Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Քննարկում սկսել՝ Միջազգային քրեական դատարանին՝ իր վճիռները կատարելու հարկադրելու գործիքակազմով օժտելու վերաբերյալ․ Լուսինե Հակոբյան

Հոկտեմբերի 12-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը, որը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։Վեհաժողովը արձանագրեց, որ առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ և կոչ արեց Ադրբեջանին ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձն ապահովելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար։ Ի՞նչ են տալիս այս բանաձեւերը, հաշվի առնելով, որ Հաագայի դատարանի վճիռն Ադրբեջանն այդպես էլ չի կատարում։

«Դիալոգ» Մեդիա կենտրոնում պատասխանելով այս հարցին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը նշել է․

«Ընդհանրապես, տարածաշրջանային այնպիսի կառույցը, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը, եւ մասամբ նաեւ ԵՄ-ն, ստեղծվել են ի պատասխան այն ծանրագույն հանցագործությունների, որոնք տեղի են ունեցել 1941-1945 թվականներին, նույնիսկ ավելի վաղ, եւ նպատակը եղել է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա մարդու իրավունքների այդպիսի ծանրագույն խախտումներ ապագայում։ Բայց մենք տեսնում ենք, որ տարածաշրջանային եւ անգամ միջազգային համակարգերը դեռեւս չեն կարողանում առավելագույն արդյունավետությամբ աշխատել, եւ դեռ հաղթահարված չեն այդ երկակի ստանդարտները, երբ տեսնում ենք, որ ինչ-որ կոնֆլիկտներ ստանում են ավելի մեծ ուշադրություն, քան՝ այլ կոնֆլիկտներ, եւ հետո պոստֆակտում այդ բանաձեւերը եւ այլն, ընդունվում են, մենք իսկապես համարում ենք, որ կարեւոր են այդ բանաձեւերը, բայց դրանից դեն էլի աշխատանք կա։

Նշվեց նախկին Հարավսլավիայի հարցով տրիբունալը, թե ինչպես իրենց՝ ծանրագույն հանցագործությունների մեջ մեղավոր առաջնորդները քրեական պատասխանատվության ենթարկվեցին այդ տրիբունալի կողմից, ինչը դրեց սաղմերը Միջազգային քրեական դատարանի ստեղծման եւ այդ սիստեմի էլ ավելի կատարելագործման։ Հիմա մենք ունենք այդ մեխանիզմը, եւ դիվանագիտական, ռազմական ներուժն առավելագույնս օգտագործելուն զուգահեռ պետք է կարողանանք այդ մեխանիզմները եւս մաքսիմալ կերպով աշխատեցնել, եւ այստեղ պետք է նաեւ հորդորեմ Սփյուռքում գտնվող մեր իրավաբաններին, տեղական իրավաբաններին եւ այլն՝ համատեղել ջանքերը եւ հետամուտ լինել Ալիեւի, ու Ադրբեջանի բարձրագույն զինվորականության քրեական պատասխանատվությանը: Դա մի մեխանիզմ է, որը մենք կարող ենք բանեցնել, եւ ես կասեի, որ այստեղ նույնիսկ պետությունը չէ, որ պետք է անի, սա պետք է անեն տուժողները՝ իրենց իրավաբան ներկայացուցիչների կողմից, իսկ պետությունը պետք է բանակցի խաղաղության պայմանագրի շուրջ։ Բացի դրանից, շատ կարեւոր է, որ մենք դիվանագիտական ջանքը չանտեսենք, բայց նաեւ հստակ գիտակցենք, թե մենք ինչպիսի հակառակորդների հետ գործ ունենք, եւ կոնկրետ Ադրբեջանի, նաեւ ոչ պակաս Ռուսաստանի, բայց Ադրբեջանի մասով նշեմ, որ այստեղ եթե իսկապես շատ լուրջ եւ գործուն ջանքեր չգործադրի միջազգային հանրությունը կանգնեցնելու, ապա այդ պետությունը չի դադարեցնելու իր տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ, քանի որ այնտեղ՝  Ադրբեջանի Սահմանադրության մակարդակով նույնիսկ ամրագրված են հավակնությունները ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ։ Այստեղ մենք լրջագույն դիվանագիտական ջանք պետք է գործադրենք, բայց նաեւ դիվանագիտական ջանքը պետք է ուղղված լինի երկկողմ ռազմական համագործակցության խորացմանը, քանի որ մենք մինչեւ չկանգնեցնենք Ալիեւին, իրոք երկրորդ Սարդարապատը չանենք, հույս չպետք է ունենանք, որ այդ տարածքային հավակնություններից նա ձեռք կքաշի, եւ այստեղ մենք նաեւ հսկայական անելիք ունենք մեր պաշտպանական ուժերի մարտունակության բարձրացման եւ այլնի ուղղությամբ աշխատելու»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ստարսբուրգում ունեցած ելույթին, որտեղ նա նշել է, որ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն չի լինելու, Հակոբյանը նշել է․

«Հույս ունեմ, որ մտադրությունը դա է՝ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալը, բայց այս պահին չհայտարարելը, որ այլ տեղ են մտնում, որպեսզի ավելորդ չսադրեն, ենթադրում եմ, որ դա է պլանը։ Չնայած, իհարկե, ես՝ որպես ԵՄ-ՀՀ Քաղհասարակության պլատֆորմի համակարգող, անշուշտ, կուզենայի Եվրապարլամենտի ելույթում լսել, որ ՀՀ ռազմավարական ապագան ԵՄ-ի հետ է, թեկուզեւ ինչ-որ ռազմական բլոկերի մեջ չմտնելով, բայց զարգացման ապագան մեր պետության առաջին դեմքը տեսնում է ԵՄ-ի հետ՝ դա անշուշտ կուզեի լսել, բայց զուտ պրագմատիկ մակարդակում նաեւ պետք է նշեմ, որ իսկապես ԵՄ-ն էլ այնպես չէ, որ դռնբաց, հենց այս պահին սպասում է մեզ։ Չնայած՝ ի՞նչ իմանաս, քանի որ անվերջորեն հայտարարվել է, որ օրինակ՝ Արեւելյան գործընկերությունը, որի մեջ 6 պետություններ են եղել, այդ թվում՝ Հայաստանը, ընդլայման գործիք չէ, բայց հիմա մենք ունենք փաստ, որ Արեւելյան գործընկերության երեք պետություն՝ Ուկրաինան եւ Մոլդովան այս պահին ունեն թեկնածուի կարգավիճակ, Վրաստանն էլ հուսանք՝ կստանա մինչեւ այս տարվա վերջ, եւ փաստորեն ընդլայնում տեղի է ունենում այս երեք պետությունների առումով առնվազն։ Բայց այս պահին մենք ունենք նաեւ ԵՄ-ՀՀ համաձայնագիր՝ ՀԸԳՀ-ն, որը պատշաճորեն դեռ չի կատարվում եւ իսկապես այդտեղ շատ անելիք կա, որպեսզի մենք նաեւ կարողանանք մի քայլ առաջ գնալ սերտացման համար, քանի որ այդ պետությունների առջեւ էլ ԵՄ անդամակցությունը միշտ բերել է տարբեր մարտահրավերներ, տարբեր ստանդարտներ, որոնք իրենք հաղթահարել, նոր են անդամակցել, եւ առայսօր այդ պրոցեսը այդպես է, եւ այդ հարաբերությունների սերտացումը հենց այդպես էլ ընթանում է: Միանգամից ոչինչ տեղի չի ունենում, եթե չհաշվենք Ուկրաինայի իրադարձությունները, որոնք մի քիչ ստանդարտից դուրս են եղել։ Բայց այստեղ մենք իրոք շատ անելիքներ ունենք։ Նաեւ մի բանի վրա էլ կուզենայի ուշադրություն հրավիրել՝ այսօր աշխարհը ստեղծարար մտքերի կարիք ունի, ամեն ինչի ստագնացիա է, եւ միջազգային իրավունքը չի գործում, տեսնում ենք, որ տեւական ժամանակ ուժի միջոցով պետությունների տարաձայնությունները լուծելն է արդեն դառնում սովորույթ, եւ ժողովրդավարություն-ավտորիտարիզմ հակասությունն է խորանում, եւ այնպիսի պետություն, ինչպիսին մենք ենք, որն այս պահին մի քիչ անկյուն է մղված, ըստ իս՝ հենց մեզնից են ծնվելու այդ ստեղծարար լուծումները։ Որպես օրինակ մեկը առաջարկել է Զելենսկին, եւ ես պնդում եմ, որ այդ առաջարկին մենք էլ պիտի միանանք, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ն արդեն հանդես չի գալիս որպես միջազգային գործուն մեխանիզմ՝ ՄԱԿ-ի կանոնադրության ուժի չկիրառման սկզբունքը պահպանելու համար, Զելենսկին վերջերս ՄԱԿ-ում առաջարկում էր ստեղծել այլընտրանքային դաշինքներ եւ հարթակներ, որտեղ այդ անվտանգային հարցերն ավելի արդյունավետ հնարավոր կլինի լուծել, եւ մեկ այլ տարբերակ՝ մենք կարող ենք իսկապես քննարկում սկսել՝ Միջազգային քրեական դատարանին՝ իր վճիռների կատարման հարկադրանքի գործիքակազմով օժտելու վերաբերյալ, եւ այդ խոսույթը եւս շրջանառենք միջազգային մակարդակում, քանի որ մենք ունենք ՄՔԴ, որը լուրջ կառույց է, բայց օժտված չէ իր վճիռները հարկադրելու գործիքակազմով: Այդ մասին էլ մենք կարող ենք սկսել արդեն խոսել»։

YouTube video player
Exit mobile version