ԵՄ երկրներ մուտք գործելու համար վիզաների հետ կապված խնդիրները․ Ստեփան Գրիգորյանի խորհրդատվական կարծիքը

Դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի կողմից խորհրդատվական կարծիքների քննարկումը պետական մարմինների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը ներկայացրել է «ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման դինամիկան վիզաների տրամադրումը դյուրացնելու և հետընդունման (ռեադմիսիայի) ոլորտներում» խորհրդատվական կարծիքը։

Նա նշել է, որ շատ է խոսվում ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր տենդենցների մասին, բայց դա չի կարող լինել եթե ունես խոչընդոտ՝ ԵՄ տարածք մտնելու համար։

«Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության չորս թեմատիկ պլատֆորմներից մեկը հանդիսանում է մարդկանց միջև շփումները, ինչը ՀՀ քաղաքացիների ԵՄ տարածք մուտք գործելու համար ենթադրում է մուտքի արտոնագրի ստացում։ Այստեղ ՀՀ քաղաքացիների համար առաջացան հարցեր՝ կապված մուտքի արտոնագրերի հետ, որ ավելի հեշտ կարողանան մուտք գործել ԵՄ տարածք։ Սա կարեւոր ոլորտ է, որ մեծ ներուժ է տալու ավելի ակտիվ աշխատել ԵՄ եւ ՀՀ միջեւ։ Հենց դրա համար ՀՀ-ն եւ ԵՄ-ն  երկու կարեւոր փաստաթղթեր ստորագրեցին՝ Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը ստորագրվեց 2012թ., Հետընդունման մասին համաձայնագիրը՝ 2013թ. եւ 2014-ից ուժի մեջ մտան։ Կարեւոր է, որ ՀԸԳՀ շրջանկանրեւոմ այդ բոլոր թեմաները շոշափվում են։ Մենք երկար ժամանակ հետազոտել ենք, թե այդ երկու համաձայնագրերը ինչպես են իրականացվում։

ՀՀ-ԵՄ Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը կարևոր առավելություններ է ընձեռել՝ կապված վիզաների համար դիմելու գործընթացի, վիզաների վճարների և Հայաստանի քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերի հետ։ Ըստ այդմ, ՀՀ բոլոր քաղաքացիների համար գործում է վիզայի ավելի ցածր վճար՝ 35 եվրո, վիզա տրամադրելու մասին որոշումը կայացվում է 10-օրյա ընթացակարգով (որոշ դեպքերում այն կարող է երկարացվել մինչև 30 օր)։ Բացի դրանից, մարդկանց մի շարք խմբեր՝ գործարարներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ԵՄ-ում բնակվող հայերի ազգականներ, օգտվում են ստանդարտացված և ավելի քիչ պահանջվող փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունից։ Ավելին, զգալի թվով մարդիկ՝ պաշտոնական պատվիրակություններ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ, մարզական միջոցառումների մասնակիցներ, թոշակառուներ և բազմաթիվ այլ անձինք, ազատված են վիզաների վճարներից»,- նշել է Գրիգորյանը։

Անդրադառնալով կարծիքի մեթոդաբանությանը, նա նշել է, որ ներկայացվող խորհրդատվական կարծիքի առարկան հանդիսանում է ԵՄ-ՀՀ միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին և առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի կիրարկումը: Խորհրդատվական կարծիքի մշակման գործում իրականացվել է վերոհիշյալ համաձայնագրերի կիրարկման հետ կապված ԵՄ կարճաժամկետ մուտքի արտոնագրերի, անօրինական միգրացիայի, առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման, վերաինտեգրման, անձնագրերի ու անձնական տվյալների հետ կապված և այլ ոլորտների համապարփակ ուսումնասիրություն:

Ուսումնասիրվել է ոլորտին վերաբերող թե՜ միջազգային, թե՜ ներպետական օրենսդրությունը,  միջազգային փորձը, մասնավորապես` Վրաստանի և Մոլդովայի, վերադարձողների իրավունքների և նրանց վերաինտեգրման հիմնախնդիրների բացահայտման վերաբերյալ իրականացված հետազոտությունները, հավաքագրվել են ռեադմիսիայի և վերաինտեգրման վերաբերյալ վիճակագրական տվյալները: Բացի այդ, ուսումնասիրվել են Շենգեն վիզաների հետ կապված վիճակագրական տվյալները, ինչպես նաև այս ոլորտում Արևելյան գործընկերություն ծրագրի մյուս երկրների փորձը, որոնք արդեն ստացել են ԵՄ հետ առանց վիզայի մուտքի ռեժիմ՝ Մոլդովա, Վրաստան և Ուկրաինա: 2012-2019թթ. վիճակագրական տվյալների համեմատական վերլուծություն է արվել Հայաստանում գործող Շենգեն վիզա տրամադրող հյուպատոսական ծառայությունների կողմից տրված վիզաների ընդհանուր քանակի, ըստ երկրների, ըստ տեսակի, մերժումների և այլն:

Հարցումներ են իրականացվել վիզայի դիմորդների շրջանում։ Գրիգորյանի խոսքով, վերջին տարիներին վիզայի ոլորտի հետ կապված հանդիպել են բազմաթիվ դեպքերի, երբ դիմորդները դժգոհ են եղել ՀՀ-ում գործող Շենգեն գոտու հյուպատոսության և վիզային կենտրոնների աշխատանքից: Ուսումնասիրության արդյունքում եկել են եզրահանգման, որ այդ հարցերին պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել, ներգրավելով նաև այդ գործընթացի մյուս կողմին՝ դիմորդներին:

