2023 թվականի հուլիսի 21-ին «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հանդես եկավ հետաքննությամբ, որում փաստերով ի ցույց էր դրել, որ Սպիտակ համայնքի մի շարք համայնքային ծառայողներ Երևանում կայանալիք տեղական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ընտրողների ցուցակագրումներ են իրականացնում: ՀԿ-ներից կազմված «Անկախ դիտորդ» դաշինքն այս երևույթը որակեց որպես վարչական ռեսուրսի չարաշահում:
Ի պատասխան հայտարարության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատական հայց ներկայացրեց «Անկախ դիտորդ» դաշինքի և ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դեմ՝ պահանջելով հերքել հրապարակումը և կուսակցությանը փոխանցել մեկ միլիոն դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Ընդ որում, իշխող կուսակցությունը, որպես հայցի ապահովման միջոց, դատարանից խնդրել է մեկ միլիոն դրամ սառեցնել «Իրազեկ քաղաքացիների միավորման» բանկային հաշվին, ինչը դատարանի կողմից բավարարվել է:
ԵՄ-Հայաստանի քաղաքացիական հասարակության պլատֆորմը համարում է, որ իշանությունների քննադատությունը, և, առավել ևս, ընտրությունների ժամանակ խնդրահարույց երևույթների բարձրաձայնումը ժողովրդավարական հասարակության և համաեվրոպական արժեքների անբաժանելի մասն է, որը նաև բխում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի 2-րդ հոդվածից:
Իշխող կուսակցության կողմից քաղաքացիական հասարակության կազմակերպությանը ընտրությունների ժամանակ արձանագրած խնդրի մասին բարձրաձայնելու համար դատի տալն ու հայցի ապահովման միջոց խնդրելը Հայաստանում աննախադեպ քայլ է, որը հակասության մեջ է մտնում Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման հանձնառությունների հետ:
Հետևապես, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմը համարում է, որ ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնողները պետք է իրենց ազատ զգան արձանագրած խնդիրների մասին բարձրաձայնելու ու ողջամտության սահմաններում իշխանություններին քննատադատող գնահատողական դատողություններ անելու հարցում: Արդ, պլատֆորմը կոչ է անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝
- Հրաժարվել «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջից,
- Զերծ մնալ ողջամտության սահմաններում իշխանություններին քննադատող ողջամիտ գնահատողական դատողությունների համար ՀԿ-ներին պատժելու փորձերից:

