Գուցե հենց հանրային պահանջ է պետք, որպեսզի իշխանությունը կողմնորոշվի և վճռականություն դրսևորի․ Լուսինե Հակոբյան

Ժողովրդավարական ուժերի հարթակը հանդես է եկել ԵՄ-ին ՀՀ անդամակացության վերաբերյալ հանրաքվեի հարցով ստորագրահավաք կազմակերպելու նախաձեռնությամբ։

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի համանախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը «1in.am»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ նախաձեռնությունը` վկայաբերել է ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանումը, ըստ որի՝ ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 հազար քաղաքացու ստորագրություն հավաքելու պարագայում, հնարավոր է նրանց անունից օրենքի նախագիծ ներկայացնել Ազգային Ժողով, ինչը, նրա գնահատմամբ, ինքնին օրենսդրական նախաձեռնության գործընթացի մեկնարկ է․ «Հարթակը մտադիր է խորհրդարանին առաջարկել մի օրինագիծ, որով կտրվի ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Ըստ էության, դա լինելու է հռչակագիր-օրենք, որն ընդունելու պարագայում ԱԺ-ն հանձն կառնի մեկնարկել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց», — ասել է տիկին Հակոբյանը՝  վստահ լինելով, որ առնվազն 50 հազար քաղաքացու ստորագրությունն այն պատկառելի թիվն է, այն վճռական ձայնը, որին Ազգային ժողովը պիտի որ ականջալուր լինի։

Մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը չի կարող ասել՝  «իսկ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել»՝ Հակոբյանը նշել է․

«Մենք ինչպե՞ս իմանանք՝ ԵՄ-ն պատրա՞ստ է, թե՞՝ ոչ, եթե ինքներս չգիտենք՝ մեր քաղաքացիները դա ուզո՞ւմ են, թե՞ ոչ։ Տարբեր առիթներով նշել եմ, որ Արևելյան գործընկերության երեք պետություն անցած տարի ստացել են ԵՄ թեկնածուի կարգավիճակ, և որ Վրաստանի պարագայում այդ կառույցը հատուկ հաշվի է առել վրաց ժողովրդի եվրոպական ձգտումները»։ Հակոբյանը համոզված է, որ քանի դեռ չենք պարզել տվյալ հարցի վերաբերյալ մեր քաղաքացիների հակվածությունը, ԵՄ-ից ավելին ակնկալելը խելամիտ չէ։ Նա տեղեկացրել է, որ իրենց եվրոպացի գործընկերները մասնավոր զրույցներում բազմիցս ասել են, որ Հայաստանի անդամության հարցի վերաբերյալ ԵՄ-ի դիրքորոշումը հստակ իմանալու համար նախևառաջ պետք է դիմել․ «Հիմա, եթե այսպես մնա, ես պատկերացում չունեմ՝ մեր իշխանությունը ե՞րբ այդ վճռականությունը կդրսևորի, երբ կասի՝ այ հիմա է պատեհ պահը, գուցե ներքևից հենց այդ հանրային պահանջն է պետք, որպեսզի իշխանությունը վճռականություն դրսևորի, հատկապես, որ ԵՄ-ն Հայաստանին դիտարկում է բարեկամ պետություն»։ Հակոբյանը ԵՄ հայտ ներկայացնելու համար պահը պատեհ է համարում նաև Արևելյան գործընկերության ընդլայնման սկսված գործընթացի համատեքստում, որում ներգրավված երեք պետություններ անդամության կարգավիճակ են ստացել, և եթե, ըստ նրա, հիմա չմիանանք այդ գործընթացին, ապա որևէ երաշխիք չկա «որ ԵՄ-ն ՀՀ-ի համար մոտ ապագայում մի առանձին ընդլայնում կկազմակերպի»։ Այսուհանդերձ, Հակոբյանը վերստին հիշեցրել է Հայաստանին ընդառաջ ԵՄ գործադրած քայլերը, մասնավորաբար՝ անվտանգության համագործակցության շրջանակում ՀՀ սահմաններին դիտորդների տեղակայումը, «որոնք այսօր ՀՀ-ի համար անվտանգային լուրջ երաշխիք են։ Այդ անվտանգային երկխոսությունը շարունակվում է, նորերս էլ Խաղաղության եվրոպական գործիքակազմով ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ որոշում կայացվեց, ինչը ևս լուրջ որոշում և ազդակ է այդ ուղղությամբ», — ասել է Հակոբյանը։

Պատասխանելով այս թեմայով՝ իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ հակասական հայտարարություններին՝ Հակոբյանը փաստել է, որ  իշխող կուսակցության նախընտրական ծրագրում ԵՄ-ին անդամակցության դրույթ չի եղել, հետևաբար նրանք չեն կարող ասել, թե ժողովուրդը դրա համար իրենց մանդատ է տվել․ «ես նկատում եմ, որ ՔՊ խմբակցությունը ևս միատարր չէ և այնտեղ մոտեցումները տարբեր են․ ԱԺ նախագահը Լատվիայում հայտարարում է, որ այո, մենք ԵՄ անդամակցության հայտ պետք է ներկայացնենք, պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ ասում է՝ ոչ, մենք պետք է տարածաշրջանում որպես առանձին ամրոց-պետություն հանդես գանք։ Եվ ես նկատել եմ, որ ՔՊ-ից ամենամեծ դիմադրությունը ցույց տվողները հենց այն մարդիկ են, որոնք ամենահաճախն են հանդես գալիս եվրաինտեգրման կոնտեքստում միջազգային հանդիպումներում, այդ մարդիկ ամենևին էլ եվրաինտեգրման ջատագովներ չեն, ուստի մենք էլ որպես քաղհասարակություն, պետք է վերանայենք, թե ինչո՞ւ ենք նրանց հրավիրում մեր տարբեր ձևաչափերով միջոցառումներին և նրանց համար հանրային տեսանելիություն ապահովում»։

Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցով բանակցություններ մեկնարկելու ԵՄ հանձնաժողովի որոշմանը` Հակոբյանը նշել է․

«Քաղհասարակության անունից կարող եմ ասել, որ մեր եվրոպական գործընկերների հետ չի եղել գեթ մեկ հանդիպում, որ քաղհասարակությունն այդ հարցը չբարձրացնի։ Ասեմ ավելին, ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմն անցած տարի 15 խորհրդատվական կարծիք էր մշակել, որոնցից մեկը ուղղակիորեն վերաբերում էր վիզաների դյուրացման ու ազատականացման խնդրին, այսինքն՝ հետևողական աշխատանքի, բարձրաձայնումների պարագայում ի վերջո հասանք այս կետին։ Բայց իրապես կան որոշակի մտահոգություններ ԵՄ անդամ պետություններում, որոնք պետք է փարատվեն կոնկրետ հանձնառություններով, որոնք հիմնականում վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին»։