ՌԴ-ն ինչի՞ է խնդիր տեսնում, եթե ԵՄ-ն փորձում է նպաստել խաղաղությանը, ուրեմն մի բան կա չէ՞ այդտեղ․ Լուսինե Հակոբյան

ԵՄ-ն եւս մեկ անգամ հայտարարում է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ տարածքով, պետք է վերահսկի ՀՀ-ն։ ՌԴ ԱԳՆ էլ վերջերս հայտարարեց, որ Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհը պետք է լինի ռուսական անվտանգային վերահսկողության ներքո։ Ինչպե՞ս գնահատել այս դիրքորոշումները։

«Factor.am»-ի տաղավարում պատասխանելով այս հարցին՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, Արեւելյան գործընկերության Քաղհասարակության Պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը նշել է․

«Միանաշանակ է, որ ԵՄ դիրքորոշումը բխում է մեր շահերից, այն հստակորեն բխում է ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը հարգելու սկզբունքից, մինչդեռ նույնը չի կարելի ասել ՌԴ դիրքորոշման մասին։ Ի՞նչ է նշանակում՝ պետք է ՌԴ կողմից վերահսկվի։ Մենք՝ որպես պետություն ունենք մեր տարածքով անցնող ճանապարհը վերահսկելու ողջ անհրաժեշտ գործիքակազմը, ինչո՞ւ պետք է ՌԴ-ն, կամ  որեւէ այլ պետություն վերահսկի մեր տարածքով անցնող ճանապարհները, դրա տրամաբանությունն, իհարկե, ինձ համար շատ հասկանալի է, բայց որեւէ օբյեկտիվ քննադատության դա չի ենթարկվում»։

Հարցին, թե երբ ռուսական քաղաքականությունը քննադատվում է, դա որակվում է որպես հակառուսականություն եւ արհեստականորեն հակառուսական տրամադրությունների գեներացում, արդյո՞ք դա այդպես է, Հակոբյանը պատասխանել է․

«Դա հակառուսական տրամադրություն չի գեներացնում, դա գեներացնում է ՌԴ կողմից ՀՀ շահերի դեմ գործողությունների պատշաճ արձագանք, թե չէ այստեղ ՌԴ քաղաքացիներ կան, որոնց որեւէ մեկը որեւէ բացասական կերպով չի վերաբերվում, նրանք իրենց լեզվով խոսում են, մեր սրճարաններից, մեր կենտրոնի եւ մեր պետության բոլոր այլ հնարավորություններից օգտվում են եւ իրենց որեւէ մեկը մի թթու խոսք չի ասում։ Մինչդեռ այն, ինչը ՌԴ-ն իրականացնում է ՀՀ նկատմամբ, բնականաբար, գործողություններ են, որոնք որեւէ կերպ ՀՀ շահերից չի բխում եւ իրավացիորեն հանգեցնում է ՀՀ-ի եւ հայ ժողովրդի վստահության նվազմանը եւ վերացմանը անգամ ՌԴ նկատմամբ։ Այդ գործողությունները մեկ անգամ չէ, որ դրսեւորվել են, 2020-ի պատերազմից ի վեր ականատես ենք լինում ՌԴ կողմից ՀՀ շահերի ոտնահարմանը՝ հօգուտ ադրբեջանական շահերի, դա դրսեւորվեց ե՛ւ պատերազմի ընթացքում, ե՛ւ հետպատերազմական շրջանում ադրբեջանական տարբեր ոտնձգությունների ժամանակ՝ ՌԴ հռետորաբանությամբ եւ կոնկրետ դիրքորոշումներով, եւ անգամ հենց այս ճանապարհի հարցում։ Հասկանալի է, որ ճանապարհների վերահսկողությունը շատ ավելի հեռահար նպատականեր ունի, դա, ըստ էության, վերահսկողություն է Հայաստանի հարավի հանդեպ, եւ քանի որ ՀՀ-ն շատ կարեւոր սահման ունի Իրանի հետ, հասկանալի է, որ դա ՀՀ կենսական խողովակների տնօրինման նպատակներ է հետապնդում, եւ անմիջականորեն ոտնձգություն է արդեն ՀՀ անկախության նկատմամբ»։

Իսկ ինչո՞ւ է ԵՄ դիրքավորումը ՀՀ սուվերենությունը հարգող, իսկ ՌԴ-ինը՝ ոչ։ Ի պատասխան այս հարցի՝ Հակոբյանը նշել է․

«Եթե մենք հիշենք, թե Ուկրաինայի վրա հարձակվելուց առաջ Պուտինն ինչեր է խոսել, ապա հասկանալի է, թե ինչով է պայմանավորված այդ դիրքավորվումը։ Հիշում ենք՝ այն երկար մենախոսությունը, որի շրջանակներում նա ափսոսանք էր հայտնում ԽՍՀՄ փլուզման կապակցությամբ, որ ԽՍՀՄ Սահմանադրությունը պարունակել է դրույթներ խորհրդային հանրապետությունների անջատման վերաբերյալ, այդ նոստալգիան ԽՍՀՄ եւ դրա վերականգնման վերաբերյալ, հստակ այդ բոլոր շեշտադրումները կային, եւ հենց Ուկրաինայի դեմ հարձակման դեպքում, անհայտ էր, որ ՌԴ-ն հենց այդ նկրտումներին է հետամուտ՝ վերականգնելու խորհրդային տարածքը, եւ այդ նկրտումները նաեւ դրսեւորվում են ՀՀ հանդեպ՝ տարբեր ձեւաչափերով»։

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ իրենք կիսում են երկրները միավորող ճանապարհային, երկաթուղային կապերի վերաբերյալ ՀՀ տեսլականը, որտեղ երկաթուղային, ճանապարհային կապերը բաց են, երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջում եւ անգամ ավելին՝ մարդիկ ճանապարհորդում են տարբեր սահմաններով, կա առեւտուր։ Այսինքն, նրանք ապաշրջափակված տարածաշրջան են տեսնում եւ տեսակետները, թե ԵՄ-ն տեսնում է փակ Հարավային Կովկաս, մեղմ ասած այդպես չէ։ Այս դիտարկմանն ի պատասխան Հակոբյանը հայտարարել է․

«Իրապես այդպես չէ, եւ ԵՄ-ն երբեք փակ Հարավային Կովկաս չի պատկերացրել, նա եղել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման ամենամոլի ջատագովներից մեկը»։

Իսկ այն մասին, որ հայտարարության մեջ Իրանի մասին էլ հիշատակում կա, այսինքն, նրան նաեւ այդ կապի հնարավորությունը չեն բացառում, Հակոբյանը բացատրում է այն հանգամանքով, որ ԵՄ-ն շատ զգայուն է ՀՀ խնդիրների, ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակի, աշխարհագրության եւ ամենի նկատմամբ․ այդ ընկալումներն ու ըմբռնումը կա, եւ, բնականաբար, ԵՄ-ն ելնում է այդ ընկալումներից։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված ԵՄ կողմից ՀՀ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ քննարկումների մեկնարկն ու Եվրոպական խաղաղության հիմնադրամով Հայաստանին հնարավոր աջակցության հարցը, հատկապես, որ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը ստացել են այդ հիմնադրամից աջակցություն, ինչո՞ւ է ԵՄ-ն պաշտոնապես այս հարցը քննարկում արդեն։

Ըստ Հակոբյանի, ԵՄ-ն արդեն իսկ մեր անվտանգային ոլորտում բավական լուրջ աջակցություն ցուցաբերել է՝ այստեղ տեղակայելով իր մշտադիտարկման քաղաքացիական առաքելությունը, որը թեպետ քաղաքացիական է, այդուհանդերձ, լուրջ դերակատարում ունեցել է Ադրբեջանի կողմից հարձակումների կանխարգելման եւ փաստագրման գործում։

«Նաեւ դա է այն իրավական հիմքը, որը թույլ է տալիս ԵՄ անդամ պետություններին եւ հենց ԵՄ-ին բավականին կոնկրետ դիրքորոշում ունենալ մեր տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։ Նաեւ կարեւորենք այն, որ ԵՄ-ն չբավարարվեց զուտ այդ առաքելության տեղակայմամբ, այլեւ վերջերս ընդլայնել է այդ առաքելությունը, եւ գրասենյակներ է հիմնել ՀՀ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի մի շարք համայնքներում, եւ ընդհանուր առմամբ ընդլայնում է այդ առաքելությունը, ինչը բխում է մեր շահերից, քանի որ որքան ավելի շատ դիտորդներ տեղակայվեն մեր սահմաններին, այդքան այդ հարձակումների վտանգը նվազում է։

Ինչ վերաբերվում է անվտանգային ոլորտի երկխոսությանը, դրա մեկնարկը տրվել է այս տարվա մարտից, երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ Էնրիկո Կեմորայի (անուն ազգանունը հաստատ այդպե՞ս է, որոնեցի չգտա) գլխավորությամբ ժամանեցին Հայաստան, եւ այստեղ սկսվեց անվտանգային ոլորտի երկխոսությունը, ինչը շարունակվեց այս ամիս՝ արդեն Բրյուսելում, եւ այո, ԵՄ-ն դիտարկում է Եվրոպական խաղաղության հիմնադրամի հնարավորությունները ՀՀ առջեւ բացելու հարցը նաեւ, եւ, ըստ էության, ունենք դրական ազդակներ, որ այդ հնարավորությունից ՀՀ-ն կկարողանա օգտվել, ինչը բավական դրական եւ լուրջ ներդրում է։ Եվրոպան հասկանում է, եւ մենք էլ մեր աշխատանքով բարձրաձայնել ենք, նաեւ 2023-ի սեպտեմբերյան դեպքերից հետո ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը ձեռք չի քաշել ուժի միջոցով ՀՀ հետ տարաձայնությունները լուծելու հեռանկարից, բոյկոտում է արեւմտյան ձեւաչափը, ինչը լուրջ նշաններ է հղում ԵՄ-ին, որ Ադրբեջանն իրականում նպատակ չունի ՀՀ հետ խաղաղություն կնքելու՝ ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների երաշխիքների ներքո, եւ, ըստ էության, ԵՄ-ին այլ ելք չի թողնում, քան առավելագույնս օգնել ՀՀ-ին նաեւ անվտանգային ոլորտի իր կարողությունները հզորացնելու հարցում»,- նշել է Հակոբյանը։

ՀՀ ԱԳ նախարարը վերջերս Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ ժողովուրդն ու կառավարությունն ունեն եվրոպական ձգտումներ։ Եթե կառավարությունն ունի նման ձգտումներ, որքա՞ն որակյալ է իրականացնում ՀԸԳՀ-ի գործողությունները, եւ ապա՝ արդյո՞ք ՀՀ քաղաքացիները իսկապես ունեն եվրոպական ձգտումներ։

«ՀԸԳՀ վերաբերյալ՝ ՀՀ կառավարությունը որոշ պարտավորություններ բավական լուրջ դիտարկել է, մասնավորապես, վերջինը պետք է նշեմ Հռոմի ստատուտի վավերացումը, որը ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորություն էր, կան տնտեսական, բնապահպանական, այլ ոլորտների մի շարք պարտավորություններ, որոնք բավական լուրջ Հայաստանի իշխանությունը դիտարկում է եւ փորձում է ի կատար ածել։ Բայցեւայնպես, ժողովրդավարական բլոկում, որը նաեւ պայմանագրի էական պայման է եւ ԵՄ-ն բավական լուրջ է վերաբերվում այդ բլոկին, որոշակի ձեռքբերումների հետ միասին մենք ունենք նաեւ լուրջ խնդիրներ, որոնց ուղղությամբ ՀՀ իշխանությունը եւ քաղհասարակությունը եւս պատրաստ է ամեն կերպ աջակցել՝ իր փորձագիտական կարողություններով, մասնագիտական գիտելիքներով, ՀՀ իշխանությունը պետք է կրկնապատկի իր ջանքերը։ Մի կարեւոր հանգամանք եւս՝ ՀԸԳՀ-ն, հատկապես դրա ժողովրդավարական բլոկը, դա միայն այն չէ, ինչ իրենք գրել են իրենց ճանապարհային քարտեզներում, իրենք պետք է դա շատ լավ հասկանան, որ երբ իրենք Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ են հանում այն հիմնավորումներով, որոնք հնչեցվել են ԱԺ-ում, դա եւս հետընթաց է ՀԸԳՀ-ով նախատեսված պարտավորությունների կատարումից, երբ սելեկտիվ արդարադատություն են իրականացնում, այսինքն՝ ընդդիմության որոշ պատգամավորներին օրինակ հետապնդում են, բայց ԱԺ նախագահի հանդեպ որեւէ գործողություն չեն ձեռնարկում՝ մարդկային արժանապատվության դեմ ոտնձգելու համար, դրանք եւս նահանջ են ՀԸԳՀ-ով ստանձնած ժողովրդավարական բլոկի պարտավորությունների կատարումից, այսինքն, միայն այն չէ, որ իրենք հակակոռուպցիոն ռազմավարություն են գրել այդ ճանապարհային քարտեզներում, այդ ռազմավարությունը կատարեցին, ստացվեց, որ իրենք կատարեցին իրենց ստանձնած պարտավորությունը, կամ՝ եթե ստեղծել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ապա արդեն կատարել են իրենց պարտավորությունը․ դա ստեղծել են, շատ լավ են արել, բայց երբ որ այդ մարմնի եզրակացությունները դատավորների բարեվարքության վերաբերյալ իրենք անտեսում են, այ այդտեղ նահանջ է արձանագրվում ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորություններից։ Մնացական Մարտիրոսյանը, կամ նույն իրենց թիմակիցներին տարբեր դատական պաշտոնների, կամ այլ անկախ մարմիններում պաշտոնների ընտրելը, նշանակելը եւս նահանջ է»,- նշել է Հակոբյանը։

ՀԸԳՀ-ի իրավական բլոկի համատեքստում քննարկելով Եռաբլուրի գործով ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը, եւ միաժամանակ զոհված զինվորների ծնողների հանդեպ քրեական հետապնդումները՝  Հակոբյանը նշել է․

«Ոչ միայն Եռաբլուրի դեպքը, վերջերս իրավապահ մարմինների աշխատակիցների, մասնավորապես, ոստիկանների կողմից եղել են բռնությունների դեպքերի արձանագրումներ՝ տարբեր միջադեպերով, անգամ փաստաբանների հանդեպ, եւ այդ ամենը եւս բավական խնդրահարույց է եւ դարձյալ նահանջ է ստանձնած պարտավորություններից, եւ մեր ժողովրդավարական հեռանկարին, ժողովրդավարական հասարակության կայացմանը լուրջ սպառնալիք է, եւ այդ խնդիրներին եւս պետք է լուրջ վերաբերվել»։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ O’Բրայենը հայտարարել է, որ շուտով ԵՄ-ն, ՀՀ-ն եւ ԱՄՆ-ն հանդիպում կանցկացնեն՝ ՀՀ-ի անդրատլանտյան ընտանիքի մերձեցման սխեմայի վերաբերյալ։ Սա ի՞նչ է նշանակում։

Դրանք, ըստ Հակոբյանի, եւս շատ լուրջ ազդակներ են մեր արեւմտյան գործընկերների կողմից, եւ ցույց են տալիս լուրջ շահագրգռություն ՀՀ անվտանգային հնարավորությունները մեծացնելու, եւ անվտանգային համակարգն ամրապնդելու ուղղությամբ, եւ բնականաբար, դրանք միայն ողջունելի են։

«Նաեւ եվրոպական այլ պետությունների, մասնավորապես, Միացյալ Թագավորության հետ են ինտենսիվացել կապերը, գիտենք, որ ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը ժամանում է ՀՀ, մեր դիվանագիտության բավական գործուն ջանքերի մասին են խոսում։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն լուրջ ջանքեր է ներդնում իր անվտանգային համակարգը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, ինչը միանգամայն ողջունելի է, ի դեպ, անվտանգային որ ասում եմ՝ դա զուտ պաշտպանականին չպետք է վերաբերի, դա պետք է վերաբերի նաեւ էներգետիկ, տնտեսական, պարենային անվտանգությանը, այդ բոլոր ուղղություններով տեսնում ենք, որ քայլեր ձեռնարկվում են, եւ ցավալի է, որ տարիներ շարունակ այդ քայլերը չեն ձեռնարկվել։ Այսինքն, մեր դեսպանների մեծ մասը դիտարկել է իրենց աշխատանքը Արեւմտյան պետություններում, իրենց հանգստի գոտում ժամանակ անցկացնելու հնարավորություն, եւ պատշաճ չեն աշխատել, մինչդեռ հիշում ենք, որ դեռ հայր Ալիեւի ժամանակից Լիսաբոնյան գագաթնաժողովին ընդառաջ Ադրբեջանական դիվանագիտությունն ինչ ահռելի աշխատանք է տարել եւ, ըստ էության՝ իրավիճակ փոխել, եւ այդ ժամանակի նյութերը, այդ գործողությունները պետք է քաղված դաս լինեին մեր դիվանագիտության համար, մեր քաղաքական վերնախավի համար, բայց այդ դասերը չեն քաղվել, եւ հիմա նոր մենք ինտենսիվացնում ենք այդ ջանքերը։ Ցավոք, ասեմ, որ հեղափոխությունից անմիջապես հետո էլ այդ ջանքը եթե այդքան իրականացվեր, մենք այսօր այլ իրավիճակում կհայտնվեինք»,- նշել է Հակոբյանը՝  հավելելով, որ հեղափոխությունից հետո լավ պատուհան էր բացվել ՀՀ համար անվտանգային այլ համակարգ կառուցելու եւ դիվերսիֆիկացնելու իր անվտանգային կարողությունները, բայց մենք չօգտվեցինք։

Միաժամանակ, նրա խոսքով, պետք է նշել, որ նախորդ երեք նախագահներն էլ երբեք քայլեր չեն ձեռնարկել եւ չեն խրախուսել ներկայիս իշխանությանը քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, հակառակը, մեզ անընդհատ քաշել-տարել են դեպի ՌԴ՝ ասելով, որ ՌԴ-ն մեր անվտանգության միակ երաշխավորն է, բանալին իր ձեռքում է, այսինքն, այդ ուղղությամբ գնալու որեւէ նպաստավոր գործոն չի եղել, բայց, իհարկե, հեղափոխական իշխանությունը այլ պարադիգմերով պետք է շարժվեր, որը ցավոք՝ չարեց։  Ըստ Հակոբյանի միայն այսօր՝ դառը կորուստներից հետո ենք մենք դասեր քաղում։

Իսկ արդյո՞ք դա դիվերսիֆիկացիա՞ է, թե՞՝ վեկտորի փոփոխություն։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Այս պահին հայտարարում են, որ վեկտորի փոփոխություն չկա, հասկանալի է՝ ինչի են այդպես հայտարարում, թող անունը դնեն դիվերսիֆիկացիա, եւ անենք, ինչը որ կարող ենք անել, եւ հետո կերեւա։ Ինձ համար այդ հետոն ԵՄ-ի եւ Արեւմուտքի հետ մեր ռազմավարական ապագան է եւ հուսով եմ՝ մենք այդտեղ կհասնենք, բայց, իհարկե, միայն իշխանությունը չի կարող այդտեղ հասնել, այդտեղ առաջին հերթին՝ գալով հարցին, թե պատրաստ է արդյո՞ք հասարակությունը, ասեմ՝ այո, հասարակությունը պատրաստ է, եւ «Եվրոպա-Հայաստան» համաժողովի արձագանքներն էլ ինձ համար շատ դրական են, հասարակությունը բավական մեծ ոգեւորություն է ապրում, ինչը եւս կարեւոր է Եվրոպայի համար, քանի որ Վրաստանի դեպքում տեսանք, որ իրենք հենց ընդառաջ գնացին վրացի ժողովրդի ցանկություններին, հուսով եմ՝ մեր դեպքում եւս դա տեղի կունենա։ Բայց էլի պետք է նշել, որ, իհարկե, սա շատ լավ հնարավորություն է, բայց հնարավորությունը հավերժ չի լինում, ԵՄ-ն հետաքրքրված է իր սահմանները դելիմիտացնելու հարցում, հիմա եթե տարի-տարիուկես այդ հնարավորությունը բացի Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի առջեւ, եւ մենք որեւէ ազդակ չցուցաբերենք, որ մենք էլ ենք ցանկանում այդտեղ գնալ, կհամարվի, որ սահմաններն ավարտվում են Վրաստանով եւ ընդլայնումը կփակվի, եւ հաջորդ ընդլայնումը արդեն հայտնի չէ, թե երբ կլինի, եւ բնականաբար, միայն Հայաստանի համար այն չի էլ լինի, արդեն դժվար էլ է հաշվարկել, թե երբ կբացվի հաջորդ ընդլայնման հնարավորությունը։ Հետեւաբար, մենք պետք է մեր հնարավարությունները լուրջ գնահատենք, հասկանանք, որ այդ պատուհանը, որ մեզ համար բացվել է, այս անգամ մենք պետք է օգտագործենք»։

Այսինքն, հիմա ՀՀ կառավարությունը ԵՄ անդամակցելու հայտ պե՞տք է ներկայացնի։

Ըստ Հակոբյանի՝ ՀՀ կառավարությունը եթե անգամ այս պահին հայտ չի ներկայացնում, պետք է իր գործողություններով գնա այդ հայտը ներկայացնելու ուղղությամբ, այսինքն, ձեռնարկի գործողություններ իր անվտանգային համակարգը կառուցելու այնպես, որ մենք ինչ-որ շատ կարճ ժամանակում կարողանանք ՀԱՊԿ-ից դուրս գալ, ձեռնարկի այնպիսի գործողություններ, որ մենք կարողանանք ԵԱՏՄ-ից դուրս գանք, քանի որ հակառակ դեպքում մենք այդ հայտը չենք կարող ներկայացնել։

Կասկածներ էին հնչում, թե իսկ Արեւմուտքը կցանկանա՞ ՀՀ հետ լուրջ գործակցության գնալ, դա իրատեսական չէր համարվում, հիմա կգտնվե՞ն մարդիկ, որոնք կասեն, որ սխալվում էին։

«Ցավոք, այդ մարդիկ չեն գտնվի, հակառակը, այդ մարդիկ մինչեւ վերջ էլ իրենց սեւ գործն անելու են, հենց քաղհասարակության շարքերում էլ այդ մարդիկ կան, իշխանության շարքերում էլ կան, ամենուր կան, ընդդիմության էլ Աստված մեզ տվել՝ չի խնայել, բայց այդ ամենով հանդերձ՝ այդ թերահավատությունը, քննադատությունը, ծաղրը, կասկածները տեսնում ենք, որ սին են, քանի որ այսօր արդեն այդ մոնիթորիգային առաքելությունը կա, Խաղաղության հիմնադրամի հարցն է քննարկվում, Ֆրանսիան պաշտպանական ոլորտի երկկողմ համագործակցություն է ծավալել ՀՀ հետ, այլ պետություններ եւս լուրջ քննարկումներ են ծավալում»,- ի պատասխան նշել է Հակոբյանը։

Այդ աջակցությունները բնականաբար իրենց շահերից է բխում՝ նվազեցնել ՀՀ կախվածությունը ՌԴ-ից, բայց արդյո՞ք դա մեր շահերից էլ է բխում։

Ի պատասխան Հակոբյանը նշել է․

«Միանշանակ, դա ՀՀ շահերից է բխում, քանի որ մենք ամեն քայլ անելուց մտածում ենք, որ այ ՌԴ-ն գազի մատակարարումը կխափանի եւ մենք շատ վատ իրավիճակում կհայտնվենք, բնականաբար, մեր շահերից է բխում էներետիկ մատակարարումների կամ վերականգնվող էներգիայի ռեսուրսների օգտագործման հնարավորությունը, եւ այդ բոլոր քննադատություններն Արեւմուտքի հասցեին ինձ համար եւ շատերի համար հստակ է, որ ուղղորդված են եղել եւ որեւէ քննադատության չեն դիմանում՝ կոնկրետ գործողությունների լույսի ներքո։ Եւ այն փաստը, որ Ադրբեջանն էլ, ՌԴ-ն էլ ամեն կերպ փորձում են խափանել խաղաղության բրյուսելյան ձեւաչափը, ցույց է տալիս, որ այդ երկուսն էլ հենց շահագրգռված չեն այդ խաղաղության հաստատման հարցում։ ՌԴ-ին ինչո՞ւ օրինակ պետք է ձեռք չտա Բրյուսելի հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության կնքումը, ի՞նչ խնդիր կա, եթե ինքը Հայաստանի խաղաղության հարցում շահագրգռություն ունի, իր համար ի՞նչ տարբերություն՝ Բրյուսելում է կնքվում, թե՞՝ Հնդկաստանում, ուրեմն հարցը այդ խաղաղությունը խափանելն է ամեն գնով, ոչ թե այդ խաղաղությանը նպաստելը, նույնը եվրոպացիների համար, եթե ՌԴ-ն ապահովեր խաղաղությունը, իրենք միայն ուրախ կլինեին, բայց չարեց ՌԴ-ն, հիմա ինքն ինչի՞ է խնդիր տեսնում, եթե ԵՄ-ն փորձում է դա անել, ուրեմն մի բան կա չէ՞ այդտեղ»։