Փետրվարի 22-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի եւ կայքի ներկայացումը։
Ստորեւ ներկայացնում ենք ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ, «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի խոսքը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Մհեր Գրիգորյանի եւ մյուս գործընկերների, Եվրամիության պատվիրակությանն ու ԵՄ այլ մարմիններին՝ այս երկու տարվա մեր գործունեության ընթացքում արդյունավետ համագործակցության համար։ ԵՄ-ին կուզեմ շնորհակալություն հայտնել նաեւ Հայաստանի կողքին կայունորեն կանգնելու համար, հատկապես այն դժվարին իրավիճակում, որում մենք հայտնվել ենք: Անպայման պետք է նշեմ նաեւ ԵՄ անդամ պետությունների դերակատարությունը, որոնք իրենց խիստ գնահատելի նախաձեռնություններով, ծրագրերով նպաստում են ԵՄ-ՀՀ օրակարգի առաջ մղմանը, հատկապես ցանկանում եմ նշել Ֆրանսիային, Գերմանիային, Նիդերլանդներին, Շվեդիային, Չեխիային, Լիտվային, Լեհաստանին, իհարկե, բոլորին թվարկել հնարավոր չէ ։ Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի վերջերս կայացած հանդիպման արդյունքները, նաեւ բարձր ենք գնահատում նախորդ տարի մեկնարկած ՀՀ-ԵՄ անվտանգային երկխոսությունը, ԵՄ մոնիթորինգային առաքելության տեղակայումը Հայաստանում: Ընդգծում ենք, որ խաղաղության երկխոսության գործիքակազմից Հայաստանի օգտվելու հարցը շատ կարեւոր է եւ ողջունում ենք այդ բանակցությունների արագ ընթացքը, նաեւ կարեւորում ենք վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները եւ ակնկալում ենք դրական առաջընթաց նաեւ այս ոլորտում։ Մեծապես կարեւորում ենք ԵՄ եւ անդամ պետությունների շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, պաշտպանության ոլորտում եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հարցերը ընդգրկված են ՀԸԳՀ-ում որպես պայմանագրի էական տարր՝ շարունակելու ենք մեր ուշադրության կենտրոնում պահել դրանք։
Անդրադառնալով Պլատֆորմին եւ պլատֆորմի զեկույցին՝ ուզում եմ նշել, որ զեկույցը մշակվել է ՀԸԳՀ Մշտադիտարկում քաղհասարակության կողմից՝ ԵՄ աջակցությամբ իրականցվող ծրագրի շրջանակներում, ինչի կապակցությամբ շնորհակալ ենք ԵՄ-ին` նաև Պլատֆորմին ձեր շարունակական աջակցությունը վերահաստատելու համար։ Նպատակ ենք հետապնդել հնարավորինս մասնակցային իրականացնել ՀԸԳՀ մշտադիտարկումը մեր կողմից առանձնացված առաջնահերթ ոլորտներում, եւ այդ նպատակով փորձել ենք մեկտեղել ջանքերը նաեւ այն կազմակերպությունների եւ գործընկերների, որոնք նախկինում զբաղվել են ՀԸԳՀ մշտադիտարկմամբ եւ նաեւ մեր զեկույցում ընդգրկել նաեւ նրանց աշխատանքը, որպեսզի այն ջանքը, որը ձեռնարկվել է՝ շարունակական լինի, այդ առումով փորձել ենք հնարավորինս մասնակցային անցկացնել այդ գործընթացը՝ ներառելով այն բոլոր կազմակերպություներին եւ անհատներին, որոնք ունեն կարողություն եւ որ ավելի կարեւոր է՝ ցանկություն մասնակցելու այս գործընթացին։ Կազմման մեթոդաբանությանը կարճ անդրադառնամ՝ զեկույցը հիմնված է 15 խորհրդատվական կարծիքների վրա, որոնք մշակվել են տարվա ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում։ Այդ կարծիքների վրա աշխատել են քաղհասարակության ոլորտի հեղինակավոր փորձագետներ, որոնց ցանկանում եմ անվանապես նշել` Հասմիկ Հարությունյանին, Դանիել Իոաննիսյանին, Արտաշես Սերգոյանին, Լարիսա Մինասյանին, Սյուզաննա Սողոմոնյանին, Մարիամ Զադոյանին, Ստեփան Գրիգորյանին, Գագիկ Մակարյանին, Տիրուհի Նազարեթյանին, Աննա Բարիկյանին, Արսեն Իգիթյանին, Մարատ Ատովմյանին, Սուրեն Չիբուխչյանին, Աշոտ Սաֆարյանին, Կարեն Մխիթարյանին։ Առանց ձեր ներդրման մեր զեկույցն, իհարկե, չէր լինի այս տեսքով։
Զեկույցն իրենից ներկայացնում է այդ ոլորտներում իրավիճակի գնահատական եւ չի պարունակում առաջարկություններ, մանրամասն վերլուծություններ, փաստարկումներ․ դրանք դուք կգտնեք այն խորհրդատվական կարծիքներում, որոնք հիմք են հանդիսացել զեկույցի համար, եւ արդեն տեղադրված են ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի կայքում։
Զեկույցում դրական ենք գնահատել Հռոմի ստատուտի վարերացումը ՀՀ իշխանությունների կողմից եւ գնահատել ենք նաեւ ՍԴ դերը այս հարցում՝ դիտարկելով ՀԸԳՀ-ով ստանձնած բավական կարեւոր պարտավորության իրականացում։
Անդրադարձ ենք կատարել ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ապահովման թեմաներին։
Անդրադարձ ենք կատարել որոշակի գործընթացների, որոնք ծավալվել են նախորդ տարի ԱԺ-ում, եւ ոչ միայն, որոնց կապակցությամբ տարվա ընթացքում ընդունել ենք տարբեր հայտարարություններ։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում անդրադառնալ անցած տարվա դեկտեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահի հետ կապված ԱԺ-ում ծավալված բավական խնդրահարույց գործընթացին, երբ տեսանք, որ ԱԺ-ն բավական մեծ անհանդուրժողականություն էր դրսեւորում անկախ թենածուի հանդեպ։ Այդ կապակցությամբ նաեւ բացասական ենք գնահատում ԱԺ կողմից մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնանկության գործընթացը, հատկապես այն հիմքով, որ այդ անձը նիստի ընթացքում չէր պաշտպանել հայ ժողովրդի արժանապատվությունը եւ պատիվը, համարում ենք, որ հարցի պատասխանը, թե ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը լա՞վ է պաշտպանվում, թե՞՝ ոչ, պետք է տա հենց ժողովուրդը՝ ընտրությունների միջոցով, եւ նման հիմքերով պաշտոնանկության գործընթացները ոչ մի կերպ չեն նպաստում ժողովրդավարության ամրապնդմանը։ Նաեւ բացասական ենք գնահատում, ինչի կապակցությամբ հայտարարություն ենք ընդունել, տեղի ունեցող ընտրովի արդարադատության որոշ գործընթացներ եւ կարծում ենք, որ դրանք եւս պետք է բացառվեն։
Ինչ վերաբերվում է զեկույցի թեմաներին, անդրադարձ ենք կատարել դատական իշխանության ոլորտի բարեփոխումներին՝ անդրադառնալով թե՛ նախորդ ռազմավարությամբ տեղ գտած որոշակի զարգացումների, թե՛ նախատեսվող վերջին ռազմավարությամբ տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես, այնտեղ խնդրահարույց ենք դիտարկում ԲԴԽ-ում ոչ դատավոր անդամների ընտրության գործընթացները եւ այս կապակցությամբ վերահաստատում ենք քաղհասարակության կոչը այդ գործըթնացները կազմակերպել հնարավորինս մրցութային եղանակով, որը թույլ կտա ավելի մեծացնել ոչ դատավոր անդամների անկախությունը։
Նաեւ խնդրահարույց ենք դիտարկում դատավորների բարեվարքության ստուգման համակարգի ներդրումից հետո ԲԴԽ կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական կարծիքները որոշ թեկնածուների հարցում հաշվի չառնելու մոտեցումը: Խնդրահարույց ենք դիտարկում նաեւ դատավորների հանդեպ կարգապահական գործընթացներում տեղ գտած ընտրովի արդարադատության երեւույթները եւ կարծում ենք, որ դրանք եւս բացասական զարգացումներ են։
Անդրադարձել ենք կոռուպցիայի ռազմավարության վերջին մշակմանն ուղեկցող գործընթացին, նաեւէ թե ինչ խնդիրներ կային այդ գործընթացի շուրջ։ Բարեբախտաբար, ռազմավարությունն արդեն կա եւ որոշ առումով կարելի է նաեւ առաջընթաց գնահատել այն, որ, ի վերջո, ռազմավարության մշակումը բավական մասնակցային իրականացվեց․ հակակոռուպցիոն պայքարն, իհարկե, դեռ չենք կարող գնահատել լիարժեք դրական, հաշվի առնելով այդտեղ եւս շահերի բախման կարգավորումների, եւ հակակառուպցիոն կրթության հետ կապված հարցերի թերի կարգավորումները։ Կրթության համակարգի խնդիրներին ենք անդրադարձել, մասնավորապես՝ բարեվարքության լուրջ պակասի արդյունքում կրթության համակարգի չկայացման խնդիրներին, ինչպես նաեւ վիզաների ազատականացման եւ դյուրացման խնդիրներին, որոնք եւս շատ կարեւոր ենք դիտարկում։ Այդ բաժինը պարունակում է որոշակի գնահատականներ նաեւ միջազգային գործընկերների կողմից վիզաների դյուրացման մասով ոչ այնքան դրական փորձառության, որը ՀՀ քաղաքացիները ունեցել են եւ հորդորում ենք ջանքեր գործադրել այդ գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»։
