ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ,ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմը (ԵՄ-Հայաստան ՔՀՊ) Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ստեղծված մարմիններից մեկն է: Այն թույլ է տալիս երկու կողմերի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) մշտադիտարկել ՀԸԳՀ-ի կատարման գործընթացը և առաջարկություններ մշակել համապատասխան մարմինների համար:

ԵՄ-Հայաստան ՔՀՊ-ի չորրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2024թ. մարտի 14-ին, Երևանում։

ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ-ի կատարման կապակցությամբ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմը

  1. Ողջունում է Եվրոպական խորհրդարանի 2024թ. մարտի 13-ին ընդունած թիվ 2024/2580 (RSP) բանաձևը` ԵՄ-ի և Հայաստանի միջև առավել սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին:
  2. Ողջունում է 2024թ. փետրվարի 13-ի ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի հանդիպման դրական արդյունքները, այդ թվում` ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի մասին պայմանավորվածությունը, ինչպես նաև Հայաստանի ղեկավարության վերջին ջանքերը և բարձրաձայնած հանձնառությունը՝ ԵՄ-ի հետ այնպիսի հարաբերություններ զարգացնելու մասին, որոնք կբավարարեն հայ ժողովրդի եվրոպական ձգտումները: Միեւնույն ժամանակ, ԵՄ-Հայաստան ՔՀՊ-ն ընդգծում է, որ դա չպետք է փոխարինի կամ հետին պլան մղի ամենօրյա օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնց Հայաստանը հանձնառու է ՀԸԳՀ-ի շրջանակներում, և քաղաքացիական հասարակությանը կոչ է անում ակտիվորեն ներգրավվել նշված օրակարգը կյանքի կոչելու գործում:
  3. Մատնանշում է, որ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի առաջնային գործառույթներն ուղղված են ՀԸԳՀ-ի կատարման գործընթացին օժանդակելուն խորհրդատվական ոլորտային փորձաքննության և համաձայնեցված և համակարգված մշտադիտարկման միջոցով՝ նպատակ ունենալով ապահովելու, որ Հայաստանի` ՀԸԳՀ-ով ստանձնած հանձնառությունները կատարվեն թափանցիկ և հաշվետու եղանակով:
  4. Նշում է, որ ԵՄ-Հայաստան ՔՀՊ-ն զգալի ջանքեր է գործադրել Հայաստանի համար ՀԸԳՀ-ի և ԵՄ-Հայաստան գործընկերության կարևորության մասին իրազեկության բարձրացման ուղղությամբ և շարունակում է ջանքեր գործադրել էլ ավելի մեծացնելու հանրության իրազեկվածության մակարդակը այս հարցերի կապակցությամբ:
  5. Ընդգծում է, որ ԵՄ-Հայաստան ՔՀՊ-ն լրջագույն ջանքեր է գործադրել ՀԸԳՀ-ի կատարումը մշտադիտարկելու ուղղությամբ, ինչպես նաև կենտրոնացրել ՀԸԳՀ-ի կատարումը մշտադիտարկող քաղհասարակության նախկին և ներկա ջանքերը` նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդելու այս ոլորտում իր համակարգման գործառույթը գալիք ժամանակաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի մարզերում գործող քաղաքացիական հասարակության կառույցների համար:
  6. Ընդգծում է, որ ՀՀ իշխանության կողմից ՀԸԳՀ-ի կատարման և ԵՄ-Հայաստան համագործակցության նոր օրակարգի առնչությամբ իր խորհրդատվական և մոնիթորինգային ներգրավվածության ներկա մակարդակը պահպանելու համար ԵՄ-Հայաստան ՔՀՊ-ն կունենա Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի կառավարության շարունակական ֆինանսական աջակցության կարիքը.
