Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Ճանաչողական այց՝ Նիդերլանդների դատական համակարգին ծանոթանալու նպատակով

«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի ներկայացուցիչները ճանաչողական այցով եղել են Նիդերլանդների թագավորությունում՝ Նիդերլանդների դատական համակարգին ծանոթանալու նպատակով։

Այցին մասնակցել են Սահմանադրական դատարանի փոխնախագան Վահե Գրիգորյանը, դատավորներ Սեդա Սաֆարյանը, Էդգար Շաթիրյանը, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանը, Փորձագիտական-վերլուծական բաժնի վարիչ Աիդա Թադեւոսյանը, Միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Ժորա Խաչատրյանը, նախագահի օգնական Արտակ Ղազարյանը:

Առաջին օրը մասնակիցներն այցելել են Նիդերլանդների Դատական իշխանության խորհուրդ, որտեղ հանդիպում են ունեցել խորհրդի նախագահ Հենկ Նավեսի եւ խորհրդի այլ ներկայացուցիչների հետ, Նիդերլանդների պետական խորհուրդ, որտեղ հանդիպել են խորհրդի անդամների հետ, Միջազգային քրեական դատարան, որտեղ հանդիպել են Վերաքննիչ պալատի նախագահ, դատավոր Գոչա Լորդկիպանիձեի, ՄՔԴ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդատու Մատիաս Հելլմանի, ՄՔԴ արտաքին հարաբերությունների եւ համագործակցության պատասխանատու Ռուֆինա Խուսնիյարովայի հետ։

Ծրագրի երկրորդ օրը մասնակցիներն այցելել են Ամստերդամի դատարան, որտեղ հանդիպել են դատարանի նախագահ Բարտ վան Մեեգենի, փոխնախագահ Էսթեր դե Ռույի և քրեական պալատի դատավոր Հելեեն Բոսի հետ։

Ծրագրի երրորդ օրը մասնակիցներն այցելել են Նիդերլանդների Թագավորության Գերագույն դատարան, որտեղ հանդիպել են դատարանի քրեական պալատի դատավոր Իբո Բուրումայի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետքրքրություն ներկայացնող հարցեր։

«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագիրը միտված է Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից:

Exit mobile version