Հայաստանում նշվել է Եվրոպայի օրը

Եվրոպայի օրվա կապակցությամբ երեկ, մայիսի 9-ին, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմն ու Հայաստան-Եվրոպա համաժողովի նախաձեռնող խումբը «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում կազմակերպել էին ընդունելություն։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչներ, 2023թ. նոյեմբերին Բրյուսելում տեղի ունեցած «Հայաստանի ռազմավարական ապագան» Հայաստան- Եվրոպա համաժողովի մասնակիցները,  քաղաքացիական հասարակության գործընկեներ, Հայաստանի եվրոպական ինտեգրման ջատագով քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Քրիստոնյա-ժողովրդավարական, Հայաստանի Եվրոպական եւ Պահպանողական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների գործընկերներ։

Եվրոպայի օրը Եվրոպական Միությունում նշվում է մայիսի 9-ին: 1950թ. այդ  օրը ընդունվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանի նախաձեռնած հռչակագիրը, որը սկիզբն է դրել Ածխի և պողպատի եվրոպական համայնքի ստեղծմանը: Եվրոպայի օրը Եվրոպական ընտանիքի պետությունների համար խաղաղության և միասնության խորհրդանիշն է: