«Շատ կարեւոր է ՀՀ պաշտոնատար անձանց եւ քաղհասարակության ներկայությունը ԵՄ շատ տարբեր ձեւաչափերում, նախորդ շաբաթ ես մասնակցում էի Եվրոպա-Հայաստան կոնֆերանսին, որի շրջանակներում մենք՝ քաղհասարակության, ԵՄ եւ մեր պետության գործընկերների հետ քննարկում էինք Հայաստանի ռազմավարական ապագան, թե ինչպե՞ս ենք մենք տեսնում եւ այդ կապակցությամբ նաեւ հռչակագիր ընդունեցինք։
Այս երեք օրերի ընթացքում Արեւելյան գործընկերության տարեկան ժողովի շրջանակներում քննարկելու ենք Արեւելյան գործընկերության պետությունների եւ Արեւելյան գործընկերության ձեւաչափի ներկայի հաջողությունները, մարտահրավերները, եւ ապագան»։
Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, Արեւելյան գործընկերության Քաղհասարակության Պլատֆորմի համանախագահ, ԵՄ քաղաքացիական ֆորումի տարեկան վեհաժողովին մասնակցող Լուսինե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ վկայությունն են վերջին օրերի իրադարձությունները։
Հարցին, թե ինչքա՞ն կարող են խորանալ ԵՄ եւ ՀՀ հարաբերությունները, Հակոբյանը պատասխանել է․
«Ես՝ որպես ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի համանախագահ կարող եմ ասել, որ, իհարկե, մեր առավելագույն հավակնությունը եւ առավելագույն ցանկությունը տեսնում եմ ԵՄ լիարժեք անդամ դառնալու մեջ, դա եմ պատկերացնում որպես ՀՀ ռազմավարական ապագա։ Բայց, իհարկե, հասկանալի է, որ այդ երազանքը մեկ օրում չի կառուցվում։ Եւ Արեւելյան գործընկերության երեք պետությունների՝ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի օրինակները ցույց են տալիս, որ այդ ուղղությամբ առաջին հերթին հասարակությունները պետք է կատարեն հետեւողական քայլեր, պետք է լինեն հավակնոտ՝ իրենց ցանկությունների եւ երազանքների հարցում, եւ լինեն հետեւողական իրենց ջանքերում։ Իհարկե, այդ մեծ երազանքներին հնարավոր չէ հասնել, եթե մենք ջանքերը չմեկտեղենք՝ պետություն, ԵՄ գործընկերներ, քաղհասարակություն, եւ չունենանք լայն հանրության աջակցությունը այդ ուղղությամբ։ Շատ կարեւոր էր, որ օրեր առաջ Եվրոպական հանձնաժողովը երաշխավորեց Արեւելյան գործընկերության երկու պետությունների հետ բացել անդամակցության բանակցությունները, եւ երրորդ պետությանն էլ շնորհել թեկնածուի կարգավիճակ, եւ կարեւոր էր այն արձանագրումը, որ Եվրահանձնաժողովը կատարեց, այն է, որ ընդառաջ է գնում այդ պետությունների հասարակությունների հավակնություններին եւ ցանկությանը։ Կարծում եմ, որ Հայաստանի հասարակությունը եւս պետք է որոշակիորեն շատ հստակ ձեւակերպի իր համար այդ ցանկությունը, եւ գնա այդ ուղղությամբ»։
Ի տարբերություն Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի, Հայաստանը հիմա ռուսական տնտեսական եւ ռազմական դաշինքներում է, արդյո՞ք դա խոչընդոտ չէ, եւ արդյո՞ք ԵՄ կուլիսներով դա չեն բերում որպես պատճառ։
Պատասխանելով այս հարցին՝ Հակոբյանը նշել է․
«Բնականաբար, դա խոչընդոտ է, եւ, իհարկե, պետք է քայլեր ձեռնարկել այդ ռազմական եւ տնտեսական դաշինքներից դուրս գալու ուղղությամբ եւ ակնհայտ է, որ ՀՀ-ն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում է․ առնվազն մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ի ձեւաչափում ՀՀ-ն այլեւս չի ցուցաբերում որեւէ մասնակցություն, եւ զուտ ֆորմալ է այնտեղ, կարծում եմ նաեւ, որ ՀՀ-ն կարեւոր քայլեր է ձեռնարկում իր պաշտպանական ոլորտի ռազմավարությունը կառուցելով դիվերսիֆիկացիայի սկզբունքի հիման վրա եւ երկկողմ հարաբերություններ հաստատելով այդ ուղղությամբ մեր շատ կարեւոր բարեկամ պետությունների հետ՝ Ֆրանսիայի, որը այլեւս մեր ռազմավարական դաշնակիցը կարող է համարվել, նաեւ այլ պետությունների հետո, մասնավորապես Հնդկաստանի հետ, տեսնում ենք Գերմանիայի կողմից մեծ հետաքրքրություն ՀՀ ուղղությամբ, ինչը դրսեւորվել է կանցլեր Շոլցի անմիջական մասնակցությամբ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում, նաեւ այլ ֆորմատներում արտահայտվում է այդ հետաքրքրութունը եւ կարծում եմ, որ դա մեր պետության, նաեւ մեր հանրային դիվանագիտության՝ քաղհասարակության հետեւողական աշխատանքի արդյունքն է, եւ այդ ջանքերը պետք է կրկնապատկվեն, որպեսզի մենք հասնենք մեր երազանքին։
Նույնը վերաբերվում է տնտեսական համագործակցությանը․ ՀՀ-ն պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի, տնտեսական կախվածությունը ՌԴ-ից նվազեցնելու ուղղությամբ, այդ քայլերը պետք է ինտենսիվանան եւ հող նախապատրաստվի այդ կտրուկ շրջադարձն ինչ-որ մի կետում կատարելու ուղղությամբ եւ կարծում եմ, որ մենք բոլորս այդ ուղղությամբ ենք գնում»։
Ի պատասխան հարցի, թե «այս փուլում բավարա՞ր է ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումը, կամ ինչպես Երեւանն է բանաձեւել՝ ոչ թե Հայաստանն է լքում ՀԱՊԿ-ը, այլ՝ ՀԱՊԿ-ն է լքում տարածաշրջանը», Հակոբյանը նշել է․
«Դիվանագիտական ձեւակերպումները կարող են տարբեր լինել, մեզ համար էական է, որ ի վերջո, Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց նաեւ հասկանում ենք, որ դա մեկ գիշերում չի լինում, այդ ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկել, եւ տեսնում ենք, որ այդ քայլերը ձեռնարկվում են»։
Հայտնի է, թե ՌԴ-ն ինչ վայրի՝ պատժիչ կանոններով է առաջնորդվում, եւ ունի դրա համար տնտեսական, քաղաքական, անվտանգության գործիքներ, արդյո՞ք դա հաշվարկվում է։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Իհարկե, ամեն ինչ հաշվարկել հնարավոր չէ, նաեւ շատ դեպքերում մենք ավելի շատ լսում ենք սպառնալիքներ, քան կոնկրետ գործողություններ, մասնավորապես, Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ուղեկցվեց նման սպառնալիքներով, երբ կոնկրետ տնտեսական սպառնալիքներ էին հնչեցվում, նաեւ ինչ-որ պահի կանգնեցվել էր արտահանումը Լարսով եւ այլն, բայց ի վերջո տեսանք, որ այդ ամեն ինչը մնաց զուտ սպառնալիքների մակարդակում եւ լուրջ պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ չկիրառվեցին։ Իհարկե, չեմ ասում, որ հույսներս պետք է դնենք մեր բարեբախտության վրա, դրա համար իմ խոսքում նշեցի, որ մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք տնտեսական կախվածությունը վերացնելու, էներգետիկ, պաշտպանական ոլորտների կախվածությունը վերացնելու ուղղությամբ, եւ այդ ուղղությամբ ընթանում ենք»։
Իսկ արդյո՞ք հանդիպումների ժամանակ նկատվել են ազդակներ Եվրամիության խաղաղության հիմնադրամից՝ ՀՀ-ին ֆինանսավորելու վերաբերյալ՝ ինչի մասին Ժոզեպ Բորելը նշել է, որ այդ փողով փաստորեն կարելի է զենք գնել։
«Այն, ինչ Բորելը նշեց, արդեն լուրջ ազդակ է ինքնին, բայց նաեւ անցած շաբաթ՝ ԵՄ-ՀՀ համաժողովի շրջանակներում եվրոպական պառլամենտի պատգամավորներ եւս նման հայտարարություններ արեցին եւ ասեցին, որ իրենք ջանքեր գործադրում են այդ ուղղությամբ, եւ այո, մեր դիվանագիտության եւ քաղհասարակության ձայնն այդ ուղղությամբ բարձրաձայնվում է, եւ լսելի է, եւ իսկապես հուսով եմ, որ այդ հնարավորությունից կկարողանանք օգտվել մոտ ապագայում»։
Մեկնաբանելով Եմ դիտորդական առաքելության ընդլայման որոշումը եւ այդ կապակցությամբ ԱԺ ընդդիմության քննադատությունը, որ այդ առաքելությունը ձեւական եւ խնդիրներ է առաջացնում Թեհրանի եւ Մոսկվայի հետ՝ Հակոբյանը նշել է․
«Բնականաբար, չեմ կիսում այդ կարծիքը, ասեմ ավելին՝ նախորդ տարվանից ինքս էլ տարբեր հանդիպումներում նշել եմ այդ առաքելության ընդլայնման անհրաժեշտության մասին, մի քանի պատճառով՝ երբ որ դիտորդների թիվը սահմանափակ է, բնականաբար, նրանք կարող են իրենց դիտորդությունն իրականացնել սահմանափակ տեղանքներում, իսկ այլ տեղանքներում, որտեղ նրանք չկան, Ադրբեջանի ոտնձգությունները չեն փաստագրվի, եւ հավուր պատշաճի չեն ներկայացվի միջազգային հանրությանը։ Հետեւաբար, մեր շահերից է բխում այդ առաքելության ընդլայնումը եւ ՀՀ սահմաններին հնարավորինս ավելի մեծ տարածքներում դրանց տեղակայումը։
Ինչ վերաբերվում է այդ դիմադրությանը, քանի որ հասկանալի է, որտեղից է այն ուղորդվում, եւ հասկանալի է, որ ՌԴ շահերից ամենեւին չի բխում այստեղ ԵՄ մեծ ներկայությունը, ապա հասկանալի է, որ այդ տարբեր պատճառաբանությունները պետք է բերվեն, մինչդեռ այն, որ օրինակ՝ ռուս խաղաղապահները զինված էին եւ ներկա էին Արցախում, դա ոչ մի կերպ չկանխեց հայերի էթնիկ զտումները այնտեղ, հետեւաբար, այդ փաստարկներն՝ ըստ իս՝ սին են»։
Անդրադառնալով քննադատություններին, որ Իլյամ Ալիեւը հավատարիմ չմնաց եվրոպական պայմանավորվածություններին եւ դրան չհաջորդեցին պատժամիջոցներ, թեեւ հնչում էին կոչեր, որ Արեւմուտքը չի հանդուրժելու էթնիկ զտումները՝ Հակոբյանը նշել է․
«Դա շատ բնական է, այդ ուժերի կողմից տեւական ժամանակ նկատելի են անընդհատ մեղադրանքները եւ դժգոհության ալիքը ուղղվում է դեպի ԵՄ, դեպի Արեւմուտք, մինչդեռ իրենց անմիջական հովանավորի եւ ռազմավարական գործընկեր ՌԴ-ի բացթողումներն աննկատ են մնում նրանց կողմից եւ որեւէ թթու խոսք չի ուղղվում ՌԴ-ին՝ նոյեմբերի 9-ով իր ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, Հայաստանի հետ բազում պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, դա շատ բնական է, եւ արդեն տեւական ժամանակ մենք դա տեսնում ենք եւ զարմանալու ոչինչ չկա։ Բայց նաեւ պատժամիջոցների հետ կապված ասեմ, որ այդ մասին եւս խոսակցություն ընթանում է, եւ ԵՄ ներսում շատ պետություններ հենց ակտիվորեն փորձում են, հորդորում են եւ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ։ Բայց պետք է նաեւ հասկանալ, որ ԵՄ-ն էլ հոմոգեն կառույց չէ եւ այնտեղ՝ ներսում եւս Ադրբեջանն ունի որոշակի դաշնակիցներ, եւ ԵՄ ներսում եւս որոշակի բարեփոխումներ են պետք, որպեսզի ԵՄ-ն կարողանա իր իսկ հռչակցած հենասյուներին, համընդհանուր արժեքներին, ԵՄ եւ Արեւելյան գործընկերության տարածքում անվտանգությունը պահպանելուն ուղղված կոնկրետ եւ գործուն ջանքեր կարողանա գործադրել»։
