Գագիկ Մակարյանի խոսքը ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ներկայացմանը

Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի եւ կայքի ներկայացումը։

Ստորեւ ներկայացնում ենք Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքը։

«Մեր վերլուծությունները ուղղված են եղել ոչ թե միայն գտնելու թերություններն ու դրանք քննադատելու, կամ դրանով փորձելու նսեմացնել ՀՀ կառավարության աշխատանքները, այլ հիմնականում` բացահայտելու այն բացթողումները, երբեմն մակերեսային մոտեցումները, որոնք դրսեւորել են պետական մարմինները ՀԸԳՀ ներդրման գործընթացներում։ Այդ պատճառով մենք հաշվի ենք առել բոլոր այն հոդվածները, որոնք առնչվում են վերլուծվող թեմաներին։ Գործատուների բլոկը ներկայացրել է 4 վերլուծություն, դրանք հիմնականում առնչվում են ՀԸԳՀ հիմնական հոդվածներին՝ ՓՄՁ-ներին, արդյունաբերության զարգացմանը, տնտեսությանը, պարենային անվտանգությանը, կրթություն-աշխատաշուկա կապին, կայուն զբաղվածությանը, երկխոսությանը՝ այդ թվում նաեւ սոցիալական եռակողմ գործընկերությանը, եւ հատկապես նաեւ հաշվի են առնվել այնպիսի դրույթներ, որոնք տարբեր վերլուծությունների ընթացքում, տարբեր ռազմավարությունների շրջանակներում չնայած գրվել են, բայց էականորեն իրենց կիրառությամբ եւ կիրառման արդյունավետությամբ այնքան էլ չեն համապատասխանում այն պահանջներին եւ հոդվածներին, որոնք ներկայացված են ՀԸԳՀ-ում։

Առաջին վերլուծությունը վերաբերում է կայուն ձեռնարկատիրությանը եւ զբաղվածությանը: ՀՀ-ում, բոլորս գիտենք, որ կայուն ձեռնարկատիրությունն է ապահովում կայուն զբաղվածություն, եւ այս ոլորտում պետական աջակցության գործիքակազմի արդյունավետությունը գնահատվել է ՀԸԳՀ հոդվածների շրջանակում․ ներառվել են մոտ 13 տնտեսության ոլորտներ, այսինքն, տնտեսական ճյուղերի գերակշիռ մասը ներառվել է վերլուծության մեջ. դրանք են՝ սարքաշինություն, դեղագործություն, մետալուրգիա՝ այդ թվում մետաղագործություն, քիմիական արդյունաբերություն, ոսկեգործություն, ադամանդագործություն, թեթեւ արդյունաբերություն, որի մեջ ներառվել է տեքստիլը, կաշվի արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտներ, որոնք ներառել են ՏՏ, իրավաբանական ծառայություններ, հաշվապահական ծառայություններ, այսինքն, մենք փորձել ենք ծածկել որքան հնարավոր է շատ ոլորտներ։

Ասեմ՝ որ բացահայտված խնդիրները ցույց են տալիս, որ երկար տարիների ընթացքում շարունակաբար առկա են մնում  չլուծվող խնդիրներ, ցավոք, նույնիսկ ՀԸԳՀ հարթակի այս վերլուծությունը ցույց տվեց, ՀԸԳՀ հոդվածի շրջանակներում պետական միջոցառումների պլանի շրջանակներում, չնայած քանի տարի աշխատանքներ են արվում, բայց դեռ էականորեն մնում են բիզնեսին պատժելու, տուգանելու, թույլ խորհրդատվական, աննշան գործունեություն դրսեւորելու տենդենցները պետական մարմինների կողմից, ներմուծման եւ արտահանման հետ կապված որոշակի վարչարարություններ, մաքսային խրթինություններ, կրթական համակարգը դեռ լիարժեք չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, եւ այլն։ Բացահայտվել է մի հարց, որ նաեւ գրված տարբեր ռազմավարությունները հաճախ իրենց առանձին տարբերակներով, տեսակներով այնքան էլ արդյունավետ չեն, այստեղ պետք է ավելի շատ հաշվի առնվեն եւ ռազմավարություններն այնպես գրվեն, որ մշակվեն ոչ թե կոնկրետ ոլորտին հատուկ, այլ՝ այդ ոլորտի եւ արդյունաբերության ու տնտեսության մյուս ճյուղերի հետ համագործակցության ցանցի ընդլայնմանն ուղղված միտումով։

Ասեմ, որ «մտածիր փոքրերի մասին» ԵՄ այդ սկզբունքը, որ նաեւ ամրագրված է ՓՄՁ ռազմավարության մեջ, եւ նաեւ ՀԸԳՀ հոդվածներում, ՓՄՁ-ների հանդեպ չէի ասի, որ լիարժեքորեն պահպանվում է, դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ, եւ դեռեւս նույնիսկ ՓՄՁ բնորոշումների մեջ առկա են թերություններ, որոնք լավ կլիներ, որ վերանային։ Մասնավորապես, սեփականաշնորհված ձեռնարկություններն ունենալով մեծ տարածքներ եւ մեծ գույք՝ հաճախ աշխատողների թվով փոքր են, շրջանառությամբ փոքր են, բայց իրենց մասշտաբով մնացել են մեծ եւ դա երբեմն առաջացնում է թյուրըմբռնումներ, եւ պետական աջակցության գործիքակազմն այնքան էլ լիարժեք չէ այդպիսի ձեռնարկությունների նկատմամբ։

Երկրորդ վերլուծությունը վերաբերվում է աշխատաշուկա եւ կրթություն կապին, սա ամենակարեւոր թեմաներից մեկն է՝ Հայաստանի տնտեսական զարգացման, մրցունակության, արտադրողականության բարձրացման տեսանկյունից, մենք դիտարկել ենք այս թեման, եւ դրա շրջանակներում բացահայտել ենք, որ ուսումնական հաստատությունների քանակը եւ շուկայի նոր պահանջներով պայմանավորված մասնագիտությունների ցանկը փոփոխվում են ժամանակի ընթացքում, բայց դրանց ոչ միշտ է հասցնում կրթական համակարգն արձագանքել պատշաճ ձեւով: Այսօրվա պահանջվող մասնագիտությունները, կամ մասնագիտություններում թողարկվող մասնագետների քանակը, կամ նրանց հմտությունները էական խոչընդոտ են հանդիսանում աշխատաշուկայի համար, եւ այսօր աշխատաշուկայում առկա են որոշակի արգելափակման, դանդաղեցման տենդենցներ տնտեսության զարգացման տեսանկյունից, քանի որ առկա չեն համապատասխան մասնագետներ։ Հրամայական է դարձել առկա մասնագիտությունների վերանայումը, չափորոշիչների մշակումը, հմտությունների զարգացումը, կրթական համակարգի տեխնիկական զինումը, մասնագիտական կարողությունների բարձրացումը նաեւ դասավանդողների շրջանում եւ կրթական կառավարման համակարգում աշխատաշուկայի պահանջներով տրամադրությունների եւ ցանկությունների ավելի ներառումը։

Երրորդ թեման վերաբերել է արդյունաբերության զարգացման ռազմավարությանը: Պաշտոնական տեղեկատվության աղբյուրները ցույց են տալիս, որ ՀՀ-ում բացակայում է արդյունաբերության զարգացման միասնական ինտեգրված հայեցակարգ եւ մոտեցում, կան առանձին ռազմավարություններ, որոնք գործում են դիսկրետ տարբերակներով, այնքան էլ համահունչ չեն մեկը մյուսին, նաեւ չեն կարողանում ստեղծել լոկոմոտիվային ուժ տնտեսության զարգացման մեջ, մասնավորապես, արդյունաբերության մեջ, եւ այստեղ առաջարկվել է մշակել ինտեգրված հայեցակարգ, որը պետք է ներառի կայուն եւ արդյունավետ աշխատանքի հնարավորությունները, նպաստի հարակից ճյուղերի զարգացմանը՝ հորիզոնական եւ ուղղահայաց կապերի ձեւավորման միջոցով, նպաստի ինտեգրմանը եւ օպերացիայի ընդլայնմանը միջազգային համագործակցության համակարգերի հետ՝ հաշվի առնելով պետության պայմանագրային պարտավորությունները ԵՄ-ի հետ ՀԸԳՀ շրջանակում, ԵԱՏՄ-ի շրջանակում եւ այլն, նպաստի աշխատանքի արտադրողականությանը եւ աշխատուժի ու զբաղվածության բարձրացմանը շուկայում։ Այստեղ հաշվարկները ցույց են տալիս, որ հայեցակարգի ընդունման պարագայում հարկ կլինի սկսել ձեւավորել անհրաժեշտ մեխանիզմներ՝ իրականացնելու համար այդ մոտեցումները, եւ այստեղ տեսնում ենք, որ լիազորված միասնական պետական մարմնի ձեւավորումը պետք է լինի առաջնահերթային, հատկապես դա կարող է լինել Էկոնոմիկայի նախարարության շրջանակում, որ կկարողանա այս սկզբունքները վերցնել ուշադրության ներքո եւ աշխատեցնել։ Տեսնում ենք, որ կառավարության կողմից դրվել են ջանքեր՝ տարբեր սուբսիդավորման ծրագրեր, լիզինգային ծրագրեր, կամ տարբեր ռազմավարություններ, դրանք էական առումով չեն նպաստում մասշտաբային զարգացումներին՝ մենք այսօր ունենք մարզերում սոցիալ-տնտեսական բազում խնդիրներ, եւ մոտ 6 մարզեր կարիք ունեն սոցիալ-տնտեսական զարգացման փաթեթային մոտեցումների։

Չորրորդ թեման եղել է պարենի անվտանգությունը՝ հատկապես կլիմայի փոփոխության, հարմարվողականության համատեքստում, որպես նոր ռազմավարությունների շրջանակում թեմա, որին ՀՀ-ն ակտիվորեն հարում է՝ կանաչ տնտեսությանը, կլիմայի փոփոխությանը, ՄԱԿ-ի 17 սկզբունքների կատարմանը եւ այլն, այստեղ ուսումնասիրվել են պարենի անվտանգության առաջնահերությունները, վերջին ռազմավարությունները, որոնք մշակվել են այդ բնագավառում, հաշվի են առնվել ՀԸԳՀ հարթակի հետ կապերը, նպատակն է եղել նաեւ գնահատել մասնավոր հատվածի դերակատարությունը պարենի անվտանգության ապահովման տեսանկյունից, կլիմայի փոփոխության հարմարվողականության համատեքստում, բացահայտել պարենային անվտանգության ապահովման դժվարությունների պատճառները, եւ հետազոտվել են արդեն առկա տարբեր բիզնես ասոցիացիաների, նաեւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախկինում իրականացված՝ պարենի անվտանգության, պետական մարմինների կողմից իրականացված՝ պարենի անվտանգության ոլորտում վերլուծությունները, կլիմայի փոփոխության համատեքստում գյուղատնտեսության խոցելիության եւ հարմարվողականության հնարավորոթյուններն են նաեւ գնահատվել։

Ցանկանում եմ նշել, որ պետական մարմինների հետ երկխոսությունը գտնվում  է ցածր մակարդակի վրա, վերջին նաեւ կադրային փոփոխությունները, եւ խնդիրները, որոնք առաջացել են, որը նշեց նաեւ վարչապետը, ցույց են տալիս, որ այդ երկխոսությունը կարող էր դրականորեն փոխել իրավիճակը՝ ներարկելով գործնական կյանքում առկա խնդիրների մասին գիտելիքներ, տեղեկություններ եւ հնարավորություններ ստեղծել համագործակցության համար։

Այս վերլուծությունների շարքը կարելի է շարունակել, կարծում եմ, որ ՀԸԳՀ հարթակը ձեր աջակցության կարիքն ունի՝ պարոն դեսպան Մարագոս, հետագա նոր վերլուծությունների եւ քննարկումների համար, որոնք կնպաստեն նաեւ մյուս հոդվածների ուղղությամբ աշխատանքներին, կամ կարող են նաեւ որոշ թեմաներ կրկնվել՝ տեսնելու համար, թե ինչպիսին է զարգացման դինամիկան։

Ցանկանում եմ ասել նաեւ, որ երկխոսությունը, մասնավորապես, եռակողմ սոցիալական գործընկերությունը երբեմն նսեմացվում է երկրում, անգամ ԱՄԿ գլխավոր տնօրենի այցը ՀՀ էականորեն չփոխեց իրավիճակը: Այսինքն, վերաբերմունքը, հիշաչարության, կամ պարզապես նսեմացնելու այդ ինստիտուտը մնում է ուժի մեջ, կոչ եմ անում պարոն փոխվարչապետ, որ ձեր ուշադրության ներքո վերցնեք այդ խնդիրը, կարծում եմ նաեւ, որ մասնավոր հատվածի հետ երկխոսությանը պետք է պետականորեն, ինչ-որ ձեւաչափով ֆիքսվի՝ դա կարող է լինել կառավարության որոշում, կարող է լինել՝ վարչապետի որոշում, պետական մարմինները պետք է լինեն հաշվետու՝ թե ամսական կտրվածքով ինչպիսի երկխոսություն են իրականցրել գործընկեր ասոցիացիաների, գործատուների միությունների կամ առեւտրի պալատների հետ, եւ արդյունքում ինչպիսի նպաստավոր պայմաններ եւ գիտելիքներ են ստեղծվում ընդհանուր տնտեսական զարգացման, սոցիալական խնդիրների կարգավորման եւ մանսավորապես, ՀԸԳՀ իրականացման շրջանակներում»։