Սահմանադրական դատարանի նախագահը և Նիդերլանդների դեսպանը ՍԴ երկրորդ ամառային դպրոցի մասնակիցներին հանձնեցին նրանց հավաստագրերը

Սեպտեմբերի 9-ին Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի երկրորդ ամառային դպրոցի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:

Ամառային դպրոցի շրջանավարտներին հավաստագրերը հանձնեցին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Ն.Գ. Մարիկե Մոնրո-Վինթերը:

ՍԴ-ի երկրորդ ամառային դպրոցն ՀՀ ԲՈՒՀ-երի իրավագիտության ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողների համար անց էր կացվել սեպտեմբերի 7-8-ը Ծաղկաձորում ։

Ուսանողների առաջ դասախոսություններով հանդես էին եկել ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանը («Սահմանադրական դատարանի դերը մարդու հիմնական իրավունքների պաշտպանության գործում»), Դավիթ Խաչատուրյանը («Մարդու իրավունքների սահմանափակման լեգիտիմությունը», «Դատական ակտիվիզմի սահմանները»),  Վահե Գրիգորյանը («Միջազգային և սահմանադրական իրավունքների հարաբերակցությունը»), իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը («Սահմանադրաիրավական վեճ»)։

Ամառային դպրոցը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր «Իրավունքի Եվրոպա միավորումը»` «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում: