Այսօր մեր քաղաքական մեծամասնությունը չունի գրավիտացիա․Տիգրան Եգորյան

Այսօր մեր քաղաքական մեծամասնությունը չունի գրավիտացիա

«1in.am»-ի հետ զրույցում ասել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ մեկնաբանելով Մարտի 1-ի գործի ընթացքը։

«Այն հեռանկարներն ու ուղղությունները, որոնցով պետք է զարգանար, հիմա էլ կարող է զարգանալ Մարտի 1-ի գործը, որոնք շարունակաբար ցուցանել ենք 2019-ից ի վեր, հետևողականորեն անտեսվեցին․ի հետևանք՝ Դատախազության առաջադրված հիմնական՝ լիազորությունների վերազանցման հոդվածը ՍԴ-ն անվավեր ճանաչեց, ինչի արդյունքում եկանք հասանք մի կետի, որտեղ էինք մոտ երկու տարի առաջ․ այսօր էլ  դատախազությունը կանգնած է նոր մեղադրանք առաջադրելու անհրաժեշտության առաջ։ Սա նշանակում է, որ հիմա Վճռաբեկ դատարանը, որի  վարույթում է գտնվում գործը, խնդրո առարկայի վերաբերյալ ՍԴ նոր որոշումը հիմք ընդունելով պիտի կայացնի որոշում՝ գործն ուղարկելով Առաջին ատյանի դատարան, որտեղ էլ դատախազությունը հանդես կգա արդեն նոր մեղադրանքով։ Եթե Գլխավոր դատախազությունը մեղադրանքն առաջադրի 309 հոդվածով ՝ լիազորությունների անցման մասով, ապա կարծում եմ՝ էլի նույն պատին կբախվենք։ Մինչդեռ փաստացի կատարված արարքները տեղ են տալիս նաև այլ ծավալի մեղադրանքների առաջադրման, ինչի նկատմամբ, սակայն, ես թերահավատ եմ։

Նշածս Հոդվածով մեղադրանքի առաջադրումը մեծ հաշվով ոչ մի արդյունք չի տալու, քանի որ դրա ժամկետը ևս անցել է։ Դեռևս 2018 թվից շարունակաբար նկատել ենք տվել, որ բազմանթիվ լրջագույն դեպքերի ու արարքների կապակցությամբ վաղեմության ժամկետներն անցած են, Սահմանադրությամբ որպես հանցագործություն ճանաչված արարքների համար օրենսդրական մակարդակում վաղեմության ժամկետի վերացման խնդիր էինք բարձրացրել։ Այսինքն, չի կարող Սահմանադրությունը մի արարք՝ առանց վաղեմության ժամկետի համարի հանցագործություն, բայց Քրեական օրենսգիրքը սահմանափակի դրա վաղեմության ժամկետը։ Այս պայմանական իրավական վեճի շրջանակներում նաև ՄԻԵԴ որոշում էինք մատնանշում, որով այն խմբերի մտահոգությունները, որ իբր վաղեմության ժամկետի փոփոխությունը կլինի խախտում և հետագայում ՄԻԵԴ-ն կարող է ՀՀ-ի հետ վատ վարվել, փարատում էինք, որ ոչ, այդ հարցն էլ ՄԻԵԴ կողմից քննարկվել է։ Այնպես որ, առանձնապես մեծ առաջընթաց առայժմ չունենք, թեև ՍԴ կայացրած նոր որոշումն իհարկե կարևոր էր։

Բայց այս ամենը մեծ հաշվով ածանցյալ է դատական, իրավական թերությունների, կամ դրա իրական կատարման բացակայության։ Մենք չարեցինք այն, ինչ պիտի արվեր․ իշխանությունը չկարողացավ անել այն ռեֆորմները, որոնք օրինակ՝ չէին առաջացնի վաղեմության ժամկետի լջագույն խնդիրներ, որոնք լուծելու կարևորությունը պայմանավորված է ՀՀ-ում ժողովրդավարության, ժողովրդի իշխանության վերականգման և հաստատման անհրաժեշտությամբ»։

Հարցին, թե իսկ ի՞նչ անել այս ամենի հետ, Եգորյանն արձագանքել է

«Չէի ուզի տպավորություն լիներ, թե կա մեկը, որն ունի բոլոր խնդիրների լուծման բանալին։ Բայց կարևորը գործն ինչ-որ մի կետից սկսելն ու կայուն, շարունակաբար իրագործելն է՝ ձևավորված թիմի կամ այդ ուղղությամբ աշխատող համայնքի սինքրոն աշխատանք ապահովելով։ Սրա համար հարկ կլինի իրավիճակը վերլուծելով՝ մշակել նախնական անցնելիք ճանապարհը և այդ գործընթացի նկատմամբ ձևավորել հնարավորինս լայն ու համաժամանակյա մոտեցում, որպեսզի այն զերծ պահենք ներգրավված դերակատարների անհամարժեք տարընկալումներից․ չստացվի այնպես, որ օրինակ՝ Ա դատախազը այս հեռախոսը տեսնի կապույտ, Բ դատախազը՝ կարմիր, Գ դատավորը՝ կանաչ, իսկ Ե մասնակիցն այդտեղ հեռախոս ընդհանրապես չտեսնի։ Այս բլոկում հատվածական քաղաքականությունը բացառելով, մենք առնվազն կհայտնվեինք որակապես լիովին այլ մակարդակում։ Մենք ասելով՝ նկատի ունեմ պետությունը, հետևաբար՝ իշխանությունը։ Եթե ժամանակին հրաժարվեինք քաոտիկ իրավիճակային կարգավորումներից և ֆունդամենտալ հիմքերի կայացման փոխարեն տարբեր պայմանավորվածությունների, կամ՝ ներքին ռեսուրսի հաշվին ինչ-որ արդյունք ստանալուց, կամ՝ ժամանակի մեջ մանևրելու խնդիր չդնեինք, մենք այսօր թեկուզ դանդաղ, բայց շատ ավելի կայուն, տեսանելի ու հաշվելի արդյունքներ կունենայինք՝ դրանց գոնե հնգամյա կանխատեսելի զարգացմամբ։ Թող չթվա, որ սա միայն Մարտի 1-ի գործին է վերաբերում, սա վերաբերում է բոլոր ոլորտներին․ամենասովորական տնտեսական, ֆինանսական բլոկի հարցերն այսօր չեն լուծվում, կամ լուծվում են դանդաղ ու անարդյունավետ, որից հետո մարդիկ այլևս ցանկություն չեն ունենում մտնել նման պրոբլեմի մեջ»։

Դիտարկմանը, որ սա նշանակում է, որ պետության ֆունկցիոնալությանը խեղված է, գումարած՝ անվտանգությանն ուղղված հիբրիդային սպառնալիքների հարցը, Եգորյանն ասել է

«Նախ, պետության գործառնության խեղումը ի սկզբանե էր, այնպես չէ, որ 5, 10 կամ 15 տարի առաջ այն գործառնում էր ի նպաստ հանրային ընդհանրական շահի․ այդ ֆունկցիան իրականացվել է առանձին խմբերի, անհատների շահերի սպասարկման միտումով, և դրա ազդեցությունն այսօր էլ է զգալի։ Սա միայն օրենք գրելու խնդիր չէ, քանի որ անգամ ամենազարգացած երկրներում էլ օրենքի ցանկացած տեքստ յուրաքանչյուրի մտքում ունի իր կյանքն ու նշանակությունը՝ տարբեր սուբյեկտների կողմից յուրովի մեկնաբանվելու հնարավորությամբ, կախված, թե ով ինչպես է ցանկանում այն կիրառել․ եթե իրավաբանը կամենա օրենքը կիրառել իբրև փակուղի առաջացնելու գործիք, ապա նա դրա հնարավորությունը կգտնի։ Խնդիրն այն է, որ մենք կարողանանք օրենքն ու իրավունքը կիրառել որպես լուծումներ տրամադրող գործիք։ Սա գուցե հեշտ է թվում, սակայն մի ամբողջ մտածողության խնդիր է։ Իսկ մտածողության փոփոխությունը հեշտ չի տրվում։ Իրավական, կամ օրինակ՝ քրեական քաղաքականությունը չի մշակվում միայն օրենքով, այն մշակվում է իրավակիրառ մարմնի գործունեությամբ և այդ գործունեության քաղաքականությունը շատ կարևոր է։ Օրինակ՝ ենթադրենք Ա հանցագործության նկատմամբ առաջի՞ն մակարդակի հետապնդման, կամ ուշադրության անհրաժեշտություն սահմանել, թե՞՝ երկրորդ մակարդակի։ Գետնի վրա առաջացող խնդիրներից ելնելով, տարբեր հանցագործությունների աճի, կամ դրանց առանձնահատկությունների բերումով՝ հարկ է լինում առաջնահերթություններ սահմանել, քաղաքականություն որոշել՝ կոնկրետ պատմաքաղաքական իրավիճակում հասարակական հարաբերությունների վրա բացասական ազդեցությամբ, կամ ազգային անվտանգության նկատմամբ վտանգով պայմանավորված․ և այդ քաղաքականությունից բխեցնելով էլ  օրենսդրական ու օրենքի կիրառական պրակտիկ խնդիրներ ես լուծում։

Այսօր, օրինակ՝ ՀՀ-ում մենք չգիտենք՝ ով և ինչպես է այդ քաղաքականությունը որոշում, ասենք՝ չգիտենք, թե Դատախազությունը որ հարցին ինչպես է նայում, դա իմանում ենք, երբ հարցը ծագում է․ որևէ հարցի վերաբերմամբ չկա մի կայուն, մշակված ֆորմուլյար, դրանց արձագանքելու որոշումներն իրավիճակային են։ Այստեղից էլ ածանցվում են բոլոր այլ բարձրացված խնդիրները, ժամանակին չհասցեագրումը, կամ թեկուզ ժամանակին արձագանքելու դեպքում՝ արդյունքի հասցնելու անհնարինությունը»։

Իսկ ի՞նչ անել, ո՞վ պետք է իրականացնի այդ ռեֆորմը։ Ըստ Եգորյանի՝

 «Միանշանակ է, որ այդ ռեֆորմը պետք է բխի քաղաքական ծրագրից։ Այստեղ գալիս ենք պայմանական ասած՝ իրավական գործիքների, կամ իրավական իրականության քաղաքական բովանդակությանը։ Դա չի աշխատում, քանի որ այսօր արդյունավետ քաղաքական հակադրություն մեծ հաշվով չկա։ Իսկ երբ դա չկա, քաղաքական ծրագրային, բովանդակային հարցերը, որոնք պետք է ըստ էության որոշիչ լինեն քաղաքական մեծամասնության կենսունակության հարցում, որոշիչ չեն դառնում, քանի որ նրանց կենսունակությունն ընտրողի կողմից այլ ստանդարտներով է ապահովվում։ Հետևաբար, ոչ այնքան էական թվացող հարցը՝ թե ի՞նչ կապ ունի, որ նրանք խոստացել են, էական գրավիտացիայի խնդիր է, որը չկա։ Այսօր մեր քաղաքական մեծամասնությունը չունի գրավիտացիա։ Բավական է, որ առաջանա այդ ձգողականության ուժը, և արդեն բազում խնդիրներ հարկադրված միտվելու են դեպի լուծում։ Ավելին, քան այսօր ունեցած արդարության մակարդակում խնդիրն է, մենք, պայմանական ասած, ուղեղի ձևավորման համար կենսունակության խնդիր ունենք։ Մեզանում չկան կարող քաղաքական խմբեր, որոնք արդյունավետորեն հակազդելով ու փոխազդելով՝ կապահովեին պետության արդյունավետ կառավարումը։ Սա ցավալի բան է, այս խնդիրը  արդարության ոլորտում խնդիրներից ավելի կարևոր կենսական խնդիր է։

Ուրեմն այսօր հարկ է գիտակցաբար վերադառնալ մեր քաղաքական համակարգը խելքի բերելու խնդրի լուծմանը ։ Պատկերացրեք՝ ճոճանակի հավասարակշռությունը ապահովող երկրորդը պարանը չկա, որպեսզի այն սկսի արդյունավետ ճոճվել՝ առանց ցնցահար շարժումների։ Ուստի ես առաջիկայում չեմ տեսնում արդարադատության խնդիրներն ուղղակի ինքնստիքնյան լուծել սկսելու հնարավորություն։ Այս խնդիրների հետ մենք դեռ որոշ ժամանակ պիտի ապրենք՝ ոչ թե սպասելով դրանց լուծմանը, այլ՝ այդ խնդիրների լուծման մեկնարկին։ Եվ այո, այն առաջիկայում ստորադասվելու է մեր ազգային անվտանգության խնդիրներին, որոնցից ամենակարևորը ներքին անվտանգության խնդիրն է, քանի որ եթե չկարողանանք լուծել կենսական նշանակության ներքին խնդիրը, արտաքին խնդիրները ևս չենք կարող սպասարկել։ Եթե չունենանք արդյունավետ քաղաքական համակարգ, մենք որևէ խնդրի լուծմանը չենք մոտենա»։

Հարցին, որ 2020-ի նոյեմբերից բռնությունների կոչերով ուղեկցվող շարժումները իրավական հետևանքի չեն հանգեցնում, Եգորյանն ասել է

«Այդ չդադարող շարժումներին միակ բանը, որ հակադրվում է՝ ժողովրդավարության մարմինն է, այնինչ պիտի ոչ թե ժողովրդավարության մարմինը, այլ դրա բռունցնքները գործի դրվեին։ Ժողովրդավարության մարտնչելու կարողությունն ապահովող զենքերը կիրառելու փոխարեն, մենք պարզապես հենց ժողովրդավարության մարմինն ենք դեմ տալիս, ասում ենք՝ ոչնչացրեք, և փաստացի այստեղ խեղում ենք քաղաքականությունը՝ պրագմատիկ, ռացիոնալ, արդյունավետից այն վերափոխելով էմոցիոնալ՝ չարի ու բարու հակադրության, և դրա արդյունքում մոռանում ենք մնացած ռացիոնալ խնդիրները, որոնք ոչ պակաս կենսական են։ Շարունակվող այս պրոցեսը հյուծում է ժողովրդավարության մարմինը, թեպետ կարող է պատրանք ստեղծվել, որ առայժմ դա արդյունավետ է, բայց ոչ․ ներքին ու արտաքին անվտանգության տևական անարգել ցնցումները կարող են հանգեցնել պետականության ոչնչացմանը»։