2023 թվականի դեկտեմբերի 11-ին կայացել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ՀԸԳՀ իրականացման Քաղաքացիական հասարակության մշտադիտարկում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի կողմից հաստատված 11 խորհրդատվական կարծիքների ներկայացումն ու քննարկումը։
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։
Լուսինե Հակոբյանն իր բացման խոսքում շեշտել է, որ քաղհասարակությունը շատ աշխատանք է կատարել այս կարծիքները կազմելու համար, որ քննարկվում է կարծքների արդեն երկրորդ խումբը, որոնց հիման վրա մշակվում է Պլատֆորմի տարեկան զեկույցը։ Նա նաեւ գոհունակություն է հայտնել մասնավորապես Արդարադատության նախարարության հետ հատկապես վերջին 2 տարիների համագործակցության կապակցությամբ։ Հակոբյանը կարեւորել է, որ իրենց որոշ խրհրդատվություններ հաշվի են առնվում, մասնավորապես օրինակ՝ Դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների հարցի հետ կապված։ Միաժամանակ, Հակոբյանն անդրադարձել է ՀԸԳՀ-ով նախատեսված ժողովրդավարական բլոկի բարեփոխումներին՝ նշելով, որ դեռ շատ անելիքներ կան։
«Միգուցե համատեղ ուժերով վերանայենք առնվազն ժողովրդավարության բլոկի մասով, այդ բարեփոխումները միայն գործադիրի անելիքը չեն, դրանք նաեւ ԱԺ անելիքներն են, եւ այդ առումով նահանջ է դիտարկվել, մասնավորապես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությանն ուղեկցող հիասթափեցնող գործընթացը նահանջ է ժողովրդավարության ոլորտում ստանձնած պարտավորություններից»,- նշել է Հակոբյանը՝ միաժամանակ կարեւորելով ՀԸԳՀ-ով ստանձնած մեկ այլ պարտավորության՝ Հռոմի ստատուտի վավերացումը, ինչը, Հակոբյանի խոսքով, քաղհասարակությունը եւս միշտ ջատագովել է։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է․ «Փորձում ենք առավել բաց լինել քաղհասարակության հետ քննարկումներում։ Եվրամիության հետ այս փուլում նոր գործընթացներ են սկսում եւ քաղհասարակության կարծիքներն անչափ գնահատելի կլինեն։ Պատրաստ ենք լրացուցիչ միջոցառումներ նախաձեռնել եւ մասնակցել դրանց»։
Նա նշել է, որ վերջերս Հայաստան էր ժամանել ԵՄ փաստահավաք առաքելությունը՝ ՀՀ կարիքները գնահատելու, ներկայացվող առաջարկներին ծանոթանալու եւ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղիներ փնտրելու համար․ ըստ Հովհաննիսյանի՝ այս հարցում քաղաքական առումով որեւէ խոչընդոտ չկա, Հայաստանը պատրաստ է առաջ գնալ։
Դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է «ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) դրույթների կիրարկման համար պահանջվում է բոլոր շահագրգիռ կողմերի, հատկապես՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հանձնառությունը: Քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության մշակման գործում և կառավարման ոլորտի բարեփոխումներում վճռորոշ է Հայաստանում քաղաքական փոխակերպում ապահովելու, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցությունը խորացնելու համար: Նման գործընթացը պետք է անցկացվի հնարավորին չափ ընդգրկուն և մասնակցային եղանակով։ Եվրոպական միությունն ակնկալում է էլ ավելի սերտացնել աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ՝ ՀԸԳՀ, որպես «փոփոխության հասնելու ճանապարհային քարտեզ»-ի լիարժեք և արդյունավետ կիրարկման ուղղությամբ․ դա բխում է մեր փոխադարձ շահերից և օգուտ կբերի մեր հասարակություններին և քաղաքացիներին»:
ՀՀ Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանն իր խոսքում նշել է, որ ՀԸԳՀ կիրարկման վերջին 4 տարիներն համընկել են արդարադատության ոլորտում բարեփոխումների հետ։
«ՀԸԳՀ շրջանակներում բարեփոխումների համատեքստում ունեցել ենք 16 կետ, որոնք վերաբերել են այս ոլորտում հիմնաքարային փոփոխություններին երեք ուղղությամբ՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքներ, մի շարք ընտրական օրենքների փոփոխություններ, ԶԼՄ-ների ինքնավարության մեխանիզմների ներդրում, նոր քրեադատավարական օրենսդրության ընդունում, դատարանների ծանրաբեռնվածության թոթափում, դատավորների քանակի եւ աշխատավարձի ավելացում, անձնական տվյլաների պաշտպանության ոլորտում մի շարք եվրոպական ստանդարտներին մոտարկման գործառույթներ»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ իրենց ոլորտին վերապահված գործառույթներից 16 կետերից 14-ը արդեն կատարել են։
Նա նաեւ հիշատակել է ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորություններից երկու միջոլորտային հարցեր, որոնք Արդարադատության նախարարությանն էր վերապահված եւ այդ համատեքստում առանձին անդրադարձել է Հռոմի ստատուտի վավերացմանը եւ դրա ներքո ներպետական օրենսդրության մոտարկումը ՄՔԴ պրոցեդուրալ գործընթացներին ու ԵՄ իրավական համակարգին։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանն իր խոսքում բարձր է գնահատել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, որը չի կարող կայանալ առանց ակտիվ քաղաքացիական հասարակության։ Որպես համագործակցության օրինակներ, նա նշել է, որ այս տարի տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ են առաջ տարել, «որոնք արդեն ազդում են մեր տնտեսվարողների վրա», ինչպես նաեւ աշխատաշուկայի հետ կապված վերջես որոշ նախաձեռնություններ են սկսել։ «Սրանք օրինակներ են, թե ինպես մենք կարող ենք արդյունավետ համագործակցել»,- նշել է Գեւորգյանը։
Ողջույնի ելույթներից հետո ներկայացվել են ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի գործունեության շրջանակներում մշակված տարբեր ոլորտներին առնչվող խորհրդատվական կարծիքները, որոնց շուրջ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում։
Իրենց խորհրդատվական կարծիքներն են ներկայացրել Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ ներկայացուցիչ, փորձագետ Հասմիկ Հարությունյանը, անկախ փորձագետ Լարիսա Մինասյանը, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ Ստեփան Գրիգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարատ Ատովմյանը, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի եւ ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամներ Աննա Բարիկյանն ու Արսեն Իգիթյանը, գիտությունների թեկնածու, «Արմենպակ» բիզնես ասոցիացիայի նախագահ, Գործատուների հանրապետական միության կրթական հարցերով փոխնախագահ Սուրեն Չիբուխչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին կից տեխնիկական խորհրդի նախագահ, փորձագետ Աշոտ Սաֆարյանը, անկախ փորձագետ Կարեն Մխիթարյանը։