Հաղորդվել է, որ շուտով կտրվի պաշտոնական բանակցությունների մեկնարկը՝ վիզաների ազատականացման մասին․ վրացական եւ ուկրաինական փորձը վկայում է, որ գործընթացը կարող է երկար ձգվել, տարիներ, արդյո՞ք Երեւանի մասով հաշվարկներ կան՝ ինչը կարող է գլխավոր խոչընդոտ լինել, եւ որքա՞ն կարող է տեւել բանակցային փուլը։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Ես չեմ կարող ասել, պետությունը պետք է ասի, մենք՝ ինքներս, որպես ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմ նաեւ խորհրդատվական կարծիք ենք նախապատրաստում վիզաների ազատականացման թեմայով, որը կներկայացնենք այս տարվա վերջում, եւ այնտեղ կլինեն առաջարկություններ այդ ոլորտով զբաղվող փորձագետների կողմից։ Հուսով եմ՝ այդ առաջարկությունները եւս կօգնեն գործընթացը արագացնելու եւ առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար»։
Իսկ արդյո՞ք կարելի է զուգահեռներ տանել Վրաստանի հետ, որի առջեւ ԵՄ-ն ժողովրդավարական, քաղաքական բարեփոխումների նախապայմաններ է դրել․ այս իմաստով ՀՀ-ն ավելի՞ լավ վիճակում է։
Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․
«Այո, ՀՀ-ն ավելի լավ վիճակում է, հայաստանյան բարեփոխումներն՝ իրենց բոլոր խնդրներով հանդերձ, ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Արեւելյան գործընկերության մյուս պետություններում առկա վիճակն է, եւ դա ամենուր ու ամեն անգամ շեշտվում է ԵՄ գործընկերների կողմից։ Դա, իհարկե, չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է թուլացնի ջանքերը, շատ կարեւոր հաղթաթուղթ է մեզ համար ժողովրդավարությունը, հատկապես ավտորիտարիզմի վերելքի պայմաններում, եւ իհարկե, չպետք է թողնենք, որ ժողովրդավարության նահանջ արձանագրվի ՀՀ-ում եւ պետությունը պետք է կրկնապատկի իր ջանքերը։ Եւ այն, ինչը որ դեռ բաց եւ լուրջ քննադատության է արժանանում ժողովրդավարական ուժերի կողմից, մասնավորապես, դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները, ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանությունը, հատկապես իրավապահ համակարգի կողմից, այսպես կոչված՝ ժողովրդավարական բլոկի բարեփոխումները, պետք է պատշաճ ուշադրության արժանան եւ համատեղ ուժերով մենք կարողանանք դրանք եւս հանգրվանի հասցնել, քանի որ CEPA-ով ստանձնած պարտավորությունների շրջանակներում այդ բարեփոխումները պայմանագրի էական պայման են հանդիսանում, եւ այդ բարեփոխումներն էական են բոլոր կողմերի համար, բայց առաջին հերթին մեր հասարակության համար, քանի որ մենք ուզում ենք ապրել լիարժեք, ժողովրդավարական հասարակությունում, եւ դա առաջին հերթին մեզ է անհրաժեշտ, ոչ թե քանի որ դա CEPA-ով նախատեսված պայման է»։
