Մարտի 14-ին Երեւանում կայացել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 4-րդ հանդիպումը։
Հանդիպմանը ողջույնի խոսքով են հանդես եկել Պլատֆորմի համանախագահներ Լուսինե Հակոբյանը եւ Սիմո Տիատենը։
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված ՀԸԳՀ իրականացման գնահատականներն են ներկայացրել փոխվարչապետի խորհրդական Կարեն Նազարյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, Արտաքին հարաբերությունների եվրոպական ծառայության Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի բաժնի ղեկավարի տեղակալ Ջուլիեն Բուրտեմբուրգը, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության համակարգող բաժնի ղեկավարի տեղակալ Հուբերտ Դյուոն։
Ելույթ է ունեցել նաեւ Եվրոպական պառլամենտի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը։
Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության իրավիճակը ներկայացրել են ՔՍՊ անդամ Դանիել Իոաննիսյանը, ԵՄ-ՀՀ Քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը, Հիմնարար իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով զեկուցող (Եվրոպական սոցիալ-տնտեսական հանձնաժողով), Քրիստիան Պիրվալեսկուն։
Եվրամիության եւ Հայաստանի միջեւ գյուղատնտեսական արտադրանքի առեւտրին միտված գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման մասին խոսել են Եվրոպական հարեւանության ընդլայնման եւ անդամակցության նախապատրաստման բաժնի եւ Եվրոպական հանձնաժողովի գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման հարցերով գլխավոր տնօրինության ավագ փորձագետ Խեսուս Գոնսալես Գարսիան, Այլընտրանքային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Թաթուլ Մանասերյանը, Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչ Ներսես Կարամանուկյանը, Copa-Cogeca-ի քաղաքականության հարցերով ավագ խորհրդատու Քսենիյա Սիմովիչը։
Հանդիպման ավարտին Պլատֆորմն ընդունել է համատեղ հայտարարություն։