Սահմանադրական արգելքը շրջանցելու միակ հնարավորությունը սահմանադրական հանրաքվեն է․ Լուսինե Հակոբյան

«Տավուշն հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է, որ իրենց վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է լինելու։ Վերջինս, սակայն, երկքաղաքացի է, այս արգելը Սահմանադրությամբ շրջանցելու որեւէ տարբերակ կա՞։

Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով այս հարցին՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը նշել է․

«Այս հարցին առնչվող դրույթներն ամրագրված են Սահմանադրության առաջին հերթին Մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող գլխում, որի 48-րդ Հոդվածը կարգավորում է ինչպես ակտիվ, այնպես էլ՝ պասիվ ընտրական իրավունքները, եւ սահմանում է ԱԺ պատգամավորին առաջդրվող պահանջները։ Այդ պահանջներն են, որ որպեսզի անձը կարողանա առաջադրվել եւ ընտրվել ԱԺ պատգամավոր, պետք է նրա 25 տարին լրացած լինի, վերջին 4 տարում նա պետք է ունենա միայն ՀՀ քաղաքացիություն եւ վերջին 4 տարում բնակված լինի միայն ՀՀ-ում։ Սահմանադրության 148 Հոդվածը ամրագրում է Կառավարության անդամին ներկայացվող պահանջները եւ, ըստ էության, սահմանում է, որ դրանք նույնն են, ինչ ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջները։ Այսինքն, եթե Վազգեն Գալստանյանն երկքաղաքացի է, ապա այն կետից, երբ ինքը հրաժարվի Կանադայի իր քաղաքացիությունից, եւս 4 տարի պետք է անցնի, որպեսզի եթե նա 4 տարի շարունակի մնալ միայն ՀՀ քաղաքացի, եւ բնակվի միայն ՀՀ-ում, կարողանա առաջադրվել որպես վարչապետ։ Այս դրույթը շրջանցելու որեւէ տարբերակ չկա, միակ հնարավորությունը սահմանադրական հանրաքվեն է, քանի որ Մարդու իրավունքներին վերաբերող գլուխը ենթակա է փոփոխման միայն սահմանադրական հանրաքվեի միջոցով։ Իրենց համար ցավոք սրտի, չկա շրջանցելու հնարավորություն»։

Իսկ արդյո՞ք հնարավորություն կա, որ ԱԺ պատգամավորները իրենց ձայներով փոփոխեն միայն այս դրույթը, եւ եթե կա, որքա՞ն ձայն է անհրաժեշտ։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Այդպիսի հնարավորություն չկա, միակ հնարավորությունը, որ տեսնում եմ՝ կարող է լինել այն հնարքը, որը հեղափոխությունից առաջ՝ 2015-ին իշխանությունը կիրառել էր՝ ապահովելու Հրայր Թովմասյանի նշանակումը ՍԴ նախագահ, եւ ինչ-որ մի բան զուտ Վազգեն Գալստանյանին հարմարեցված փոփոխի անցումային դրույթներում։ Այդ պարագայում՝ այո, բայց դա կլինի մի փոփոխություն, որին իրենք հենց դեմ էին, այդ շարժման շուրջ համախմբված իրավաբանները մեծ քննադատության էին ենթարկում ԱԺ-ին՝ 2020-ին սահմանադրական նման բարեփոխում իրականացնելու համար։ Այսինքն, իրենք պետք է վերցնեն անցումային դրույթները, եւ հարմարեցնեն դա Վազգեն Գալստանյանի իրականությանը։ Օրինակ՝ նշեն, որ Վազգեն Գալստանյանի պարագային դա չի վերաբերվում, նման մի բան»։

Իսկ ո՞վ կարող է դա նախաձեռնել։ Ըստ Հակոբյանի, եթե անհրաժեշտ թիվը բավարարի, պատգամավորներն էլ կարող են դա անել։

«Բայց ես կարող եմ հիշեցնել, որ 2022-ին, երբ ես դեռ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ էի, գիտեք՝ գործում է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ եւ այդ առաջարկությունը ներկայացվել էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովների անդամներից մեկի կողմից եւ խորհրդի անդամների գերակշիռ մեծամասնությամբ այդ առաջարկը՝ երկքաղաքացիների կողմից նման պաշտոններ զբաղեցնելու արգելքի մասին, մերժվեց, այդ թվում՝ քաղհասարակության երեք ներկայացուցիչներն էին դեմ այդ առաջարկին եւ հիմնավորումն այն էր, որ որպեսզի անձը կարողանա մեր պետությունում, կամ որեւէ պետությունում զբաղեցնել նման բարձր պետական պաշտոն, ակնհայտ պետք է լինի այդ անձի կենսական կապվածությունը ՀՀ-ի հետ։ Քանի որ անձը՝ լինելով որեւէ այլ պետության քաղաքացի, հնարավոր է հայտնվի այնպիսի իրավիճակում, երբ որ առաջանա բախում ՀՀ շահերի եւ այդ պետության շահերի միջեւ, եւ անհասկանալի կլինի, թե այդ դեպքում այդ անձը ո՞ր շահերին պետք է տա նախապատվություն։ Դիցուկ, եթե անձը եւ Կանադայի քաղաքացի է, եւ՝ ՀՀ-ի, ու ՀՀ եւ Կանադայի շահերի միջեւ առաջանում է բախման իրավիճակ, այդ անձը ո՞ր շահին պետք է տա նախապատվությունը։ Ինքը հավասարապես լոյալ պետք է լինի երկուսին էլ, եւ այդ դեպքում՝ եթե հասարակ անձի պարագայում դա խնդիր չէ, ապա վարչապետի, կամ նախագահի դեպքում դա կարող է շատ մեծ խնդիր լինել»,- նշել է Հակոբյանը։

Դիտարկմանը, թե մենք նախորդ նախագահի՝ Արմեն Սարգսյանի պարագայում, նման՝ երկքաղաքացիության խնդրին արդեն առնչվել ենք, դա նախադե՞պ է, Հակոբյանն արձագանքել է․

«Դա նախադեպ չենք համարում, դա Սահմանադրությամբ է կարգավորված, 124 Հոդվածը ամրագրում է, որ անձը, որպեսզի կարողանա ընտրվել նախագահ, էլի պետք է 6 տարվա միայն ՀՀ քաղաքացիության ցենզը բավարարի, 6 տարվա բնակության ցենզը բավարարի, եւ լինի 40 եւ բարձր տարիքի։ Այսինքն, դրանք սահմանադրական դրույթներ են եւ այդ դրույթը եւս հանրաքվեից բացի որեւէ այլ կերպ փոփոխման ենթակա չէ։ Այսինքն, սահմանադրորեն չկա նման հնարավորություն այս պահին այդ փոփոխությունն իրականացնելու, եթե չդիմեն մի անձի կարիքներին հարմարացնելու հնարքին»։

Իսկ որքա՞ն ձայն պետք է ԱԺ-ում թեկուզ անցումային դրույթներում փոփոխություններ կատարելու համար։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Բնականաբար, դա պետք է ունենա որակյալ մեծամասնություն, նույն չափի ձայներ, ինչ ունեին 2020-ի փոփոխությունն իրականացնելու ժամանակ, այսինքն, միայն ընդդիմադիրների ձայները բավարար չեն։ Բայց իշխող մեծամասնության իրավաբան ներկայացուցիչները 2022-ից բարձրաձայնել են եւ այդ հարցում եղել է համախոհություն նաեւ քաղհասարակության հետ, որ նման փոփոխությունն անընդունելի է, հատկապես հայաստանյան իրականությունում, երբ ՀՀ-ն կանգնած է բավական լուրջ անվտանգային մարտահրավերների առջեւ։ Միգուցե այլ փուլում հնարավոր լիներ քննարկել նման փոփոխություն, բայց սա չէ դրա պահը»։

Իսկ երբեւէ որեւէ երկրում նման նախադեպ եղե՞լ է։ Հակոբյանը նշել է, որ չի կարող ասել՝ նման նախադեպ եղել է, թե՞՝ ոչ, բայց ամեն դեպքում, ամեն պետություն ունի իր կարգավորումներն ու իր սահմանադրական կարգավորումներով է առաջնորդվում։ «Անգամ եթե միջազգային դրական փորձ կա, այն պետք է իմպլեմենտացվի մեր ներպետական սահմանադրական կարգով, այսինքն, միեւնույն է, որքան էլ որ լավագույն փորձ լինի այդ հարցի վերաբերյալ, դա պետք է թարգմանվի ՀՀ սահմանադրության մեջ եւ նոր հնարավոր լինի դա կիրառել։ Այսինքն, որեւէ պարագայում հնարավոր չէ սահմանադրական արգելքը շրջանցել։ Կոնկրետ առաջադրման պահը զուտ հայտարարություն է եղել՝ բողոքի ակցիայի շրջանակներում, հարթակից, նպատակների շուրջ չեմ ցանկանում մեկնաբանություններ անել, բայց ինքնին դա առաջադրում էլ հնարավոր չէ համարել»,- նշել է Հակոբյանը։

Իսկ եթե առաջադրումից հետո հաջողվի ԱԺ-ում ստանալ այնքան ձայն, որը թույլ կտա գործող վարչապետին անվստահություն հայտնել, եւ առաջադրվի Բագրատ Գալստանյանի թեկնածությունը եւ նա ընտրվի, դա կլինի հակասահմանադրակա՞ն։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Իհարկե, դա հակասահմանադրական իրավիճակ է ինքնին, եւ այդ պարագայում անհրաժեշտ թվով ձայներով՝ 1/3-ն է դա, հնարավոր է գնալ ՍԴ եւ հայցել ՍԴ դիրքորոշումը։ Ես կարծում եմ, որ իրենք հասկանում են, որ դա հնարավոր չէ, զուտ մարդկանց հրապարակում պահելու եղանակներից մեկն են դա դիտարկում, քանի որ այնտեղ միգուցե մեծ դիմադրություն կա այդ շարժման շուրջ համախմբված որոշ անձանց շուրջ եւ դա է պատճառը, որ փորձում են ասել, որ Վազգեն Գալստանյանն է լինելու այդ առաջնորդը եւ ինքն է լինելու վարչապետի թեկնածուն, բայց իմ թվարկած հոդվածների ուժով դա հնարավոր չէ։ Ավելին, Վազգեն Գալստանյանը սովորական պատգամավոր չի կարող դառնալ, էլ չասած՝ վարչապետի մասին, բոլորի համար գործում է 48 հոդվածով նախատեսված բնակության եւ քաղաքացիության ցենզը»։

Դիտարկմանը, որ նախագահի նախադեպ ունեինք, որ վերջին 10 տարում չի բնակվել ՀՀ-ում, բայց դարձել է նախագահ, Հակոբյանն արձագանքել է․

«Բնակվելու պահով՝ ամեն 6 ամիսը մեկ գոնե անձը պետք է մուտք գործի ՀՀ, որպեսզի համարվի ՀՀ-ում անդադար բնակվող, բնակության պահանջին բավարարող։ Բագրատ Գալստանյանի պարագայում կարծում եմ խնդիրը բնակության ցենզը չէ, այլ միայն ՀՀ քաղաքացի չլինելու խնդիրն է, քանի որ նա, ինչպես հասկանում եմ, վերջին մի քանի տարում հանդիսացել է ե՛ւ ՀՀ քաղաքացի, ե՛ւ Կանադայի քաղաքացի։ Նույնիսկ եթե ասում է, որ ինքը քաղաքացիությունը չի խնդրել, իրեն տվել են այդ քաղաքացիությունը, ամեն դեպքում, ինքը երդման ստանդարտ տեքստ է արտասանում, որտեղ նաեւ իր հավատարմությունն է հայտնում Մեծ Բրիտանիայի միապետին, հիշենք, որ Մեծ Բրիտանիայի միապետը, հայերի ասած՝ թղթով անգլիկան եկեղեցու գլուխն է, ճիշտ է, պրակտիկ կառավարումն այդ եկեղեցու իրականացնում է Քենթրբերիի արքեպիսկոպոսը, բայց եկեղեցու գլուխը համարվում է ՄԲ միապետը, այսինքն, անձը՝ լինելով բարձրաստիճան հոգեւորական, հավատարմության երդում է տվել այլ կրոնի գլխին, դա էլ է այդ մարդու պարագայում խնդիր եւ այդ հարցերին էլ նա պետք է պատասխանի՝ ո՞ր անհրաժեշտությունից դրդված է նա այդպիսի հավատարմության երդում տվել այլ պետության միապետին, որը նաեւ այդ պետության եկեղեցու գլուխն է։ Մեծ հույսեր ունեմ, որ այդ անհրաժեշտությունն ավելի բարեկեցիկ կենսաթոշակը չի եղել, եւ չի եղել հարցը այն, որ անձը հույս չի կապել ե՛ւ ՀԱԵ հետ, ե՛ւ ՀՀ-ի հետ, որ իրեն արժանապատիվ կենսաթոշակ կապահովեն»։

Առհասարակ հոգեւորականի նման քաղաքական հայտ ներկայացնելուն ու կարգավիճակը սառեցնելուն անդրադառնալով էլ՝ Հակոբյանը նշել է․

«Կարծում եմ, որ եթե գտնենք այս օպերացիային չմասնակցող հոգեւորականների ներկայացուցիչ եւ կանչեք ու խնդրեք, որ ինքը պարզաբանի, թե ինչ է նշանակում հոգեւոր այդպիսի դասի կասեցումը, ավելի ճիշտ կլինի։ Իրավական տերմինաբանության մեջ գոյություն ունի դադարեցում եւ կասեցում, սառեցում ինձ հայտնի չէ, գուցե՝ իրենք մեկնաբանեն, թե դա ինչ է։ Ես կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունենում, մի քանի օր առաջ էլ հարցազրույցներով ասել եմ, շատ մեծ հարված է եկեղեցու հեղինակությանը, քանի որ ՀԱԵ-ն բոլոր հավատավորների եկեղեցին է, դա միայն իշխանության կամ ընդդիմության աջակիցների եկեղեցին չէ, եւ երբ ՀԱԵ բարձր սպասավորը կողմ է բռնում, քաղաքական հայտ է ներկայացնում, եւ աջակցում քաղաքական մի ուժի, որը բոլորի աչքի առաջ 2020-ից փորձում է իրականացնել հեղաշրջում, եւ հայտարարում է, որ հիմա ինքն է այդ շարժումն առաջնորդելու, իսկ գործող անձինք, ըստ էության նույնն են, դրանով իսկ հասարակության մեծամասնության մոտ այդ անձը մեծ վնաս է հասցնում ՀԱԵ հեղինակությանը»։

Հարցին, թե այսպիսով ոտնահարվո՞ւմ են սահամանդրական այն սկզբունքները, որ պետությունն ու եկեղեցին անջատ են, Հակոբյանը պատասխանել է․

«ՀՀ Սահմանադրությունը չի ամրագրում, որ ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, բայց դա ժամանակակից դեմոկրատական պետությունների սկզբունքն է, որ գոյություն ունի հստակ տարանջատում եկեղեցու եւ աշխարհիկ իշխանությունների միջեւ եւ եկեղեցին չի միջամտում։ Այսինքն, շատ դժվար է պատկերացնել, որ օրինակ՝ ժողովրդավարական Մեծ Բրիտանիայում Քենթրբերիի արքեպիսկոպոսը կարող է այդպիսի մի շարժում առաջնորդել, եւ կանգնել ու հայտարարել, որ ինքը Րիշի Սունակի հրաժարականն է պահանջում, դա սյուր երեւույթ է։ Բայց սահմանադրորեն ճանաչված է ՀԱԵ բացառիկ առաքելությունը մեր մշակութային ժառանգության, պատմության, ազգային ինքնության պահպանման գործում։ Նաեւ գործում է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու եւ ՀՀ հարաբերությունները կարգավորող օրենքը, որն ընդունվել է 2007-ին, եւ այնտեղ էլ չենք գտնի կարգավորումներ, որոնք գոնե ինչ-որ չափով կկարգավորեն այն հարցերը, որ եկեղեցին իրավունք ունի այսպիսի շարժում առաջնորդել։ Ավելի շատ հայապահպան, մշակութապահպան, բարեխնամ գործունեության մասին է այդ օրենսդրությունը։ Եւ այդ օրենքի շրջանակներում դարձյալ կան որոշակի պարտականություններ, գործառույթներ, որոնք եկեղեցին կարող է իր ձեռքը վերցնել եւ փոփոխություն բերել մեր հասարակության բարեկեցությանը։ Օրինակ՝ շատ է խոսվում նույն իրավապահ համակարգում մարդու իրավունքների խախտումների մասին, այդ օրենքը կարգավորում է, որ եկեղեցին իր բարեխնամ գործունեության շրջանակներում կարող է եւ մուտք գործել քննչական մեկուսարաններ եւ այլն, եւ տեսնել՝ արդյո՞ք այնտեղ մարդկային արժանապատվության եւ այլ իրավունքների ոտնահարումներ տեղի չեն ունենում։ Եկեղեցին կարող է իրականացնել այս ամենը, բայց ոչ վարչապետացու կռել եւ մարդկանց էլ թյուրիմացության մեջ գցել, որ այ շուտով մենք կգտնենք ինչ-որ մի սահմանադրական կարգավորում, որը գոյություն չունի, եւ որով մենք Վազգեն Գալստանյանին կդարձնենք վարչապետ։ Դա առնվազն անազնիվ է այն մարդկանց հանդեպ, որոնք այսօր լսում են նրանց եւ մասնակցում նրանց կազմակերպած հավաքներին»։

Հարցին, թե դժգոհություններ կան մյուս կողմից վերջին շրջանում, թե միգուցե կարելի է եկեղեցին հարկել, ինչին հակադրվողներն ասում են, որ սա էլ կնշանակի, որ պետությունն է փորձում խառնվել եկեղեցու նրքին գործերին, ի՞նչ է ասում օրենքը, Հակոբյանն արձագանքել է․

«Զուտ հարկման մասին չեմ ուզում ասել, ես այդ հարկման հարցերին չեմ տիրապետում, չգիտեմ, որքանով է եկեղեցին հարկվում, կամ՝ ոչ, բայց եկեղեցին լուրջ ռեֆորմների կարիք ունի եւ տարիներ շարունակ ունեցել է։ Այդ թվում պետք է ամրագրել, որ եկեղեցին չպետք է մասնակցի նման քաղաքական գործընթացների, քանի որ եկեղեցին մեր բոլորիս ժառանգությունն է, այն իրավունք չունի կանգնել քաղաքական ինչ-որ մի հայացքներ ունեցող անձանց կողքին ու առաջնորդել նրանց շարժումը, եւ անտեսել մյուսներին, քանի որ եկեղեցին բոլորինս է։ Ինչո՞ւ են ասում՝ Ամենայն հայոց Կաթողիկոս, քանի որ բոլորինն է, չի կարող այնտեղ լինել ինչ-որ խումբ, որոնք դավանում են ՀԱԵ դավանանքը, բայց իրենց քաղաքական հայացքների պատճառով հայ չեն, կամ դավաճան են, կամ եկեղեցին պետք է նրանց դատապարտի։ Այսինքն, այդ մոտեցումներն անթույլատրելի են, եւ հարվածում են հենց եկեղեցու հեղինակությանը»։

Իսկ արդյո՞ք ցուցարարների եւ ոստիկանների միջեւ վերջին օրերին տեղի ունեցողը իրավական տիրույթում է։

Լուսինե Հակոբյանի խոսքով՝ այդ խնդիրը նոր չէ։

«Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների թեմային մենք անդրադարձել ենք նաեւ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի մշակած խորհրդատվական կարծիքների շրջանակում, վերջին իրադարձությունների հետ կապված էլ ինչքանով դիտել եմ այն տեսանյութերը, որոնք կան համացանցում, ակնհայտորեն այնտեղ կան անհամաչափ ուժի կիրառման դրսեւորումներ եւ արդեն ժամանակն է, որ այն ծառայողները, որոնք այդ անհամաչափ ուժը կիրառում են չթաքնվեն այն պատճառաբանությունների հետեւում, թե իրենք չգիտեն իրավաչափ ուժի կիրառման միջազգային ստանդարտները եւ այլն, եւ իրոք պատասխանատվություն կրեն, քանի որ սրանք այդ հարցերը չեն։ Ես վերջերս տեսնում էի այդպիսի կադրեր Վրաստանի ցույցերից, եւ մտածում էի, որ գուցե Հայաստանում նման բան էլ տեղի չի ունենա, բայց մենք ականատեսը եղանք բավական անթույլատրելի միջադեպերի եւ կադրերիի եւ դրանք պետք է բացառել, իսկ մեղավորները պետք է խստիվ պատժվեն»,- նշել է Հակոբյանը։