  7. Ընդգծում է, որ ԵՄ-Հայաստան ՔՀՊ-ի, ՀՀ իշխանության, ԵՄ-ի և ԵՄ անդամ պետությունների միջև համագործակցության մակարդակը մեծանում է և վերահաստատում, որ ԵՄ-Հայաստան ՔՀՊ-ի գործառույթների արդյունավետ իրականացումը պահանջում է կառուցողական և արդյունավետ հաղորդակցություն շահագրգիռ բոլոր կողմերի միջև: Այդ կապակցությամբ, հույս է հայտնում, որ ԵՄ-Հայաստան ՔՊՀ-ի և ՀՀ կառավարության միջև ձևավորված համագործակցությունն ապագայում ինստիտուցիոնալ բնույթ կկրի և որ Պլատֆորմի խորհրդատվական կարծիքներում և զեկույցներում տեղ գտած առաջարկությունները 1 հաշվի կառնվեն բաց և կառուցողական եղանակով:
  8. Կրկնում է, որ գործընթացում ներգրավված քաղաքացիական հասարակության դերակատարների համար ՀԸԳՀ-ն ոչ միայն շրջանակային համաձայնագիր է երկու գործընկերների միջև, այլ առաջին հերթին` ուժեղ խթան Հայաստանի ժողովրդավարացման և ապագա ԵՄ անդամակցության համար:
  9. Բարձր է գնահատում Հայաստանի իշխանության քայլերը ծանրագույն միջազգային հանցագործությունները կանխելու և պատժելու` միջազգային հանրության ջանքերին միանալու ուղղությամբ՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու միջոցով՝ գնահատելով այդ գործընթացը որպես ՀԸԳՀ-ով ստանձնած կարևոր հանձնառության կատարում:
  10. Ափսոսանքով գնահատում է «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած և ուղղորդած որոշակի գործընթացները ՀՀ ազգային ժողովում և Երևանի ավագանիում որպես ժողովրդավարական հետընթացի ակնհայտ նշաններ. այդ գործընթացները ներառում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահի ընտրությունը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահի պաշտոնանկությունը և «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահին Երևանի ավագանու անդամ մանդատից զրկելը:
  11. Գնահատում է արդարադատության ոլորտի բարեփոխումների ոլորտում իրականացրած դրական քայլերը, ներառյալ` դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի մասին օրենսդրության բարեփոխումը։ Միեւնույն ժամանակ, ափսոսանք է հայտնում արդարադատության ոլորտի բարեփոխումների գործընթացում արձանագրած հետընթացի կապակցությամբ, այդ թվում` Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող ընտրովի արդարադատության որոշ դեպքերի և դատավորների նշանակման գործընթացում ԿԿՀ-ի բարեվարքության բացասական եզրակացությունները պատշաճ կերպով հաշվի չառնելը:
  12. Դրական է գնահատում Ներքին գործերի նախարարության ստեղծումը և Ոստիկանության պարեկապահակային ծառայության ներդրումը. այնուամենայնիվ, լուրջ մտահոգություն է հայտնում ոստիկանության կողմից կիրառված բռնության դեպքերի թվի աճի կապակցությամբ, այդ թվում՝ ԼԳԲՏԻՔ համայնքի անդամների և մինչև անգամ փաստաբանների նկատմամբ:
  13. Հայաստանի իշխանությանը, ԵՄ-ին և նրա անդամ պետություններին կոչ է անում համակարգված միջոցներ ձեռնարկել քաղհասարակության դեմ հստակ շրջանակներից իրականացվող ապատեղեկատվական արշավների կապակցությամբ, որոնց թիրախում այն ՔՀԿ-ներն են, որոնք կոչ են անում Հայաստանի իշխանությանը ականջալուր լինել հայ ժողովրդի եվրոպական ձգտումներին և արագացնել Հայաստանը ԵՄ-ին էլ ավելի մոտեցնող բարեփոխումների տեմպերը:
  14. Նշում է, որ կրթական համակարգի բարեվարքությունը չի կարող վերականգնվել միայն իշխանությունների` առկա արատավոր գործելակերպերի զսպման գործիքակազմերով, ոչ էլ նմանատիպ/կրկնվող գործառույթներով նոր, պակաս արատավորված ինստիտուտների ավելացմամբ ի հավելումն առկա արատավորվածների և կոչ է անում կրթության համակարգում բարեվարքության խախտումների նկատմամբ համակողմանի և բարձրորակ աուդիտի նպատակային և անհետաձգելի միջոցառումներ իրականացնել և հայտնաբերված խախտումների համար նախատեսել վարչաիրավական պատասխանատվություն:
  15. Հաշվի է առնում է Հայաստանի կառավարության` պետության տնտեսական, էներգետիկ, ենթակառուցվածքային, պաշտպանական ռեսուրսների դիվերսիֆիկացման և Ռուսաստանից և ավտորիտար այլ ուժերից քաղաքական կախվածությունը նվազեցնելուն ուղղված ջանքերը, սակայն դրանք դեռևս անբավարար է համարում պետության առջեւ ծառացած ներկա մարտահրավերների համատեքստում: Նկատի ունենալով առևտրի և քաղաքական կայունության միջև անխուսափելի փոխկապվածությունը՝ ԵՄ-Հայաստան ՔՀՊ-ի անդամները հորդորում են կառավարությանը ավելի շատ ջանքեր ներդնել՝ բարելավելու առևտուրը Հայաստանի և Եվրամիության միջև, որը չպետք է սահմանափակվի միայն տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների ներգրավմամբ և պետական գնումներով:
  16. Ուշադրություն է հրավիրում գյուղատնտեսության և գյուղերի զարգացման ոլորտում տնտեսական անկման վրա (ՀԸԳՀ, գլուխ 10, հոդվածներ 70 և 71)` պայմանավորված գյուղատնտեսության և պարենային անվտանգության անարդյունավետ քաղաքականությամբ, նշում, որ գյուղատնտեսական հողերի կեսից ավելին Հայաստանում չեն ոռոգվում, և գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտի համագործակցությունը, մասնավորապես` քաղաքականությունների և օրենսդրություն մոտարկման միջոցով, գրեթե բացակայում է: Գյուղական բնակավայրերում աճում է աղքատությունը և շարունակաբար ընկնում է պարենային անվտանգության մակարդակը:
  17. Ընդգծում է համատեղ ուսումնասիրություն ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ բացահայտելու Հարավային Կովկասում պարենային անվտանգության սպառնալիքները և ներկայացնելու կոնկրետ առաջարկություններ ոլորտի քաղաքականություն մշակողներին և միջազգային կազմակերպություններին համապարփակ ուսումնասիրության արդյունքների լույսի ներքո,2 որոնք վկայում են, որ Հարավային Կովկասի երկրներից և ոչ մեկը չի կարող պարենային անվտանգության առումով ինքնաբավ համարվել և, փոխարենը, ՄԱԿ-ի կողմից դասակարգվում է որպես ցածր եկամուտ ունեցող, միջին եկամուտ ունեցող կամ պարենային դեֆիցիտ ունեցող պետություն:
  18. Կոչ է անում մեծացնել ԵՄ աջակցությունը գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտներում գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ծրագրերի նախագծման, նոր ամբարտակների և արդյունավետ ոռոգման համակարգերի կառուցման ոլորտներում ներդրումների, գյուղացիական տնտեսություններից մինչև ագրովերամշակող ձեռնարկություններ և ֆերմերներ մատակարարման շղթայի զարգացման և ֆերմերների և ագրովերամշակողների միջև փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների ոլորտում տեխնիկական աջակցության տրամադրման եղանակով՝ ապահովելով համապատասխանությունը ISO և HASP ստանդարտներին:
  19. Կոչ է անում Հայաստանի իշխանությանը շարունակել հողային ոլորտի բարեփոխումները՝ հողի օգտագործումը կարգավորելու նպատակով փոփոխելով հողային օրենսգիրքը, ինչը կխրախուսի հողամասերի միավորումը տարբեր սեփականատերերի կողմից և վարելահողերի ոչ նպատակային օգտագործման կամ չօգտագործման դեպքում, իրավական գործընթացների հարուցումը:
  20. Ընդգծում է աշխատանքային հարաբերությունների, սննդի անվտանգության, շրջակա միջավայրի և սպառողների պաշտպանության ոլորտներում օրենսդրության և ստանդարտների նկատմամբ պետական վերահսկողության և տեսչական գործառույթների բարելավմանն ուղղված բարեփոխումներն արագացնելու անհրաժեշտությունը, այդ թվում` Հայաստանի միջազգային հանձնառություններով ամրագրված ստանդարտների ընդունման, վավերացման և արդյունավետ ներդրման միջոցով, ներառյալ` Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիաներով ամրագրածները և ՀԸԳՀ-ով ստանձնած եվրոպական ստանդարտները:
  21. Ողջունում է ԱՄԿ-ի գլխավոր տնօրենի պատմական այցը Հայաստան 2023թ. դեկտեմբերին և Հայաստանի միացումը Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիային, ինչպես նաև ԱՄԿ-ի աջակցությունն ուղղված արժանապատիվ աշխատանքի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և սոցիալական պաշտպանությանը՝ ներառյալ` փախստականներին օժանդակությունը: Նշում է, որ «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագրի ժամկետը լրացել է և հույս է հայտնում, որ նորը կմշակվի մոտ ապագայում:
  22. Մտահոգություն է հայտնում անգործունակ սոցիալական երկխոսության և միջազգային նորմերին համապատասխանեցման գործընթացի լճացման կապակցությամբ, մասնավորապես միավորման ազատության, խտրականության բացառման, առողջ և անվտանգ աշխատանքի, հարկադիր աշխատանքի, վարձատրության և աշխատանքի տեսչության վերաբերյալ ԱՄԿ կոնվենցիաների մասով։ Նշում է, որ աշխատանքային օրենսդրության ընթացիկ բարեփոխումները պետք է իրականացվեն սոցիալական գործընկերների լիարժեք մասնակցությամբ և լիովին համապատասխանեն միջազգային պարտավորություններին:
  23. Կոչ է անում Հայաստանին հետամուտ լինել ԱՄԿ կոնվենցիաների, մասնավորապես` Առողջ և անվտանգ աշխատանքի մասին թիվ 155 և 187 կոնվենցիաների վավերացմանը, որոնք 2023թ. Աշխատանքի միջազգային համաժողովի արդյունքներով ճանաչվել են որպես հիմնարար աշխատանքային ստանդարտներ: Այս կապակցությամբ նշում է, որ անհրաժեշտ է մեծացնել ԵՄ-ի աջակցությունը ԱՄԿ-ի`երկրին ուղղված տեխնիկական աջակցության ծրագրերին, խորացնել սոցիալական երկխոսությունն ու սոցիալական գործընկերների ներգրավվածությանը:
  24. Կոչ է անում իշխանություններին արդյունավետ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու ներգաղթյալներին կազմակերպված ապօրինի սխեմաներից՝ կապված անօրինական կամ ոչ ֆորմալ աշխատանքի, անկանոն միգրացիայի և վտանգավոր բնակարանաշինության հետ, ներառյալ` ռիսկային ոլորտներում և կոլեկտիվ բնակության կացարաններում վերահսկողության և ստուգումների ավելացման, հարկադիր աշխատանքի համար թրաֆիքինգի բացահայտման, պայքարի և պատասխանատու հանցավոր խմբերին արդարադատության առջեւ կանգնեցնելու միջոցով:
  25. Հիշեցնում է Հայաստանի իշխանությանը սոցիալական արդարության և համերաշխության սկզբունքների գերագույն կարևորության մասին առողջապահության համապարփակ ապահովագրության առաջիկա բարեփոխումներն իրականացնելիս և կոչ է անում ձեռնպահ մնալ դրա ֆինանսավորման բեռը բացառապես աշխատողների վրա դնելուց. պնդում է, որ գործատուներն ու բիզնեսները պետք է ներդնեն իրենց արդար բաժինը:
  26. Ընդգծում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված վիզաների դյուրացման համաձայնագրի կայուն և հետևողական իրականացման կարևորությունը՝ մատնանշելով վերջին տարիների էական ընթացակարգային թերությունները. ԵՄ-Հայաստան ՔՀՊ-ն կարևորում է ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելություններում բյուջետային և մարդկային ռեսուրսների մեծացման հրատապ անհրաժեշտությունը` Հայաստանում վիզաների ստացման նպատակով հայցվող հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև վիզաների մշակման և տրամադրման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Կոչ է անում ԵՄ-ին և Հայաստանին առավել սերտ համագործակցել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ անդամ պետություններ մեկնելու վիզաների ռեժիմի ազատականացման ուղղությամբ :
  27. Ցավով նշում է, որ Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը վատագույններից է գլոբալ մակարդակով ցածր արդյունաբերականացման պայմաններում. համոզմունք է հայտնում, որ այս իրավիճակը քաղաքական անտեսման ակնհայտ արդյունք է. կոչ է անում իշխանությանը գիտակցել բնապահպանական և հասարակական վտանգի արտակարգ իրավիճակը և ձեռնարկել հրատապ, համարձակ և տեսանելի քայլեր՝ զսպելու և նվազեցնելու աղտոտվածությունը տրանսպորտի, շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում:
  28. Խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժի հարձակման արդյունքում և կոչ է անում ԵՄ կառույցներին հաշվի առնել Ադրբեջանի դեմ համաչափ պատժամիջոցներ կիրառելու մասին Եվրախորհրդարանի վերոհիշյալ բանաձևում տեղ գտած առաջարկությունները:
  29. Կոչ է անում ԵՄ-ին հնարավոր բոլոր լծակները գործադրել Ադրբեջանի վրա՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, ներառյալ` նրանց վերադարձի և միջազգային ներկայության ներքո իրենց հայրենիքում բնակվելու իրավունքը, ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր այն բնակիչներին, որոնք շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ՝ Եվրոպական խորհրդարանի RC-B9-0163/2024 բանաձևին համապատասխան:
  30. Բարձր է գնահատում ԵՄ-ի և նրա անդամ պետությունների կողմից Հայաստանին և Հայաստանի քաղհասարակությանը տրամադրվող ֆինանսական աջակցությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների բավարարմանը, և ընդգծում է այդ աջակցությունը մեծացնելու անհրաժեշտությունը, ինչը թույլ չի տա Ռուսաստանի պրոքսի քաղաքական կուսակցություններին օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի դժգոհությունը հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը տապալելու հերթական փորձի համար:
  31. Կրկնում է, որ ցանկացած երկրի արդյունավետ և կայուն ժողովրդավարացում և զարգացում հնարավոր է միայն խաղաղության, անվտանգության և կայունության պայմաններում։ Այս առումով էական է համարում Ադրբեջանի նկատմամբ դիվանագիտական ճնշման լծակների մեծացումը՝ ուղղված Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայից զերծ մնալուն:
  32. մեծապես գնահատում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) աշխատանքը՝ հաշվի առնելով այդ առաքելության ներկայությամբ հայկական տարածքների վրա ադրբեջանական հարձակումների կրճատման շոշափելի ապացույցները, և կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին ավելացնել անվտանգության ոլորտի համագործակցությունը Հայաստանի հետ Խաղաղության եվրոպական հիմնադրամի և այլ երկկողմ գործիքակազմերի միջոցով` Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը: