Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Աշխատաժողով ՍԴ դատավորների եւ մասնագիտական աշխատակազմի համար

Ս.թ. հունվարի 26-27-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորների և մասնագիտական աշխատակազմի մասնակցությամբ անցկացվել է աշխատաժողով «Էթիկայի և բարեվարքության ներպետական կարգավորումները և միջազգային փորձը» խորագրով:

Աշխատաժողովի հրավիրյալ բանախոսներն էին Ամստերդամի դատարանի փոխնախագահ Էսթեր դը Ռոյը և Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը: Սահմանադրական դատարանից մասնակցում էին Դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը, դատավորներ Սեդա Սաֆարյանը և Էդգար Շաթիրյանը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրել է ծրագրի` Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի Էթիկայի և բարեվարքության չափանիշների ներդրմանը վերաբերող ծրագրային գործողությունները` նշելով, որ այդ գործողությունների վերջնարդյունքը լինելու է Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի էթիկայի և բարեվարքության ներքին ուղեցույցի մշակումն ու ընդունումը:

Միջոցառման առաջին օրը Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է Էթիկայի և բարեվարքության ներպետական կարգավորումները, Էսթեր դը Ռոյը՝ Էթիկայի և բարեվարքության միջազգային չափանիշներն ու Օրենքի գերակայությունը Եվրոպայում։

Միջոցառման երկրորդ օրը Էսթեր դը Ռոյը եւ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել են Էթիկայի և բարեվարքության չափանիշների կիրառությունը՝ ուղեցույցներ, վերապատրաստում, պատասխանատվության միջոցներ։ Տեղի են ունեցել քննարկումներ հարցուպատասխանի միջոցով, մասնավոր դեպքերի քննարկում։

Աշխատաժողովը կազմակերպել էր «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում:

Exit mobile version