«Մենք անցած տարվա ընթացքում ներկայացրել ենք 4 խորհրդատվական կարծիք, եւ մեկ տարեկան զեկույց, որոնք հիմնականում վերաբերում էին ՀԸԳՀ զբաղվածության, սոցիալական քաղաքականությանը։ Չնայած կարող է թվալ, թե ոլորտն ավելի նեղ է, բայց այն շատ կապեր ունի մյուս ոլորտների հետ եւ կապված է ժողովրդավարության, օրենքի գերակայության հետ, արդարադատության հետ եւ այլն։ Զեկույցներում շոշափվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ միավորման ազատությունը, սոցիալական գործընկերությունը, աշխատանքային օրենսդրությունն ավելի ընդհանրական, նաեւ ՀԸԳՀ կատարման եւ ներդրման հետ կապված որոշ խնդիրներ, որոնք կփորձեմ կարճ ներկայացնել։
Սկսենք միավորման ազատությունից, այստեղ կարելի է առանձնացնել երկու խնդիր՝ օրենսդրական եւ գործնական։ Միավորման ազատության որոշակի օրենսդրական խնդիրներ դեռ ունենք ազգային օրենսդրությունում՝ կապված նրա հետ, որ ոչ բոլոր աշխատողները դեռեւս ունեն միավորվելու ազատության իրավունք: Սա հիմնականում վերաբերում է ոչ ֆորմալ եւ ոչ ավանդական աշխատանք կատարող աշխատողներին, որոնք չեն տեղավորվում այսօրվա օրենսդրական կարգավորումներում։ Մեկ այլ օրենսդրական խնդիր է այն, որ աշխատողները չեն կարող որոշել իրենց ցանկությամբ, թե որ մակարդակում են միավորվում արհմիություններում, քանի որ օրենքը հստակ սահմանում է տարբեր մակարդակների արհմիություններ, եւ աշխատողը կարող է միայն միավորվել իր աշխատավայրի մակարդակում արհմիությանը եւ հետո այդ կապը խզվում է այլ մակարդակների հետ։ Եթե անդրադառնանք գործնական խնդիրներին, այստեղ կարելի է առանձնացնել երեք հիմնական խնդիր, մեկը՝ գործատուների կողմից արհմիությունների գործունեությանը խոչընդոտելն ու միջամտելը, մյուսը՝ այսպես կոչված գրպանային արհմիությունների լայն տարածվածությունն է Հայաստանում, եւ երրորդ՝ որոշակի խնդիրներ կան արհմիությունների պետական գրացնման գործընթացի հետ կապված։
Արհմիությունների գործունեությանը միջամտելուն եւ խոչընդոտելու հետ կապված ունենք խնդիր, որ հատկապես հանրային հատվածում՝ պետական եւ համայնքային ոլորտներում, շատ համակարգված եւ ցայտուն տարածված է գործատուների եւ նրանց ներկայացուցիչների կողմից արհմիությունների ներքին վարչարարությանը խոչընդոտելու, ընդհանրապես գործունեությանը խոչընդոտելու, կամ ինչ-որ վարքագծեր դրսեւորելու, որով կասեցվում, կամ սահմանափակվում է արհմիության գործունեությունը, կամ երբ պետական, կամ համայնքային ոլորտներում ղեկավարները, կամ նրանց ներկայացուցիչները իրենք են ինքնաառաջադրվում եւ փորձում ղեկավարել նաեւ արհմիությունները։ Սրանք օրինակներ են, որոնք միջազգային օրենսդրությունում հստակ ցուցակված են եւ համարվում են միավորման ազատության կոպիտ խախտումներ։
Ցավոք, մեր ազգային օրենսդրությամբ թեպետ արգելված է արհմիություններին խոչընդոտելն ու միջամտելը, սակայն, որեւէ այլ մանրամասներ նշված չեն, թե ինչ է նշանակում խոչընդոտել, ինչը բերում է նրան, որ այլ խնդիրների հետ կապված գրեթե հնարավոր չի լինում գործընթացներ սկսել, եթե կան այդպիսի խոչընդոտներ։
Հաջորդը գրպանային արհմիությունների լայն տարածումն է, ինչը բավական սպեցիֆիկ խնդիր է հենց Հայաստանի համար: Դա այն երեւույթն է, երբ աշխատավայրում առանձին գործում է արհմիություն եւ ենթարկվում է միայն գործատուին եւ սպասարկում է նրա շահերը։ Եթե մասնավոր ոլորտում ինչ-որ տեղ կարելի է տարբեր սպեցիֆիկաների պատճառով հասկանալ, որ հնարավոր են այդպիսի բաներ, հանրային հատվածում դա կոպիտ խախտում է միավորման ազատությունը, քանի որ դրանք փաստորեն գործատուի գրպանային արհմիություններն են։ Ցավոք, այդպիսիք մենք ունենք տարբեր նախարարություններում, նույնիսկ արդարադատության նախարարությունում եւ այլն։
Պետական գրանցման հետ կապված խնդիրները՝ մենք գիտենք, որ որոշ իրավաբանական անձինքն մեզ մոտ շատ հեշտ գրանցվում են առանց գումարի, առանց ժամանակի, իսկ ահա արհմիությունների գրանցումը բավական երկարատեւ ընթացք է, որը նաեւ գումար է պահանջում։ Իսկ վերջերս նաեւ ներդրվելն է, այսպես կոչված, իրական շահառուների բացահայտման ինստիտուտը, որը ցավոք, որեւէ տարբերակումներ չի դրել տարբեր իրավաբանական անձանց միջեւ եւ օրինակ՝ արհմիությունները, որոնք այս օրենքի իմաստով կարծես թե չունեն որեւէ իրական շահառուներ, ստիպված են ծախսել թե՛ վարչարարական, թե՛ ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի պետական ռեգիստրի գործակալությանը տան տվյալներ, որոնք արդեն իսկ տրված են։
Սոցիալական գործընկերության մասով կարեւոր է արձանագրել, որ մեր օրենսդրությամբ դեռ ֆիքսված չէ այդ իրավունքը։ Ընդամենը կա սոցիալական գործընկերության սահմանում եւ մի փոքր էլ՝ այդ գործընկերության մեխանիզմը աշխատավայրում, երբ ասվում է, որ աշխատողը էական պայմաններ փոխելուց պետք է խորհրդակցի արհմիությունների հետ։ Սոցիալական գործընկերության մնացած դրսեւորումները, օրինակ՝ կոլեկտիվ բանակցությունները, խորհրդակցությունները, այդ իրավունքները ֆիքսված չեն։ Այսինքն, չկան մեխանիզմներ, որոնք ինչ-որ ձեւ կստիպեն գործատուին գնալ բանակցությունների, եթե այդ պահանջը կա աշխատողների ներկայացուցիչների կողմից։ Դա բերում է տարատեսակ խնդիրների, երբ արհմիություններն անգամ փորձում են բանակցել, բայց դրանք կամ ընդհատվում են՝ այսինքն, գործատուն հրաժարվում է բանակցել, կամ՝ անհիմն, երկար ձգձգվում են։ Կարող եմ նշել, որ օրինակ՝ այս պահին ՆԳՆ-ում ունենք երկար ձգձգվող բանակցության պրոցես։
Աշխատանքային օրենսդրության հետ կապված՝ գիտեք, որ վերջերս փոփոխություններ են իրականացվել ԱՕ-ում, դրանք հիմնականում ՀԸԳՀ-ի հետ կապված չէին, բայց քանի որ նպատակն էր նաեւ միջազգային նորմերին համապատասխանեցնել ԱՕ-ն, իսկ ՀԸԳՀ-ն մեծամասամբ հենվում է միջազգային նորմերի վրա, ՀԸԳՀ-ին մոտարկման որոշակի գործընթաց ստացվել է ինքնստինքյան, սակայն, առանց որեւէ գործընթաց դեռ նախատեսված չէ, դեռ անելիքներ կան աշխատանքային ոլորտում մոտարկելու։ Այստեղ կարելի է առանձնացնել ոչ ֆորմալ աշխատանքի խնդիրը, կամ ավելի շուտ չգրանցված աշխատողների հարցը, որի մասնաբաժնով մենք թե՛ ՀԲ-ի, թե՛ ԱՄՀ տվյալներով աշխարհում թոփ 20-յակում ենք մոտավորապես։ Եւ կարծես դեռ արդյունավետ քայլեր չեն արվում այդ ոչ ֆորմալը կրճատելու, կարծես՝ վերջերս միտում կա, որ այն պետք է շատանա, քանի որ ինչ-որ տարբեր ցանցերի եւ անձանց կողմից միտում կա Հայաստան կազմակերպել ասիական եւ աֆրիկյան երկրներից աձանց կազմակերպված ներգաղթ, այդ անձինք հետո աշխատում են չգրանցված, անօրինական աշխատանքներում։ Չգիտեմ՝ որքանով է հիմա այդ խնդիրը պետական գերատեսչությունների կողմից լուծվում, բայց փաստորեն փորձ է արվում այս ոչ ֆորմալ աշխատանքը տեղացիներից փոխել ներգաղթյալներով, գուցե՝ քանի որ դա ավելի հեշտ է, քանի որ այն ստվերում կմնա, քանի որ ներգաղթյալները, չիմանալով լեզու, օրենքները, եւ այլն, իրենց բողոքը չեն հասցնի համապատասխան տեղ։
Դրա հետ կապված միանգամից խոսեմ տեսչական ինստիտուտների խնդրից: Այստեղ իհարկե կարելի է նշել, որ գործընկերության խորհուրդն այդպես էլ դեռ չի սահմանել այն վերջնաժամկետները, որով պետք է մոտարկվել ՀԸԳՀ հետ՝ առողջ եւ անվտանգ աշխատանքի հետ կապված բոլոր հրահանգների մոտարկման հետ կապված, որ մենք չունենք համալիր եւ համապարփակ օրենսդրություն՝ առողջ եւ անվտանգ աշխատանքի, բայց անգամ այս ամենի մասին խոսելը դեռ շուտ է, քանի որ այն տեսչական ինստիտուտները, որոնք ունենք, եւ աշխատանքի տեսչությունը մասնավորապես, նրանց գործունեությունը դեռ չի համապատասխանում ՀՀ կողմից վավերացված Աշխատանքի տեսչության կոնվենցիային։ Եւ ընդհանրապես, տեսչական մարմինները, որոնք մեզ մոտ 7-8-ն են, ֆունկցիոնալ իմաստ կարծես չունեն, այսինքն, նրանց գործունեությունը սահմանափակվում է նրանով, որ հրապարակում են տարեկան ցանկ, թե ում պետք է ստուգեն, բնականաբար, այդ ցանկում ներառվածները լավ պատրաստվում են, իրենց ստուգում են, ոչ մի բան չեն հայտնաբերում, իսկ հանկարծակի, կամ պարբերաբար ստուգումների համար պետք է քաղաքացին պարտադիր գտնի խախտում, գրի դիմում, որից հետո տեսչական մարմինը զգուշացնի գործատուին, բնականաբար, գործատուն պատրաստվի եւ շտկի։ Այսինքն, կարծես ամեն ինչ թողնված է քաղաքացիների վրա։
Եւ վերջում հենց ՀԸԳՀ իրականացման խնդրի հետ կապված, այստեղ եւս որոշակի խնդիրներ կան ներդրման եւ մոնիթորինգի համակարգված, ներառական եւ թափանցիկ լինելու հետ։ Ինչպես գիտենք, իշխանությունների կողմից հրապարակվել են ճանապարհային քարտեզներ: Նույնիսկ ուսումնասիրելով այդ ճանապարհային քարտեզները, դրանց եզրույթները, դրանցում ներառված նկարագրությունները, կարելի է տեսնել, որ կարծես թե փորձ է արվում կարել այդ ճանապարհային քարտեզներն այն քաղաքականությունների վրա, որոնք առանձին պլանավորված էր անել կառավարության կողմից, որպեսզի մի փոքր համապատասխանեցվի եւ ստացվի, թե ՀԸԳՀ շրջանակում է դա արվում, իսկ դա մի քիչ այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, քանի որ միջազգային պայմանագրերից չի կարելի վերցնել միայն այն մասերը, որոնք ավելի հեշտ է իրականացնել, կամ ավելի են դուր գալիս։ Պետք է ավելի գլոբալ մոտեցում ցուցաբերել։ Մեկ այլ խնդիր է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը համակարգում է ՀԸԳՀ իրականացումը, որում ցավոք ներառված չէ որեւէ ՔՀԿ այն դեպքում, երբ գոյություն ունի այս պլատֆորմը, եւ կարելի էր օրինակ՝ պլատֆորմին այդտեղ ներառել։ Մեզ մեկ անգամ հրավիրել են այդպիսի մի նիստի՝ գարնանը, որպես ունկընդիր: Ըստ որոշման՝ տարվա ընթացքում պետք է երկու անգամ տեղի ունենար գերատեսչական մարմնի այդպիսի նիստ, բայց անգամ այն նիստը, որին մենք հրավիրված էինք, կարծես թե կիսատ եղավ, քանի որ շատ բուռն քննարկումներով էր անցել, բայց հետո մենք այդպես էլ չիմացանք՝ եղա՞վ դրա շարունակությունը, եղա՞ն այլ նիստեր, թե՞՝ ոչ։ Կարծում եմ՝ ՔՀԿ-ների ներգրավումն այդ պրոցեսում թե՛ կառավարության համար ավելի լավ կլինի, թե՛՝ ավելի թափանցիկ կդարձնի մոնիթորինգի պրոցեսը, քանի որ մեր կողմից մոնիթորինգի ընթացքում եւս մեծամասամբ կարող են օգտագործվել այն քաղվածքները, այն տեղեկանքները, որոնք կառավարությունն է պատրաստում, թե ինչ են արել ՀԸԳՀ համար, եւ նման համագործակցության ընթացքում մեզ համար էլ ավելի բաց կլինի այդպիսի տեղեկատվությունը: Այլապես մենք ուղղակի ստիպված կլինենք մեր միջոցներով բաց հարթակներից հայթհայթել այն ինֆորմացիան, որը վերաբերվում է ՀԸԳՀ իրականացմանը։
Նաեւ որոշակի համակարգվածություն պետք է լինի ընդհանուր ՀԸԳՀ քաղաքական մշակման հետ կապված, գուցե ինչ-որ մի տեղ համակարգված երեւան բոլոր այն քաղաքական գործընթացները, նախագծերը, նորմատիվ իրավական ակտերը, որոշումները, որոնք ՀԸԳՀ մոտարկման համար են տեղի ունենում, ինչը ե՛ւ ընդհանուր երեւելի կդարձնի, թե ինչ է արվում համաձայնագրի կատարման համար, ե՛ւ քաղհասարակության համար ավելի հեշտ կլինի հաղորդակցվել այդ ինֆորմացիայի հետ»։
