«Կցանկանայի սկզբից սկսել․ այո, մենք ունենք ՀԸԳՀ-ն, որը ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական կարեւոր ստանդարտ, մակարդակ է նշված այն ճանապարհին, թե ինչ կարելի է ակնկալել սրանից անդին, բայց այստեղ մենք պետք է ցավով փաստենք, որ ՀՀ-ն այս առումով մի փոքր թերացում ունի, եւ մենք այս համաձայնագրի շրջանակներում դեռ բազմաթիվ աշխատանքներ չենք կատարել, ինչը պետք է մասքիմալ արագությամբ եւ արհեստավարժությամբ կատարեինք, քանի որ ինչպես այս խորացող հարաբերությունների արդյունքում, այնպես էլ՝ խոսակցությունների եւ տրամադրվածությունների փոխանակման արդյունքում մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն ոչ միայն պատրաստ է եւ ցանկանում է խորացնել եւ զարգացնել հարաբերությունները ՀՀ հետ, այլեւ ակնկալիք ունի, որ դա մի քանի անգամ նախատեսվածից արագ տեմպով հնարավոր կլինի իրագործել»։
Այդ մասին «Ազատության» եթերում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ պատասխանելով հարցին, թե «ԵՄ-ն ՀՀ-ի աջակցության ծրագրեր է պատրաստում, այդ թվում նաեւ՝ վիզաների ազատականացման հնարավորություն։ ԵՄ-ն, սակայն, այդ առաջարկներն իրականացնելու համար պայմաններ է առաջադրում, մասնավորապես, այդ պայմանները շարադրված են ԵՄ-ի եւ ՀՀ միջեւ ստորագրված ՀԸԳՀ-ով։ Բացի այդ, ՀՀ-ն կարծես թե՝ պատրաստ է նոր աստիճանի հասցնել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Ո՞րն է այն գլխավոր պայմանը, որը կատարելու դեպքում ԵՄ-ն պատրաստ կլինի առաջարկել ՀՀ-ին ավելի բարձր կարգավիճակ»։
«Ինչպե՞ս եք պատկերացնում բարեփոխված ընտրական համակարգը, որը կբարձրացնի մասնակցային ժողովրդավարության աստիճանը, ինչպե՞ս կարելի է ստեղծել ընտրական այնպիսի համակարգ, որը չի բացառի հասարակության կարեւոր հատվածների մասնակցությունը քաղաքական կյանքին․ օրինակ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, որն ընդգծված արեւմտամետ դիրքորոշում ունի, հաղթահարեց նվազագույն շեմն ու հնարավոր դարձրեց, որ ՔՊ-ն խուսափի պարտությունից եւ մեծամասնություն ձեւավորի։ Բայց սա միայն Երեւանում, ինչպե՞ս կարելի է տեղերում նման հնարավորություն ստեղծել»։
Ի պատասխան այս հարցի՝ Եգորյանը նշել է․
«Շատ կարեւոր խնդիր է, այս խնդիրը 2018-ի հեղափոխական իրադարձություններից հետո սեղանին դրված էր, եւ ցավոք, այդ ընտրական օրենսդրության բարեփոխումները երկու փուլով էլ մաքսիմալ չիրականացվեցին։ Ձեր նշած իրադարձությունները Երեւան համայնքում կարելի է, ըստ էության, էքստրապոլացնել ամբողջ հանրապետության մակարդակի․ առաջացել եւ տեղի են ունեցել այն պարզ պատճառով, որ նախորդող 4-5 տարիների ընթացքում տեղի է ունեցել իշխող կուսակցության ռեյտինգի որոշակի պարպում եւ նվազեցում, սա ակնհայտորեն վկայում է այն մասին, որ դրան նախորդող առնվազն երկու ընտրություններում ժողովրդավարական եւ մասնակցային ժողովրդավարության գործընթացներում մենք կորուստ ենք ունեցել, այսինքն, չենք կարողացել ասպարեզ բերել բոլոր այն կարող եւ առավել կառուցողական ուժերին, որոնք նախորդ տարիներին հնարավորություն կտային մեզ ավելի դինամիկ զարգանալու։ Եւ այստեղ օրակարգային հարց է այս խնդիրը լուծել, ասպարեզ տալ՝ մաքսիմալ նվազեցնելով ԱԺ ընտրությունների շեմը՝ այն կարող է մոտենալ մինչեւ 1 տոկոսին, եւ պետք է նաեւ հաշվի առնել, որ մենք, այնուամենայնիվ, անցումային շրջանում ենք գտնվում, մենք ժողովրդավարության 20 տարվա դեգրադացման եւ տոտալիտարիզմի կառուցման արդյունքում նորից թեւակոխեցինք ժողովրդավարության զարգացման գործընթաց, եւ այստեղ գործիքները պետք է համարժեք լինեն այդ տրանսֆորմացիոն շրջանի համար, հետեւաբար, այստեղ պետք է հստակ ֆիքսել, որ մենք բաց ենք թողել այս 4 տարին։ Եւ հիմա պետք է առնվազն մյուս ընտրություններին նախորդող շրջանում այս գործիքակազմերը կազմակերպել այնպես, որ մենք կարողանանք պարբերաբար մեր ժողովրդի, եթե կուզեք, սերուցքին հնարավորություն տանք մուտք գործել ԱԺ, եւ այդ քաղաքական գործընթացների արդյունքում զարգանա ինչպե՛ս քաղաքական համակարգը, այնպե՛ս էլ՝ կուսակցական համակարգը»։
Դիտարկմանը, թե «ԱԺ ընդդիմությունը ձգտում է ժողովրդավարության չեղարկմանը, եւ այս ուղղությամբ իշխանության զսպման եւ հակակշռման մեխանիզմը սխալ ուղղությամբ է աշխատում, նրանք թեքում են իշխանությանը դեպի ավտորիտար վարքագիծ, ինչը անդրադառնում է ժողովրդավրության որակի վրա», Եգորյանն արձագանքել է․
«Ես կարող եմ ավելին ասել, եթե շատ փոքր պատմական էքսկուրսով նայենք՝ այդ բեւեռացման հետեւանքն այն է, որ վերանում է կառուցողական երկխոսության եւ սինթեզի հնարավորությունը բոլոր քաղաքական ուժերի միջեւ, այդ քաղաքակիրթ փոխազդեցության մեխանիզմները վերանում են, եւ այդ բեւեռացման հետեւանքները մենք տեսել ենք 99 թվականի հեղաշրջման իրադարձություններով, 2003-2004 թվականների իրադարձություններով, 2007-2008 թվականների իրադարձություններով, սրանք այն ծայրահեղ սրացման հետեւանքներն են, եւ արդեն ոչ թե հակադրման քաղաքական գորրծընթացների, այլ՝ կա՛մ հաղթանակի, կա՛մ՝ ոչնչացման տրամաբանության մեջ գործընթացների են բերում դրանք։ Բարեբախտաբար, 2018-ին հնարավոր եղավ իրականացնել այս հեղափոխությունը, բայց այն պետք է սպասարկվի համապատասխան գործիքակազմերով, որպեսզի այդ ծայրահեղացված խմբերից զատ հնարավոր լինի ասպարեզ բերել այն խմբերին, որոնք հակված են առավել կառուցողական, պրոգրեսիվ եւ պրոդուկտիվ քաղաքականության, այլ կերպ հնարավոր չէ»։
Իսկ ինչպե՞ս պետք է մենք մոտենանք եվրոպական ժողովրդավարական որակին, իրավական համակարգին, օրենքների բովանդակության մոտարկումը ե՞րբ կարող է տեղի ունենալ եւ ինչպե՞ս։
Ի պատասխան այս հարցի Եգորյանը նշել է․
«Օրենքների բովանդակության առումով ես չէի ասի, որ դա մի խնդիր է, որի ուղղությամբ մենք դեռ հսկայական աշխատանք ունենք կատարելու, մենք ավելի մեծ աշխատանք ունենք կատարելու այդ օրենքների մշակմանը եւ որոշումների կայացմանը առավել մեծ մասնակցայնությամբ ապահովելու հարցում, այսինքն, մենք պետք է ապահովենք ժողովրդի ներկայացուցիչների ավելի մեծ աստիճանի մասնակցայնություն այս բոլոր գործընթացներին, որպեսզի դրանք լինեն առավել արդյունավետ։ Նույն օրենքը, ցանկացած նորմ, որն ընդունելի է առավել մեծ հատվածի համար, ավելի հեշտ իրագործելի, ընկալելի է, ավելի սինխրոն է մեծամասնության կյանքին։ Ապա, մենք ունենք խնդիր հենց մեր ներսի գործընթացների բարելավման հետ, որպեսզի այդ իրավունքը եւ օրենքը իրագործման փուլում, այսինքն՝ պրակտիկայում, կյանքում սպասարկվի հենց իմ նշած առավել բարձր մասնակցայնությամբ, առավել մեծ շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի նաեւ չառաջանա այդ խզումը»։
Նախկին իշխանությունը, որը հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սեւ քարոզչություն սկսեց եվրոպական արժեքների դեմ՝ միաժամանակ իրենց կուտակած հարստությունը իրացնելով Եվրոպայում, իրենց զավակներին եվրոպական համալսարաններ ուղարկելով, սակայն ժողովուրդը մերժեց նրանց, բայց այդ ամենով հանդերձ, արեւմտյան արժեքներ դավանող մտավորականները այդպես էլ չեն կարողանում հաղթահարել ԱԺ նվազագույն շեմը, ո՞րն է պատճառը։
Պատասխանելով այս հարցին՝ Եգորյանը նշել է․
«Սկսած 98-99 թվականներից տեղի է ունեցել մեր հավաքական կամքի խզում, այդ կամքը մինչեւ 2018-ը չէր ձեւավորում քաղաքական ուժ, որը կարտահայտի այդ հավաքական կամքը, եւ դա արդեն գործի կդրվի պետական կառավարման միջոցով, քանի որ այդ նախորդ տարիներին այդ կամքը, իշխանությունը յուրացված էր, եւ տարբեր մեթոդներով երկարաձգվում էր այդ իշխանությունը։ Հենց ձեր բերած օրինակը, որ իշխանությունը տարբեր մեթոդներով մեր արժեհամակարգի խեղման, մեր իրական ձգտումների քաղաքակրթական բովականդակության խեղման միջոցով ապահովում էր իր իշխանությունը, իր ժառանգներին ուղարկում էր Արեւմուտք՝ ավելի զարգացած աշխարհին հաղորդակցվելու եւ ինտեգրվելու նպատակով, հենց դրա վկայությունն է, որ իշխանությունը պահելու նպատակով, այլ ոչ թե նույնիսկ այդ մարդկանց արժեհամակարգի արտացոլումն է եղել։ Երկրորդը՝ մենք գիտենք, որ մեր մտքում սերմանված, տարիներ շարունակ քարոզված անվտանգություն եւ ժողովրդավարություն հակադրությունը իրագործվում էր այն բանաձեւով, որ անվտանգության համար զոհաբերվում էր ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը, եւ սա մի պարզ, ոչ հնարամիտ սխեմա էր, եւ դրա հետեւանքը ակնհայտորեն բերեց նրան, ինչ ունեցանք՝ մի իրավիճակ, երբ մենք մերը ստեղծելու փոխարեն, մեր վզին փաթաթվում էր այդ՝ այլ արժեհամակարգը, հարաբերությունները, որտեղ Հայաստանը պետք է լիներ ավելի, այսպես ասած, նվաստի կարգավիճակում, ոչ անկախի, ոչ ինքնուրույնի կարգավիճակում։ Կարծում եմ՝ շատ պրագմատիկ գործընթացներ են տեղի ունեցել, քանի որ 2018-ից հետո չիրականցվեց այդ անցումային շրջանի համար անհրաժեշտ կարգավորումների բարեփոխումները, ժողովուրդը վերականագնելով իր իշխանությունը եւ նաեւ գիտակցելով, որ այն, ամեն դեպքում վտանգի տակ է, (քանի որ այդ ծայրահեղական բլոկներից սպառնալիքները չափից դուրս իրատեսական էին եւ անընդհատ առկա էին մեր կյանքում, ընդհուպ մինչեւ հիմա, տեսնում ենք նաեւ դրա առանձին դրսեւորումներ իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում), շատ պրագմատիկ հաշվարկով շարժվեց ընտրությունների ժամանակ, ընդ որում, մինչեւ վերջին ընտրությունները։ Միայն Երեւանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ տեսանք, որ ժողովուրդը եւս կարողանում է ավելի արդյունավետորեն իր պրագմատիկ հաշվարկը ադապտացնել իրավիճակին, երբ մենք ունեցանք եւս մեկ կառուցողական ընդդիմադիր ուժ ավագանիում։ Իսկ մինչ այդ ի՞նչ էր տեղի ունենում՝ ժողովուրդը՝ դիտարկելով, որ այդ վտանգն առկա է՝ իր իշխանությունը պահպանելու նպատակով, վախենալով իր ձայների փոշիացումից՝ չէր համարձակվում իր համար թեկուզ ընդունելի ընդդիմությանը բավարար քվե տալ, վախենալով ավելի մեծ սպառնալիքից՝ համակերպվում էին իրենց քվեները իշխանության օգտին գեներացնելու ընտրության հետ․ դա տեղի ունեցավ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններին։ Սա էր պատճառը, որ մարդիկ մոբիլիզացրեցին իրենց ուժերը, մենք էլի ծայրահեղ բեւեռացում ունեցանք եւ հնարավոր չեղավ մյուս ուժերին ասպարեզ տալ։ Բայց եթե նշածս օրենսդրական փոփոխությունները իրականացրած լինեին, օրինակ՝ շեմն իջեցված լիներ, մենք մոտավորապես ընդհանուր մի 10 տոկոսի բավական արդյունավետ ընդդիմադիր միավորներ կունենայինք»։
,Իսկ արդյո՞ք հաջորդ ԱԺ ընտրություններից առաջ կունենանք այդ նոր համակարգը։
Ի պատասխան այս հարցի Եգորյանը նշել է․
«Ես կարծում եմ, որ դրանք պետք է լինեն, կարծում եմ, որ եթե դրանք չլինեն, մեր ժողովրդավարությունն ու անվտանգությունը էականորեն վտանգված են լինելու, քանի որ մենք տեսնում ենք, որ ցավոք՝ տարբեր խնդիրներով պայմանավորված, այն կարճ ժամանակում մենք այնքան էլ արդյունավետ չենք կարողանում նոր քաղաքական սեգմենտներ ձեւավորել, ամրացնել նրանց, եւ հետեւաբար, եթե այս փոփոխությունները չեղան, եթե մենք նորից մաքսիմալ բեւեռացված ընտրության առաջ կանգնենք մյուս ընտրություններին, մեր ինքնիշխանության անվտանգությունը եւ ժողովրդավարությունը վտանգվելու են, մենք կորցնելու ենք հսկայական ժամանակ եւ չենք կարողանալու մեկնարկել այդ առողջ ուժերի ձեւավորման եւ զարգացման պրոցեսը։ Իսկ այսօրվա ոչ կայուն, տուրբուլենտ աշխարհաքաղաքական վիճակում սա առաջնային անհրաժեշտություն է ՀՀ նման պետության համար»։