Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի կողմից խորհրդատվական կարծիքների քննարկումը պետական մարմինների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է իր եւ Արտաշես Սերգոյանի կողմից կազմված «Ոստիկանության բարեփոխումների ընթացքը» խորհրդատվական կարծիքը։
Նա նշել է, որ իրենց զեկույցի մեջ գերակշռորեն ներառված են Ոստիկանության 2020-2022 թ․թ․ բարեփոխումների ռազմավարությամբ սահմանված հարցերը, բայց զեկույցը սահմանափակված չէ այդ ռազմավարությամբ․ կան նաեւ հարցեր, որ ռազմավարությունից դուրս են, բայց զեկույցում շոշափվում են։
Անդրադառնալով զեկույցում արձանագրված խնդիրներին՝ Իոաննիսյանը ներկայացրել է դրանք տեսակավորված։
Մասնավորապես, խնդիր են, ըստ նրա, խոշտանգումները եւ վատ վերաբերմունքը․
ըստ նրա, այս երեւույթների տարածման մասին վկայում են մի շարք հանգամանքներ, ինչպիսիքն են 2023 թվականին փաստաբաններին ոստիկանության ստորաբաժանումում ծեծի ենթարկելու աննախադեպ երեւույթը, մի շարք այլ աղմկահարույց դեպքերը:
Միաժամանակ, բավականին մեծացել է իրավապահների կողմից կասկածյալների նկատմամբ բռնությունների ու խոշտանգումների մասին արժանահավատ ահազանգերի քանակը: Խոշտանգումների հնարավոր դեպքերը կանխարգելելու նպատակով 2020 թ․-ին ոստիկանության ստորաբաժանումներում նախատեսվեց տեղադրել տեսագրող եւ տեսաձայնագրող համակարգեր, ինչը լրացուցիչ երաշխիք կհանդիսանար խոշտանգումների եւ անմարդկային այլ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու եւ բացահայտելու համար, ինչպես նաեւ կհստակեցվեին օրենքների իրավակիրառ գործընթացում առաջացող մի շարք խնդիրներ:
Ոստիկանության տարածքային բաժիններում տեսախցիկներ տեղադրվեցին Եվրամիության միջոցներով, UNDP-ի կողմից եւ (առանձին) ոստիկանության նախաձեռնությամբ։ ԵՄ ֆինանսական աջակցությամբ տեղադրված տեսախցիկները պետք է տեղադրված լինեին այն սենյակներում, որտեղ հարցաքննվելու էին ոստիկանություն բերված մարդիկ, եւ այդ տեսախցիկներին հասանելիություն պետք է ունենային մի շարք սուբյեկտներ, այդ թվում՝ ՄԻՊ աշխատակազմը։ Տեսախցիկները տեղադրվեցին 2020-ին՝ ոստիկանապետի հրամանով, սակայն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ եւ ուժի մեջ մտնելու կապակցությամբ հետաքննական լիազորությունների փոփոխություններով պայմանավորված՝ այդ հրամանը ճանաչվեց ուժը կորցրած։ Նրա խոսքով, խնդիր է նաեւ այն, որ ոստիկանության կողմից տեղադրված տեսախցիկներն առնվազն ոչ միշտ են ձայնագրել։
Իոաննիսյանի խոսքով, խոշտանգումներին համակարգային առումով նպաստող մեկ այլ հանգամանք էլ ոստիկանության ծառայողների խրախուսման գործող համակարգն է, որով քաղաքացուց բռնությամբ ինքնախոստովանություն կորզած ծառայողները ոչ միայն չեն պատժվում, այլեւ պարգեւավճար են ստանում «հանցագործություն բացահայտելու համար»:
Հանցավորության դեմ պայքարի խնդիրներին անդրադառնալով նա նշեց, որ ոլորտում առկա խնդիրներից է օրինակ՝ վիճակագրության մանիպուլյացիան։
Օրինակ՝ 2017-ից 2022 թվականներին կատարված սպանությունների 75 տոկոսը որակվել է «բացահայտված», այնինչ դրանց միայն 27 տոկոսն է, որ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այսինքն, այդ հինգ տարում «բացահայտված» որակված երեք սպանություններից երկուսի համար որեւէ մեկը դատարանի առջեւ չի կանգնել։
Այլ խնդիր՝ քանի որ ինքնախոստովանական ցուցմունքը բավարար է լինում հանցագործությունը «բացահայտված» համարելու համար, ոստիկանական համակարգը, դրա ստորաբաժանումներն ու առանձին ոստիկաններ մոտիվացված են լինում ոչ թե անձի՝ հանցագործություն կատարած լինելու մասին ապացույցներ հավաքագրելու, այլ, պարզապես, նրա վրա ճնշում գործադրելու (հաճախ՝ նաեւ խոշտանգելու) միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելու:
Նաեւ, ո՛չ ոստիկանական համակարգը, եւ ո՛չ էլ ոստիկանները որեւէ կերպ մոտիվացված չեն աջակցելու քննչական մարմիններին՝ քննության համար կարեւոր ապացույցների հավաքագրմամբ: Իսկ սա, իր հերթին, շեշտակի նվազեցնում է նախաքննությունների արդյունավետությունը:
Այս խնդիրը, ըստ նրա, խորացավ 2014 թվականից, երբ Քննչական կոմիտեի ստեղծմամբ ոստիկանությունից հանվեցին քննչական մարմինները: Եթե նախքան այդ քննություններին ապացույցներով աջակցելու գերատեսչական շահ կար, ապա այժմ, երբ քննություն իրականացնողն ու ապացույցներով աջակցողը տարբեր գերատեսչություններում են, քրեական հետախուզության մարմինների` քննությանը աջակցելու մոտիվացիան էապես պակասում է:
Այս առումով, ըստ Իոաննիսյանի, պատկերն էապես տարբերվում է Հակակոռուպցիոն կոմիտեում եւ ԱԱԾ-ում, որտեղ, բոլոր խնդիրներով հանդերձ, քրեական հետախուզության ստորաբաժանումները, ընդհանուր գերատեսչական շահից ելնելով, որոշակիորեն մոտիվացված են աջակցելու իրենց իսկ գերատեսչության քննիչների վարույթում քննվող գործերին:
Իոաննիսյանի խոսքով, խնդիր է նաեւ հաղորդում տվող քաղաքացիներին «ցրելու» ավանդույթը․ վերջին ժամանակաշրջանում եւ, մասնավորապես, 2020 թվականի պատերազմից հետո՝ հանցագործությունների ընդհանուր թվի աճի ֆոնին, էապես շատացել են քաղաքացիներից ստացվող արժանահավատ ահազանգերը՝ ոստիկանությունում հանցագործությունների մասին հաղորդումները չընդունելու մասին:
Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ հանցագործության մասին հեռախոսով (1-02 հեռախոսահամարին) ահազանգելուց հետո Օպերատիվ կառավարման կենտրոնից դեպքի վայր են ուղարկվել ոչ թե պարեկներ (որոնք, որպես կանոն, ընդունում են բոլոր հաղորդումները), այլ ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողներ (որոնք հենց դրսեւորում են հաղորդումները չընդունելու խնդրահարույց պրակտիկան): ՕԿԿ-ի կողմից այդ մոտեցումը, Իոաննիսյանի խոսքով, կասկածներ է հարուցում, որ դա արվում է համակարգված՝ դժվար բացահայտելի հանցագործությունների դեպքերով «բացահայտված» հանցագործությունների վիճակագրական (տոկոսային) պատկերը «չփչացնելու» համար:
Խնդիր է նաեւ գաղտնալսման չիրականացումը եւ պրոֆեսիոնալիզմի պակասը։ Թեեւ 2019-ին Աժ-ն հնարավորություն ստեղծեց, որ ոստիկանությունը եւս իրականացնի հեռախոսների գաղտնալսումը եւ տեղորոշումը, որը նախքան այդ կարող էր անել միայն ԱԱԾ-ն, սակայն օրենսդրական հնարավորության ստեղծումից 4 տարի անց ոստիկանությունը դեռեւս ձեռք չի բերել համապատասխան տեխնիկական սարքավորումները, որպեսզի կարողանա իրականացնել օպերատիվ այդ միջոցառումը:
Առանձին անդրադարձի թեմա էր Պարեկային ծառայության ներդրումն ու ներքին դրվածքը։ Այդ ոլորտում առկա խնդիրներին անդրադառնալով՝ Իոաննիսյանը նշել է, որ ոլորտի խնդիրներից է օրինակ՝ պաշտոնների նշանակումը․ պարեկային ծառայության ստեղծման ամենասկզբից ծառայությունում կոչումների շնորհումը դրվել էր շատ հստակ չափանիշների վրա՝ ամբողջությամբ հանվել էր կոչումներ շնորհելու հայեցողությունը․ դրանք շնորհվում էին կա՛մ օրենքով սահմանված ժամկետում հերթական կոչում ստանալու մեխանիզմով, կա՛մ էլ սովորող ապագա պարեկների ավարտական քննությունների գնահատականների հիման վրա:
Բայց ի հակառակ քննարկումների եւ Արդարադատության նախարարությունում կայացված որոշումների, 2022 թվականի վերջին ոստիկանությունը սկսեց սպայական կոչումներ շնորհել պարեկներին առանց այդ որոշման հիմքում հստակ ու աներկբա չափանիշներ դնելու: Խնդիր է կարգապահական քաղաքականությունը՝ Պարեկայինի ծառայողներին բաժին հասնող կարգապահական տույժերի թիվը շեշտակի ավել է ոստիկանական այլ մարմինների ծառայողների համեմատ:
Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարեկների նկատմամբ ծառայողական տույժերի մեծ մասը ձեւական բնույթի խախտումների համար է:
Խնդիր է ոչ կանոնադրական նպատակներով պարեկների ծանրաբեռնումը։ Պարեկները պարբերաբար ներգրավվում են (բարձրաստիճան պաշտոնյաների) ուղեկցում իրականացնելու մեջ (թեեւ դա ոստիկանության այլ ստորաբաժանումների կանոնադրական գործառույթն է) եւ դրա սահմաններում պարեկության փոխարեն տեւական ժամանակ կանգնած ծառայություն են իրականացնում (սպասելով ուղեկցվող ավտոշարասյանը)՝ չմեկնելով ահազանգերով դեպքերի վայրեր ու անտեսելով նույնիսկ իրենց ներկայությամբ տեղի ունեցող երթեւեկության կանոնների խախտումները:
Խնդիր է քաղաքացիների իրավահավասարությունը․ 2023 թվականից սկսեցին գալ մեծաքանակ ահազանգեր՝ պաշտոնատար անձանց նկատմամբ պատշաճ վարչարարություն չիրականացնելու եւ այդ ուղղությամբ հստակ քաղաքականություն իրականացնելու մասին։ Մյուս խնդիրներից են՝ ծառայողական քննությունների համատարած մերժումը, «ստուգման ենթակա չէ» նշումով հատուկ կտրոնները, մգացված ապակիների դեմ պայքարի տապալումը, զանգվածային միջոցառումների սպասարկման հարցը։ Մասնավորապես, վերջին խնդրին անդրադառնալով Իոաննիսյանը նշել է, որ զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես եւ նախկինում, ստեղծվում են ոստիկանական խառը ուժեր՝ կազմված տարածքային ստորաբաժանումների ծառայողներից, ոստիկանության զորքերի ծառայողներից եւ Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակից: Այս ստորաբաժանումներից եւ որեւէ մեկը գործնականում մասնագիտացած չէ զանգվածային միջոցառումների սպասարկման վրա:
Միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցում եւս խնդիրներ են եղել, այդ թվում՝ կոռուպցիոն, օրինակ՝ ԱՄՆ գործընկերներից ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի համակարգի IP տեսախցիկների ծրագրային փաթեթը ստանալուց հետո ոստիկանությունը իրականացրել է մրցույթ եւ նույն մատակարարից ձեռք է բերել նույն փաթեթը (այսինքն՝ բյուջեից վճարել է մի ծառայության համար, որի համար ԱՄՆ դեսպանատունն արդեն վճարել էր): Այս դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի՝ պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու/անցնելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանությունն ապակողմնորոշել ու սխալ տեղեկություններ է տրամադրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման աջակցության գրասենյակի (ICITAP-ի) ներկայացուցիչներին:
