Արդյո՞ք CEPA-ն այն շրջանակն է, որը բավարար է սերտացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ․ Լուսինե Հակոբյան

Այսօր Բրյուսելում մեկնարկել է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովը։ Համաժողովի ժամանակ բացման խոսքով ելույթ է ունեցել նաեւ Արեւելյան գործընկերության Քաղհասարակության Պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։

Իր խոսքում Հակոբյանը նշել է․

«Ուրախ եմ, որպես այս շատ կարեւոր ֆորումի համակազմակերպիչ՝ ողջունել ձեզ Բրյուսելում, մեզ բոլորիս միավորում է տքնաջան եւ ամենօրյա աշխատանքը հանուն Հայաստանի ժողովրդավարացման, ինքնիշխանության եւ անկախության պահպանման։ Կարծում եմ, որ մեր այսօրվա ֆորումը շատ կարեւոր ժամանակ է անցկացվում, մենք լսեցինք պարոն Բոժկոյից, որ երկու օր առաջ ԵՄ-ն շատ կարեւոր ստրատեգիական որոշում կայացրեց՝ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ, (ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ պարոն Բոժկոյին), ինչպես նաեւ թեկնածուի կարգավիճակ շնորհել Վրաստանին՝ անսալով վրաց ժողովրդի եվրոպականացման, Եվրամիության անդամակցության ձգտումներին եւ երազանքներին, եւ նաեւ շատ կարեւոր ուղերձ հղեց վրացական կառավարությանը՝ անսալ վրաց հասարակության ձայնին եւ իրականացնել լուրջ բարեփոխումներ։

Ես բոլորիս մաղթում եմ արդյունավետ քննարկումներ այս երկու օրերի ընթացքում, որոնց շրջանակներում մենք կփորձենք քննարկել, թե ի՞նչ ներուժ ունի ԵՄ-ՀՀ համաձայնագիրը՝ CEPA-ն, որը ստորագրվել էր 2017 թվականին եւ վերջնականապես ու ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021-ի մարտին, եւ հասկանալ՝ արդյո՞ք CEPA-ն այն շրջանակն է, որը բավարար է սերտացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ, թե՞՝ ի թիվս այլ հարցերի քննարկել, թե արդյոք այդ հարաբերությունների սերտացման եւ մեր եվրոպական հեռանկարի համար անհրաժեշտ է այլ շրջանակ։

Եւ վերջապես, քննարկել եւ հասկանալ, թե որոնք են մեր հասարակության ակնկալիքները, տրամարությունները, երազանքները եւ ձգտումներն այս ուղղությամբ: