Բրյուսելում ընթանում է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովը։ Համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Եվրամիություն — Հայաստան Քաղհասարակության Պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։
«ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմը ստեղծվել է 2022-ի սկզբին, այն CEPA-ի 366 Հոդվածի պահանջն է եղել, այդ պլատֆորմը ստեղծվել է ասոցացված 3 պետությունների քաղհասարակության պլատֆորմների մոդելով, եւ դրա գործառույթները հիմնականում երկուսն են՝ խորհրդատվություն տրամադրել իշխանություններին CEPA -ի իրականացման ընթացքի վերաբերյալ, եւ մշտադիտարկել դրա կատարման ընթացքը: Այն երկկողմ պլատֆորմ է, այստեղ կան քաղհասարակության անդամներ Հայաստանից եւ ԵՄ-ից, ԵՄ-ից հիմնական գործընկերը եվրոպական տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովն է, որը եվրոպական քաղհասարակության հանգույց է, իրենք կազմավորված են այն սկզբունքով, որ ներկայացուցիչներ ունեն ՀԿ-ներից, արհմիություններից եւ գործատուական ասոցիացաներից։
Մենք տարեկան հիմնական երկու հանդիպում ենք անցկացնում մեր եվրոպական գործընկերների հետ, արդեն երեք հանդիպում ենք անցկացրել, որոնցից վերջինը սեպտեմբերի 12-ին, ամեն հանդիպման ավարտին մենք ընդունում ենք հռչակագիր, որով ֆիքսում ենք մեր դիտարկումները CEPA -ի իրականացման ընթացքի, բայց եւ ավելի լայն՝ ԵՄ-ՀՀ համագործակցության օրակագրային այլ խնդիրների վերաբերյալ։
Նաեւ այս տարվա հռչակագրում բավական մտահոգիչ անդրադարձ ենք կատարել նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ կուտակվող սպառնալիքներին՝ նշելով, որ կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ռազմական ուժեր է կուտակում ԼՂ-ի շուրջ, եւ իրոք կա հարձակման սպառնալիք, եւ հիմա ողբերգություն է, որ այն, ինչ մենք զգուշացրել ենք՝ ի կատար ածվեց եւ այդ հարձակումը տեղի ունեցավ, եւ ըստ էության, ԼՂ-ն դատարկվեց հայությունից։
Ինչ վերաբերվում է CEPA -ի կատարմանը․ այս պաին իսկապես կան որոշ դրույթներ, որ մենք մեծապես գնահատում ենք, որ իշխանությունը կատարել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես՝ Հռոմի ստատուտի վավերացումը, որը CEPA -ով ստանձնած պարտավորություն էր, բայց կան ոլորտներ, որտեղ իրոք քաղհասարակությունն ունի շատ լուրջ մտահոգություններ, դրանք հատկապես վերաբերվում են այսպես կոչված ժողովրդավարական ինստիտուտների բլոկին։ CEPA-ում որպես ընդհանուր սկզբունքներ ֆիքսված են ժողովրդավարության կայացումը, իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքները եւ դրանք համարվում են պայմանագրի էական տարրեր, իսկ իրավաբանությունից մենք գիտենք, որ պայմանագրի էական տարրերը այն տարրերն են, որոնց խախտումը թույլ է տալիս մյուս կողմին խզել պայմանագիրը։
Այսինքն, ժողովրդավարության ամրապնդման նպատակը, կամ սկզբունքը շատ բարձր կարգավիճակ ունի պայմանագրում, եւ ըստ այդմ, այն ճանապարհային քարտեզները, որոնք ներկայումս պետությունն ընդունել է CEPA-ի իրականացման վերաբերյալ եւ առաջնորդվում է դրանցով, դրանք բավականին մանրամասն են այլ հարցերի հետ կապված, օրինակ՝ տնտեսական ոլորոտում, բնապահպանական ոլորտում, կամ էներգետիկ անվտանգության ոլորտում ինչ կանոնակարգեր, կամ դիրեկտիվներ պետք է ՀՀ-ն մոտարկի, կամ՝ ընդունի, բայց ժողովրդավարական ինստիտուտների մասով անդրադարձը բավարար չէ այդ քարտեզներում, զուտ նշված է, որ այդ ոլորտային ռազմավարությունները պետք է ընդունի, բայց ռազմավարության ընդունումն ինքնին չի կարող նշանակել, որ այդ ոլորտի բարեփոխումները հաջողությամբ իրականացվում են։ Եւ այդտեղ մեկնաբանության մեծ ազատություն է բացվում, որտեղ իշխանությունն ասում է՝ այ դա CEPA -ով չէ, իսկ մենք ասում ենք՝ դա CEPA -ով է, եւ այդ տարաձայնությունը դեռ չենք կարողացել լուծել։
Բայց իրականում շատ կարեւոր է, որ իշխանությունը լսի այն քննադատական ձայները, որոնք մասնագիտացված քաղհասարակության կառույցները եւ այս պահին նաեւ այդ ոլորտում հենց ինստիտուցիոնալ կառույցը՝ ԵՄ քաղհասարակության պլատֆորմը հնչեցնում է։
Մենք մեր գնահատականները կներկայացնենք բազում ոլորտների վերաբերյալ, այդ թվում գերակշռաբար ժողովրդավարական ինստիտուտների եւ ժողովրդավարության կայացման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ տարվա վերջին՝ ամփոփ զեկույցով, մենք կներկայացնենք ե՛ւ իշխանություններին, ե՛ւ եվրոպական մեր գործընկերներին՝ մեր գնահատականները CEPA-ի իրականացման ընթացքի վերաբերյալ եւ հուսով ենք, որ իշխանությունն իր այդ պաշտպանական տրամադրությունից դուրս կգա եւ իսկապես կփորձի լսել եւ հասկանալ՝ ինչումն է թերացել։
Օրինակ՝ վերջերս Վենետիկի հանձնաժողովի հետ մենք լուրջ հանդիպում ունեինք, որտեղ քննարկում էինք դատաիրավական ոլորտի բարեփոխումների մի հատված․ դա օրինակ՝ դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին վերաբերող հատվածն է․ 2020 թվականից քաղհասարակությունը անում է լուրջ առաջարկներ, որոնք այսօր նոր միայն մասնակիորեն արտացոլված են այն նախագծում, որը դրված է Վենետիկի հանձնաժողովի առջեւ, բայց անպայման պետք է Վենետիկի հանձնաժողովը գա ասի՞ դա, չէ՞-որ մենք 2020 թվականից ասում էինք դա, որ օրինակ՝ 8 դատավոր եւ 2 ոչ դատավոր բալանսը հանձնաժողովում լուրջ խնդիր է․ անպայման պետք է այդ հանձնաժողովը հեղինակազրկվեր եւ այլեւս ոչ մի դիմում նրան չներկայացվե՞ր, որ հասկանային, որ դա լուրջ խնդիր է։ Այսինքն, ժամանակին պետք է լսել, Վենետիկի հանձնաժողովում մեզ նման մասնագտեներ են նստած, այն, ինչ մենք ասում ենք՝ փորձից եւ պրակտիկայից ելնելով ենք ասում։
Մի հարց էլ․ ՍԵՊԱ-ում կան նաեւ այնպիսի պարտավորություններ, որոնք նաեւ մեր տնտեսության համար կարող են լուրջ խնդիրներ առաջացնել, օրինակ՝ կոնյակի հարցը․ մենք պարտավորություն ենք ստանձնել, որ ինչ-որ կետում դա չկոչենք կոնյակ, այլ բրենդի, բայց այստեղ էլ հարցն այն է, որ պետք է հասկանալ, թե ինչպես ենք դա անելու, որ տնտեսությունը չտուժի։ Վերջին քննարկումների ժամանակ, օրինակ՝ փոխվարչապետի մասնակցությամբ նիստին քննարկվում էր, թե ինչպես անել, որ եթե օրինակ՝ կորցնում ենք ռուսական շուկան, որը կորցնում ենք, ապա ինչպիսի հնարավորություններ կան մեր որակյալ հայկական կոնյակը եվրոպական շուկաներ արտահանելու, եւ էլի այստեղ կան հարցեր, որոնք մենք պետք է հասկանանք, եւ ավելի լրջացնենք մեր տնտեսական համագործակցությունը, էնոորգետիկ համագործակցությունը եւ այլն»։
