Հռոմի ստատուտի վավերացումը ԵՄ-Հայաստան համաձայնագրի պարտավորության կատարում էր. Լուսինե Հակոբյան

«Բացի նրանից, որ Հռոմի ստատուտը շատ կարեւոր իրավական գործիքակազմ է Հայաստանի քաղաքացիներին ստատուտով ամրագրված միջազգային հանցագործություններից պաշտպանելու համար, նաեւ հաշվի առնելով այն, որ հայ ժողովուրդը ցեղասպանություն տեսած ժողովուրդ է՝ ուղղակի չի կարող չմիանալ այդպիսի ծանրագույն հանցագործության կանխարգելմանը եւ դատապարտմանը միտված միջազգային հանրության ջանքերին, ստատուտի վավերացումը նաեւ ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորություն էր Հայաստանի համար․ այնտեղ նշվում էր, որ պետք է հասնել Հռոմի ստատուտի վավերացմանը՝ իհարկե, հաշվի առնելով դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Եւ քանի որ այս տարվա մարտին ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց Հռոմի ստատուտով ամրագրված պարտավորությունները, այլեւս որեւէ խոչընդոտ չկար այն վավերացնելու հարցում, եւ ես ողջունում եմ դրա վավերացումն ու նշում, որ դա նաեւ ՀԸԳՀ-ով ստանձնած կարեւոր հանձնառություններից մեկն էր, որը Հայաստանը կատարեց»։

Այդ մասին «Factor.am»-ի հետ զրույցում հայտարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Մեկնաբանելով ռուսաստանցի պաշտոնյաների բացասական արձագանքները՝ Հռոմի ստատուտի վավերացման առիթով՝ Հակոբյանը նշել է․

«Ի սկզբանե ՌԴ-ն դեմ է եղել Հռոմի ստատուտի գոյությանը, միջազգային քրեական դատարանի գոյությանը, նախքան Պուտինի նկատմամբ ձերբակալության որոշումը եւս ՌԴ-ն դեմ է եղել, որ Հայաստանը միանա։ Այս վերջին իրողությունը էլ ավելի մեծացրեց ՌԴ-ի կողմից դիմադրությունը։ Բայց էլի եմ ասում՝ սա Հայաստանի համար չպետք է դիտարկվի, եւ ճիշտ է, որ չդիտարկվեց որպես Պուտինի մասին փաստաթուղթ, մենք պետք է առաջնորդվենք մեր պետական շահով, իսկ այն թելադրում էր այդ փաստաթղթի վավերացումն ու միանալը միջազգաին քրեական արդադադատության այդ համակարգին։ Մի բան էլ, ըստ իս, հատկապես վերջին ժամանակաշրջանում, հատկապես 44-օրյա պպատերազմից ի վեր ակնհայտ դարձավ, որ շատ ոտնձգություններ ՀՀ տարածքի նկատմամբ տեղի են ունենում ՌԴ-ի կողմից Ադրբեջանի ձեռամբ, ինչից կարելի է եզրակացնել, որ ՌԴ-ն ավելի շատ չէր ուզում, որ ՀՀ-ն վավերացներ, որպեսզի Ադրբեջանն անխոչընդոտ իրականացնի ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ այդ ոտնձգությունները։ Եւ Սյունիքի հետ կապված այդ ամբողջ ճնշումներն Ադրբեջանի կողմից, նաեւ ՌԴ կողմից, տեսնում ենք, որ նրանք ներդաշնակ մեկ մեկու հետ գործում են, եւ ես նաեւ չեմ բացառում, որ նպատակն այն էր, որ ՀՀ-ն չվավերացնի, որպեսզի այդպիսի ծանրագույն հանցագործություններ եթե ադրբեջանցիների կողմից կատարվեն հայ զինվորականների, հայ քաղաքացիական անձանց, պատմամշակութային արժեքների դեմ, ապա ՀՀ-ն չունենա գործիքակազմ այդ հանցագործությունների կատարման մեջ մեղավոր անձանց քրեական հետապնդման ենթարկելու»։

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած Գրանադայի գագաթնաժողովին եւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Հակոբյանը նշել է․

«ՀՀ-ն անշուշտ պետք է ուժեղացնի եւ սերտացնի իր կապերը ԵՄ-ի հետ․ տեւական ժամանակ ե՛ւ Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային Պլատֆորմը, ե՛ւ ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմը, որի համանախագահն  եմ, այդ հորդորով հանդես են գալիս ուղղված իշխանություններին՝ ավելի սերտացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ եւ հռչակել, որ ի վերջո ՀՀ վերջնանպատակը ԵՄ լիիրավ անդամ դառնալն է։ Իհարկե, այդտեղ շատ խոչընդոտներ կան, եւ ԵՄ-ն էլ անընդհատ հայտարարում է, որ Արեւելյան գործընկերությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը, չպետք է դիտարկվի որպես ԵՄ ընդլայնման գործիք, բայց փաստ է, որ Արեւելյան գործընկերության անդամ երկու պետություն արդեն իսկ ունեն թեկնածուի կարգավիճակ, եւ մեկն էլ՝ Վրաստանը, նախաթեկնածուական կարգավիճակ ունի, եւ հեռու չէ այն ապագան, երբ այդ երեքը կանդամակցեն։ Իսկ Հայաստանը տարածաշրջանորեն, իր արժեհամակարգի տեսակետից իսկապես եվրոպական ընտանիքին է պատկանում, եւ մենք հաստատուն քայլերով այդ ճանապարհին խոչընդոտները վերացնելով՝ պետք է շարժվենք այդ ուղղությամբ։

Նաեւ մեր վերջին հանդիպումներում, իսկ սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո ԵՄ տարբեր ինստիտուտների հետ ավելի ինտենսիվ տեղի ունեցած հանդիպումներում մենք իսկապես բարձրաձայնել ենք, որ որպես քաղհասարակություն եւս շահագրգիռ ենք, որ Հայաստանը ցուցաբերի, եւ հայտարարի, եւ գործուն քայլեր ձեռնարկի ԵՄ հետ իր հարաբերությունների սերտացման ուղղությամբ։ Հռչակի եւ ստաբիլ քայլերով այդ ճանապարհին եղած խոչընդոտները վերացնի։ Նաեւ էներգետիկ ոլորտի, միջուկային ոլորտի համագործակցության խորացումը միտված է այդ խոչընդոտների վերացմանը, ԵՄ-ն ՀՀ հետ հարաբերություններում մեծ շեշտադրում է դնում նաեւ տնտեսական ոլորտի  համագործակցության վրա, էներգետիկ ոլորտի վրա։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ ՌԴ-ից կտրվելու մեր ջանքերը, բնականաբար, արձագանքների են արժանանանելու ՌԴ կողմից՝ ե՛ւ գազի մատակարարման սահմանափակումների տեսքով, ե՛ւ տնտեսական այլ խոչընդոտների տեսքով, եւ այդ ճանապարհին մենք պետք է փորձենք այդ կանխարգելիչ միջոցառումներով հասնել մերին, այդ կանխարգելիչ միջոցառումներից մեկը նաեւ էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացումն է եւ այդպիսի համագործակցությունը դրան է ուղղված»։

Դիտարկմանը, որ տարբեր տեսակետներ են հնչում, որ ի պատասխան Հայաստանի նման քայլերի, եւ հատկապես ստատուտի վավերացումից հետո ՌԴ-ն կարող է անջատել մեր լույսը, գազը, այլ ճնշումներ բանեցնել՝ Հակոբյանն արձագանքել է․

