Ենթադրենք՝ դուք վերացնեք հռչակագիրը նախաբանից, վերանո՞ւմ է Հռչակագիրը․ Տիգրան Եգորյան

Վտանգավոր չէ՞, որ ՀՀ ամեն իշխանություն ձգտում է փոխել Սահմանադրությունը։ «Factor.am»-ի տաղավարում պատասխանելով այս հարցին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը նշել է․

«Այդ բոլոր դրվագներն իրար հետ միայն Սահմանադրության առնչության մասով են ընդհանուր, քանի որ ամեն մեկը տարբեր է․ 1995-ի Սահմանադրության ընդունումը բոլորովին այլ  բովանդակությամբ մի գործընթաց էր, ընդ որում, 94 թվականի վերջից արդեն քաղաքական իշխանության հիմնական ճյուղը այլեւս չէր ձգտում այդ Սահմանադրությունը 1995-ին ընդունելու պրոցեսին եւ նախանձախնդիր չէր, իշխանության մեջ այլ բլոկ էր դրա հիմնական ջատագովը, այսպես ասած՝ Եգորյանական բլոկը: 2001 եւ 2005 թվականների փոփոխությունները բոլորովին այլ բովանդակություն ունեին, դա իշխանության առավել կենտրոնացման, նախագահի ինստիտուտի հզորացման, կառավարելիության այլ մակարդակի ձեւավորման նպատակ էր հետապնդում, 2015-ինը՝ այլ։ Իսկ հետհեղափոխական մեկնարկը, որը տրվել էր վարչապետի հրապարակային բացատրությամբ, ինքնին տարբերվող եւ դրական էր, այն նպատակ չէր հռչակում կոնկրետ փոփոխության, այն նպատակ էր հռչակում այնպիսի գործընթացի, որի ընթացքում պետք է ժողովվի այդ միտքը եւ ձեւավորվի կամ անհրաժեշտություն, կամ դրա բացակայությունը եւ դրա բովանդակությունը, սակայն, այն, ինչ դրան հաջորդում է, մի փոքր խզում է մտցնում նախնական հռչակված նպատակի հետ, այսինքն, չէի ասել՝ մեկնարկը եղել է Սահմանադրությունը կոնկրետ իշխանության կողմից փոփոխության ձգտում, այն այլ բովանդակությամբ է եղել»։

Այսինքն, հանձնաժողովը իշխանությունից չի՞ ստացել պատվեր՝ գրեք ինձ համար այսպիսի Սահմանադրություն, ընդդիմադիրներն ասում են՝ իշխանությունն իր վարկանիշի պիկում չէ, եւ հնարավոր է՝ գրվի այնպիսի Սահմանադրություն, որը հնարավորություն կտա օրինակ՝ մեծամասնություն չհավաքելով՝ ունենալ իշխանություն, կա՞ իշխանության կողմից հորդոր, որ այդպիսի Սահմանադրություն իր համար գրվի։

Այս հարցին պատասխանելով՝ Եգորյանն ասել է․

«Ես խորհրդի եւ ոչ հանձնաժողովի անդամ եմ, եւ հենց այս հարցի վերաբերյալ հանձնաժողովի անդամների հետ խորհրդակցություններ կային առ այն, որ չկա որեւէ ուղենիշ, եւ այո, սկզբից հռչակված չէր այդպիսի ուղենիշ, հռչակված էր այն, ինչը հրապարակայնորեն բացատրվել էր, որ նպատակն է հասկանալ՝ ինչի անհրաժեշտություն կա, ինչպիսի խնդիրներ կան, սահմանադրականության ինչպիսի հարցերի ենք բախվում, որ պետք է լուծենք։ Եւ, այո, այսպես ասած, գրավիտացիան բացակայում էր, ինչը կարծում եմ՝ շատ լավ հող է այպիսի խորքային խնդիրների առավել ընդգրկուն եւ լայն քննարկման համար։ Ավելին, նաեւ պետք չէ համարել, որ խորհուրդը, կամ հանձնաժողովը ինչ-որ մի փաստաթուղթ ստեղծելու արդյունքում կատարեց այսպես ասած, Սահմանադրության փոփոխության հիմնական եւ վճռորոշ քայլը, քանի որ Սահմանադրություններն ու դրանց փոփոխությունները մի հանձնաժողովով, կամ խորհրդով, կամ թեկուզ միայն ԱԺ հաստատմամբ չէ, որ վճռվում են: Կա հանրաքվեի՝ մի հսկայական քաղաքական գործընթացի խնդիրը, որին ուզես, թե՝ չէ, մասնակից են դառնում բոլոր շերտերը։ Եւ դրանց ազդեցության ջատագովության մակարդակից է կախված ելքը։ Ավելին, երկրներ կան, որտեղ երկու իշխանության, երկու հանրաքվեի միջոցով պետք է որոշվի Սահմանադրության փոփոխությունը, կամ Սահմանադրությունը։ Այսինքն, չեմ կարծում, որ ինքնին որեւէ մի խորհրդի, կամ հանձնաժողովի ստեղծած փաստաթուղթն այն փաստաթուղթն է, որը հենց կլինի Սահմանադրություն։ Սա քննարկման մեկնարկն է»։

Իսկ կայուն մեծամասնության դրույթը մնալո՞ւ է։

Ըստ Եգորյանի տարբեր առաջարկներ կան, ո՞ւմ կողմից հաստատվելով է մնալու, ԱԺ-ի՞, թե՞՝ հանրաքվեի, այս պահի դրությամբ, ըստ նրա, հայեցակարգի շրջանակում առնվազն քննարկվում է կայուն մեծամասնության վերացմանն ուղղված հարցերը, որոնք մեզ թույլ կտան առավել արդյունավետ օգտագործել մեր քաղաքական ռեսուրսը ներկայացուցչական մարմիններում, ներկայացուցչական իշխանության ձեւավորման գործընթացում։ «Վերացնելով դա՝ հնարավորություն տալ ավելի լայն ավազանից ավելի մեծ ծավալի ներկայացուցիչների ներգարվման եւ այլ տեսակի կայունության ձեւավորման, քան այն, ինչ հիմա ունենք»,- նշել է Եգորյանը։

Պնդումներ կան, որ նոր Սահմանադրության ընդունումը դրսից թելադրված օրակարգ է, Ալիեւը եւ Էրդողանը թելադրել են ՀՀ իշխանություններին, որ Անկախության հռչակագրին հղումը հանվի, որտեղ ԼՂ եւ ՀՀ վերամիավորման, Ցեղասպանության ճանաչման արշավի մասին նշումներ կան։ Իշխանությունն այս մասով ձեզ հետ կոնսուլտացիաներ արե՞լ է, որ այդ դրույթը հանվի։

Ի պատասխան այս հարցի Եգորյանը նշել է․

«Որքանով ինձ է հայտնի՝ սա ընդամենը մի հայտարարություն եւ դրան հաջորդած ինչ-որ քննարկումներ են, խորհրդում երբեք այսպիսի խնդիր չի քննարկվել, որը կբխեր իշխանության ինչ-որ ներկայացուցչից, կամ թեկուզ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից, նման հարց դրված չի եղել եւ դրված չէ այս պահին, առնվազն ինձ հայտնի հանգամանքներն այդպիսին չեն։

Ընդհանրապես, Սահմանադրության փոփոխություն, թե՞՝ նոր Սահմանադրություն, սա եւս ինձ համար մի փոքր արհեստական քննարկում է, եւ նաեւ՝ վտանգավոր քննարկում, որո՞նք են այն փոփոխությունները, որոնք պետք է հենց Սահմանադրության փոփոխությամբ արվեն, կամ հենց նոր Սահմանադրությամբ արվեն, եթե մենք խոսում ենք միայն նախաբանի մասին, լավ, եկեք խոսենք դրա մասին եւ հասկանանք՝ ո՞րն է դրա խնդիրը, եթե ոչ, ապա ի՞նչն է, որ անհրաժեշտություն է առաջացնում նոր Սահմանադրության»։

Արձագանքին, որ այդ խնդիրը աշխարհաքաղաքական նոր իրավիճակն է, երբ Արցախն այլեւս չկա, Եգորյանը պատասխանել է․

«Ի՞նչ կապ ունի դա Սահմանադրության հետ, ենթադրենք՝ դուք նախաբանի փոփոխություն իրականացնեք եւ վերացնեք հռչակագիրը նախաբանից, ի՞նչ է փոխվում, վերանո՞ւմ է Հռչակագիրը, սրանք նվիրական, ինքնիշխանության դաշտում գտնվող հարցեր են, որոնք արծարծելը, քննարկելը նման պրակտիկ դաշտ բերելը շատ սխալ է եւ վնասակար։ Օրինակ՝ ո՞ր համազգային իղձերը, կամ մարդկանց մտքում ձեւավորվող, ապա ինչ-որ կետում իրացվող ո՞ր նպատակներն են, որ կվերացնենք։ Մենք պետք է հասկանանք, այդ լեգիստական պարզունակությունից էլ պետք է դուրս գանք, այնպես չէ, որ մեր կյանքը կառավարվում է նրանով, ինչը գրված է թղթի վրա, շատ բաներ կան, որ գրված չեն, շատ բաներ կան, որ գրված են, բայց ազդեցություն չեն գործում, այ ի՞նչն է, որ ուզում ենք փոխել, արդյո՞ք այդ նախաբանին հղումը վերացնելով՝ ձեր, իմ, կամ մեր եղբայրների, քույրերի մտքերում այսուհետ ինչ-որ զրոյացում է տեղի ունենալու։ Կամ օրինակ՝ Ցեղասպանության հետ կապված որեւէ բան գրված չէ Սահմանադրության մեջ, բայց ԱՄՆ-ն, այլ պետություններ ճանաչեցին այն, արդյո՞ք Սահմանադրությունը, հռչակագիրը, կամ ինչ-որ մի տեղ թղթի վրա գրառումն է որոշում մեր քաղաքականությունն այդ կապակցությամբ»։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը դա կարող է որպես երաշխիք դիտել, որ ՀՀ-ն իրավական առումով չի հավակնում Ադրբեջանի տարածքներին, քանի որ ասում են՝ Սահմանադրության մեջ տարածքային պահանջ եք ձեւակերպել Ադրբեջանի հանդեպ՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին դրույթը նախաբանում դնելով, Եգորյանն արձագանքել է․

«Դա կեղծ խոսակցություն է, ի՞նչ է նշանակում իրավական պահանջ, արդյո՞ք միջազգային իրավական հարթությունում խնդիրները լուծվում են ելնելով կոնկրետ պետության Ա, կամ Բ ակտով արձանագրումից, արդյո՞ք միջազգային իրավունքը ձեւավորվում է մեր Սահմանադրության, կամ հռչակագրով Ա, կամ Բ դրույթը նախատեսելով, բնավ՝ ոչ: Մեր Սահմանադրությունը չի ձեւավորում միջազգային իրավունքը։ Պատկերացրեք՝ մեր Սահմանադրությունում այդ Ա, կամ Բ դրույթը կա, կամ՝ չկա, դուք միջազգային իրավական հարթության կամ միջազգային քաղաքական հարթության մակարդակներում իրականացնում եք ձեր քաղաքականությունը, ի՞նչ կերպ է դա ձեզ սահմանափակում, ոչ մի կերպ։ Պետք է խուսափել այս կեղծ խոսակցության եւ այս կեղծ օրակարգերը մեր վզին փաթաթելու հեռանկարից, եւ այս պահին առկա քննարկումներից, քանի որ դրանք պետական քաղաքականության մակարդակում որոշվող հարցեր են, եւ անկախ նրանից, թե պատմականորեն ՀՀ, կամ հայ ժողովրդի պատմության ընթացքում ինչ ակտեր, պլեբիսցիտներ են իրականացվել, կամ ինչպիսի խնդիրներ են հռչակվել, այսօր ՀՀ ժողովրդի անունից գործող լեգիտիմ իշխանությունը պետք է իրականացնի ՀՀ քաղաքականությունը, անկախ պատմական իրողություններից, քանի որ դրանք տարբեր են եւ դրանք այսօր թղթի վրա փոխելով՝ դու չես փոխի, դու դրանց կարող ես վերադառնալ, կարող ես՝ ոչ, դրանք թղթում փոփոխությունների միջոցով չեն վճռվում, ուստի դա կեղծ խոսակցություն է, որի խնդիրը ցուցադրաբար ՀՀ եւ հայ ժողովրդի սուվերենության խոցումն է։ Պետք չէ մտնել այս դիսկուրսի մեջ, ընդամենը պետք է վեր կանգնել եւ քաղաքական մակարդակով լուծել այս հարցը, հենց միջազգային իրավական մակարդակում եւ շրջանակներում»։

Այսինքն Դուք կողմ կլինե՞ք նախաբանում Հռչակագրին հղումը պահելուն։ Ի պատասխան Եգորյանը նշել է․

«Ես չեմ կարծում, որ այդտեղ պետք է ինչ-որ բան փոխվի, չկա նման խնդիր, այն իրավունք ձեւավորող դրույթ չէ, որ ասենք՝ հրաժարվեցինք այս իրավունքից, այդ նախաբանը կարող էր եւ չլիներ եւ չլինելու դեպքում քաղաքականությունն այդ ուղղությամբ վճռվելու էր այնպես, ինչպես այսօր ՀՀ ժողվորդի անունից գործող լեգիտիմ իշխանության քաղաքականության միջոցով։ Դա չի որոշում Ա, կամ Բ քաղաքականությունը, մենք ենք որոշում։ Ինչու եմ ասում, որ սրանք նուրբ եւ նվիրական սուվերենության հարցեր են, որոնք չարժե մանրել քննարկումներով, հիմա օրինակ՝ եթե մենք փոխենք դա, մենք հրաժարվելո՞ւ ենք միջազգային դատարաններում մեր կողմից ներկայացված տարբեր պահանջներից, որոնք իրենց հերթին կարող են ածանցյալ նաեւ տարածքային նշանակություն ունենալ»։

Լրագրողը հիշեցրել է, որ երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր էր, Սերժ Սարգսյանին քննադատում էր սուպերվարչապետական համակարգի համար, թեեւ այդ փոփոխությունները կեղծ օրակարգ էր համարում, արդյո՞ք չի ստացվել այնպես, որ հիմա էլ նա է իրեն լավ է զգում այս սուպերվարչապեական կոստյումի մեջ, թե՞ խնդիր է դրված ազատվել այդ համակրգից։

Ի պատասխան Եգորյանը նշել է․

«Ես ասեմ, թե ինչ է  քննարկվում այդ խորհրդում, եւ այս հարցի մասին ես մշտապես արտահայտվել եմ, այստեղ անձերի խնդիր չէ, քանի որ մենք նորից կմտնենք անօգուտ փակուղի, եթե մենք քննարկենք միայն այս, կամ այն անձի հարմարավետության եւ այլ հարցեր։ Այստեղ հարցը բավական սահմանափակ, այդ թվում մարդկային, ռեսուրսներ ունեցող պետության արդյունավետ կառավարումն է, որը պետք է բերի մեր պոտենցիալի առավելագույն իրացմանը: Ո՞րն է դրա հնարավորությունը, այնպիսի կառավարման համակարգը, որը առավելագույնս մասնակցային եւ ներառական կլինի, եւ կընդգրկի մեր մտավոր կարողության առավելագույնն այդ պրոցեսում։ Հիմա սրան հասնելու համար մենք քննարկում ենք այդ փոխադարձ զսպումների, հակակշիռների մեխանիզմների այն լավագույն սցենարներն ու տարբերակները, որոնք թույլ կտան վավերացնել այդ ամենը, այո, 2015-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում արհեստական գործընթացներ իրականացվեցին հետին նպատակներով, որոնց արդյունքում իշխանությունների այդ հակակշիռների մեխանիզմը չգործարկվեց, ընդհանրապես ճիշտ չներդրվեց եւ այսօր երբ խոսում ենք պառլամենտական կառավարման մասին, պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնենք, որոնք այլ են եւ պիտանի են՝ ի տարբերություն կիսանախագահական, կամ նախագահական համակարգի, քանի որ մենք չունենք իրար հակակշռող կառավարություն եւ ԱԺ, մենք այդ հակակշիռների ողջ մեխանիզմը պետք է տեղաբաշխենք ԱԺ մակարդակում, քանի որ ԱԺ-ում գործող մեծամասնությունն է ձեւավորում կառավարություն, ուստի սրանք իրար արդյունավետ չեն կարող հակակշռել, սրանք միմյանց ծնունդ են, եւ հենց այս մեխանիզմները պետք է նախատեսվեն եւ Սահմանադրության մեջ, եւ որպես պատվիրան Սահմանադրությամբ պատվիրակվեն օրենսդրական մակարդակում կարգավորումների։ Այ սա լուրջ հարց է, եւ պետք է կազմակերպել սա, որպեսզի մենք մեր պետության, հասարակության, քաղաքական համակարգի ռեսուրսը արդյունավետ օգտագործենք եւ զարգացնենք: Սա չանելով, անկախ անձերից, անկախ բարի նպատակներից, թե ով կլինի իշխող ուժը, կամ վարչապետը, չենք կարողանա արդյունավետության հասնել»։

Երբ Սերժ Սարգսյանը մտցնում էր կայուն մեծամասնության դրույթը՝ նա դա հիմնավորում էր քաղաքական անկայունության հեռանկարից խուսափելու փաստարկով, փաստորեն այդ դրույթը դուրս է գալու, դրա փոխարեն ի՞նչ է  ամրագրվելու։

Այս հարցին Եգորյանը պատասխանել է․

«Փորձենք մի քիչ պատկերավոր դիտարկել սա, ընդհանրապես մարդկանց կյանքում, իսկ դա նույնն է, պետության կյանքը մարդկանց կյանքն է, ինչպե՞ս է տեղի ունենում, դուք կարող եք ունենալ օպոնենտներ, ասենք՝ Ա հարցի վերաբերյալ 2, կամ 3 կողմ, որոնք անբարիշտ են եւ որեւէ կերպ չեն կարողանում գալ որեւէ համաձայնության, տարբերակ 1՝ դուք որոշում եք, որ այս խմբից մեկը, որը կստանա առավելագույն աջակցություն, կորոշի այս հարցով քաղաքականությունը, բայց դա ունի ժամանակավոր էֆֆեկտ, 4, կամ 5 տարի՝ կախված նրանից, թե ինչ ժամկետով է այդ մարմինը ձեւավորվում, ի՞նչ է լինում 5 տարի անց, եթե 5 տարի անց այդ մյուս ուժերն են ստանում առավելություն, նրանք հաջորդ 5 տարին փաստացի օգտագործելու են մասնակիորեն նախորդ 5 տարին փոխելու վրա, եւ մնացած ռեսուրսն իրենց պատկերացրած 5 տարվա ընթացքում քաղաքականություն ձեւավորելու համար, հետո այս խաղը կրկնվելու է, եւ ամեն անգամ այդ խմբի փոփոխությունից մենք մի հսկայական ժամանակ ծախսելու ենք նախորդը վերափոխելու եւ չեղարկելու վրա, տարբերակ 2՝ մենք ստեղծում ենք խաղի այնպիսի կանոններ, որ բոլոր ուժերը, անկախ իրենց անգամ ծայրահեղ անհամաձայնություններից եւ հակադրումներից, հարկադրված լինեն որեւէ, թեկուզ ոչ լավագույն լուծման գալու իրական ժամանակային ռեժիմում, որոնք իհարկե ամբողջությամբ չեն կարող բավարարել Ա, Բ, Գ խմբերի պահանջները եւ պատկերացումները, բայց դրանք կլինեն միջինացված արդյունք, ինչն առավելապես մոտ կլինի բոլոր խմբերին։ Սա կձեւավորի առավել կայուն ընթացք, սա ինչ որ մի ժամանակ կարող է անկայունություն առաջացնել այդ վեճի ընթացքի հատվածում, բայց ի վերջո դա կբերի ինչ-որ արդյունքի, այդ ինչ-որ արդյունքն ավելի բարձր է, քան միայն մեկին վստահված կառավարման արդյունքը, քանի որ սա ավելի մոտ է բոլորի պատկերացումներին, սա հարկադրված պայմանական կոնսեսուսային լուծում է։ Իհարկե, այստեղ եւս ձեւավորվում են մեծամասնության եւ փոքրամասնության լծակներ, բայց երբ մասնակից ես դարձնում բոլոր շահառուներին, այս լուծումը առավել կայուն է։ Կարեւոր մի խնդիր կա չէ՞ դրված, ասում են՝ ավելի հեռու է գնում նա, ով թեկուզ ցածր արագությամբ, բայց մշտապես նույն ուղղությամբ է շարժվում։

Մեզ պետք է ձեւավորել կարություն, որ մենք մեկ ուղղությամբ շարժվելու ռեսուրս ձեւավորենք, համաձայնությունների, զիջումների, թեկուզ անզիջում պայքարի արդյունքում ձեւակերպենք այդ պրոցեսը, սա չունենալու դեպքում մենք ավելի մեծ եւ ժամանակային ավելի երկար տիրույթում անկայունության ենք մեզ դատապարտում, քան ավելի կարճ տիրույթում անկայունությունների միջոցով արդյունքի ձեւավորումը։ Երկրորդ տարբերակն է լուծումը, ցանկացած, անգամ երկու անձի միջեւ բանավեճի շրջանակում»։

Լրագրողն արձագանքել է՝ քաղաքացին կարող է մտածել՝ դուք խոսում եք վեհ արժեքներից, Սահմանադրություն փոխելուց, Անկախության հռչակագրից, բայց ոստիկանությունում շարունակվում են խոշտանգումները, քննիչները գործեր են կոծկում, անարդարություն կա եւ այլն, մարդիկ դժգոհ են, էլի կա անվստահություն, քանի՞ լումայի արժեք ունի Սահմանադրությունը, եթե իմ կյանքում լավ բան տեղի չի ունենում։

Ի պատասխան Եգորյանը նշել է․

«Շատ կարեւոր հարց է, բայց այստեղ ես երկու խնդիր եմ նկատում, 1՝ չափից դուրս չափազանցումը, եւ 2՝ իրական ժամանակում ընթացիկ պրոցեսների ընկալումը չպետք է հանել հարցադրման հիմքից, քանի որ կյանքը ստատիկ չէ, այն շրջանակ չէ, որտեղ պատկերված պատկերն է արտահայտում դրա բոլոր եւ ամբողջական երեւույթները, այն դինամիկ է, ցանկացած պահից անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում, ինչպես անհատի կյանքը, օրինակ՝ դուք խնդիր ունեք սրտի հետ, արդյո՞ք դուք դադարում եք բոլոր մնացած գործողությունները, մինչեւ սրտի խնդիրը չլուծվի, բնավ՝ ոչ, շարունակում եք աշխատել, սնվել ըստ առողջության ռեսուրսի, եւ այլն, դուք չեք դադարեցնում ձեր կյանքն այն բերումով, որ ունեք սրտի խնդիր, հիմա նույնը այստեղ, ես վեհ արժեքներից չեմ խոսում, ես խոսում եմ պրակտիկ արդյունքների եւ անհրաժեշտությունների մասին, որոնք պետք է սպասարկվեն, դրանց մի քանի մակարդակ կա, կա բջջային՝ ավելի խոր մակարդակ, կա մերձբջջային մակարդակ, կա արտաքին մակարդակ, հիմա մենք փորձում ենք դա կազմակերպել սահմանադրական մակարդակում, օրենսդրական մակարդակում, եւ ռեալ պրակտիկ մակարդակում։ Իհարկե, շատ են խնդիրները, բազմաթիվ խնդիրներ լուծված չեն, եւ այնպես չէ, որ ինչ-որ մի կետում հնարավոր կլինի ասել որ բոլոր խնդիրները լուծվեցին, դա կլինի կեղծիք, ուստի պետք է ձգտել անընդհատ կատարելագործման եւ զարգացման։ Այո, Ա իշխանությունը իքս ծավալի խնդիրներ է կարողանում լուծել, Բ իշխանությունը՝ իգրեկ ծավալի, լավ ընդդիմության, կամ ընդդիմության լավ աշխատանքի պարագայում հնարավոր է այդ լուծումները բերել Ա, կամ Բ մակարդակի, եւ այսպես, ամեն ինչ դինամիկ պրոցեսի մեջ պետք է դիտարկել, եւ այո, եթե ունենք սահմանադրականության խնդիրներ, պետք է հասկանալ՝ որոնք են Սահմանադրության բուն տեքստի խնդիրները, որոնք են Սահմանադրության տեքստի իրագործման խնդիրները, որոնք՝ ՍԴ խնդիրները, որոնք՝ այդ Սահմանադրության համար պատասխանատու իշխանության խնդիրները, որոնք՝ ընդդիմության խնդիրները, եւ այո, մեր քաղաքացիներն էլ պետք է հետամուտ լինեն խնդիրներին, դրանց անվանման, ախտորոշման եւ բարձրաձայնման հետ կապված, բազմաթիվ հարցեր, որոնք անընդհատյա են եւ միայն մեր երկրին չէ, որ բնորոշ են։ Այսինքն, մենք պետք է մի փոքր սովորենք բաց ծովի հոգեբանությունը, չպետք է ենթադրենք, որ մեր խնդիրը ինչ-որ մի բամբակեպատ, անվտանգ եւ անօդ վակուումային անոթում հայտնվելն է, ո՛չ, երկրագնդում այդպիսի վայր չկա։ Մենք պետք է անընդհատյա մարտահրավերների պայմաններում ձգտենք առավելագույն արդյունքի, որին գուցե այս տարի, կամ մյուս տարի, կամ հաջորդ 5 տարիներին հնարավոր չի լինի հասնել, ինչպես նախորդ 30 տարիներին, բայց պետք է անենք առավելագույնը, որ առավելագույն արագությամբ եւ արդյունավետությամբ փորձենք դրանք հետապնդել»։

Իսկ որտե՞ղ է հասել Սահմանադրական փոփոխությունների պրոցեսը, կա՞ արդեն վերջնական նախագիծ։

«Այդ վերջնական նախագիծ ասվածը պետք է հասկանալ ըստ մարմինների, կարող է լինել վերջնական նախագիծ հանձնաժողովի կողմից, ապա դա պետք է հաստատվի եւ փոփոխվի Խորհրդի կողմից, ապա Կարավարությունն էլ իր փոփոխությունները կարող է անել, հետո գնա Աժ եւ ԱԺ-ում եւս կարող է փոփոխության ենթարկվել, այսինքն, պետք է հասկանալ՝ ո՞րն է վերջնական ասվածը, չպետք է դիտարկենք, թե այ որ Խորհուրդը տվեց, այ դա վերջնականն է, ոչ։ Մեր մասով պրոցեսի մեջ ենք, այս պահին կա մի նախնական հայեցակարգ, որտեղ այսօրվա քննարկման առարկա բազում հարցեր շոշափվել են եւ դրանց կապակցությամբ լուծումներ կան, եթե չեմ սխալվում այն նաեւ հրապարակվել է, բայց դա վերջնականը չէ, վերջնականը հանրաքվեի միջոցով ընդունված փոփոխությունն է։ Խորհուրդը չէր հաստատել այդ նախագիծը, բայց խորհրդի առավել ներառականության ապահովման շրջանակներում ոչինչ գաղտնի չի պահվում, ինչ կա՝ դրվում է սեղանին, որպեսզի բոլոր հնարավոր շահառու եւ շահագրգիռ մարդիկ կարողանան ինչ-որ դիտարկումներ անել»,- նշել է Եգորյանը։