ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի` վիզաների դյուրացման խնդրի եւ ոստիկանական բարեփոխումների վերաբերյալ խորհրդատվական կարծիքների քննարկում

Դեկտեմբերի 19-ին Երեւանում կայացել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի կողմից մշակված խորհրդատվական կարծիքների քննարկումը պետական մարմինների ներկայացուցիչների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ։

Միջոցառմանը քննարկվել են «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ Ստեփան Գրիգորյանի «ՀԸԳՀ-ի համատեքստում վիզաների տրամադրման դյուրացման եւ հետընդունման գործընթացը»  եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի «Ոստիկանության բարեփոխումները ՀԸԳՀ-ի կիրարկման համատեքստում» խորհրդատվական կարծիքները։

Քննարկմանը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը։

Իր խոսքում Լուսինե Հակոբյանը նշել է, որ պլատֆորմն այս տարի բավական ակտիվ գործունեություն է ծավալել եւ մշակել է 14 խորհրդատվական կարծիքներ․ եւս մեկը ավարտին կհասցվի մինչեւ տարվա վերջ, դրանց հիման վրա էլ պլատֆորմը կկազմի իր  տարեկան զեկույցը, որը «հուսով ենք՝ պետական մարմինների եւ մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի ուշադրությանը կներակայացնենք հաջորդ ամսվա վերջին, եւ այդքանով, ըստ երեւույթին, կամփոփենք 2023 թվականի աշխատանքները»։

«Նշեմ, որ որոշակի տարակարծություն, կամ տարբերություն կա քաղհասարակության եւ պետական մարմինների՝ ՀԸԳՀ-ով նախատեսված պարտավորությունների ընկալման միջեւ․ մեր պետական մարմինները այդ պարտավորությունները հիմնականում հասկանում են պետության մշակած ճանապարհային քարտեզներով նախատեսված գործողությունների կատարումը, քաղհասարակությունը մի քիչ ավելի լայն է հասկանում՝ ներառելով այդտեղ նաեւ այն խնդիրները, որոնք մեր կարծիքով մնացել են չլուծված, եւ փորձում ենք նաեւ այդ խնդիրները բարձրաձայնել։ Եւ միգուցե արժե արդեն համատեղ ուժերով հաջորդ տավա համար քննարկել եւ կոնսեսուսի գալ, թե հաջորդ տարվա գործողությունները որոնք  պետք է լինեն, որոնք կարող է փոքր-ինչ դուրս լինեն այդ՝ արդեն իսկ ընդունված ճանապարհային քարտեզներից, կամ գուցե փորձենք համատեղ ուժերով մի քիչ արդիականացնել այդ քարտեզները, քանի որ առնվազն ժողովրդավարության բլոկով մենք համարում ենք, որ դրանք լիարժեք չեն արտացոլում այդ պարտավորությունների բովանդակությունը»,- նշել է Հակոբյանը։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ թե՛ միջազգային գործընկերների, թե քաղհասարակության ներկայացուցիչների աջակցությամբ իրենք տարիների կտրվածքով բավական լուրջ արձանագրումներ են ունեցել՝ հատկապես ոստիկանության, միգրացիայի, ընդհանուր քաղաքացիության ոլորտների բարեփոխումների շրջանակներում։

«Բայց բոլորս էլ նաեւ հասկանում ենք, որ ավելի ինստիտուցիոնալ ճանապարհով գնալու տեսանկյունից կարիք կլինի ունենալ նաեւ ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը կկարողանա առաջ մղել ոլորտային բարեփոխումները ։ Նույն գործընկերների աջակցությամբ մենք անցյալ տարվա վերջին ստեղծեցինք ՆԳ նախարարությունը եւ այս տարի բավական բուռն զարգացումներ ենք ունեցել։

Իհարկե, մենք եւս արձանագրում ենք, որ դեռ ոլորտային խնդիրներ կան եւ դրանք պետք է լուծվեն, եւ ուրախ կլինենք այդ համատեքստում քննարկել նաեւ կոնկրետ լուծումները՝ հասկանալու համար, թե դրանց որ մասն է կարճաժամկետ պլանում իրականանալի, որ հատվածը՝ միջնաժամկետ, կամ՝ երկարաժամկետ, եւ ըստ այդմ, ավելի տրամաբանական ճանապարհով առաջ շարջվենք։

Այս մի տարվա ընթացքում աշխատանքները հիմնականում երկու բլոկով են իրականացվել․ մի դեպքում շատ մեծածավալ աշխատանքեր ենք իրականացրել հենց ՆԳՆ ձեւավորման ոլորտում կարելի է ասել՝ զրոյից, հակառակ պարագայում պարզապես կունենայինք տարբեր պետական մարմինների տեխնիկական միաձուլում եւ վերանշանակումներ։ Զրոյից սկսելը այն ճանապարհն էր, որպեսզի ի սկզբանե ձեւավորվեր այնպիսի անձնակազմ, որը համահունչ կլիներ ռեֆորմային տրամաբանությանը, եւ այսօր էլ թե՛ պետական մարմինների, թե՛ քաղհասարակության ներգրավմամբ իրականացնում ենք նախարարության 2099 հաստիքային միավոր զբաղեցնող հնարավոր դիմումատուների հարցազրույցները, եւ ուրախությամբ նշեմ, որ գրեթե ավարտին ենք հասել։

Զուգահեռաբար շարունակել ենք ոլորտային ուղղությամբ աշխատանքները՝ թե՛ միգրացիայի, թե՛ ոստիկանության բլոկով, թե՛ փրկարար ծառայության ոլորտով, եւ շարունակելու ենք ավելի մեծ տեմպով առաջիկա տարվա կտրվածքով, քանի որ երբ առաջին խումբ հարցերը փակված լինեն, ավելի հեշտ կլինի ինստիտուցիոնալ՝ նախարարության մակարդակով շարունակել մնացյալ աշխատանքները»,- նշել է Սարգսյանը։

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանում աջակցում է մի քանի ոլորտների բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես դատական համակարգի, բայց նաեւ աջակցել է նոր Ներքին գործերի նախարարության կազմավորման գործընթացին։

«Հայաստանում բարեփոխումների ընթացքին մենք աջակցում ենք արդեն մի քանի տարի, բարեփոխումների ընթացքի կարեւոր բաղկացուցիչ ենք համարում քաղհասարակության եւ պետության, կառավարության միջեւ քննադատական, բայց կառուցողական երկխոսությունը, եւ մենք ուրախ ենք, որ այսպիսի քննարկում է այսօր տեղի ունենում, եւ հույս ունենք նաեւ, որ որեւէ հարց, որը ծագում է, անդրադարձ կստանա պետության կողմից, որպեսզի ընթացիկ բարեփոխումները արդյունավետ լինեն»։

Միջոցառումը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Տեղեկանք՝

ԵՄՀայաստան քաղհասարակության Պլատֆորմը Հայաստանի եւ Եվրամիության միջև 2017-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀշրջանակկներում ստեղծված մարմիններից մեկն է։

Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին վերահսկել Համաձայնագրի իրականացման գործընթացն ու համապատասխանմարմիններին տրամադրել խորհրդատվություն։