«Ի՞նչ անենք, մեր շահերը չպաշտպանե՞նք, քանի որ կա հավակաանություն, որ ՌԴ-ն գազը կփակի՞, է՞ս կանի, է՞ն կանի եւ թողնենք, որ մեր քաղաքացիների հանդեպ պատերազմական հանցագործություններ իրականացվե՞ն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ իրականացվե՞ն եւ դրանք իրականացնողները մնան անպատի՞ժ։ Հիմա պատկերացրեք, եթե մեր Սփյուռքի եւ ներհայաստանյան իրավաբանական համայնքի մի զգալի ռեսուրս օրինակ՝ ուղղվի Ալիեւին միջազգային քրեական պատասխանատվությանը հետամուտ լինելուն եւ իրապես գա այն օրը (իսկ ես դրան հավատում եմ), որ Ալիեւը կանգնի միջազգային քրեական դատարանի առջեւ եւ դատապարտվի։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ ահռելի կանխարգելիչ ազդեցություն կունենա այն պետությունների վրա, որոնց մտքով կանցնի ընդհանրապես ոտնձգել ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ, կամ ընդհանրապես պատերազմական հանցագործությունների դիմել, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դիմել, ցեղասպանություն իրականացնել։ Ռուսաստանը ինչ-որ մի այլ հարցով էլ, եթե չկատարենք իր ուզածը, կարող է ինչ-որ մի կետում էլի այդ գազի մատակարարումը խափանել եւ այլն, եւ այլն։ Տարիներ շարունակ մենք բավարարել ենք ՌԴ ուզածները, նույն Արցախի ղեկավարությունը վերջերս բավարարեցին ՌԴ ուզածը, եւ ինչի՞ հասանք մենք, մենք ավելի վատ իրավիճակում ենք անընդհատ հայտնվում։ Քանի որ մենք այսօր ավելի բարվոք տնտեսական վիճակում ենք, ավելի լավ է հիմա այդ ամենը տեղի ունենա,  քան երբ որ մենք մի ինչ-որ շատ ավելի վատ վիճակում հայտնվենք, երբ մենք այսօր մեր կողքին ունենք ԵՄ-ին, ԱՄՆ-ին, նաեւ այս վերջերս Նիդերլանդական պատվիրակությունն էր այստեղ, էլի խոսեցինք էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման մասին, Հայաստանին պաշտպանության ոլորտում համագործակցություն մասին։ Քանի որ ինչ-որ մի օր, եթե մենք ՌԴ ուզածը չկատարենք, այդ բոլոր սանկցիաները ինքը կիրառելու է, ինչքա՞ն մենք պետք է դրանից կախված ապրենք»։

Մեկնաբանելով Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդների գործունեությունը՝ Հակոբյանը նշել է․

«Նախքան այդ դիտորդները որեւէ կերպ միջազգային համայնքի առջեւ հնարավորություն չկար ապացուցելու, թե որ կողմն է նախահարձակ եղել, հիմա գոնե այդ ամենը փաստագրվում է ԵՄ չեզոք դիտորդների կողմից եւ մենք գոնե ունենք փաստաթղթավորված, փաստագրված այն ոտնձգությունները, որն Ադրբեջանը իրականացնում է ՀՀ հանդեպ՝ ոչ երկիմաստ եւ հայելային մեղադրանքներով մենք այդ ամենն ունենք արձանագրված, եւ դրա համար է, որ միջազգային հանրության մոտ (մենք դա տեսանք ՄԱԿ-ի ԱԽ խոշոր դերակատարների ելույթներում, Եվրամիության երեկվա հանդիպումներում տեսանք), միանշանակ հստակ է դիրքորոշումը, թե ով է, ըստ էության, հարձակվողը եւ ով է ոտնձգում ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ։ Հայտարարության տեքստում դա շատ ակնհհայտ էր։

Բնականաբար, նաեւ Գրանադայում մեծ դատապարտումների էր ենթարկվելու Ալիեւը իր վերջին ցեղասպանական գործողությունների համար, ճիշտ է, այդ անունով չեն կոչում, քանի որ իր հետ երկխոսելու տեղ են թողնում, բայց ԵՄ խոշոր խաղացողների համար հստակ է, թե ինչ է տեղի ունեցել։ Իրականում, իհարկե, վատ է, որ նա չգնաց եւ այդ երկխոսությունը տեղի չունեցավ, բայց մյուս կողմից էլ ՀՀ համար էր էլ դա հնարավորություն Ալիեւի բացակայությամբ առաջ տանելու իր տեսակետները, ԵՄ ղեկավարների հետ խոսելու, բացատրելու առանց հակադարձումների։ Անգամ այսպես միկրոմակարդակում է դա առկա․ երբ սեպտեմբերի 11-ին ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմը մասնակցեց Արեւելյան գործընկերության 4 անդամ պետությունների երկկողմ պլատֆորմների հանդիպմանը, (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան) Հայաստանն ազատ դաշտ ուներ այդտեղ իր տեսակետները ներկայացնելու, քանի որ որեւէ ադրբեջանցի այնտեղ չկար, որ հակադարձեր։ Բանն այն է, որ Ադրբեջանը ԵՄ-ի հետ չունի պայմանագիր եւ, ի դեպ, այդ պայմանագրի կնքման կարեւոր խոչընդոտներից է այն, որ Ադրբեջանը չի համաձայնում երկկողմ քաղհասարակության պլատֆորմի ձեւավորմանը, եւ, ըստ էության, Հայաստանն այդտեղ նաեւ շահեկան վիճակում է։ Երկարատեւ աշխատանքի արդյունքում նաեւ ԵՄ-ի մոտ է ձեւավորվել այն մոտեցումը, որ Ադրբեջանում այլեւս անկախ քաղհասարակություն գոյություն չունի։ Եւ նաեւ դա էլ է միգուցե հարց, թե ովքեր պետք է լինեն այդ հարթակում, համենայնդեպս, իմ տեղեկություններով, Ադրբեջանի պայմանագրի ստորագրման խոչընդոտներից մեկը, (նախքան Արցախի վրա հարձակումները, հիմա գուցե այդ խոչընդոտները շատանան) քաղհասարակության պլատֆորմի ստեղծման դիմադրությունն էր Ադրբեջանի իշխանության կողմից»։

ՌԴ-ն անկախատեսելի պետություն է, կարմիր գծեր չունի կարծես, եթե նա պատժամիջոցներ մտցնի հայկական արտադրանքի հանդեպ, արդյո՞ք պատրաստ են եվրոպացիները կրկնել մոլդովական փորձը, երբ օրինակ՝ գինիների արգելք կար ՌԴ կողմից, եւ ԵՄ-ն այդքան չխորացավ ստանդարտների եւ այլնի մեջ, իր շուկան բացեց եւ հնարավորություն տվեց Մոլդովային այդ պատժի տակ չընկնել։ ԵՄ պետությունները որքանո՞վ են պատրաստ ՀՀ դեպքում եւս նման գործիքներ կիրառել։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Կարծում եմ, որ պատրաստակամ են, ԵՄ-ն այս պահին պատրաստ է ՀՀ-ին ամեն կերպ օժանդակելու բոլոր ոլորտներում, այստեղ արդեն ՀՀ լուրջ աշխատանքից է կախված, թե ինչ աստիճան եւ ինչպիսի հաջողություններ մենք կունենանք, բայց հնարավորությունները կան»։

Օրերս կայացավ անկախության ֆորումը, որը իշխանություններից պահանջում էր դիմել ԵՄ լիիրավ անդամության համար, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Արեւմուտքի այլ պետությունների հետ կնքել երկկողմ ռազմավարական գործընկերության համաձայնագրեր, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, ի՞նչ հիմնավորումներով եք նման պնդումներ անում, եւ արդյո՞ք ՀՀ իշխանությունները ձեզ լսում են։

Ի պատասխան այս հարցի Հակոբյանը նշել է․

«Կարծում եմ, որ վարչապետի կիրակնօրյա ուղերձը հռչակում էր, որ ՀՀ-ն բռնում է այդ ուղին, զարմանալի չէր, որ այդքան մեծ դիմադրության դա արժամացավ առաջինը հենց ՌԴ պաշտոնական շրջանակների կողմից։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը մեկօրյա գործընթաց չէ, բայց նաեւ տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ-ն այլեւս չի երկխոսում ՀԱՊԿ-ի դերակատարների հետ, այսինքն, նախնական քայլերը ձեռնարկում է։ Ինչո՞ւ ենք դա դիտարկում խոչընդոտ, քանի որ մեր եվրոպական գործընկերների հետ շփումներից հստակ է, որ Հայաստանին օրինակ՝ ռազմաարդյունաբերական ոլորտի որեւէ օժանդակություն չի տրամադրվի, քանի դեռ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում է։ Այս վերջին իրադարձությունների լույսի ներքո որոշակի շեղում այդ կանոնից թույլ է տվել Ֆրանսիան, կարծում եմ նաեւ, որ մեր լոբինգի արդյունքում այլ պետություններ եւս կլինեն։ Ուղիղ ԵՄ-ի հետ խոսակցության ընթացքում էլ ենք մենք ասել, որ պաշտպանության ոլորտում պետք է Հայաստանին լուրջ օժանդակել՝ բացի տնտեսական, մարդասիրական եւ այլ ոլորտները։ Այսինքն, էլի պետք է աշխատել, բայց իհարկե, ՀԱՊԿ-ը լուրջ խոչընդոտ է այդ պետությունների համար, քանի որ դա անվտանգային ամբողջական համակարգ է, եւ քանի դեռ ՀՀ-ն այնտեղ է մնալու, մենք այլ անվտանգային համակարգերի մասին լուրջ չենք կարող մտածել, միգուցե Ֆրանսիայի օրինակով կարող ենք ունենալ երկկողմ ինչ-որ հատվածական համագործակցություն, բայց ավելի լուրջ հեռանկարի համար մեզ, իհարկե, ՀԱՊԿ-ը խոչընդոտ է։ Ի վերջո, ո՞րն է ՀԱՊԿ-ում մնալու իմաստը, եթե այնտեղ որեւէ պետություն մեր շահերի օգտին չի աշխատում, այսինքն, մենք մնում ենք այնտեղ, որ ի՞նչ անենք»։

Մեկնաբանելով ռուսական հեռուստաընկերությունների Հայաստանում հեռարձակման դադարեցման հարցը՝ Հակոբյանը նշել է․

«Միանշանակ այդ քարոզչության վերջը պետք է տրվի, այդ ալիքներից ՀՀ-ն պետք է ազատվի, եւ այստեղ չի կարող լինել այն մոտեցումը, որ հիմա էլ համացանցով կանեն։ Համացանցը չունի այն ազդեցությունը, ինչը որ ունեն այդ ալիքները, եւ եթե հույսը դրել են նրա վրա, որ հայ հասարակությունը խելամիտ է, իմաստուն է եւ այլն, ապա չես իմանա, թե որ սպառնալիքի դեպքում ինչպիսի քարոզչությունն ինչ ազդեցություն կունենա, հետեւաբար, դա պետության անվտանգությանն ուղղակիորեն առնչվող խնդդիր է, որը պետք է լուծվի։ Այստեղ ես տեսնում եմ, որ ինստիտուտներն իրար վրա գցելու քաղաքականություն էլ են որդեգրել, ասում են՝ դա իմ իրավազորության հարցը չէ, եւ այլն, բայց դա պետության հարցն է, պետք է հրահանգ իջեցվի եւ բոլորով համագործակցաբար անեն դա եւ փակեն այդ ալիքները, քանի որ անթույլատրելի է Մարգարիտա Սիմոնյաններին, Սոլովյովներին եթեր տալ, դրանք անվտանգային սպառանլիքներ են, ՀՀ դեմ իրականացվում է հիբրիդային պատերազմ, եթե մենք այդ իրողությունը գիտակցում ենք իշխանության ամենաբարձր մակարդակով եւ հայտարարում ենք դա, եւ ոչինչ չենք ձեռնարկում այդ պատերազմի տարրերը սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, ապա մենք որպես պետություն մեր գործառույթը չենք իրականացնում»։