Շարժման առաջնորդների նպատակը երբեք չի եղել իրավականությանը հետամուտ լինելը, նպատակը եղել է հեղաշրջումը․Լուսինե Հակոբյան

«Չեն դիմում, քանի որ շարժման առաջնորդների նպատակը երբեք չի եղել իրավականությանը հետամուտ լինելը, նպատակը եղել է հեղաշրջումը, եւ այդ մասին նրանք անթաքույց նշել են իրենց վերջին 4-ից մի քիչ քիչ տարիների ընթացքում։ Ըստ էության, ամեն տարի տարբեր մեթոդներով այդ նպատակն է հետապնդվում այդ խմբի կողմից, ուղղակի մեթոդները, եղանակները, գործող անձինք, առաջնորդները՝ թե ինչ դեմքով հանդես գան, նրանք են փոխվում։ Բայց, ըստ էության, այն խումբը, որ կանգնած է նրանց հետեւում, եւ այն գերտերությունը, որի շահերը նրանք սպասարկում են, նույնն են մնում։ Եւ այդ առումով, եթե հիշենք, որ Փաստաբանների պալատի ղեկավարությունը 2020 թվականից հետո անում էր ցույցեր, պահանջում էր վարչապետի հրաժարականը՝ դրանով իսկ լուրջ հարված հասցնելով փաստաբանության անկախությանը, փաստացի բռնելով քաղաքական կողմ, հիշում ենք, որ պալատի նախկին նախագահը քաղաքական կուսակցություն էր գրանցել, մեծ թովով փաստաբաններ մտել էին այդ կուսակցություն եւ այլն, կարող ենք ամփոփել, որ իրավականության հաստատումը, կամ վերահաստատումը, կամ իրավականությունը չի խնդիրն այստեղ, խնդիրն իշխանափոխությունն է՝ հեղաշրջման միջոցով։ Քանի որ 2021-ին՝ հստակ գնահատելով իրենց ուժերը, եւ հիմա էլ գնահատելով, որ ընտրական գործընթացների միջոցով նրանք չեն կարող վերստին գալ իշխանության, փորձ է արվում այսպիսի շարժման միջոցներով հիմնականում գարնանային ամիսներին իրականացնել հեղաշրջում։ Այս անգամ այս շարժումը կարծես տառ-տառ իմիտացիա էր 2018-ի հեղափոխության գործընթացներին, բայց այստեղ մի հետաքրքիր բան կա, որ այդ նախկին իշխանության մոտ կար՝ ձեւը բովանդակության նկատմամբ գերապատվություն տալու միտումը, եւ հիմա էլ իրենք այդ նույն միտումի տակ ընկած մտածում են, որ եթե 2018-ի հեղափոխությանն իրենք կրկնօրինակեն, ասենք՝ հայտնվի ճանապարհին ինչ-որ քոթոթ, կամ ինչ-որ երգ գրեն, ինչ-որ նշանաբաններ հորինեն, դրանով հնարավոր է իրականացնել հեղափոխություն։ Բայց խնդիրն այն է, որ այն բովանդակությունը, որ կար 2018-ին, այդ բովանդակությունը նախ իրենք չեն ուզենա դնել այս իրենց շարժում կոչվածի տակ, երկրորդն էլ՝ պարզապես օբյեկտիվորեն էլ հնարավոր չէ այդպիսի բովանդակություն դնել, քանի որ իրենց հետապնդած նպատականերն այլ են։ Հետեւաբար, ձեւն աշխատում է, երբ որ հետը ճիշտ բովանդակություն է լինում, միայն ձեւն այս պարագայում չի աշխատելու։ Ցավալի է, որ նրանք դա չեն հասկանում»։

Այս մասին «1in.am»-ի տաղավարում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի համանախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե այն ամենն, ինչ կատարվում է այսօր ներքաղաքական կյանքում, եւ մասնավորապես Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած շարժումը, սկսվել է սահմանազատումից, որը նրանք անվանեցին հակաիրավական, ուստի, ինչո՞ւ չեն դիմում իրավական ճանապարհով հարցը վիճարկելու։

Այս համատեքստում հարց հնչեց դատարանների մասին, «վերջին դեպքի առանցքով՝ հայտնի երիտասարդի մասնակցությամբ ձայնագրության մասին, որտեղ խոսվում էր կառավարական շենքեր գրավելու մասին եւ այլն, դրանից առաջ նոյեմբերի 9 ենք ունեցել, ի՞նչ եղան այդ մահափորձ անողները, գույք վնասողները, այս համակարգի որոշումներն այս պարագայում որքանո՞վ են առնչվում ՀՀ-ում խորքային պետության հետ»։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Կարծում եմ, որ վեթինգի շատ լավ հնարավորությունը 18-19 թվականներին բաց թողեցինք, հետո օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով էլի չկարողացանք անել, կարծում եմ, որ դրա լոկոմոտիվը պետք է Արդարադատության նախարարությունը լիներ, բայց չեղավ, ցավոք։ Հիմա 5-րդ նախարարն է հեղափոխությունից հետո, եւ կարելի է ասել, որ վեթինգի պահը բաց է թողնվել։ Նաեւ միշտ նշում եմ, ու էլի նշեմ, որ միջազգային որոշ գործընկերների դերակատարությունը եւս չնպաստեց վեթինգի իրագործմանը, մասնավորապես հիշում ենք, թե այդ ջանքերը ինչ արձագանք էին ստանում Վենետիկի հանձնաժողովի կողմից, ՍԴ բարեփոխմանն ուղղված գործընթացների վերաբերյալ միջազգային արձագանքների մասին։ Եւ շատ հետաքրքիր է, թե ՍԴ նախկին անդամներ Թովմասյանի, Գյուլումյանի, Թոխյանի, Նազարյանի գործով ՄԻԵԴ վերջերս կայացրած վճռի լույսի ներքո հիմա ի՞նչ պետք է ասեն միջազգային այն գործընկերները, որոնք դեմ էին արտահայտվում այդ գործընթացին։ Ըստ էության, այստեղ ունենք հետաքրքիր իրավիճակ, այդ ռեֆորմի կապակցությամբ հիշում ենք, որ Վենետիկի հանձնաժողովը հստակ բացասական կարծիքներ էր ներկայացնում, բայց միաժամանակ ունենք ՄԻԵԴ որոշում, որն, ըստ էության, ասում է, որ դա պետության ներքին սահմանադրական ռեֆորմի գործն է, եւ այդ հիմքով որոշում է կայացրել եւ առանց քննության է թողել այդ դատավորների բերած բողոքը՝ փաստորեն սխալական հանելով նաեւ Վենետիկի հանձնաժողովին։ Այս ամենը պետք է լուրջ մտորելու տեղիք տար նաեւ միջազգային գործընկերներին, որոնք առանց խորանալու մեր պետության կոնտեքստի մեջ՝ միաբերան պնդում էին, որ սա անհրաժեշտ է դատավորների անկախությունը եւ ինքնավարությունը պաշտպանելու համար, ինչը այո, անհրաժեշտ էր, բայց այն իրավիճակում, որում Հայաստանն էր գտնվում հետհեղափոխական փուլում, մոտեցումները պետք է լինեին այլ, եւ այդ մասին քաղհասարակության պրոֆեսիոնալ հատվածը բազմիցս հնչեցնում էր, կրկնում էր, պայքարում էր, բայց արդյունք չեղավ։ Ես էլի շնորհակալ եմ, որ մենք գոնե չունենք 2020-ի նոյեմբերի 9-ից հետո իրավիճակը, երբ ԲԴԽ նախագահն իրեն թույլ էր տալիս քաղաքական հայտարարություններ անել, այս մասով, իհարկե, իրավիճակը փոխվել է, եւ շատ լավ է, որ դատավորներն էլ, հիմա տեսնում եմ՝ հասկացել են, նրանք, ովքեր չէին հասկացել, իրենց քաղաքական զսպվածության, չեզոքության հրամայականը, եւ քանի որ դատական համակարգը իշխանության երեք ճյուղերից ամենաքիչ վստահություն ունեցողներից է, ամեն դեպքում ճիշտ է, որ դատավորները, ԲԴԽ անդամները չմտնեն այսպիսի գործընթացների մեջ, ինչպես որ անում էին մեծավ մասամբ։ Նախկին դատավորներից Ազարյան կար, կադրերում տեսել եմ, անգամ մի քանի անգամ ելույթ է ունեցել, Քոչարյանի ջատագովն ու շահերի պաշտպանը, մեծ խնդիր կլիներ, իհարկե , եթե նա լիներ դատական համակարգում, բարեբախտաբար՝ չկա։ Այս տարիներին ինչ-որ նախաձեռնություններ եղան՝ քիչ թե շատ ոտքի կանգնեցնելու դատական համակարգը, ինչը էլի վատ չէ, քանի որ չեղածի պայմաններում՝ սա էլ պետք է գնահատենք եւ հասկանանք, այն մեր պատկերացրած իդեալական քայլերը չձեռնարկելու պարագայում գոնե այսքանն արվել է, էլի աշխատանք է, բայց, իհարկե, դեռ շատ աշխատանքի տեղ կա եւ այնտեղ համակարգեր կան, որոնք ի վերջո պետք է աշխատեն։ Մասնավորապես, այսօր մենք Արդարադատության նախարարության հետ քաղհասարակության մի շարք կազմակերպություններով քննարկել ենք օրինակ՝ ԴԸԺ էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի անհրաժեշտ բարեփոխումները, վերջերս նաեւ դատավորների գնահատման համակարգի ներդրման փորձեր են կատարվում, դրանք եւս հուսանք ի վերջո նպաստելու են այդ համակարգի առողջացմանը։ Անդրադառնալով հարցին, որը վերաբերվում էր այն սարսափներին, բռնություններին, որի միջոց անցել ենք 2020-ին,  այս պահի դրությամբ չգիտենք էլ՝ այդ գործերն ինչ ճակատագիր ունեցան, այո, դա էլ, էլի չռեֆորմացված դատական համակարգի հետեւանքն էր»։

Դիտարկմանը, որ տեսակետ կա, որ երբեմն նաեւ քննիչները գործերն այնպես են կազմում, որ այլ որոշում դատավորներն ուղղակի չեն կարող կայացնել, Հակոբյանն արձագանքել է․

«Դա եւս, որ ասում ենք վեթինգ, էլի միայն դատական համակարգը նկատի չունեինք, ես դատախազական, քննչական համակարգերը նկատի ունեի, անգամ փաստաբանության վեթինգն էր անհրաժեշտ, բայց ցավոք՝ պահը բաց թողեցինք»։

Հարց է հնչել, թե արդյո՞ք որեւէ իրավական գնահատատակնի արժանի է այս ատելության խոսքը, հայհոյախոսությունը, բռնությունները, այդ թվում լրագրողների հանդեպ։

Ի պատասխան Հակոբյանը նշել է․

«Այո, պետք է արժանանա, բայց ցավոք՝ միջոցներն էլի ադեկվատ չեն, կամ ձեռնարկվում են այն ժամանակ, երբ իշխանության որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների են դրանք հասցեագրվում, եւ դա է պատճառը, որ տարիներ շարունակ քաղհասարակության տարբեր գործիչներ էին թիրախավորվում որպես սորոսականներ, դավաճաններ, օտարերկրյա գործակալներ, եւ ոչինչ չէր ձեռնարկվում այդ առիթով, եւ հիմա էլ չի ձեռնարկվում։ Հասկանալի է, որ մոտեցումն այն է, որ դե սա դեմոկրատիա է, խոսքի ազատություն եւ այլն։ Բայց ատելության խոսքի տարածումը ժողովրդավարության հետ որեւէ կապ չունի եւ պետք է արձագանքի արժանանա։ Էլի շատ վատ է, որ համակարգերը չստեղծվեցին եւ պատշաճ արձագանքում տեղի չունեցավ մարդու իրավունքների խախտումներին առհասարակ, ոչ միայն ատելության խոսքը, նաեւ ոստիկանության կողմից բռնությունները տարբեր քաղաքացիների, այդ թվում փաստաբանների նկատմամբ, երբ տեսանք, որ գոնե ծառայողական քննություն, կամ պատասխանատվության այլ միջոցներ չկիրառվեցին։ Ինչ վերաբերվում է այդ խոսույթին, դրա արձագանքը ժողովուրդը տվեց, քաղաքական գնահատական տվեց եւ այդ գնահատականը նաեւ 2021-ի ընտրություններն էին, եւ ես վստահ եմ, որ եթե այսօր էլ լինեն ընտրություններ, այդ խոսույթը տարածողները շատ ավելի քիչ ձայներ են  ստանալու, քանի որ ժողովուրդի մոտ տեղի է ունենում քաղաքական հասունացման լուրջ գործընթաց, եւ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը շատ վատ է վերաբերվում այդ խոսույթին, ընդհանրապես վատ է վերաբերվում այդ մակարդակում փոխհրաձգությանը որեւէ կողմից եւ ավելի շատ սպասում է բովանդակության, կառուցողական բովանդակության, փորձում է հասկանալ։ Այդ ստեղծարար եռանդը մարդիկ ունեն, եւ ուզում են հասկանալ պետության բարգավաճման, ոտքի կանգնման, հզորացման ո՞ր ոլորտներում իրենք կարող են ներդնել, բայց այդ էներգիան չի օգտագործվում, դրա համար մարդիկ սպասելու են այդ կառուցողական, բովանդակային խոսակցությանն ու այն քաղաքական ուժերը, որոնք կառաջարկեն այդ բովանդակային խոսակցությունը, դրանք էլ ապագայում արժանանալու են ժողովրդի մեծ վստահությանը»։

Լրագրողը նաեւ հետաքրքրվել է, իսկ «ինչպե՞ս են մեր գործերը եվրոպական ուղղությամբ»։

Հարցին Հակոբյանը պատասխանել է․

«Ցանկալի է, որ ավելի բարձր մակարդակով բովանդակային խոսակցություն վարվի, եւ ես կուզենայի, որ այս շարժման մասին այսքան խոսակցություն չվարեր նաեւ  իշխանությունը, ավելի շատ խոսեր այն մասին, թե մեզ ինչ է պետք։ Վարչապետը ասում է, որ եթե իրեն հնարավորություն տրվեր, ինքը հենց այս տարի էլ կդիմեր ԵՄ անդամակցության համար, բայց դիմելը մի քայլն է, այնտեղ շատ աշխատանք կա անելու, կան ստանդարտներ, որոնց պետությունը պետք է համապատասխանի, իրավական աշխատանք կա անելու, պետք է հասկանալ՝ որ ոլորտում ինչ մոտարկման, կամ ներդաշնակեցման ինչ հարցեր կան, մենք ինչ ինստիտուտներ պիտի ստեղծենք, ինչ պետք է արվի, որպեսզի մենք ավելի կարողանանք մոտենալ ԵՄ-ին եւ ցանկալի է, որ մենք այդ խոսակցությունն ավելի ինտենսիվ վարենք։ Խորհրդանշական մի բան ասեմ՝ մինչ մայիսի 9-ին Գալստանյանն ու ընկերությունն իրականացնում էին այդ հայտնի հանրահավաքը, ՀՀ քաղհասարակության մի շարք գործիչներ եւ քաղաքական մի շարք ուժեր այդ օրը նշում էին Եվրոպայի օրը, այն խորհրդանշում է ԵՄ անդամ պետությունների միասնությունը, խաղաղությունը Եվրոպական տարածաշրջանում եւ շատ կարեւոր է, որ ՀՀ-ն եւս ասում է, որ մենք եւս դրա մասն ենք կազմում, տեսնում ենք, որ մեր արժեբանական հիմքն է դա, մենք հավատում ենք, որ մեր ճանապարհը դա է։ Դա շատ կարեւոր իրադարձություն էր, որը ցավոք, էլի մնաց անտեսված, բացառությամբ մի քանի ԶԼՄ-ների, անգամ Հանրային հեռուստաընկերությունը չլուսաբանեց, մեծ հաշվով ավելի մեծ լուսաբանման կարիք կար եւ ավելի մեծ ուշադրության, քանի որ ՀՀ-ն պետք է հանրահռչակի, որ ինքն ուզում է այդ ուղղությամբ գնալ, որ մեր հանրությունն ուզում է, որ մեր հանրությունը պատրաստ է դրան, եւ դա շատ կարեւոր է»։