ըստ էության դատաքննության փուլին չէր էլ հասել։ Այսօր տարբեր պատճառներով, նաև ՍԴ որոշման արդյունքում, այն վերադառնում է նույն կետին, այսինքն՝ դատախազությունը դատարանում պետք է նոր մեղադրանք առաջադրի։ Դատելով տարբեր ժամանակներում դատախազության արած հայտարարություններից  ու մտքերի փոխանակությունից՝ ակնհայտ է, որ նույն հոդվածը չի առաջադրվելու, որովհետև ըստ դատախազության՝ այդ հոդվածը ՍԴ կողմից հակասահմանադրական ճանաչելուց հետո նույն հոդվածով մեղադրանք առաջադրելը դառնում է անհնարին, հետևաբար, այլ հոդվածով մեղադրանք կառաջադրվի․ ենթադրաբար՝ դա կլինի լիազորությունների վերազանցումը»։

Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները սահմանադրական կարգի տապալման հոդվածո՞վ չեն մեղադրվելու։

«Մեղադրվելու են լիազորությունների վերազանցմամբ հանցագործությունների մեջ, որոնց արդյունքը եղել է սահմանադրական կարգի տապալումը, իշխանության յուրացումը․․․ նաև՝ մարդիկ են կյանքից զրկվել։

Կոնկրետ խնդրո առարկայի դեպքում կա փաստական հենք՝ նախաքննության արդյունք, որի որակումը տրվել էր ըստ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի, ինչն էլ հետո ճանաչվեց Սահմանադրությանը հակասող․ այժմ այդ արարքները, որոնք մեղադրանքի փաստական մասն են, գնահատվում են որպես այլ հոդվածով նախատեսված արարքներ։ Մի քանի տարվա տեղապտույտից հետո Սահմանադրական դատարանը տվեց այս հարցի պատասխանը, ինչի արդյունքում Վճռաբեկ դատարանը անխուսափելիորեն կայացրեց ՍԴ արտահայտած դիրքորոշումից բխող որոշումը։ Այժմ Դատախազությունը հնարավորություն ունի այդ ամբողջ փաստակազմը որակել քրեական օրենսգիրքի համապատասխան հոդվածով»,- նշել է Եգորյանը։

Իսկ ի սկզբանե հնարավո՞ր չէր մեղադրանքն այդ կերպ առաջադրել։ Ըստ Եգորյանի՝ հնարավոր էր։ Իսկ ինչո՞ւ չի արվել։

«Այս հարցի հասցեատերը Դատախազությունն է։ Մեր միջնորդություններում մենք էլ էինք այս հարցը տալիս, դեռևս 2018 թվականին փորձել ենք ուրվագծել այն ծավալն ու եզրերը, որոնցով պետք է գնահատվի և որակվի նախաքննության արդյունքում ձևավորված ամբողջ փաստակազմը, բայց այն ժամանակ միայն  սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն առաջադրվեց»,- նշել է Եգորյանը։

Իսկ գուցե ժամանակին այդ մեղադրանքն առաջադրելով՝ Դատախազությունը ոչ այնքան ճիշտ ուղղությա՞մբ է կազմել մեղադրանքը։

«Սահմանադրական կարգի տապալման որակումը ճիշտ որակում է, սակայն դա չէր բացառում նաև այլ հոդվածներով նախատեսված արարքների դիտարկումը»,- նշել է Եգորյանը։

«Այս գործով անցնող մեղադրյալներից որևէ մեկը չի արդարացվել․ ընդամենը առաջադրված մեղադրանքի մի հոդվածը Սահմանադրական դատարանը իր հայտնի որոշմամբ ճանաչել է Սահմանադրությանը հակասող, ինչի հիմքով գործը կարճվեց։ Բայց՝ սահմանադրական կարգի տապալում եղե՞լ է, թե՞՝ ոչ․ դա միայն այդ հոդվածով չի որոշում, այդ հոդվածը նախատեսված է այդպիսի արարքի համար պատասխանատվություն սահմանելու նպատակով, նկարագրվում է այն արարքը, որը կարող է հետապնդվել այդ հոդվածի շրջանկներում և դրա համար պատասխանատվությունը։ Կարող է հետևանքը լինել սահմանադրական կարգի տապալումը, սակայն մեղադրանքն առաջադրվի Քրեական օրենսգրքի այլ հոդվածով, քանի որ այդ հոդվածը սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ սահմանադրությանը հակասող էր ճանաչվել։ Սա չի նշանակում, որ այսօր օրինակ այն հոդվածով, որով դատախազությունը պատրաստվում է ներկայացվել մեղադրանքը, չի ենթադրում նույն արարքները, քանի որ արարքները նույնն են, գործողությունները նույնն են, մեղադրանքի հիմքում ընկած փաստակազմը նույնն է։ Ուղղակի դրա արդյունքում ֆորմալ ձևակերպվող քրեորեն պատժելի արարքը, որը նկարագրված է քրեական օրենսգրքում ինչ-որ հոդվածների տակ, փոփոխվում է, նկարագրվում է այլ հոդվածով։  Այս պահին մեղադրյալի աթոռին նստած մարդիկ կատարել են իրենց լիազորություններից դուրս արարքներ, որոնք հանգեցրել են սահմանադրական կարգի տապալմանը։ Այժմ այդ գործողություններն ու փաստակազմը դատախազությունը պետք է որակի որպես լիազորությունների վերաանցման հոդվածով կատարված արարքներ՝ պատասխանատվություն նախատեսելով այս հոդվածով, բայց այդ արարքների հետևանքը, որպես այդպիսին, ըստ մեղադրանքի չի փոփոխվում»,- նշել Եգորյանը։

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք վաղեմության ժամկետների խնդիր առաջանալ, Եգորյանն արձագանքել է

«Վաղեմության ժամկետներ որոշ դեպքերում կան, որոշ դեպքերում՝ ոչ․ այս պահին հնարավոր չէ այդ հարցին պատասխանել, որովհետև նախ մենք պետք է Քոչարյանին և մյուսներին առաջադրվելիք ամբողջական մեղադրանքն ունենանք, հետո ըստ այդ մեղադրանքի հասկանանք և հաշվենք, կամ դիտարկենք վաղեմության ժամկետների առկայությունը, կամ դրանց անցման պոտենցիալը»։

Դիտարկմանը, թե ի վերջո բացահայտվելո՞ւ են սպանություն կատարողների և պատվիրատուների անունները, Եգորյանն արձագանքել է

«Շատ կարևոր է այս հարցը հեռուստադիտողների համար մի անգամ էլ պարզաբանել․ երբ խոսքը վերաբերում է սպանությանը, օրինակ՝ մենք ունենք անձ և ասենք՝ սպանության գործիք․ այս դեպքում, երբ խոսքը գնում է մարտի մեկի և երկուսի իրադարձությունների ժամանակ հանցագործության մասին, այն նախապատրաստվել է դրան նախորդող ժամանակահատվածում։ Դա պարզ սպանություն չի․ այդտեղ զենք է հանդիսանում ոչ միան առարկան, հրազենը, որով կրակել են, կամ վնաս պատճառել, այլ նաև այն անձը, որը ծառայության բերումով հրաման կատարելով՝ կատարել է արարքներ, որոնք մարդկանց զրկել են կյանքից․ այսինքն սա ևս զենք է։ Օրինակ՝ ձգանը սեղմած անձը ևս զենք է։ «Քոչարյանը և մյուսները» գործը այն մասին է, որ Քոչարյանը և մյուսները՝ հանդիսանալով ՀՀ բարձրագույն հանրային իշխանություն իրացնող անձինք, կատարել են արարքներ, որոնք հանգեցրել են մարդկանց մահվան։ Չեմ ասում, որ կոնկրետ գործողությունների, այսպես ասած զենքերի կամ անձանց պարզումն անիմաստ է, բայց կարևոր է, թե ովքեր են դա կազմակերպել»։

Գործով անցնող ամբաստանյալներն արդեն գործի վերսկսումը քաղաքական են գնահատել։

Այս դիտարկմանն ի պատասխան Եգորյանը նշել է․

«Քաղաքականը ո՞րն է․ ա՞յն, որ մինչև 2018 թվականը, տասը տարի շարունակ, գործի քննություն չէր իրականացվում, որ գործի պատրանքային քննության շրջանակներում ոչնչացվում էին ապացույցներն ու փորձ էր արվում գործի քննությունը մտցնել փակուղի, թե՞ այն, որ այդ բոլոր խութերը 2018 թվականից փորձ արվեց վեր հանել, հանգուցալուծման բերել և ապահովել գործի արդյունավետ քննություն։ Քաղաքակա՞ն էր այն, որ  2008 թվականի ընտրությունների արդյունքների որոշման իրավական գործընթացի ժամանակ պետության բարձրագույն իշխանությունը որոշել էր, որ արդեն հաղթել է Սերժ սարգսյանը և պետք է ամեն գնով ճնշել Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողնակիցների բողոքը, և այդ հանդգնությունն ու լկտիությունն այն աստիճանի էր, որ այդ տեքստը արտացոլվել էր հույժ գաղտնի հրամանով, և դրան հասնելու համար ի վերջո մարդիկ սպանվեցին, մտցվեց ռազմական դրություն, որի իրավունքը ո՛չ օրենքով կար, ո՛չ Սահմանադրությամբ էր նախատեսված այն իրավիճակում, որը առկա էր, թե՞ քաղաքական է այն, որ ժողովրդի իշխանության վերականգնումից հետո այդ հանցագործությունը փորձ է արվում բացահայտել։ Սա սահմանադրական հրամայական է, ես այստեղ քաղաքական և այլ խնդիրներով պայմանավորված հարց չեմ տեսնում, օրինակ՝ մենք տեսնում ենք գործի սաբոտաժ տարբեր մարմինների, տարբեր ատյանների կողմից, բայց ինքնին գործի բացահայտումը՝ սահմանադրական հրամայական է»։

Այսինքն քաղաքական կամքի բացակայությունն այստեղ նշանակություն չունի՞։

«Այնքանով, որ 2008 թվականից մինչև 2018 թվականը պետական իշխանության քաղաքական կամքը ուղղված չէր գործը բացայայտելուն, և այդ կամքի դրսևորումը 2018 թվականից հետո իրականացված նախաքննության արդյունքում փաստացի բացահայտվեց, որ իրականացվել են բոլոր հնարավոր գործողությունները, որպեսզի գործը արդյունավետ չքննվի»։

Իսկ բացառվա՞ծ է, որ գործը կարող է ձգձգվել, ինչպես առաջին փուլում։ Եգորյանի խոսքով՝ բացառված չէ, իսկ ինչպե՞ս դա թույլ չտալ, կա՞ իրավական մեխանիզմ։

«Իհարկե կան իրավական մեխանիզմներ․ դրանց մասին 2018 թվականից անընդհատ տարբեր հարցազրույցներում ասում ենք ․ մինչ օրս դրանց շատ չնչին մասն է իրագործվել։ Բազմաթիվ գործեր, որոնցով դիտարկում ենք վաղամության ժամկետների անցումները, հետևանք են նրա, որ այդ գործիքակազմերը հանրային իշխանության կողմից արդյունավետորեն չեն իրացվել։ Այսօր էլ այդ վտանգը կա։ Այո, որպեսզի հստակ լինի և բոլորի համար սպասելիքները պատրանքային չլինեն՝ այս պահին էլ կա այդ ռիսկը»։