«Նոյեմբերին Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի տարեկան համաժողովը կայացավ եւ քաղհասարակության ներկայացուցիչները ԵՄ բավական բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղիղ հարցադրում արեցին՝ հնարավոր համարո՞ւմ են ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին, եւ հստակ էր պատասխանը, որ այո, հնարավոր համարում են, բայց այստեղ ԵՄ-ն չէ, որ հրավիրող կողմն է, հրավերներ երբեւէ չեն ուղարկվում, Հայաստանը պետք է շահագրգռություն դրսեւորի եւ դիմի անդամակցության համար, ինչից հետո այդ դիմումը քննության առարկա կդառնա։ Այդ համաժողովը բավական կարեւոր ֆորում է, քանի որ հավաքվում են Արեւելյան գործընկերության անդամ այլ պետություններ, որոնցից մի քանիսն այս պահին թեկնածուի կարգավիճակ ունեն եւ նրանք էլ էին ասում, որ շատ կարեւոր եւ ճիշտ պահ է Հայաստանի համար եւս դրսեւորելու այդ հավակնությունը, քանի որ ԵՄ-ն խնդիր ունի սահմանելու իր սահմանները, եւ եթե օրինակ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան հաջողությամբ անցան այդ գործընթացը եւ ԵՄ-ն սահմանազատեց իր սահմանները, ապա հասկանալի է, որ միայն Հայաստանի համար եւս մեկ ընդլայնում չի նախաձեռնվելու, կամ այդ ընդլայնումն ինչ-որ այլ էտապների, կամ այլ փուլերի հետ է կապված լինելու, եւ դրա համար ՀՀ-ի համար հիմա է նպատակահարմար, նաեւ օգտվելով Վրաստանում տեղի ունեցող գործընթացներից՝ ներկայացնել այդ հայտը», — ասել է Լուսինե Հակոբյանը։
Սակայն, ի տարբերություն Վրաստանի` Հայաստանը ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ է, արդյո՞ք թեկուզ անգամ թեկնածուի կարգավիճակը համատեղելի է այդ դաշինքների հետ։
Ըստ Հակոբյանի, միանշանակ՝ ոչ, եթե ՀՀ-ն լուրջ հավակնություններ ունի, այդ կազմակերպություններից պետք է դուրս գա, «դա ուղիղ տեքստով ասվել է ե՛ւ քաղհասարակությանը, եւ վստահ եմ՝ Հայաստանի պաշտոնյաներին էլ է ասվել»։
Դրանից էլ բխում է հնարավոր հետեւանքների մասին մտահոգությունը, որ չի հաշվարկվում ՌԴ-ի պատասխան քայլերը, որը պատժող պետություն է։ Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Նույն տրամաբանությամբ մենք կարող ենք Վրաստանի պարագայում հարց բարձրացնել: Ավելին, Վրաստանը ՌԴ-ի հետ սահմանակից պետություն է, կարող ենք ասել՝ այ, եթե իրենք հետամուտ լինեն ԵՄ անդամակցությանը, նրանց էլ կարող է պատժել, բայց այդ ամենով հանդերձ՝ Վրաստանը հետամուտ է: Մենք միգուցե մի քիչ ավելի հեռահար հարցի պետք է պատասխանենք՝ մենք ուզում ենք մի ակումբի, կամ մի հավաքական կառույցի մեջ լինել, որտեղից դուրս գալը թեկուզ եւ դա նախատեսված է այդ կառույցի կանոնադրությամբ, կարող է հանգեցնել մեզ պատժելո՞ւն, թե՞՝ մենք կուզենք մի կառույցի, կամ կառույցների անդամակցել, որոնց շրջանակներում անդամները օժտված են ազատությամբ եւ այդ միավորումները կամավորության հիմունքներով են ստեղծված։ Նույն Բրեքսիթի կապակցությամբ տեսանք, որ ԵՄ-ն Միացյալ Թագավորությանը չպատժեց որեւէ կերպ, եւ հարգվում է անդամ պետությունների սուվերեն ազատությունը եւ որոշումները։ Մենք մեծ հաշվով այդ հարցերին պետք է պատասխանենք՝ ուզում ենք ավելի ժողովրդավարական աշխարհի՞ մաս կազմել, որոնց հետ մեր ընդհանրություններն ավելին են եւ որոնք տարբեր հարցերում ակնհայտորեն ավելի մեծ օժանդակություն են ցուցաբերում մեզ, թե՞ մենք ուզում ենք շարունակել, անկախ այն հանգամանքից, որ տեսնում ենք, որ 2020 թվականից ի վեր ՀԱՊԿ-ում գերիշխող դիրք ունեցող ՌԴ-ի շահերն ավելի շատ համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ Հայաստանը միայնակ է մնացել եւ չունի այս խմբում որեւէ օգնական, այդտեղ նույն ուղով շարունակե՞նք գնալ եւ մինչեւ ե՞րբ»։
Հարցին, որ «գուցե նժարին պետք է դնել հետեւանքները, թե որքան ծանր կլինեն դրանք՝ գազը կթանկացնեն, Լարսը կփակեն, ներքաղաքական ինչ-ինչ բաներ կհրահրեն, Ադրբեջանը կհարձակվի իրենց օգնությամն եւ այլն», Հակոբյանը հակադարձել է․
«Ըստ իս՝ Ադրբեջանը մի քիչ ավելի շատ կմտածի ԵՄ անդամ ՀՀ-ի վրա հարձակվելուց առաջ, քան՝ ոչ անդամ: Բացի դրանից, տեսնում ենք, որ ԵՄ-ն իր տարբեր անդամներին ե՛ւ տնտեսապես, ե՛ւ այլ առումներով մեծ օժանդակություն է ցուցաբերել, նույն Հունաստանին։ Հիմա Հայաստանը բնակչությամբ շատ փոքր պետություն է, հաստատ Հայաստանին այդ ճգնաժամերից հանելուն ԵՄ-ն ջանքեր կգործադրի։ Իհարկե, չեմ ասում՝ հույսներս միայն ԵՄ օժանդակության վրա դնենք, բայց ես ասում եմ՝ ինչը որ տեսել եմ ԵՄ այլ անդամ պետությունների հետ կապված։ Բացի դրանից, մենք ինքներս, իհարկե, պետք է ջանքեր գործադրենք եւ դիվերսիֆիկացնենք մեր էներգետիկ ռեսուրսները, անվտանգային միջավայրը, ինչը որ սկսել ենք անել։ Բայց, իհարկե, հասականելի է, որ պետությունը 30 տարի մի իներցիայով է գնացել, եւ ընկալումն էլ Հայաստանի ՌԴ-ի կողմից հենց դա է, որ մենք իրենից շատ կախյալ, իրենց հետ վասալային հարաբերություններ ունեցող պետություն ենք, եւ այդ ինքնուրույնությունն էլ, բնականաբար, անսպասելի է, ինքնուրույն որոշում, որ մենք կարող ենք մեր շահերը վերագնահատել, կամ այլ կերպ հետամուտ լինել մեր շահերին, կամ մեզ չտեսնել իրենց հետ նույն ակումբում, բնականաբար, թշնամանք է առաջացնում եւ ամեն կերպ դա դրսեւորվում է, ինչը եւս մեկ պատճառ է, որպեսզի մենք զգուշորեն, բայց հետեւողականորեն փորձենք մեզ դիստանցնել ՌԴ-ից»։
Հարց է հնչել՝ այդ ճանապարհին կարո՞ղ է լինել վիզաների ազատականացումը, ինչի մասին ավելի հաճախ է խոսվում, որքանո՞վ է ՀՀ-ն պատրաստ դրան, քանի որ դա բավական երկար նախապատրաստություն է պահանջում։
Ի պատասխան Հակոբյանը նշել է․
«Այո։ Մենք արել էինք հետազոտություն վիզաների դյուրացման եւ ազատականացման թեմայով: Կան որոշակի պայամններ, որոնց Հայաստանը պետք է բավարարի, միանշանակ է, որ ՀՀ-ն պետք է կարողանա իր սահմաններն ինքնուրույն պաշտպանել՝ չապավինելով ռուսական սահմանապահ զորքի ներկայությանը, ինչպես օրինակ Զվարթնոց օդանավակայանում նրանց տեղակայումն է, դրանից պետք է ձերբազատվի Հայաստանը։ Դա ինքնանպատակ չէ, հարցն այն է, որ այդ պրոցեսի համար անհատական տվյալների պաշտպանության մեծ մակարդակ եւ երաշխիքներ են պետք, որ որեւէ երրորդ ուժ անհատական տվյալները չի փոխանցի հետախուզական նպատակով։ Կան ժողովրդավարական բլոկի այլ նախապայմաններ եւս, մասնավորապես, ըստ մեր հետազոտողի՝ Ստեփան Գրիգորյանի, կա Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, Հակախտրականության մասին օրենքի ընդունումը։ Եւ վերջապես, կենսաչափական անձնագրերի հարցը, դա էլ տեխնիկական պայմանն է»։
Թե՛ ռուսները, թե՛ այստեղ՝ ՀՀ-ում, կրկնում են, որ ԵՄ դիտորդները հեռադիտակով չեն պաշտպանելու Հայաստանը։ Այս դիտարկմանն ի պատասխան Հակոբյանը նշել է․
«Ինձ համար դա անհասկանալի է․ որ ՀԱՊԿ-ը ուներ զինված ուժեր, դա մեզ ի՞նչ տվեց, 2022 թվականին, երբ Ղազախստանում տեղի ունեցավ հայտնի հեղաշրջման փորձը, ՀՀ-ն, որ նախագահում էր ՀԱՊԿ-ում, պրոակտիվ կերպով գործընթաց նախաձեռնեց եւ ՀԱՊԿ ուժերը մտան Ղազախստան, միաժամանակ մենք տեսանք, որ նույն թվականի սեպտեմբերին ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգության պարագայում ՀԱՊԿ-ն ընդամենը պատրաստակամություն էր հայտնել գալ, տեղում գնահատել իրավիճակը, ի՞նչ պետք է տեղի ունենար այդ ընթացքում, մինչեւ գային, իրենց հարմարության դիրքերից գնահատեին, մենք մեր պետության կեսը կորցնեի՞նք։ Ի՞նչն է խնդիրը, եթե ՀՀ-ն համաձայնել է ԵՄ դիտորդների ներկայությանը, որոնք, այո զինված չեն, բայց միաժամանակ օգնում են, որպեսզի ՀՀ-ի եւ երրորդ կողմերի համար պատկերը հստակ լինի՝ հարձակումների պարագայում, սահմանների խախտման պարագայում։ Ի՞նչն է ՌԴ դժգոհությունն այդտեղ, եթե միեւնույն է՝ ՀԱՊԿ-ը եւս չի պատրաստվում որեւէ զինված աջակցություն ցուցաբերել մեզ։ Ուրեմն, իր համար ի՞նչ տարբերություն, այստեղ իր դիտորդները կլինե՞ն, թե՞՝ ԵՄ-ի։ ԵՄ-ի դիտորդները գոնե բազում անգամներ հայտարարել են, որ ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչը մենք այդպես էլ ՀԱՊԿ-ից չլսեցինք։ Հակառակը, անընդհատ լսեցինք, որ պետք է տեղի ունենա սահմանազատում, սահմանագծում, բայց էլի, եթե նույն սահմանագծումն ու սահմանազատումը վերցնենք, այստեղ ԵՄ-ն ավելի շատ փորձագիտական ներուժ ունի դա իրականացնելու համար, քանի որ տարբեր պետությունների միջեւ դա արդեն իրականացրել է, ավելի մեծ փորձառությունն այստեղ կա»։
Հարց է հնչել, որ «մյուս մտահոգությունն այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Արեւմուտքը հանուն ՀՀ-ի գուցե որեւէ առճակատման չգնա իր դաշնակցի՝ Անկարայի հետ, եթե լինի այդ հարձակումը, այսինքն, այդ հավաստիացումները, որ «չենք հանդուրժի ՀՀ տարածք ներխուժում», միայն բանավոր կլինեն»։
«Իրականում, մենք տեսանք, որ դրանք միայն բանավոր չէին, նույն 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումը կանգնեցվել է հենց Արեւմուտքի միջամտությամբ, եւ ոչ Ռուսաստանի, ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ես կարծում եմ՝ իրենց դաշնակցին իրենք ավելի շատ զսպելու մեխանիզմներ ունեն, քան ՌԴ-ն, որը 2020 թվականից իրեն հստակորեն դիրքավորել է ադրբեջանա-թուրքական շահերի տիրույթում, եւ գործում է այդ շահերից, դա է նաեւ պատճառը, որ ՀՀ-ն միայնակ է մնացել։ Դա էլ ինքնանպատակ չի եղել, այլ նախապատրաստական աշխատանքն է եղել Ուկրաինայի դեմ հարձակման, այսինքն, այդ ամենը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն»,- ի պատասխան նշել է Հակոբյանը։
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որ վերջին անգամ ընթացան Բեռլինում, արդյո՞ք վկայում են, որ Ադրբեջանը վերադառնում է արեւմտյան հարթակ, ինչը տեւական ժամանակ վերժում էր։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Ամեն դեպքում մեզ համար ողջունելի է արեւմտյան հարթակում բանակցությունները, քանի որ ամեն անգամ այդ հարթակներում տեղի ունեցող գործընթացներից հետո տեսնում ենք, որ դա ընդհանրապես դուր չի գալիս Ադրբեջանին, եւ տեսնում ենք, որ ամեն այդպիսի մի բանակցությունից հետո Ադրեբջանը գործուն ջանքեր է ձեռնարկում այդ հարթակներում չհայտնվելու եւ հակառակը՝ Հայաստանին քարշ տալ ռուսական հարթակներ։ Նաեւ վերջերս, Լավրովը մամլո ասուլիսում ասեց՝ թե «․․․իմ ադրբեջանցի գործընկերը ինչեր էր պատմում Անալենա Բերբոկի հովանու ներքո տեղի ունեցող բանակցություններից, ավելի լավ է լռեմ․․․», այսինքն, ակնարկում էր, որ դժգոհություն կա Ադրբեջանի կողմից, ինչը միանշանակ վկայում է, որ մեր շահերն ավելի լավ են պաշտպանվում արեւմտյան բանակցային համատեքստում, քան ռուս-ադրբեջանական։ Բայց էլի, ես չեմ ասում, որ այնտեղ էլ չպետք է խոսվի, ուղղակի կարծում եմ, որ արեւմտյան համատեքստում երաշխիքնմերն ավելի շատ են, քան՝ ռուսական»։
Սահմանադրության հնարավոր փոփոխությունների մասին հարց է հնչել՝ Մայր օրենքը կարո՞ղ է արտաքին մարտահրավեր պարունակել, չէ՞-որ շատ երկրներ պատմական իղձեր են գրում այդ փաստաթղթում, Հռչակագրում, որոնք կարող են այլ պետությունների դուր չգալ, բայց դա պատերազմի պատճառ չի դառնում, չէ՞։
Ի պատասխան Հակոբյանն արձագանքել է․
«Ամեն դեպքում, մեր Անկախության Հռչակագիրը կատարված փաստ է։ Մենք այդ հղումը Սահմանադրությունից հանենք-չհանենք, մեր Անկախության Հռչակագիրը չենք վերացնելու դրանով։ Եթե ներկայիս իշխանությունը համարում է, որ դա կոնֆրոտացիոն հարաբերություններ է կառուցում հարեւանների հետ, ապա շատ տարբեր ձեւեր կան հանրահռչակելու, որ դա այդպես չէ։ Չեմ կարծում, որ լավագույն միջոցը նոր Սահմանադրություն ընդունելն է՝ ԱԺ-ի կողմից ընդունված հռչակագիր, եւ այլն, տարբեր եղանակներ կան»։
Իսկ արդյո՞ք ճիշտ է քննարկել Միջազգային դատական ատյաններից հայցերի հետքաշումը, եթե անգամ դա հայելային լինի։
«Դա անգամ չպետք է քննարկվի, մենք չենք կարող հրաժարվել մեր դիմումներից, գանգատներից, մենք դրանով կապացուցենք, որ մեր ամբողջ պատմական կռիվը եղել է տարածքների համար, մինչդեռ մենք տարիներ շարունակ պնդել ենք, որ դա եղել է ի պաշտպանություն Ղարաբաղում բնակվող հայերի մարդու իրավունքների, եւ մենք չպետք է հրաժարվենք որեւէ կերպ։ Ինչ վերաբերվում է այն հարցին, որ Ադրբեջանը գուցե ճնշում է գործադրում, ըստ իս՝ այդ մասին պետք է ապացույցներ ներկայացնել այդ նույն դատարաններին եւ շատ մեծ է հավանականությունը, որ դա կդիտարկվի որպես դատարանի մատչելիության խոչընդոտում։ Մենք լրջորեն պետք է հետամուտ լինենք մեր գանգատներին»,- նշել է Հակոբյանը։
Իսկ Եթե նման բան լինի, դա կարո՞ղ է հայերի վերադարձի, գույքային պահանջների թեման փակել։
Ի պատասխան Հակոբյանը նշել է․
«Բնականաբար։ Պետությունն իմ տեղեկություններով ՄՔԴ-ում չունի որեւէ դիմում, Արդարադատության միջազգային դատարանում ունի, այդտեղ, բնականաբար, որեւէ նման բան դա չի ենթադրի, միաժամանակ, եւ այն ժամանակվա տուժողները՝ սկսած 2021 թվականի մայիսից, երբ Հռոմի ստատուտը ուժի մեջ է մտել Հայաստանում, մինչեւ Լեռնային Ղարաբաղի հայաթափում եւ այլն, առանձին տուժողներ, անկախ պետության գանգատ ներկայացնել-չներկայացնելուց, կարող են հետամուտ լինել իրենց գործերին ՄՔԴ-ում»։