Հռոմի ստատուտի վավերացման կարևորությունը Հայաստանի համար անհնար է գերագնահատել․ Լուսինե Հակոբյան

«Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում՝ օգոստոսի 14-15-ին Ծաղկաձորում կայացել է  «Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նյութական և դատավարական իրավունքի ներկայացում՝ ՀՀ պետական մարմինների հիմնական դերակատարների համար» թեմայով աշխատաժողով։

Համաժողովի մեկնարկին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի բացման խոսքն  ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այս միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում է մեր կազմակերպությունը՝ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ, ինչի կապակցությամբ մեծապես շնորհակալ ենք Նիդերլաների կառավարությանը և այդ երկրի հարկատուներին՝ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Հայաստանի կառավարությանն ու պետությանն այս կարևոր գործընթացներում աջակցելու համար։

Ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ․ դրանցից մեկով աջակցություն է տրամադրվելու Հայաստանի հանրապետության Արդարադատության նախարարությանը՝ վերաբերելի օրենսդրական փոփոխություններ մշակելու համար։ Այս հարցում մենք համագործակցում ենք բանիմաց, շատ լավ գործընկեր-փորձագետների՝ Նյուրնբերգի համալսարանի դասախոս պարոն Գուրգեն Պետրոսյանի և Առնոլդ Վարդանյանի հետ, որը գործող իրավաբան է, նաև դասախոսում է։

Երկրորդ բաղադրիչն առավելաբար վերաբերում է պետական մարմինների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների հզորացմանը։ Այս համատեքստում նրանց համար նախորդ ամիս այց էր կազմակերպվել Նիդերլանդների թագավորություն՝ Հաագա, Միջազգային քրեական դատարանի կենտրոնակայան, որտեղ տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ՄՔԴ-ում, Կոսովոյի հատուկ պալատում, Եվրաջասթում, Նիդերլանդների թագավորության դատական իշխանության մարմինների հետ։ Այցելությանն ու հանդիպումներին մասնակցածներից մի քանիսը այսօր այստեղ են և շարունակում են հետաքրքրված մնալ այս թեմայով ու գործընթացով։

Երրորդ բաղադրիչը իրավաբանական կարողությունների ու ռեսուրսների ձևավորումն է, որի շրջանակում մշակելու ենք Հռոմի ստատուտին և միջազգային քրեական արդարադատությանը վերաբերող հարցերով գործնական ուղեցույց, ինչը պետական մարմիններին կօգնի այս համատեքստում ավելի լավ պատկերացնել ՀՀ պարտավորությունները։

Քանի որ Հռոմի ստատուտի վավերացումն ուղեկցվեց ապատեղեկատվական քարոզչության մեծ ալիքով, չորրորդ բաղադրիչը մենք նվիրել ենք այդ դրա դեմ պայքարին․ նախատեսել ենք ընդհանուր առմամբ հանրային իրազեկվածությունը բարձրացնելուն ուղղված նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր պատրաստել։

Պետք է ասել, որ Հռոմի ստատուտի վավերացման կարևորությունը ՀՀ համար անհնար է գերագնահատել, և ինձ համար մեծ պատիվ է ու հաճելի՝ առաջին անգամ Հայաստանում հյուրընկալել ՄՔԴ դատավոր տիկին Ջոաննա Քորներին և Կոսովոյի հատուկ պալատի իրավաբան տիկին Էլենի Խայտիդուին․ մեր պետական մարմինների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների կատարելագործման հարցում նրանց օգնությունը ևս շատ կարևոր է»։

«Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի մարտին։ Ծրագրի նպատակը Հայաստանի պետական մարմինների և ՄՔԴ-ի միջև երկխոսության ընդլայնումն է։ Ծրագիրը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը։