Հանրաքվե անցկացնելու համար հիմա ճիշտ պահ է․ Լուսինե Հակոբյան

Հայաստանի՝ եվրոպական ապագայի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հասարակական-քաղաքական ուժերի առաջարկին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե չգիտի, թե որքանով է ԵՄ-ն պատրաստ մոտ լինել Հայաստանին։

«Մեդիա կենտրոն»-ում այս թեմային ու եվրաինտեգրման այլ հարցերին անդրադարձել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Լուսինե Հակոբյանը, արձանագրելով, որ թեպետ ԵՄ-ն ժամանակ առ ժամանակ շեշտել է, որ Արեւելյան գործընկերության քաղաքականությունը ընդլայման գործիք չէ, անհերքելի փաստ է, որ Արեւելյան գործընկերության քաղաքականության մեջ ներգրավված երեք պետություն՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, այդուհանդերձ, այս պահին ԵՄ թեկնածուի կարգավիճակ ունեն։ Վրաստանի մասով առկա է այս կարգավիճակի կասեցում: Նա հիշեցրեց, որ, որ այս պետությունների ԵՄ անդամի թեկնածության հարցով որոշում կայացնելիս Վրաստանի պարագայում ԵՄ ինստիտուտները հատկապես կարևորել էին վրաց ժողովրդի գործոնը՝ ընդառաջելով նրա եվրոպական ձգտումներին։

Լուսինե Հակոբյանը, վկայակոչելով ԵՄ-ին անդամակցելու հարցով մեզանում կազմակերպված հարցումները, արձանագրում է հայաստանցիների՝ նույն ուղղությամբ ձգտումները, ուստի, ըստ նրա, անցկացվելիք հավանական դրական ելքով հանրաքվեն կուժեղացնի Հայաստանի անդամակցության հայտը և այն ԵՄ ներսում քննարկելիս էական գործոն կդիտարկվի։ Հանրաքվեի գործոնը կարևորելով հանդերձ` Հակոբյանը կառավարությանը հորդորել է իր հերթին առաջ մղել ժողովրդավարական բլոկի, առեւտրի, տնտեսության, տրանսպորտի, ատոմային էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում ստանձնած հանձնառությունները՝ աչքի առաջ ունենալով, որ ԵՄ անդամակցության հայտը ներկայացնելուց հետո հարկ կլինի ստանձնել նորաբնույթ հանձնառություններ։ «Ահա հաշվի առնելով Արեւելյան գործընկերության քաղաքականության մեջ այս գործընթացները, կարծում եմ, որ հանրաքվե անցկացնելու համար հիմա ճիշտ պահն է․ մանավանդ որ Սահմանադրության անփոփոխելի 2-րդ հոդվածի տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ-ի եվրոպական ապագային վերաբերող այս կարևորագույն հարցը անպայման պետք է դրվի հանրաքվեի՝ ՀՀ քաղաքացիների ուղենշող քվեն ստանալու ակնկալիքով։ Վերը ասվածի լույսի ներքո, անկեղծ ասած, վարչապետի հայտարարությունն ինձ համար պարզ չէ. նա համարում է, որ պա՞հը պատեհ չէ, թե՞՝ առհասարակ այդ հարցը չպետք է դրվի հանրաքվեի։ Կարծում եմ, որ պահը նույնիսկ շատ պատեհ է՝ նկատի ունենալով ներկայում Արեւելյան գործընկերության տարածաշրջանում տեղի ունեցող ընդլայնումը, որում այժմ ներառվելը անհամեմատ հեշտ կլինի․ դժվար է ակնկալել, որ հետագայում՝ այս գործընթացի լրումից հետո, ՀՀ-ի համար առանձին ընդլայնման գործընթաց կազմակերպվի»։

Ինչ վերաբերում է ԵՄ-ի արձագանքին, ապա բանախոսը փաստում է, որ այդ կազմավորումը միատարր չէ․ անդամ պետություններից որոշները, օրինակ՝ Բալթյան պետությունները, մեր հնարավոր հայտին շատ դրական են տրամադրված, և ջանք ու եռանդ չեն խնայում ՀՀ-ի և իրենց պետությունների միջեւ հարաբերությունները զարգացնելու համար, անընդհատ պնդելով, որ ՀՀ-ն եվրոպական ընտանիքի մասն է․ «մենք կարող են ԵՄ-ի ներսում լոբբինգի, կապերը ուժեղացնելու, շփումներն ինտենսիվացնելու մակարդակներում ապավինել նրանց հաստատուն աջակցությանը։ Բացի սա՝ մենք չենք կարող չնկատելու տալ մարտին Եվրախորհրդարանի՝ ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունած ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ կապերի մասին հատուկ բանաձեւը, որով կոչ արվեց և Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին աջակցել Երեւանին՝ Բրյուսելի հետ համագործակցությունն ընդլայնելու հարցում։ Սա հարկ է դիտարկել Հայաստանին ընդառաջ արված ժեստ, միաժամանակ՝ ի ցույց դնելով այդ քաղաքական մարմնում ՀՀ-ին մեծ աջակցությունը»։

Լուսինե Հակոբյանը նշել է, որ անցած տարվա Արեւելյան գործընկերության տարեկան համաժողովում քննարկումների ժամանակ հնչած հարցին, թե արդյո՞ք պատրաստ է ԵՄ-ն ընդունել ՀՀ-ին, ԵՄ բավական բարձրաստիճան պաշտոնյաներ պատասխանել են, որ ԵՄ-ն բաց կառույց է, եթե ՀՀ-ն հետաքրքրված է հայտ ներկայացնելու, ԵՄ-ն կքննարկի դա, «պարզ է, որ կան որոշակի չափանիշներ, որոնց ՀՀ-ն պետք է համապատասխանի, բայց հենց իրենք էլ փաստեցին, որ իր ժողովրդավարական մակարդակով ՀՀ-ն Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համեմատ տեղ-տեղ նույնիսկ առաջ է»։

Այդուհանդերձ, Հակոբյանը ՀԸԳՀ-ի կատարողականի մասով տեսնում է պրոբլեմատիկ ոլորտներ, «որտեղ բարեփոխումները անգամ չեմ կարող ասել՝ դանդաղ են ընթանում, երեւի չեն ընթանում առհասարակ»։ Դրանցից առաջինը բանախոսը նշել է դատաիրավական ոլորտը։

Հակոբյանի գնահատմամբ՝ դատաիրավական բարեփոխումների ոլորտում մենք կորցրել ենք ճիշտ պահը երբ հանրության պահանջած վեթինգը չիրականացավ․ «այս միտումը վիժեցրեցին իշխող կուսակցության ներսում եղած կոնսերվատիվ իրավաբանները՝ միջազգային որոշ գործընկերների օժանդակությամբ, որոնք վեթինգը խնդիրը լուծելու ճիշտ գործիք չէին համարում»։ Հակոբյանի դիտարկմամբ՝ հետագայում տարբեր օրենսդրական բարեփոխումների միջոցով փորձ է կատարվում, ըստ էության, իրականացնել վեթինգ, բայց դա տեղի է ունենում շատ խտրական, ընտրովի, շատ դեպքերում դատավորների իրավունքների ոտնահարմամբ։ «Դատավորների մի խումբ կա, որոնց լիազորությունները դադարեցվեցին՝ իրենց խոսքի ազատության իրավունքից օգտվելու հիմքով, եւ դա տեղի է ունեցել ՄԻԵԴ կայունորեն հաստատված պրակտիկայով ձևավորված սկզբունքներին հակառակ։ Իմ տեղեկություններով՝ նրանք դիմել են ՄԻԵԴ եւ եթե բանը հասնի վճիռներին, չեմ կարծում, որ դրանք պետության համար դրական լինեն։ Այդ գործերից մեկով մեր Սահմանադրական դատարանը արդեն տվյալ դատավորի իրավունքները պաշտպանող որոշում է ընդունել, և ուրախալի է, որ գոնե ներպետական ատյանում սահմանադրական արդարադատություն ունենք, որը խախտված իրավունքների վերականգնում է ապահովում, եւ բանը չի հասնում ՄԻԵԴ, ինչպես եղել է տարիներ շարունակ»։

Ըստ Լուսինե Հակոբյանի` պետության մակարդակում բարեփոխումների գործընթացի համակարգում տեղի չի ունենում, պետության բարձրաստիճան ղեկավարությունն ավելի զբաղված է անվտանգային խնդիրներով, խաղաղության օրակարգով, եւ ներպետական բարեփոխումների պատշաճ համակարգում չի իրականացնում։ Թե՛ ՀԸԳՀ-ն, թե՛ ընդհանրապես այլ բարեփոխումների օրակարգը տեղի է ունենում առանձին մարմինների հայեցողությամբ եւ չկա համընդհանուր համակարգում, չկա տրամաբանական փոխկապակցվածություն։

Անդրադառնալով հարցին, թե՝ քաղհասարակությունը որքանո՞վ է հետեւողական բարեփոխումներին հետեւելու հարցում ու որքանո՞վ է ազդեցիկ, Հակոբյանը նշել է․

«Վերահսկողությունը տեղի է ունենում, բայց նորից պիտի վերապահում անեմ․ քաղհասարակությունը միատարր չէ, որոշ կուսակցական տարրեր ներթափանցելով քաղհասարակություն՝ մեծ ֆինանսների տնօրինելով հանդերձ չեն նպաստում քաղհասարակության նպատակներին եւ հզորացմանն առհասարակ, ավելին՝ շեղում են քաղհասարակության օրակարգը, քանի որ նրանք երեւույթները գնահատում են իրենց կուսակցական առաջնորդների պրիզմայով։ Այդ թեզերից մեկն այն է, որ մեզանում ամեն ինչ տապալված է. պատերազմը տանուլ ենք տվել, արտաքին քաղաքականությունը, ժողովրդավարությունն առհասարակ տապալված են և այլն: Քաղհասարակության այդ հատվածը իրենց կուսակցական թեզերով ու օրակարգերով փորձում է նաեւ միջազգային գործընկերներին համոզել, որ ՀՀ-ում անհույս իրավիճակ է։ Իսկ կուսակցություններից ու այլևայլ կախվածություններ չունեցող իրական քաղհասարակությունը որդեգրել է հետևյալ սկզբունքը․ եթե այս իշխանությունը հայտարարում է, որ իր նպատակը եվրաինտեգրումն է ու պատրաստ է հետեւողական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, մենք կօգնենք այդ հարցում։ Բայց մենք նաև քննադատում ենք իշխանության անբավարար ջանքերը՝ ստանձնած հանձնառություններն ու խոստացված ռեֆորմները իրականացնելու հարցում»։

Լուսինե Հակոբյանի գնահատմամբ՝ բարեփոխումների իրականացման ընթացում ՀՀ-ն հետ է մնում, եվրոպական շրջանակներում էլ դժգոհություն կան, Հայաստանը չի՞ կատարել տնային աշխատանքը,  պատրաստ չէ՞։ Արձագանքելով այս հարցին՝ Հակոբյանը նշել է․

«Կան առանձին կառույցներ որոնք բացասական են գնահատում ընթացքը: ԵՄ-ն, Պետդեպը, այլ գործընկերներ որոշակի թերություններ տեսել են դատաիրավական ոլորտում, բայց ընդհանուր առմամբ այդ թերություններով հանդերձ համարվում է, որ ՀՀ-ն գնում է ժողովրդավարության ընթացքով։ ՀԸԳՀ-ի պարտավորությունների վերաբերյալ՝ ՀՀ-ն եւ ԵՄ-ն բանակցում են ավելի հավակնոտ համագործակցության օրակարգ․ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումն հենց այդ համատեքստում էր կազմակերպված եւ, իրոք, այդ առումով աննախադեպ էր։

 «Բայց նաև կան ոլորտներ, որոնցում առաջընթն ակնհայտ է․ կարելի է ասել, որ 2018-ից ի վեր ունեցել ենք ազատ, արդար ընտրություններ: Նկատի չունեմ, որ դրանք անցել են անթերի, բայց գոնե չենք ունեցել այն իրավիճակը, որ կար մինչ այդ։ Հիմա մարդիկ կարողանում են խաղաղ հավաքներ իրականացնել, եւ տեսնում ենք, որ դրանք չեն ցրվում, քանի դեռ մնում են օրենքի շրջանակում։ Կան, իհարկե, այստեղ էլ խնդիրներ, որոշ դեպքերում ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում, առանձին ոստիկաններ պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ չեն ենթարկվում, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ՀՀ-ում այն անձինք, որոնք ցանկանում են բողոքի ակցիաներ իրականացնել, իրականացնում են»։

Հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ տեղի ունեցածին անդրադառանալով էլ Հակոբյանը նշել է․

«Ոստիկանության գործողությունների վերաբերյալ ես, Դանիել Իոաննիսյանը, Լեւոն Բարսեղյանն ու մի քանի այլ կազմակերպություններ ընդունել ենք հայտարարություն, եղել են խնդրահարույց պահեր, բայց ընդհանուր առմամբ նաեւ համաձայն չէինք մեր մի շարք գործընկերների այն գնահատականի հետ, որ դա խաղաղ հավաք էր։ Նրանք անտեսել են այն, որ հավաքի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական պատը եւ տեսնելով, որ դա չի հաջողվում, կոտրել են սիրահարների այգու ցանկապատը, որպեսզի շրջանցեն ոստիկանական պատն ու մտնեն ԱԺ։ Իսկ դա պահպանվող շենք է: Մի պետությունում, որտեղ ԱԺ-ի վրա՝ 1996-ից եղել են բազում հարձակումներ, ընդհուպ մինչեւ 1999-ի պետության ղեկավարության կոտորածը, հասկանալի է, որ սա խաղաղ հավաք գնահատել հնարավոր չէ։ Այդ մասով մեր մի շարք գործընկերների տարաձայնությունն էր առկա մեր մյուս գործընկերների հետ, որոնք համարում էին, որ հավաքը խաղաղ է եւ դա հենց այն գնահատականն էր, որ մենք չէինք կիսում եւ չենք ստորագրել իրենց ընդունած հայտարարությունը։

ՀԸԳՀ-ի կատարման մասով՝ այն մնում է մեր հիմնական փաստաթուղթը ԵՄ-ի հետ: Մեր Պլատֆորմը տարբեր առիթներով առաջարկել է վերանայել ՀԸԳՀ կատարման ճանապարհային քարտեզը, քանի որ առնվազն ժողովրդավարական բլոկի բարեփոխումների մասով այդ քարտեզը քաղհասարակության հավակնությունները չի արտացոլում: Կան դրական արձագանքներ՝ ասում են՝ եկենք անենք։ Նոր առաջնահերթությունների եւ ճանապարհային քարտեզի շուրջ աշխատանքների ուղղությամբ մենք այս պահին Պլատֆորմի ներսում աշխատում ենք, նաեւ խնդրել ենք, որ իշխանությունը մեզ տրամադրի ներկայում բանակցվող փաստաթուղթը, որպեսզի կարողանանք նաեւ խորհրդակցություններ անցկացնել քաղհասարակության ներսում, կամ եթե այն խորհրդապահական դրույթներ է պարունակում, առնվազն որոշ շրջանակի հետ հաղորդակցվեն եւ մենք կարողանանք կարծիքներ հավաքել լայն քաղհասարակությունից այդ ուղղությամբ։ Հիմա այդ փուլում ենք»։

Իսկ ո՞ր փուլում է վիզաների ազատականացման հարցը։

Ի պատասխան հարցի՝ Հակոբյանը նշել է․

«Մեր բոլոր հանդիպումներում այս հարցը բարձրացնում ենք, պնդում ենք, որ ՀՀ-ի հետ պետք է վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն օր առաջ սկսվեն, արձագանքել են, որ որոշ պետություններ ունեն վերապահումներ, մենք էլ խնդրել ենք հրավիրել հանդիպում եւ գուցե սեպտեմբերին այդ հանդիպումը լինի՝ հասկանանք։ Այսպես կարող եմ ենթադրել, որ ի թիվս այլ հարցերի, կան նաեւ մարդու իրավունքների ոլորտում որոշ պարտավորություններ ՀՀ կողմից ստանձնած, որոնք դեռ կատարված չեն, մասնավորապես՝ Իրավահավասարության մասին օրենքը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, եւ այլն, բայց այդ մասին, հուսով եմ, ավելի մանրամասն քննարկում կունենանք մոտ ապագայում՝ անդամ պետությունների ներկայացուցիչների եւ դեսպանների հետ։

Դիմել ենք փոխվարչապետի գրասենյակ, որ քաղհասարակությունը պատրաստ է օժանդակել խորհրդատվությամբ, կարողությունների ձեւավորմամբ, զարգացմամբ, ինչքանով որ կարող ենք օգնել՝ էլի պատրաստ ենք, մեզ ասեք՝ ո՞ր ոլորտներում ունեք մեր աջակցության կարիքը, հուսով եմ՝ այս փուլից հետո մեր երկխոսությունն ավելի արդյունավետ կկարողանանք իրականացնել։ Մենք պատրաստք ենք այդ աջակցությունը տրամադրել, եթե իրենք կնշեն ոլորտներ, որոնց վերաբերյալ ունեն մեր խորհրդատվական կարծիքների, աջակցության կարիքը, պատրաստ ենք այդ ձեւաչափով համագործակցել։