Մերժման դեպքերի ուսումնասիրությունը ավելի ամբողջական դարձնելու նպատակով հարցումներ են անցկացվել նաև մերժում ստացած քաղաքացիների շրջանում, ինչպես նաև հյուպատոսությունների ու վիզա կենտրոնների աշխատանքից դժգոհ քաղաքացիների շրջանում:

2023 թվականի ընթացքում Հայաստանի քաղաքացիների համար արձանագրվել են երկու հիմնական տեսակի խնդիրներ: Առաջինը կապված էր նրա հետ, որ քաղաքացիները չէին կարողանում էլեկտրոնային համակարգով գրանցվել Հայաստանում ԵՄ անդամ պետությունների հյուպատոսական ծառայություններ այցելելու նպատակով:

Երկրորդ հարցը կապված է Հայաստանի քաղաքացիների կողմից բազմակի մուտքի շենգենյան վիզաների ստացման հետ: ԵՄ և Հայաստանի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրն Հայաստանի քաղաքացիներին թույլ է տալիս ԵՄ այցելելու դրական փորձառության հիման վրա ստանալ մեկից մինչև հինգ տարի ժամկետով բազմակի մուտքի շենգենյան վիզա: Այսպես, 2023 թվականին Հայաստանի քաղաքացիները բախվեցին այն խնդրին, որ Հայաստանում ԵՄ մի շարք հյուպատոսարաններ չէին ցանկանում բազմակի մուտքի իրավունքով վիզաներ տրամադրել:

Գրիգորյանը հրապարակված խորհրդատվական կարծիքում ներառված առաջարկներից որոշներն է ներկայացրել, մասնավորապես, որ ՀՀ կառավարությունը պետք է որոշակի ընթացակարգեր մշակի կենսաչափական տվյալների մշակման, պահպանման, տրամադրման և օգտագործման համար։ Կենսաչափական տվյալներն այլ պետություններին տրամադրելու հիմքերը և կարգը պետք է նույնպես հստակորեն սահմանել։

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի օրենքում պետք է լրացում կատարել՝ ապահովելու համար Անձնական տվյալների պաշտպանության գործակալության անկախությունը պետական մարմիններից, սահմանելու համար գործակալության իրավունքները և պարտավորությունները, և բավարար ֆինանսավորում տրամադրելու համար գործակալությանը։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության արդյունավետ աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է գործակալությունը համալրել բավարար փորձ և գիտելիք ունեցող մարդկային ռեսուրսներով, մասնագիտական սարքավորումներով և մեթոդաբանությամբ։ Պետք է ապահովվի Ազգային ժողովին ներկայացվող և հրապարակվող տարեկան զեկույցի տեսքով հանրությանը հաշվետվություն ներկայացնելու պրակտիկա։

Օրենքին համապատասխան և ողջամիտ ժամկետում միջոցներ ձեռնարկել կենսաչափական փաստաթղթերը մատակարարողի ընտրության մրցույթն անցկացնելու համար՝ ապահովելով նոր պայմանագրի կնքման գործընթացի հաշվետվողականությունը և թափանցիկությունը։ Այս և համանման մրցույթներին մասնակցելու հնարավորություն ընձեռել հայաստանյան ընկերություններին։

Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն արագացնելու համար Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստակամություն ցուցաբերեն՝ ընդունելու խտրականության դեմ պայքարի մասին օրենքը։ Նշենք, որ խտրականության դեմ օրենքը անհրաժեշտ է ընդունել, քանի որ դա կարևոր պայման է։

ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների հյուպատոսական ծառայություններ և գործող վիզա կենտրոնների մասով Գրիգորյանն առաջարկել է․դրական վիզային պատմություն ունեցողները իրավունք ունենան օգտվել դյուրացված կանոններից, նույնիսկ եթե չեն պատկանում համաձայնագրով նախատեսված ավելի հեշտ վիզայի ստանալու իրավունք ունեցող կատեգորիաներին:

ԵՄ-ին և ՀՀ-ում ԵՄ երկրների հյուպատոսական ծառայություններին Գրիգորյանն առաջարկում է հատկապես ուշադրություն դարձնել մերժումների դեպքում բողոքարկման գործընթացներին՝ ապահովելով որոշման վերանայման ավելի թափանցիկ, մատչելի և պարզեցված գործընթաց, ինչը հնարավոր կդարձնի բողոքարկողներին ստանալ պատասխան խելամիտ ժամկետներում, անհրաժեշտ է ներդնել բողոքարկման այլընտրանքային եղանակներ, որոնք իրական հնարավորություն կտան դիմորդների իրավունքների իրացման համար, ներառել Փոքր և Միջին Ձեռնարկատիրությունների ներկայացուցիչներին հեշտացված և պարզեցված ընթացակարգով Շենգեն վիզա ստացողների խմբում, անդամ պետություններին թույլ տալ, որպեսզի սահմանին մինչև 15 օր ժամկետով և միայն տրամադրող պետության տարածքում գործող մուտքի վիզա տրամադրելու հատուկ ընթացակարգ սահմանեն և կիրառեն։

Հյուպատոսությունները պետք է խուսափեն մեկանգամյա կամ 1-6 ամիս վավերականության վիզաներ տրամադրել Շենգեն վիզայի դրական պատմություն ունեցող դիմորդներին: 1 տարի և ավելի ժամկետով վիզաները պետք է դառնան սովորական երևույթ, այլ ոչ թե բացառություն: Գրիգորյանն առաջարկում է, որպեսզի ամեն հաջորդ վիզան չլինի առնվազն ավելի կարճ ժամկետով, քան նախորդը: Առավել ևս, որ այդ հնարավորությունը տալիս է 2020թ. փետրվարին ԵՄ վիզայի Օրենսգրքում («EU Visa Code») կատարված փոփոխությունները։