Հղման վերացմամբ Անկախության հռչակագիրը չի վերանում․ Տիգրան Եգորյան

Հայաստանին նոր Սահմանադրություն պե՞տք է, թե՞՝ ոչ, ի՞նչ ասել է նոր Սահմանադրություն ևսահմանադրական փոփոխություն։  Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով այս հարցին՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Տիգրան Եգորյանը նշել է․

«Այս պահին այդ հարցը քննարկվում է շատ արհեստական ու ֆորմալիստական եզրերով։ Փոփոխությունները իրականացվում են գործող Սահմանադրության բազայի վրա, որոնց ծավալով պայմանավորված էլ տպավորությունները կարող են տարբեր լինել․ դրանք էական նշանակություն չունեն, հետևաբար այդ դիսկուրսի մեջ մտնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Փոխարենը պետք է հասկանալ, թե Սահմանադրության փոփոխությամբ ի՞նչ անհրաժեշտ կարիքներ ենք ապահովում, ի՞նչ փոփոխություններ են դրանք ու ի՞նչ ծավալի։ Կարևոր է նաև այդ գործընթացի թափանցիկությունը, վստահելիությունը, բավարար չափով լայնորեն քննարկված լինելը, այսինքն՝ այդ փոփոխություններինկատմամբ կոնսեսուսին մոտ ընկալումներ ձևավորելը, թափանցիկ ու արդար քվեարկությունը։ Ցանկալի է կենտրոնանալ լուրջ ու խորքային քննարկումներով առաջնային խնդիրները վեր հանելու վրա, որոնց լուծմանը պետք է միտված լինեն կատարվելիք փոփոխությունները։ 2026-ին նախատեսված են Ազգային ժողովի ընտրություններ, ուստի պետության ինքնիշխանությունը, քաղաքական համակարգը, պետության անվտանգությունն ամրապնդելուն, կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելուն միտված փոփոխությունները պետք է բաժանել երկու փուլի․ Աժ իրավասությամբ փոփոխելի դրույթներին պետք է ձեռնամուխ լինել օր առաջ, մնացածը թողնելով համաժողովրդական հանրաքվեին»։

Լրագրող․ «Կարծիք կա, որ խնդրահարույցը ոչ թե գործող սահմանադրության շարադրանքն է, այլ հանրության մոտ դրա նկատմամբ վստահության պակասը․ նախատեսվող փոփոխությունների իրական դրդապատճառը սա՞ է, թե՞ խնդիրը սահմանադրության բուն տեքստն է։

Տիգրան Եգորյան․ «Կարելի է ասել՝ և՛ — և՛։ Շատ կարևոր է, որ հիմնարար փաստաթղթի բովանդակության վերաբերյալ հանրության շրջանում չլինեն ընկալման այն խնդիրները, որոնք տեղ ունեին 2005-ին և 2015-ին Սահմանադրության փոփոխությունների ընթացքում։ Բայց ինքնին տեքստի բովանդակությունը՝ Սահմանադրությամբ սահմանվող համակարգերի կանոնակարգումն ու դրա մեկնաբանությունը ոչ պակաս կարևոր են ու կենսական նշանակություն ունեն։ Սրանք փոխկապակցված խնդիրներ են․ նույնիսկ առաջին հայացքից ոչ բավարար մանրամասնորեն կարգավորող սահմանադրական դրույթը կարող է ՍԴ-ի, դատարանների, կամ դրա հիման վրա գործող հանրային իշխանության մարմինների կողմից մեկնաբանվել այնպես, որ ապահովվի սահմանադրականությունը։ Բայց կարող է և՝ ոչ։ Այսինքն, միայն Սահմանադրությունը, նույնիսկ ենթադրյալ ամենաանթերին, չի կարող ապահովել սահմանադրականություն, և՝ հակառակը»։

Լրագրող․ «Սահմանադրական փոփոխություններին առնչվող ամենազգայուն կետը Անկախության հռչակագրի հարցն է. ասվում է, որ դա Ադրբեջանի պահանջն է»։

Տիգրան Եգորյան․ «Սահմանադրության փոփոխությամբ հնարավոր չէ ՀՀ Անկախության հռչակագիրը փոփոխել։ Սահմանադրության մեջ կա Հռչակագրին հղում, որը վերացնելով Հռչակագիրը ինքնին չի վերանում․ քաղաքական տեսանկյունից ենթադրյալ խնդիրները կարևոր է բաժանել իրականի, և քննարկման արդյունքում բխեցվածների․ ո՛չ Հռչակագիրը, ո՛չ դրան արվող հղումը իրական խնդիր չեն։ Այն պնդումը, թե Հռչակագրի կամ Սահմանադրության այս կամ այն տեքստը կարելի է մեկնաբանել որպես ագրեսիայի հիմք, որևէ միջազգային ատյանում չի կարող դրվել որպես հիմնավորում՝ որևէ պետության կողմից ագրեսիվ գործողություններ կատարելու դեպքում։ Սա այնքան անհեթեթ պնդում է, որ դժվար թե որևէ մեկը, հատկապես պետական համակարգը չհասկանա։ Հետևաբար,  այնտեղ գրածը ագրեսիվ գործողություններ հրահրելու, կամ նվաճողական պատերազմի համար հիմք չի կարող հանդիսանալ։ Իրավական առումով մնացած մեկնությունները ևս չեն կարող առաջացնել խնդիրներ ՀՀ այսօրվա հիմնադրույթների և քաղաքականության տեսանկյունից, ուստի կուզենայի, որ առավելաբար կենտրոնանանք այն խնդիրների վրա, որոնք մեզ են անհրաժեշտ, քանի որ այլ զուգահեռումներ միշտ էլ միշտ կլինեն՝ զուգահեռ շահեր, հակադիր շահեր Ա պետության հետ, Բ պետության հետ, պետությունների խմբի հետ․․․ սա նորմալ է, պետք է միշտ տարանջատես շեղող աղմուկը քո խնդրից։ Մենք պետք է հասկանանք մեր խնդիրը որն է։ Այո, դա կարող է ինչ-որ կետում մեր հակառակորդի կամ թշնամու դիրքորոշման հետ համընկել, հետո ի՞նչ»։

Լրագրող․ 2015-ի փոփոխությունների ժամանակ ամենաքննարկվող հարցը կառավարման համակարգի փոփոխությունն էր, հիմա կարծես կառավարման համակարգի փոփոխություն չի նախատեսվում, ի՞նչ խնդրահարույց կետեր կան գործող Սահմանադրության մեջ, որին պետք է ուշադրություն դարձնել։

Տիգրան Եգորյան․ «Չեմ պատկերացնում, թե ոնց է կարելի մի կողմ դնել քաղաքական համակարգի և կառավարման համակարգի հետ կապված հարցերը․ ամենևին էլ մի կողմ չենք դրել։ Խնդիրն այն է, որ միշտ պետք է բովանդակությանը նայել, ասենք՝ այս և այն մեքենան ի՞նչ գործառնական առանձնահատկություններ ունեն։ 2015-ին կատարված կառավարման համակարգի անվան փոփոխությունը,  կառուցվածքային որոշ փոփոխությունները չբերեցին համակարգի էական փոփոխության, քանի որ կառավարման համակարգի կենսունակությունը ապահովելու կոչված կարևոր բաղադրիչները՝ հակակշիռների, փոխադարձ զսպումների մեխանիզմ և այլն, ներդրված չէին խորհրդարանական համակարգում․ ընդդիմադիր խմբերի, ֆրակցիաների և այդ համակարգում գործող ժողովրդավարության համար անհրաժեշտ քաղաքական համակարգի, քաղաքական կուսակցությունների զարգացման համար, մոդայիկ բառով ասած, էկոհամակարգեր ձևավորված չեն։ Այնինչ սրանք կառավարման համակարգի էական բաղադրիչներ են։ Օրինակ՝ ընտրակարգը, կամ ընտրությունների արդյունքում ԱԺ կայուն մեծամասնության, կամ մանդատների բաշխման նկատմամբ բոնուսների կիրառումը, կամ երկրորդ փուլի, կոալիցիաների հետ կապված հարցերը, որոնք արդեն ածանցվում են Սահմանադրությունից, — սրանք բոլորը կառավարման համակարգի ամենաէական բաղադրիչներն են, ավելի կարևոր, քան ուղղակի այդ կառավարման համակարգի անվանումն է։ Փոփոխվել էր կառավարման համակարգի անվանումը, և մի քանի էսթետիկ դիզայներական բաներ, բայց այն չի գործում, քանի որ հիմնական խնդիրները չէին լուծվել, և դրանք լուծելու խնդիր չէր էլ դրվել։ Հիմա փորձում ենք դա անել և հուսամ՝ կհասցնենք մինչև 2026 թվականի ԱԺ ընտրությունները, որպեսզի արդյունքում ձևավորվի ավելի կարող ու արդյունավետ գործող պառլամենտական կազմ, որը ԱԺ անցած ուժերին թույլ կտա առավել արդյունավետ փոխազդելու»։

Լրագրողի՝ կայուն մեծամասնության հարցին անդրադառնալով՝ Եգորյանը նշել է․ «Հաշվի առնելով, որ երկար տարիներ ենք վատնել, բայց չենք կարողացել կառուցել արդյունավետ քաղաքական, կուսակցական համակարգ, կարևոր է ինչ-որ կետում սկզբնավորել դա։ Ինչպե՞ս։

Աժ-ն շատ կարևոր հարթակ է, որտեղ պետք է հասկանանք՝ ում ենք ցանկանում, որ ներկայացված լինեն․ միայն պայմանական ասված՝ խոշորների՞ն, թե՞՝ ինչ-որ մի շրջան բոլոր նրանց, ովքեր 1-2 տոկոս քվե կհավաքեն։ Սա ՀՀ քաղաքական համակարգի համար էական նշանակություն ունի։ Կարծում եմ՝ քանի դեռ համակարգը ձևավորման փուլում է, պետք է թույլատրենք, որ 10-20 հազար մարդու վստահությունը վայելող խմբերի ներկայացուցիչները հայտնվեն խորհրդարանում։ Այս շեմը իր հետ կբերի համապատասխան փոփոխություններ, որոնք իրենց զգալ կտան ժամանակի ընթացքում։ Կձևավորվեն նոր պրոցեսներ, նոր խմբեր, նոր հարաբերություններ, հետևաբար՝ քաղաքական նոր մշակույթ։ Ապա պետք է հասկանալ՝ ինչպես զսպել բացարձակ առավելության, հայեցողության, հաղթանակի արատավոր տենչը, որպեսզի մեր քաղաքական խմբերը սկսեն հաղորդակցվել, ձևավորել համատեղ օրակարգեր ու լուծումներ։ Երբ մարդկանց տալիս ես միմյանց ոչնչացնելու գործիքներ, մարդիկ սկսում են իրար ոչնչացնել, երբ տալիս ես համերաշխ աշխատելու միջոցով մի բան ստեղծելու գործիքներ, ստիպված սկսում են իրար հետ աշխատել։ Խոսքը կոալիցիաների և երկրորդ փուլի մասին է, որը կարծում եմ՝ ավելորդ է, ինչպես նաև այն բոնուսային համակարգի, որը հնարավոր է դարձնում անտեսել այդ համագործակցությունն ու իշխանությունը կիսելու մղումը։ Սա կարևոր է բացարձակ բևեռացում թույլ չտալու համար։ Ընդամենը 5 տարում կարող ենք տեսնել հսկայական փոփոխություններ։ Այլ խնդիրներ ևս կան, որոնք վերաբերվում են, օրինակ, դատական համակարգին»։

Լրագրող․ «Իսկ դատական համակարգի անկախության, արդյունավետության համար ներկայիս Սահմանադրության բովանդակությունը ինչպիսի՞ն է»։

Տիգրան Եգորյան․ «Սա սոսկ շտկումների խնդիր չէ․ նախ պետք է հասկանալ այսօրվա և նախորդ շրջանների դատական համակարգի առանձնահատկությունները, աշխատանքի արդյունավետությունը, նաև՝ թե մեզ այդ բոլոր մարմինները իրո՞ք անհրաժեշտ են, 2015-ից ի վեր դրանց գործառնական ցուցանիշները բավարա՞ր են արդյոք, որպեսզի շարունակենք դրանք գործարկել։ Սա կարևոր է նաև օպտիմալացման տեսանկյունից։ Իսկ ինքնին դատական իշխանության անկախության հարցը միայն Սահմանադրությամբ սահմանված կարգավորումների մեջ չէ, որ պետք է փնտրել․ այս բազմաբաղադրիչ հարցը միայն մեկ գործոնով պայմանավորելը ծայրաստիճան անլուրջ կլինի։ Սրա լուծումը 5 տարվա խնդիր չէ, ոչ էլ՝ 10։ Սակայն 5-7 տարվա ընթացքում կարելի է էականորեն բարեփոխել, բայց դրա համար պետք է սկիզբ դնել մի քանի գործընթացի, որոնք մի քանի տարի զարգանալու արդյունքում կլուծեն և կկարգավորեն հարակից կամ իրենց ներքո գտնվող դաշտերը»։

Լրագրող․ «Գործող Սահմանադրության հետ կապված ամենամեծ քննադատությունն այն է, որ այն սուպերվարչապետական է․ այս մտահոգությունները նոր փոփոխություններով կցրվե՞ն արդյոք»։

Տիգրան Եգորյան․ «Այստեղ էլ հնարավոր չէ քննարկվող բոլոր երևույթները տեղավորել մեկ ձևակերպման տակ։ Սուպերվարչապետական ասվածը մի բան է, փոխադարձ զսպումների մեխանիզմը, իշխանությունների տարանջաատումը՝ այլ․ պառլամենտական համակարգում քաղաքական մեծամասնությունը ուզես, թե՝ ոչ, աշխատում է կառավարության հետ, ձևավորում է կառավարություն, նրանց ազդեցությունները փոխադարձ են, հետևաբար ձգողականությունն այլ է, քան՝ նախագահական համակարգում։ Այստեղ հարկ է այլ ձգողականություն ձևավորել, ԱԺ ընդդիմությանը օժտել ավելի կարողունակ գործառույթներով, կամ այնպիսի հակակշիռներ ձևավորել, որ մեծամասնությունը բաղկացած չլինի 1 կուսակցությունից»։

Դիտարմանը, թե «մեր Սահմանադրությունը հիմա դա ապահովում է», Եգորյանն արձագանքել է․

«Ամենևին էլ այդպես չէ․ ազդեցության բոլոր գործիքները պատրանքային են, իրական կյանքում չեն գործում։ Այսօր ընդդիմությունը այդ գործիքները չի կարողանում արդյունավետորեն գործադրել և չի էլ կարողանալու, քանի որ դրանք նախատեսված չեն եղել արդյունավետ կիրառության համար, բայց դրանց արդյունավետության բարձրացումն ու կիրառելիության ապահովումը սահմանադրական մակարդակում իսկապես հնարավորություն կտա զսպելու ինչպես սուպերվարչապետությունը, այնպես էլ՝ ԱԺ մեծամասնության ու կառավարության սերտաճումը։ Նուրբ մեխանիզմներով պետք է ձևավորել խորհրդարանական իսկապես արդյունավետ կառավարման համակարգ, իսկ դրան հասնելու նախապայմանը կայուն՝ միատարր մեծամասնության վերացումն է»։

Լրագրողի՝ նախագահական ինստիտուտի վերաբերյալ հարցին էլ Եգորյանը պատասխանել է․ «Կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկվի հնարավորինս լայն սպեկտրով՝ ավելի արդյունավետ լուծումներ գտնելու համար․ գուցե պարզվի, որ իրական խորհրդարանական համակարգ զարգացնելու ճանապարհին մեզ նախագահի ինստիտուտ բնավ պետք չէ, բայց պետք է քննարկելնաև այն տարբերակը, որ գուցե պետք է այդ ինստիտուտին լրիվ այլ բովանդակությամբ ու գործառույթներով օժտել, որպեսզի ֆինանսական, մարդկային ու ժամանակային ռեսուրսների ծախսը պետության համար լինի արդյունավետ․ մենք թերի արդյունավետությամբ գործառնող պետական մարմիններ պահելու պետքը չունենք, մենք այդքան հարուստ չենք»։