Մարտի 19-ին կայացել է «Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրի պաշտոնական մեկնարկը։
Միջոցառմանը մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով են հանդես եկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը եւ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար՝ դեսպան Յապ Ֆրեդերիքսը
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների թագավորության դեսպանությանը՝ գործընթացին համակարգային և բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։ Արձանագրելով, որ Կառավարությունն արդեն իսկ ունի Հռոմի կանոնադրության վավերացմանը հաջորդող քայլերի մասով հստակ պատկերացում՝ Արա Մկրտչյանը կարևորել է այս համատեքստում պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների համատեղ արդյունավետ աշխատանքը։
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար դեսպան Յապ Ֆրեդերիքսը նշել է, որ իրականում վավերացումը միայն սկիզբն է՝ աշխատանքի առանցքային հատվածները դեռ առջեւում են։ Նրա խոսքով, որպեսզի Հայաստանը դառնա միջազգային քրեական արդարադատության համակարգի լիիրավ անդամ, դեռ շատ անելիքներ կան, մասնավորապես՝ օրենսդրության մոտարկման եւ ՄՔԴ համապատասխան ոլորտներում աշխատող պաշտոնատար անձանց վերապատրաստման հարցերում։
«Մենք՝ Նիդերլանդների դեսպանատունը, ուրախությամբ աջակցում ենք Հայաստանին այս նախաձառնության հարցում»,- նշել է Յապ Ֆրեդերիքսը։
«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրել է ծրագրի նպատակները, խնդիրները, առանցքային բաղադրիչներն ու ակնկալվող արդյունքները։
Նա նշել է, որ սա 12-ամսյա ծրագիր է, որը միտված է բարելավելու Հայաստանի պետական մարմինների եւ պաշտոնյաների կարողությունները ու իրազեկվածութունը՝ ՄՔԴ նյութական եւ դատավարական իրավունքների ոլորտներում։
Դա, նրա խոսքով, հնարավորություն կտա պետությանը իրականացնել Դատարանի առջեւ ստանձնած պարտավորությունները։ Ծրագրի նպատակներն ու խնդիրները կիրականացվեն հետեւալ միջոցներով՝ համապատասխան մասնակիցների ճանաչողական այց ՄՔԴ՝ դատարանի աշխատանքներին մոտիկից ծանոթանալու համար, Հայաստանի օրենսդրական բազայի համապատասխանեցում՝ այդ ոլորտում պետության կողմից ստանձնած պարտավորություններին, համապատասխան պաշտոնատար անձանց կարողությունների ամրապնդում, գործող մասնագետների, գիտական շրջանակների եւ ուսանողների շրջանում ՄՔԴ դերակատարության եւ գործառույթների մասին տեղեկացվածության բարձրացում, ՄՔԴ-ի հեղինակության եւ դրական դերակատարության, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման կարեւորության վերաբերյալ հանրային արշավի կազմակերպում։
Ծրագրի մեկնարկին հաջորդել է քաղաքացիական հասարակության հետ մտքերի փոխանակություն՝ ծրագրին առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաեւ միջազգային դատարանների եւ տրիբունալների առնչությամբ Հայաստանի իշխանությունների քաղաքականության վերաբերյալ։
