Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Աշխատաժողով ՀՀ պետական մարմինների հիմնական դերակատարների համար՝ ՄՔԴ նյութական և դատավարական իրավունքի վերաբերյալ

Օգոստոսի 14-15-ին Ծաղկաձորում կայացած աշխատաժողովը կազմակերպվել էր «Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում Հայաստանում Նիդերլանդների դեսպանության ֆինանսական աջակցությամբ:  Աշխատաժողովին դասախոսություններով են հանդես եկել Միջազգային քրեական դատարանի դատավոր Զոաննա Քորները, միջազգային քրեական արդարադատության ոլորտի փորձագետներ Գուրգեն Պետրոսյանը, Էլենի Խայտիդուն և Առնոլդ Վարդանյանը:

Բացման խոսքով հանդես գալով՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը, ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Հայաստանում Նիդերլանդների թագավորության փոխդեսպան Թիմեն Քուվենարը ներկայացրեցին աշխատաժողովի նպատակները։

Այնուհետև մասնակիցների համար անցկացվեցին թեմատիկ դասախոսություններ։

«Միջազգային քրեական իրավունքի նախաբան» խորագրի ներքո Գուրգեն Պետրոսյանը (Ֆրիդրիխ-Ալեքսանդեր Էռլանգեն-Նյուրենբերգի համալսարանի դասախոս) հանդես եկավ դասախոսությամբ. թեման՝ «Նյուրնբերգից՝ Հաագա:   Ստամբուլի և Լայպցիգի դատավարությունները, Նյուրնբերգի և Տոկիոյի դատավարությունները, ժամանակավոր տրիբու­նալ­ները, հիբրիդային դատարանները, Միջազգային քրեական դատա­րանի համակարգը, Հայաստանի անդամակցությունը Դատարա­նին»։ Պետրոսյանի՝ «Միջազգային հանցագործություններ, մաս I» խորագրի ներքո հաջորդ դասախոսությունը անդրադարձ էր ցեղասպանությանն ու մարդկության դեմ հանցագործություններին։

Կոսովոյի մասնագիտացված պալատի ավագ իրավախորհրդատու Էլենի Խայտիդուի՝ «ՄՔԴ  մինչդատական  վարույթը» խորագրի ներքո դասախոսության թեման էր՝ լիազորման գործընթացը, իրավա­զորու­թյունը, ընդունելիությունը, ապացույցների պահպանմանն ուղղված միջոց­ները,  տուժողների մասնակցությունը։

«Ընթացակարգային մարտահրավերներ դատավարության ընթացքում» խորագրի ներքո Միջազգային քրեական դատարանի դատավոր Ջոաննա Քորների դասախոսությունը նվիրված էր դատական վարույթը նախապատրաստելուն, դատաքննությանը, վկաների հարցաքննությանը (արտերկրից վկաների դատակոչում, տեսակապով ցուցմունք), ապացույցների ընդունմանը/ներկայացմանը, ցուցմունքի փոխարեն գրավոր նախնական հայտարարություններին, մեղքն ընդունելուն։

Աշխատաժողովի երկրորդ օրը  Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան, փորձագետ Առնոլդ Վարդանյանը՝ «Միջազգային հանցագործություններ, մաս II» խորագրի ներքո հանդես եկավ «Պատերազմական հանցագործություններ ու ագրեսիա, (հանցակազմ)» և «Միջազգային քրեական դատարանի ստատուտի արդյունավետ ազգային իմպլեմենտացում՝ միջազգային հանցագործությունների քրեա­կան հետապնդման համար» դասախոսություններով։

ՄՔԴ դատավոր  Ջոաննա Քորների՝ «Միջազգային քրեական դատարան և համագործակցություն» խորագրի ներքո դասախոսության թեման էր՝ վճիռներ գրելը, տուժողներին ու վկաներին աջակցությունը, փոխադարձ իրավական օգնությունը, իրավական և դատական ​​աջակցությունը, ձերբա­կալման որոշումների կատարումը, ձերբակալությունն ու հանձնումը։ Նա նաև ներկայացրեց ՄՔԴ դատավորների ընտրության կարգը:

Կոսովոյի մասնագիտացված պալատի ավագ իրավախորհրդատու Էլենի Խայտիդուն «Փոխլրացման սկզբունքը» խորագրի ներքո հանդես եկավ «Միջազգային հանցագործությունները քննելու և պատժելու ազգային իշխանությունների պարտավորությունները, «ne bis in idem» սկզբունքը, «no show trials»» թեմայով դասախոսությամբ։

«Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագիրը մեկնարկել է այս տարվա մարտին։ Ծրագրի նպատակը Հայաստանի պետական մարմինների և ՄՔԴ-ի միջև երկխոսության ընդլայնումն է։ Ծրագիրը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը։

Exit mobile version