«Մի քանի ասպեկտների կուզեի անդրադառնալ, նախ՝ Կիրանցի համայնքի ղեկավարն ինչ հայտարարել է, իհարկե, շատ լավ է, բայց մենք պետք է հասկանանք, որ կլինեն նաեւ համայնքի ղեկավարներ, որոնք այս սահմանազատման արդյունքում կարող է ինչ-որ տեղ էլ դժգոհ մնան, քանի որ միշտ չի լինի, որ փոխադարձաբար դա կարող է լինել, կարող է ինչ-որ այլ համայնքում լինի այլ պատկեր, քան Կիրանցում էր, բայց դա չի նշանակում, որ Եկեղեցին պետք է իր բուն առաքելությունը թողնի եւ մտնի քաղաքական պայքարի մեջ։ Առհահասարակ, Եկեղեցու առաքելությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 18 Հոդվածում, որը ճանաչում է Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հոգեւոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման, ազգային ինքնության պահպանման գործում։ Ես նաեւ ուսումնասիրել եմ Հայաստանի առաքելական Եկեղեցու եւ ՀՀ հարաբերությունները կարգավորող առանձին օրենքը՝ ընդունված 2007 թվականին, եւ այդ օրենքում եւս չկա այնպիսի դրույթ, որը կխրախուսի, կկարգավորի եկեղեցու քաղաքական պայքարը, հակառակը, ամբողջ այդ օրենքը եւս հոգեւորի մասին է, եկեղեցու բարեխնամ գործունեության, եկեղեցու պարտականությունների մասին է, եկեղեցու կրթական ոլորտում ունեցած դերի մասին է, ազգային ժառանգության պահպանման դերի մասին է։ Ավելին, Եկեղեցին իր այդ բարեխնամ առաքելության շրջանակներում իրավունք ունի ունենալ մշտական հոգեւոր ներկայացուցիչներ հիվանդանոցներում, մանկատներում, տուն ինտերնատներում, ընդհուպ մինչեւ քննչական մեկուսարաններում։ Նախորդ տարի մեր՝ ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմը մի շարք խորհրդատվական կարծիքներ էր նախապատրաստել, նրանցից մեկը վերաբերվում էր մարդու իրավունքների խախտումներին իրավապահ համակարգում, այսինքն, Եկեղեցին այստեղ էլ կարող էր դեր ունենալ, մտնել այդ նույն քննչական մեկուսարաններ, տեսներ՝ արդյո՞ք այնտեղ տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, ինչպես օրինակ՝ անմարդկային վերաբերմունքը եւ այլն, բայց այս ամենը, ինչը տարիներով իր բուն առաքելությունն էր, եկեղեցին չի անում, փոխարենը մտել է քաղաքական պայքարի մեջ։
Ինչ վերաբերվում է սահմանազատման գործընթացին, եթե մենք որոշել ենք, որ պետք է սահմանազատենք մեր ընդհանուր սահմանը եւ որպես հիմք ունենաք Ալմա Աթիի հռչակագրի դրությամբ գործող սահմանը, ապա կարող են լինել տեղեր, որտեղ մենք էլ ունենք ինչ-որ տարածքներ հետ տալու, Ադրբեջանն էլ ունի, կարող է լինել, որ միայն Ադրբեջանն ունի հետ տալու տարածքներ, եւ կարող է լինել հատված, որ մենք ունենք, կարեւորը, որ մենք ունենանք սահմանազատում, որ որեւէ ՀԱՊԿ, որեւէ այլ կառույց մեզ չասի՝ ես ի՞նչ իմանամ, թե ձեր սահմանը որտեղ է, արդյո՞ք Ադրբեջանն է ներխուժել, թե՞ ՝ ինչ-որ սահմանային լարվածություն է։ Մենք պետք է մեր խաղաղության, անվտանգության բոլոր հնարավոր երաշխիքներից օգտվենք, եւ այստեղ Եկեղեցին նույն բանն է ասում, ինչ ասում է քոչարյանա-սերժական ընդդիմությունը, հիմա ուղղակի մարդիկ այդ երկուսի տանդեմին չեն հավատում, հիմա փորձում են Եկեղեցու դեմքով նույն բանն ասել։ Բայց այստեղ մի կարեւոր բայց կա, քոչարյանա-սերժական տանդեմի քաղաքական պատասխանատվության պահը եկավ 2018 թվի հեղափոխությամբ, նաեւ 2021 թվականի ընտրություններում, այդ քաղաքական պատասխանատվության պահը դեռ շարունակում է ակտուալ մնալ, քանի որ տեսանք՝ իրենք մեծամասնություն չհավաքեցին, հիմա Հայաստանյաց առաքելական եկեղեցին եթե մտել է քաղաքական դաշտ, առաջնորդում է քաղաքական շարժում, ո՞րն է լինելու իր քաղաքական պատասխանատվությունը, շատ-շատ այդ առաջնորդներին լավագույն դեպքում Կաթողիկոսը փիլոնազրկի, կամ կարգալույծ անի, բայց ո՞րն է լինելու այս ժողովրդին ձախողման ճանապարհով տանելու իրենց քաղաքական պատասխանատվությունը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվությունը ես գիտեմ, կլինեն ընտրություններ, ինքը կհավաքի այնքան ձայն, որքան կհավաքի, ըստ այդմ, ինքը կլինի իշխանություն, կամ՝ չի լինի, այս եկեղեցականների պատասխանատվությունը ո՞րն է լինելու։
Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ իմ շատ լավ գործընկեր Էլեն Մանասարյանը վերջերս մի զրույցի ժամանակ ասաց, որ չի կարող քաղաքական դիրքորոշում արտահայտել, քանի որ ինքը Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահն է, այդ կոնֆեդերացիային անդամակցում են բազում քաղաքական հայացքներով մարդիկ, եւ ինքը չի ուզում այդ քաղաքական չեզոքությունը խախտել եւ դրանով անտոգոնիզմ առաջացնել այս կամ այն անդամի միջեւ։ Արդյո՞ք Եկեղեցին դա չի հասկանում, որ իր հոտը, որն ունի տարբեր քաղաքական հայացքներ, առաջնորդում է հստակ ընդդիմադիր օրակարգով, եւ իր հանդեպ թշնամացնում, եւ իր արդեն վտանգված հեղինակությունը եւս մեկ անգամ փորձում է վնասել այսպիսի շարժումներ առաջնորդելով»։
Այս մասին «1in.am»-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը՝ մեկնաբանելով Տավուշում եւ Տավուշի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումները։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ են պնդումները, թե սահմանազատման մեկնարկած պրոցեսը հակասահմանադրական է՝ Հակոբյանը նշել է․
«Պետությունը գործում է որոշակի տարածքում, հիմա եթե մենք ուզում ենք այդ տարածքը հասկանանք, ո՞րն է դրա հակասահմանադրականությունը, այսինքն, այդ տարածքն այնպես վերականգնենք, որ միջազգայնորեն էլ այդ սահմանները ճանաչված լինեն իմ առաջին փաստարկի լույսի ներքո եւ չլինեն կողմեր, որ մեզ կասեն՝ այ ձեր սահմանը հստակ չէ, դրա համար մենք որեւէ բան չենք կարող հայտարարել, Ադրբեջանի գործողություններին գնահատական տալ, եւ այլն»։
Հարցին, թե ո՞րն է Տավուշից քայլերթով Երեւան եկող Բագրատ սրբազանի գլխավորած շարժման նպատակը, Հակոբյանը պատասխանել է․
«Սահմանազատումը Տավուշում է, նրանք ինչի՞ են գալիս Երեւան, կարծում եմ, որ այս ամենի արդյունքը լինելու է այն, (ինչպես եղել է պատմության մեջ այլ պետությունների պարագայում, որ եկեղեցու այսպիսի պահվածքը հանգեցրել է ռեֆորմացիայի), որ մենք հանգելու ենք նրան, որ օրենք ենք ընդունելու, հստակ կարգավորելու ենք, թե Եկեղեցին ինչ կարող է անել եւ ինչ չի կարող անել, որպեսզի Եկեղեցին այն սահմանները, որոնք վերապահված են իրեն, չհատի, իսկապես զբաղվի մարդկանց հոգեւոր կյանքով, իր բուն առաքելությունը կատարի։ Նաեւ հասկանանք, թե նրանք ինչ են ուզում՝ հայտարարագրված, կամ՝ չհայտարարագրված, ուզում են իշխանափոխությո՞ւն, դրա հետեւանքը ո՞րն է լինելու, իրենք ո՞ւմ են բերելու իշխանության, իրենց մեջի՞ց են լինելու այդ իշխանություն կազմողները, որ ի՞նչ դառնա ՀՀ-ն, կղերապետությո՞ւն, դառնանք Աֆղանստա՞ն, Իրա՞ն, Սաուդյան Արաբիա՞։ Ես ինչի՞ն պետք է հավատամ, որ 2018-ին իրենց քաղաքական ազատությունների համար հեղափոխություն արած մարդիկ պետք է համաձայնեն թեոկրատիայի՞, որտեղ քաղաքական ազատություն իրենք այլեւս չպե՞տք է վայելեն։ Կամ եթե իրենք չեն գալու իշխանության, բերելու են Քոչարյան-Սերժ-մնացածի՞ն․ի դեպ, սոցցանցերում ես տեսնում եմ, որ այդ անձանց շրջանակը ակտիվորեն աջակցում է, ակնհայտ է նաեւ, որ նույն Վանեցյանն է աջակցում, Վանեցյանի նեղ շրջանակը, այսինքն իրե՞նք են գալու իշխանության, ժողովուրդը իրենց ասելու է՝ ոչ, կլինեն ընտրություններ, էլի թող փորձեն, եթե ժողովուրդը կասի՝ այի, թող գան իշխանության, բայց այս եղանակով պետությունը տանելու են հերթական ցնցումների՞, առիթից էլ անհասկանալի է՝ ով է օգտվելու, այսինքն, հասկանալի է»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշում սահմանագծումը 90 տոկոսով ավարտված է, արդյո՞ք տեխնիկապես հնարավորություն կա հրաժարվել այդ գործընթացից։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Գիտեք, սա էմոցիաների հարց չէ, այդ նույն եկեղեցական վերնախավը թող նստի բացատրի այդ հրաժարման հետեւանքները ինչպե՞ս են կազմակերպելու, ի՞նչ հետեւանքներ են տեսնում, այդ ռիսկերի կառավարման ի՞նչ գործիքակազմեր են առաջարկում, մտե՞լ են քաղաքական պայքարի մեջ, թող այդ տեսլականները առաջարկեն, հասկանանք՝ իրենք ինչ են առաջարկում եւ այդ ամենի ձախողման քաղաքական պատասխանատվությունը ո՞րն է լինելու։
Քաղաքական տեսլական է առաջարկվում եւ այդ քաղաքական հակառակորդները թաքնվել են եկեղեցականների սքեմի հետեւում, եւ եկեղեցականներին տանում են Եկեղեցու հերթական հեղինակազրկման ճանապարհով, ես էլ չեմ հասկանում՝ սրա արդյունքը ինչ պետք է լինի։ Այն, որ ձախողվելու է այս շարժումն, ինձ մոտ կասկած չի հարուցում, քանի որ մարդիկ 2018-ին իրենց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների համար հեղափոխություն չեն արել, որ դրանից հրաժարվեն։
Անցյալ վերադարձը ես բացառում եմ, իսկապես, հասարակությունը ողջախոհ է եւ անգամներով հասուն է, քան քաղաքական գործիչները, քան եկեղեցական առաջնորդները, ես դա բացառում եմ, զուտ իմ նշած հանգամանքները հերթական էլի մեր պետության բնականոն զարգացման խանգարող հանգամանքներ են, հերթական անկարգություններ եւ ինչ-որ բաներ, որ ուզում եմ բացառած լինեմ՝ ապավինելով մեր ժողովրդի ողջախոհությանը»։