Հայաստանի Հանրապետության դատական իշխանության, արդարադատության նախարարության, արտաքին գործերի նախարարության և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները «Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակում հունիսի 30-ից հուլիսի 4-ը ճանաչողական այցով եղան Նիդերլանդների Թագավորությունում՝ մասնավորապես Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կենտրոնակայան Հաագայում։
Պատվիրակության կազմում ներգրավված էին նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Այցի նպատակը Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների կողմից ՄՔԴ-ի նյութական ու դատավարական իրավունքին ծանոթանալն էր, ինչպես նաև Հայաստանի՝ որպես Հռոմի ստատուտը վավերացրած երկրի հանձնառության շրջանակի ճշգրտումը։
Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Միջազգային քրեական դատարանում, Կոսովոյի հարցով մասնագիտացված պալատում, Եվրաջասթում, Նիդերլանդների թագավորության դատական ատյաններում։
Միջազգային քրեական դատարանում պատվիրակության անդամները հանդիպել են ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի ու Դատարանի քարտուղար Օսվալդո Զավայա Գիլերի հետ, և նրանց հետ քննարկել Հռոմի ստատուտին ու դրա կիրարկմանը, ստատուտից բխող հանձնառություններին Հայաստանի օրենսդրության համապատասխանեցմանը և ՄՔԴ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր։
Պատվիրակության անդամները Կոսովոյի հարցով մասնագիտացված պալատում հանդիպել են պալատի նախագահ, դատավոր Եկատերինա Տրենդաֆիլովայի, նախագահի աշխատակազմի ղեկավար, ավագ իրավաբան Սիմոն Մայզենբերգի, մասնագիտացված դատախազ Քիմբերլի Ուեսթի, ԿՄՊ քարտուղար Ֆիդելմա Դոնլոնի հետ։ Մասնագիտացված պալատը, որը հայտնի է նաեւ իբրև Կոսովոյի հարցով հատուկ դատարան, ստեղծել է Եվրամիությունը՝ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ գործած Կոսովոյի ազատագրական բանակի նախկին անդամներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Եվրաջասթում պատվիրակության անդամները հանդիպել են նախագահ Լադիսլավ Համրանի, կառույցի՝ Ֆրանսիայի կողմից ազգային անդամ Բոդուեն Տուվենոյի, Չեխիայի կողմից ազգային անդամ Լուկաշ Ստարիի, նախագահի խորհրդական Մարլեն վան դեր Կլաաուի ու աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Եվրաջասթի դերն ու մանդատը, Հայաստանի հետ համագորրծակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Դատախազներից, դատավորներից ու ոստիկաններից բաղկացած Եվրաջասթը Եվրոպական միության գործակալությունն է, որն անդամ պետությունների կողմից օժտված է համապատասխան իրավազորությամբ։ Եվրաջասթի խնդիրը ազգային իշխանությունների արդյունավետության բարձրացումն է՝ այն դեպքերում, երբ նրանք գործ ունեն անդրսահմանային և կազմակերպված հանցավորության քննությունների ու դատական գործընթացների հետ։
Հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Նիդերլանդաների թագավորության Դատական իշխանության խորհրդում՝ նախագահ Հենկ Նավեսի, նրա տեղակալ Արեան Դորմանի հետ, Ամստերդամի վերաքննիչ դատարանում՝ դատարանի նախագահ Էվելին դե Գրիվի հետ, Նիդերլանդների գերագույն դատարանում՝ դատարանի նախագահ Դինեկե դե Գրոոտի հետ։
«Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագիրը մեկնարկել է այս տարվա մարտին։ Ծրագրի նպատակը Հայաստանի պետական մարմինների և ՄՔԴ-ի միջեւ երկխոսության ընդլայնումն է։ Ծրագիրը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը։
