Կայացել է ՍԴ-ի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջին աշխատանքային հանդիպումը:

Դեկտեմբերի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի վարչական շենքում կայացել է

Բարձր դատարանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև նախանշված առաջին աշխատանքային հանդիպումը:

Հանդիպումը միտված էր խթանելու Սահմանադրական դատարանի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև երկխոսությունը, ինչպես նաև ուրվագծելու հետագա համագործակցության եզրերը ու փոխադարձ հետաքրքրության հարցերի շրջանակը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վահե Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերանդների Թագավորության փոխդեսպան Տիմեն Կաուվենարը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը:

Վահե Գրիգորյանն արժևորել է երկխոսության մեկնարկը Սահմանադրական դատարանի և քաղհասարակության միջև, ինչի շրջանակներում հնարավոր է ստանալ և ուսումնասիրել քաղհասարակության բարձրացրած խնդիրները` ապահովելու քաղհասաակության արդյունավետ մասնակցությունը ՍԴ-ում տեղի ունեցող գործընթացներին:

Փոխդեսպան Տիմեն Կաուվենարը կարևորել է հասարակության և դատական իշխանության միջև այս որակի քննարկումների դերը և շեշտել, որ Նիդերլանդների Թագավորությունը պատրաստակամ է աջակցելու այսպիսի երկխոսության կայացմանը:

Լուսինե Հակոբյանը ներկայացրել է «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի հաղորդակցության բաղադրիչը և նշել, որ այս հանդիպումը, ի թիվս այդ բաղադրիչով իրականացրած մի շարք գործողությունների, միտված է նպաստելու Սահմանադրական դատարանի և այլ շահագրգիռ կողմերի միջև հաղորդակցության ամրապնդմանը:

Միջոցառումը կազմակերպվել է Սահմանադրական դատարանի՝ Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության գործընկերությամբ իրականացվող «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում: