2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված, եւ 2021 թվականի մարտի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366 հոդվածով ստեղծվել է քաղհասարակության երկկողմ Պլատֆորմ՝ բաղկացած Եվրամիության քաղհասարակության ներկայացուցիչներից եւ Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներից։
Հայաստանից Պլատֆորմի մաս են կազմում հայաստանյան ՀԿ-ների, Արհմիությունների կոնֆեդերացիայի եւ Գործատուների միությունների ներկայացուցիչները։ Պլատֆորմի նպատակն է ՀԸԳՀ- CEPA-ի իրականացման վերաբերյալ Հայաստանի իշխանություններին խոհրդատվություն տրամադրելն ու դրա իրականացումը մշտադիտարկելը։ Հիշեցնենք, որ ՀԸԳՀ-ով նախատեսված համագործակցությունը եւ բարեփոխումները առնչվում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են․
-Տնտեսական համագործակցությունը,
-Քաղաքական երկխոսությունը եւ բարեփոխումները
-Արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործացկությունը
-Արդարադատությունը, ազատությունը եւ անվտանգությունը։
2018թ. հուլիսի 2-ի ՀՀ վարչապետի թիվ 906-Ն որոշմամբ ստեղծվել է Համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
Այս համատեքստում հակակոռուպցիոն փորձագետներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը կազմել են «Հակակոռուպցիոն կրթության եւ շահերի բախման վերաբերյալ միջազգային եւ հայաստանյան օրենսդրության եւ պրակտիկայի ուսումնասիրություն՝ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-վ ստանձնած հանձնառությունների լույսի ներքո» խորհրդատվական կարծիքը։
Խորհրդատվական կարծիքի, կոռուպցիայի եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ մեր հերթական զրույցը Սյուզաննա Սողոմոնյանի և Մարիամ Զադոյանի հետ է։
-Դուք ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով ստանձնած հանձնառությունների լույսի ներքո ներկայացրել եք խորհրդատվական կարծիք՝ Հակակոռուպցիոն կրթության եւ շահերի բախման վերաբերյալ միջազգային եւ հայաստանյան օրենսդրության եւ պրակտիկայի մասին։ Ըստ ձեզ, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում կոռուպցիայի, դրա տարածվածության եւ դրսեւորումների առումով։ Ինչպիսի՞ն էին դրա դրսեւորումները 2018-ից առաջ, եւ ինչպիսի՞ն են դրա դրսեւորումները 2018-ից հետո։
Սյուզաննա Սողոմոնյան- Վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանում կատարվեցին մի շարք բարեփոխումներ՝ սկսած 2016 թվականից, երբ դրվեցին իրավական հիմքեր և ստեղծվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քրեականացվեց ապօրինի հարստացումը, ներդրվեց ազդարարման համակարգը, իրական սեփականատերերի ինստիտուտը (2016 թվականին առաջին անգամ ներդրվեց գնումների ոլորտում, իսկ ժամանակի ընթացքում ավելացվեցին ոլորտներն ու սուբյեկտները), ընդլայնվեց հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը։ 2018 թվականից սկսած ներդրվեցին նաև նոր կառուցակարգեր, ինչպես օրինակ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը, ստեղծվեց Հակակոռուպցիոն կոմիտեն, Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժումները, հակակոռուպցիոն դատական համակագը։ Սակայն, պետք է նշել, որ կառուցակարգերի ստեղծումը դեռևս գործի կեսն է, հաջորդ կարևոր նախապայմանը՝ կադրային ճիշտ քաղաքականությունն է։ Այլ կերպ ասած այն անձինք, որոնք գործարկելու են այս ինստիտուտներն ու գործիքները՝ նշանակվելով ապաքաղաքական գործընթացների միջոցով և ունենալով անկախության բավարար երաշխիքներ։
Ըստ միջազգային լավագույն փորձի՝ կոռուպցիայի դեմ պայքարը իրականացվում է երեք հիմնասյուներով․ կոռուպցիայի կանխարգելում, հակակոռուպցիոն կրթություն և կոռուպցիայի հակազդում։ Անդրադառնալով հակակոռուպցիոն կրթությանը, ցավոք պետք է նշել, որ այս կարևորագույն հիմնասյունը կարծեք թե ստորադասվում է։ Դա է վկայում նաև ՀՀ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի կատարման հաշվետվությունը, որը հրապարակվել է Արդարադատության նախարարության կողմից։ Ընդ որում, հակակոռուպցիոն ռազմավարության կատարողականի վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կատարած ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման արդյունքները վեր են հանել հակակոռուպցիոն կրթության ոլորտում մի շարք խնդիրներ, որոնց մի մասը կապված է նաև հակակոռուպցիոն ռազավարության շրջանակներում կատարված գործողությունների իրական ազդեցության բացակայության հետ։
Մարիամ Զադոյան —Ինչ վերաբերվում է շահերի բախմանը, ապա ըստ խորհրդատվական կարծիքի՝ միջազգային ստանդարտներով տարբերակվում են բուն իրավիճակային (ad hoc) շահերի բախման կանխարգելման և կառավարման կառուցակարգեր և շահերի բախմանն առնչվող այլ սահմանափակումներ՝ նվերների ընդունման սահմանափակումները, անհամատեղելիության պահանջները և այլն։ Այստեղ ևս օրենսդրական բարեփոխումներն իրականացվել են փուլային եղանակով։ Վերջին օրենսդրական փոփոխություններն իրականացվել են ՏՀԶԿ մշտադիտարկման արդյունքում վերհանված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 7-ին, որով կատարելագործվել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված շահերի բախման սահմանման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները՝ ամրագրելով «պոտենցիալ շահերի բախման» իրավիճակը, ընդլայնվել է «փոխկապակցված անձանց» շրջանակը, հստակեցվել են պաշտոն զբաղեցնող անձանց, նրանց վերադասերի և անմիջական ղեկավարների, էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների՝ շահերի բախման կանխման և կառավարման դերերը և պարտավորությունները, սահմանվել է շահերի բախման լուծման մեթոդների լայն գործիքակազմ, վերանայվել են հավատարմագրային կառավարմանն առնչվող օրենսդրական կարգավորումները և այլն։
Նշյալի արդյունքում օրենսդրական մակարդակում շահերի բախման կարգավորումները բավականաչափ համապատասխանեցվել են միջազգային ստանդարտներին։ Միևնույն ժամանակ, շահերի բախման նոր սահմանումից բխող՝ դատավորների, դատախազների, ԱԺ պատգամավորների, համայնքի ավագանու անդամների, հանրային ծառայության առանձին ոլորտների առանձնահատկություններով պայմանավորված կարգավորումները կանոնակարգված չեն համապատասխան ոլորտային օրենքներով, ինչպես նաև մի շարք ասպեկտներում օրենսդրությունը կիրարկող ենթաօրենսդրական ակտերը դեռևս մշակված չեն, օրինակ՝ նվերների ռեեստրի և գույքի հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրերի ռեեստրի վարման կարգերը։
Շահերի բախման ոլորտի իրավակիրառ պրակտիկայի առնչությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ այստեղ դեռևս շատ անելիք ունենք։ Իրավիրառ պրակտիկայում չեն պահպանվում թե հանրային ծառայողների պարտականությունները՝ զեկուցել շահերի բախման իրավիճակների մասին, թե՝ վերջիներիս վերադասերի պարտականությունները՝ կիրառել պատասխանատվության միջոցներ։ Այս մասին են վկայում ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության կողմից շահերի բախման առերևույթ դեպքերի մասին բազմաթիվ հրապարակումների քանակը։ Եթե այս լույսի ներքո ուսումնասիրում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված հաշվետվությունները, որի համաձայն, օրինակ այն, որ 2022 թվականին հանձնաժողովին հասցեագրված դիմումներից ընդամենը 4-ը, իսկ վերջինիս կողմից ուսումնասիրված մամուլի հրապարակումներից ընդամենը 3-ը վերաբերվել են իրավիճակային շահերի բախմանը, որոնք հանգեցրել են թվով 2 վարույթների հարուցմանը, հասկանում ենք, որ նման քիչ թվով վարույթները ոչ թե օրենսդրական դրույթների անթերի կատարման հետևանք են, այլ վկայում են պրակտիկայում դրանց չպահպանման մասին։
-Ո՞ր ոլորտում է կոռուպցիան այսօր առավել տարածված Հայաստանում, ո՞ր ոլորտում տարածված կոռուպցիան է մեր հանրությանը դարձնում առավել խոցելի, եւ ըստ այդմ, ո՞ր ոլորտի կոռուպցիան է հատկապես վտանգավոր մեր հանրության համար։
Սյուզաննա Սողոմոնյան —Որպես այդպիսին, կոնկրետ ոլորտներ չեմ առանձնացնի, քանի որ հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում հանդիպում են կոռուպցիոն դրսևորումներ։ Նույնը նաև վտանգավորության մասին է։ Կոռուպցիան առաջին հերթին վարքագիծ է, ընկալում, հետևապես բանաձևը շատ պարզ է․ մենք պետք է կրթենք հանրությանը, հետո եթե կրթությամբ չի հաղթահարվում կամ նվազեցվում կոռուպցիան, այսինքն՝ չի փոխվում կոռուպցիոն վարքագիծն ու հանրային ընկալումը՝ ապա կանխարգելել այն՝ ճիշտ ախտորոշմամբ և բուժմամբ, և հետո՝ հակազդել կոռուպցիային և վերացնել անպատժելիության մթնոլորտը։ Ամփոփելով՝ պետք է կրթեք, պարզենք պատճառներն ու վերացնենք դրանք և զուգահեռ՝ պայքարել հետևանքների դեմ։
Իսկ վտանգավորության աստիճանով պետք է առանձնացնեմ քաղաքական կոռուպցիան, այդ թվում՝ ընտրական կոռուպցիան, իսկ հետո՝ վարչական կոռուպցիան։
-Կառավարության որոշմամբ ընդունվել է 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությունը, կոռուպցիայի դեմ պայքարելու համար ընդունվել եւ ընդունվում են այլ իրավական ակտեր, պաշտոնյաներն էլ պարբերաբար խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ի վերջո, այդ պայքարը միայն թղթի վրա՞ է, թե՞՝ Հայաստանն իրական ջանքեր է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարելու համար։
Սյուզաննա Սողոմոնյան — 2023 թվականի հունվարի 31-ին հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, որտեղ Հայաստանը 2022 թվականին 3 կետով վատթարացնել է իր ցուցանիշը և գրանցել է կոռուպցիայի դեմ պայքարում հերթական հետընթացը՝ 100 հնարավոր միավորից ստանալով ընդամենը 42-ը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ տեղը։ Այս արդյունքը Հայաստանը կիսում է Ռումինիայի հետ։ Այս կորցրած միավորները Հայաստանը ձեռք է բերել տարիների ընթացքում, բայց կորցրեց մեկ տարում։ Ուստի, կոռուպցիայի դեմ պայքարը միայն ելույթների և հայտարարությունների տեսքով չէ, որ պետք է իրականացնել։ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվել էր, որ ռազմավարության կատարման ընթացքում Հայաստանի 2022 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը կլինի 50։ Իսկ արդյունքում, ոչ միայն չունենցանք 50 միավոր, այլև՝ կորցրեցինք 3 միավոր։ Սրա հետ միասին, ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ 2019-2022թթ․ հակակոռուպցոին ռազմավարությունը կատարել է 80.2 տոկոսով։ Ձեզ համար առնվազն տարօրինակ կարող է թվալ, թե ինչպես է նման պայմաններում նախարարությունը հաշվարկել այս կատարողականը։ Իհարկե, մենք՝ փորձագետներս, շատ լավ պատկերացնում ենք թե ինչպես է տեղի ունենում հաշվարկը․ մի շարք գործողությունների համար կատարողականի վերստուգիչ ցուցանիշները շատ հեշտ նվաճելի են, այսինքն՝ ի սկզբանե դրվում են այնպիսի ցուցիչներ, որ հետո ակնկալվող արդյունքը հեշտ լինի նվաճել։ Եվ երկրորդ, նախարարությունը չի գնահատում այդ գործողությունների որակականը կողմը։ Եթե ավելի մատչելի բացատրեմ, նախարարությունը չի գնահատում՝ թե այդ գործոությունների արդյունքում ի՞նչ ազդեցություն է եղել, և գնահատումը կատարում են միայն քանակական ուղղությամբ, մասնավորապես՝ այս կամ այն օրենքը ընդունվել է, թե՝ ոչ, քանի հոգի են վերապատրաստվել, բայց այդ օրենքի ընդունման արդյունքում ինչպես է փոխվել հասարակ քաղաքացու կյանքը, կամ վերապատրաստված հանրային ծառայողի մոտ վարքագծային ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել, չեն գնահատում։
Ի դեպ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կատարած ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման արդյունքներով ռազմավարության 2022 թվականի կատարողական ընթացակարգային (քանակական) ցուցանիշը գնահատվել է 41.86%, իսկ ազդեցության մակարդակի (որակական) գնահատման ցուցանիշը՝ 27.91%։
-Ձեր խորհրդատվական կարծիքում դուք հակակոռուպցիոն քաղաքականության մի շարք առաջարկներ եք ներկայացրել կառավարությանը, դրանցից որո՞նք եք համարում առավել անհապաղ այն քայլերը, առանց որոնց կատարման հնարավոր չէ խոսել կոռուպցիայի դեմ իրական պայքարի մասին, եւ արդյո՞ք այդ հարցում տեսնում եք կառավարության պատրաստակամությունը։
Մարիամ Զադոյան — Ինչպես վերը նշվեց, միջազգային լավագույն փորձի համաձայն կոռուպցիայի դեմ պայքարը խարսխված է երեք հիմնասյուների հիման վրա՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և կոռուպցիայի հակազդում։ Հակակոռուպցիոն կրթության նպատակը պետության կողմից ժողովրդին դաշնակից դարձնելն է կոռուպցիայի դեմ պայքարում։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շահերի բախման ոլորտի օրենսդրությունը արդեն իսկ բավականաչափ համապատասխանեցված է միջազգային ստանդարտներին, իսկ հակակոռուպցիոն կրթությունը գրեթե բարձիթողի վիճակում է, կարծում ենք որ առավել անհապաղ քայլեր են հակակոռուպցիոն կրթությանը վերաբերող առաջարկությունները, առանց որոնց կատարման հնարավոր չէ խոսել կոռուպցիայի դեմ իրական պայքարի մասին։ Այս հարցում կառավարության պատրաստակամության առնչությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ կարծես թե վերջինս առկա է, ինչի մասին են վկայում նոր՝ 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարության մշակման առաջարկները, մասնավորապես՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից ներկայացված՝ հակակոռուպցիոն կրթությանը վերաբերող տարբեր խմբերի համար թիրախային կարգով նախատեսված առաջարկությունների փաթեթի ներառումը նոր ռազմավարության նախագծում։
-ՀԸԳՀ-ով Հայաստանը մի շարք հանձնառություններ եւ պարտավորություններ է ստանձնել տարբեր բարեփոխումների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Եթե Հայաստանը կատարի իր բոլոր հանձնառությունները՝ մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ՀՀ քաղաքացին ինչպե՞ս իր կյանքում կզգա դրա հետեւանքները, ի՞նչ կփոխի դա ՀՀ քաղաքացու կյանքում։
Մարիամ Զադոյան — Հայաստանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարում իր բոլոր, այդ թվում՝ ՀԸԳՀ շրջանակներում հանձնառությունների կատարման պարագայում նախ կմեծանա ՀՀ քաղաքացու վստահությունը պետության նկատմամբ։ Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ հասարակ քաղաքացին կզգա դրա հետևանքները պետական մարմինների հետ՝ հանրային և այլ ծառայություններից օգտվելու ընթացքում։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ կոռուպցիայի հաջող հաղթահարումը ուղղակիորեն հանգեցնում է աղքատության և անհավասարության մակարդակի նվազմանը, օրենքի գերակայության պահպանմանը և քաղաքական կայունության ամրապնդմանը, ինչը նշանակում է ավելի ոչ քաղաքական որոշումների կայացում և բարելավված քաղաքացիական և քաղաքական իրավունքներ, ռեսուրսների ավելի արդար և արդյունավետ բաշխում, պետական ծախսերի բարելավում և սոցիալական օգնությանն ավելի քիչ ապավինում։ Նշյալը խթանում է ներգրավել արժանիքներ և կոմպետենցիաներ ունեցող մարդկանց իրենց մասնագիտական աշխատանքում և ապահովել նրանց առաջխաղացումը արդար և արդյունավետ գործընթացում, ինչն էլ իր հերթին պայմաններ է ստեղծում ավելի բարձր արտադրողականության և ավելի նորարար մտածողության, որն էլ հանգեցնում է հանցավորության ցածր մակարդակի և ավելի փոքր ստվերային տնտեսության։