Զեկույցի հեղինակները ներկայացրել են նաեւ իրենց առաջարկները, մասնավորապես․
1. Ոստիկանության բաժիններում տեղադրել տեսախցիկներ, որոնց տեսադաշտում կլինեն բոլոր այն տարածքները, որտեղ կարող են լինել բաժին բերված անձինք եւ որոնց հասանելիություն կունենան ՄԻՊ-ը, ՀԿԿ-ն ու ՔԿ-ն,
2. Ներդնել քրեական հետախուզության ծառայողների խրախուսման՝ քաղաքացիների ցուցմունքների հետ չկապված ապացույցների հավաքագրումը խթանող համակարգ,
3. Էապես վերանայել հանցավորության վիճակագրության վարման կարգը եւ դրանում, որպես հիմնական ցուցանիշ, ունենալ պատժի անխուսափելիության մեխանիզմի իրագործումը, վերանայել «բացահայտված հանցագործություն» եզրույթի սահմանումը,
4. Ստեղծել քրեական հետախուզության աշխատակիցների կողմից նախաքննությանը արդյունավետ աջակցելը խթանող մեխանիզմներ, քննարկել ոստիկանությանը քննչական գործառույթներ վերադարձնելու եւ դետեկտիվների ներդրման հարցը,
5. Ավելացնել քրեական հետախուզության արդյունավետ գործիքները, սկսել անմիջականորեն իրականացնել հեռախոսային խոսակցությունների վերահսկում միջոցառումը,
6. Հստակ կանոնակարգել քաղաքացիներից հաղորդումներ ընդունելը, ինչպես նաեւ ստեղծել հաղորդում տված կամ որեւէ հարցով ոստիկանություն դիմած քաղաքացիներից արձագանքի հավաքագրման մեխանիզմ,
7. Ստեղծել պաշտոնների նշանակման հստակ ու նվազագույն հայեցողության տեղ թողնող կարգավորումներ, որոնք հիմնված կլինեն ծառայության նպատակների եւ ոչ ձեւի վրա,
8. Ոստիկանների կարգապահական պատասխանատվության համար ստեղծել նվազագույն հայեցողությամբ սանդղակներ եւ կապել դրանք ծառայության վերջնարդյունքների եւ ոչ ձեւի հետ,
9. Բացառել Պարեկային ծառայության՝ իր կանոնադրական նպատակներին կամ ծառայության ձեւերին հակասող գործառույթների իրականացման մեջ ներգրավելը,
10. Ստեղծել մեխանիզմ, որով պարեկային ծառայողները պարտավոր են անմիջապես զեկուցագիր կազմել բոլոր այն դեպքերով, երբ ՃԵԿ խախտած վարորդը ներկայանում է որպես որեւէ իրավապահ մարմնի ծառայող,
11. Հստակ օրենսդրական մակարդակում կանոնակարգել «Ստուգման ենթակա չէ» նշումով հատուկ կտրոնների տրամադրման կարգը, օգտագործման նպատակը եւ ներկայացման դեպքում պարեկի գործողությունները,
12. Ոստիկանության զորքերի ապառազմականացմամբ ստեղծել զանգվածային միջոցառումները սպասարկող պրոֆեսիոնալ ոստիկանության ստորաբաժանում,
13. Վերանայել ատեստավորման մասնագիտական քննությունների հարցաշարերը՝ ներառելով մասնագիտական գիտելիքները պատշաճ մակարդակի ստուգող հարցեր,
14. Ներդնել ոստիկանության բարձրագույն խմբի բոլոր ծառայողների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով բարեվարքության ստուգման մեխանիզմ,
15. Մշակել եւ ներդնել ոստիկանության հակակոռուպցիոն ռազմավարություն՝ ավելացնելով բոլոր հնարավոր գործընթացների ներքին վերահսկելիությունն ու արտաքին թափանցիկությունը:
