«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի հերթական քննարկման առարկան Սահմանադրական դատարանի 1699 որոշումն է:Այս որոշման հիմքում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հեղինակած դիմումն է։
Զեյնալյանի պարզաբանմամբ՝ 2023թ. նոյեմբերի 7-ի Սահմանադրական դատարանի 1699 որոշման հիմքում հետեւյալ սահմանադրաիրավական վեճն է․ քաղաքացիական իրավունքում գործող դատական պաշտպանության դիմելու վաղեմության ժամկետը տարածվո՞ւմ է արդյոք այն դեպքերի վրա, երբ մարդուն պետական շահի հիմքով զրկել են սեփականությունից։
Զեյնալյանի ներկայացմամբ՝ «Փաստերը հետեւյալն էին․ կառավարության որոշմամբ որպես հանրային գերակա շահ դիտարկված բնակարաններում բնակվող անձինք պետք է փոխհատուցում ստանային և արտաքսվեին։ Մեր վստահորդները վտարվել էին այդ բնակարանից՝ դրա դիմաց փոխհատուցում չստանալով։ Երկար տարիներ այս վեճը գտնվել էր պետական մարմինների վարույթում, և ինչ-որ պահի նրանց ուղղակի մերժել էին։
15 տարի անց մեր վստահորդները դիմել էին դատարան՝ փորձելով ստանալ նախնական համարժեք վնասի հատուցում, կամ իրենց գույքի հատուցում։ Կառավարությունը, ներգրավվելով որպես պատասխանող, միջնորդել էր հայցի նկատմամբ կիրառել վաղեմության ժամկետ։ Մենք համարում էինք, որ այս իրավունքի խախտումը շարունակական է և յուրաքանչյուր պահի սկսում է այդ վաղեմության ժամկետի եռամյա հոսքը։ Մինչև Վճռաբեկ դատարան այս հարցը բարձրացնելուց հետո՝ վեճը ներկայացրեցինք Սահմանադրական դատարան, որի ընդունած 1699 որոշման հիման վրա մինչեւ 2005թ. դեկտեմբեր հանրային գերակա շահի հիմքով տեղի ունեցած օտարումները կարող են դառնալ վիճարկման առարկա», — նշել է Զեյնալյանը։
Պետական միջամտությունից սեփականության պաշտպանության համար ի՞նչ իրավական նշանակություն ունի ՍԴ 1699 որոշումը, ովքե՞ր են դրա շահառուները, կարո՞ղ է արդյոք այն կանխարգելել կամ նվազեցնել սեփականության իրավունքի խախտումները ապագայում՝ դրանով իսկ ազդել ՄԻԵԴ ներկայացվող գանգատների թվի վրա։ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի հետ զրույցում այս հարցերը պարզաբանում է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը:
Ըստ նրա՝ վերը նկարագրված անհատական դիմումից ծնված այս որոշումը որոշակի լուծում է տվել հանրային գերակա շահի հիմքով անձի սեփականության իրավունքն օտարելու, նրան նախնական համարժեք փոխհատուցում չտրամադրելու հարցերին՝ սահմանելով դատարանում այս գործերի լսման համար կարևոր ուղենշային կանոններ։ Խնդիրն այն է, որ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով սահմանված ցուցակում բացակայում է պետության միջամտության արդյունքում հանրային գերակա շահ ճանաչված և սեփականության իրավունքից զրկված քաղաքացիների իրավունքների պաշտպանության նկատմամբ հայցային վաղեմությունը չնախատեսելը, և այնպես էր ստացվել, որ պետությունը իր պարտականությունները չի կատարում, այսինքն՝ նախնական ու համարժեք փոխհատուցում չի տրամադրում, սակայն անձի պահանջի նկատմամբ կիրառվում է հայցային վաղեմություն՝ նրան զրկելով սահմանադրի սահմանած նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու հնարավորությունից։ Ուստի՝ ՍԴ-ն նախ միջակայք սահմանեց մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը եղած իրավակարգավորումներն ու իրավահարաբերությունները, այնուհետև՝ պետություն-քաղաքացի հարաբերությունների պարագայում առաջացող սուբյեկտային կազմը։
Այս համատեքստում ՍԴ-ն առաջ է քաշել երկու հարց․
1․ նախնական համարժեք փոխհատուցման երաշխիքը կարո՞ղ է արդյոք սահմանափակվել՝ դրա նկատմամբ կիրառելով հայցային վաղեմություն,
2․ կիրառված հայցային վաղեմությամբ արդյոք պահպանվո՞ւմ է սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը՝ սահմանադրի սահմանած համաչափության բանաձևի տեսանկյունից, որը պարտադիր է բոլորի համար։ Հետևաբար Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ կետի պահպանումը հրամայական է, և անհրաժեշտաբար պետք է ուղենիշ լինի դատարանների համար։
ՍԴ-ն 1998թ. և 2006թ, ընդունել է երկու որոշումներ, որոնցով գնահատական է տրվել սեփականության իրավունքի նկատմամբ պետության ոչ իրավաչափ միջամտության բազմաթիվ դրվագներին ու դատական գործընթացների անօրինական լինելուն: Այդուհանդերձ, Դատարանի այդ որոշումներով արձանագրված խախտումները դատարանների կողմից լուրջ քննության առարկա չեն դարձել և նույն գործելաոճը զուգահեռաբար շարունակվել է․ արդյունքում՝ դատարանները արդար դատաքննության իրավունքը չեն կարողացել ապահովել, և սեփականության իրավունքի խախտումները՝ մասնավորապես նախնական և հատկապես համարժեք փոխհատուցման համատեքստում լուծումներ չեն ստացել։ Իր 1699 որոշմամբ ՍԴ-ն ամբողջացրել է այս պատկերն ու արձանագրել, որ ՄԻԵԴ-ի արձանագրած իրավունքի խախտումները պետք է մեր դատական համակարգում պարտադիր քննության առարկա դառնան ու լուծումներ ստանան։
Այս որոշմամբ Դատարանը արձանագրել է նաև նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու սահմանադրի հրամայականը, առանց որի գերակա հանրայի շահի ապահովման գործընթացը չի կարող լեգիտիմ և օրինական լինել։ ՍԴ-ն սահանել է նաև սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի հարաբերակցությունը, պետության առավել ինտենսիվ միջամտության և առավել զգուշավոր միջամտության կանոնները։ Այս որոշումը ևս իրավական բարձր ուժ ունեցող փաստաթուղթ է, որում ամրագրված շեշտադրումները մեր դատարանները պետք է ուշադրության առնեն, ինչի հետևանքով ՄԻԵԴ ուղղված գանգատների հոսքը կնվազի։
