Լուսինե Հակոբյանը մասնակցել է ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին

Հուլիսի 17-ին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին պետական մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում` Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և տեղակալը, քաղհասարակության ներկայացուցիչներ:

Նիստին մասնակցել է նաեւ Հայաստան-Եվրամիություն քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։

Վերջինս իր խոսքում նշել է, որ ՀՀ-ԵՄ քաղհասարակության  պլատֆորմը նախաձեռնում է հանդիպումների շարք կառավարության անդամների հետ՝ կառավարության անդամների, առանձին մարմինների առաջնայություններին ծանոթանալու նպատակով։ Հակոբյանը հավելել է նաեւ, որ Պլատֆորմն ունի իր առաջնահերությունները, բայց նաեւ ցանկանում են, որ Պլատֆորմի խորհրդատվական աջակցությունը լինի կարիքահեն։

Հակոբյանը նշել է նաեւ, որ մշտադիտարկման նպատակով Պլատֆորմը  կկենտրոնանա այն առաջնայնությունների վրա, որոնք Պլատֆորմի անդամներն առանձնացրել են նախորդ տարի, դրանց կավելացնեն նաեւ նորերը, բայց խորհրդատվական աջակցություն տրամադրելու նպատակով պետք է լսեն նաեւ կառավարության անդամներին՝ պլատֆորմի առաջնահերթությունները ամբողջացնելու եւ Պլատֆորմի՝  ներկայիս մանդատի շրջանակներում գործունեություն ծավալելու համար։

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստին ներկայացվել է ՀԸԳՀ կիրարկման գործընթացն ու դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված Կառավարության կողմից նախաձեռնված քայլերը և ներդրվող անհրաժեշտ մեխանիզմները, միջոցառումների իրականացման համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀԸԳՀ ամբողջական կիրարկումը Կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների օրակարգի շրջանակներում և համապատասխան հանձնարարականներ տվել հանձնաժողովի անդամներին՝ ճանապարհային քարտեզով նախատեսված իրավական ակտերի մոտարկման և դրանց հետագա կիրարկման գործընթացն արդյունավետ կերպով կազմակերպելու վերաբերյալ: